2012
Մնալ Տիրոջ տարածքում
նախորդ հաջորդ

Մնալ Տիրոջ տարածքում

Մեր ամենօրյա հարցը պիտի լինի՝«Իմ գործերը ինձ դնում են Տիրոջ, թե՞ թշնամու տարածքում»:

Երեց Ուլիսես Սոարես

Մի անգամ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Թույլ տվեք տալ մի հասարակ սահմանում, որի օգնությամբ դուք կարող եք գնահատել ընտրությունները, որոնց առջև կանգնում եք: Այն հեշտությամբ կարելի է հիշել. «Դուք չեք կարող ճիշտ լինել, երբ սխալ բան եք անում, դուք չեք կարող սխալ լինել, երբ ճիշտ բան եք անում»» (“Pathways to Perfection,” Liahona, July 2002, 112): Նախագահ Մոնսոնի սահմանումը պարզ ու հասկանալի է: Այն աշխատում է այնպես, ինչպես աշխատում էր Լեքիին տրված Լիահոնան: Եթե մենք հավատք ենք ցուցաբերում և ջանասեր ենք Տիրոջ պատվիրանները պահելիս, մենք հեշտությամբ կգտնենք ճիշտ ուղին, որին պետք է հետևենք, հատկապես երբ մենք կանգնենք մեր ամենօրյա ընտրությունների առջև:

Պողոս Առաքյալը մեզ խորհուրդ է տալիս հոգու մեջ սերմ ցանելու կարևորության մասին և զգուշացնում, որ չսերմենք մարմնի մեջ: Նա ասել է.

«Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ: Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ.

իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կհնձէ. եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կհնձէ:

Եւ չձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կհնձենք՝ եթե չթուլանանք» (Գաղատացիս Զ.7–9):

Հոգու մեջ սերմել նշանակում է, որ մեր բոլոր մտքերը, խոսքերը և գործերը պետք է բարձրացնեն մեզ մեր երկնային ծնողների աստվածային մակարդակին: Սակայն սուրբ գրությունները մարմինը բնութագրում են որպես բնական մարդու ֆիզիկական կամ մարմնական էություն, որը թույլ է տալիս մարդկանց ընկնել կրքի, ցանկությունների, հակումների ազդեցության տակ և մղվում է մարմնի կողմից՝ Սուրբ Հոգու կողմից ոգեշնչում փնտրելու փոխարեն: Եթե մենք չզգուշանանք, այդ ազդեցությունները աշխարհի չարիքի ճնշման հետ միասին կարող են պատճառ դառնալ, որ մենք գործածենք գռեհիկ և անխոհեմ վարքագիծ, որը կարող է դառնալ մեր բնավորության մի մասը: Այդ վատ ազդեցություններից զերծ մնալու համար մենք պետք է հետևենք նրան, ինչ Տերը կարգադրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին շարունակաբար Հոգու մեջ սերմելու վերաբերյալ. «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (ՎևՈՒ 64.33):

Մեր հոգին ամրացնելու համար պահանջվող բաներն են՝ «ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի [մեզանից]՝ ամեն չարութեան հետ» (Եփեսացիս Դ.31) և «իմաստուն եղեք ձեր փորձության օրերին. հանեք ձեզանից ամեն անմաքրություն» (Մորմոն 9.28):

Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք սովորում ենք, որ Տիրոջ կողմից մեզ տրված խոստումները կախված են մեր հնազանդությունից և քաջալերում են արդար ապրելակերպ ունենալ: Այդ խոստումները պետք է սնուցեն մեր հոգին, բերելով մեզ հույս, քաջալերելով մեզ, որ չհուսահատվենք, նույնիսկ երբ մենք հանդիպում ենք մեր առօրյա դժվարություններին, ապրելով աշխարհում, որի էթիկական և բարոյական արժեքները վերանում են, դրանով դրդելով մարդկանց սերմել մարմնի մեջ նույնիսկ ավելի շատ: Սակայն, ինչպե՞ս կարող ենք մենք վստահ լինել, որ մեր ընտրությունները օգնում են մեզ սերմել Հոգու մեջ և ոչ թե մարմնի:

Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը, կրկնելով իր նախապապի խորհուրդը, ասել է. «Գոյություն ունի ճշգրիտ որոշված սահմանագիծ Տիրոջ և դևի տարածքների միջև: Եթե դուք մնաք Տիրոջ սահմանագծի կողմում դուք կլինեք Նրա ազդեցության ներքո և չեք ունենա ցանկություն սխալ գործելու, բայց եթե դուք անցնեք սահմանագծի դևի կողմը մեկ մատնաչափ անգամ, դուք Փորձիչի իշխանության տակ կլինեք, և եթե նրան հաջողվի, դուք չեք կարողանա մտածել կամ նույնիսկ պատշաճորեն խորհրդածել, որովհետև դուք կորցրած կլինեք Տիրոջ Հոգին» (Teachings of Presidents of the Church: George Albert Smith [2011], 191):

Ուստի, մեր ամենօրյա հարցը պիտի լինի՝ «Իմ արարքները ինձ դնում են Տիրոջ, թե՞ թշնամու տարածքում»:

Մորմոն մարգարեն նախազգուշացրել է իր ժողովրդին բարին չարից տարբերելու ունակություն ունենալու կարևորության մասին.

«Ուստի, բոլոր բաները, որոնք բարի են, գալիս են Աստծուց. իսկ այն, ինչ չար է, գալիս է դևից. քանզի դևը թշնամի է Աստծուն, և շարունակ կռվում է նրա դեմ, և հրավիրում է ու հրապուրում ի մեղք, և շարունակ անելու այն, ինչ չար է:

Բայց ահա, այն, ինչ Աստծուց է, շարունակ հրավիրում և հրապուրում է անել բարիք» (Մորոնի 7.12–13):

Քրիստոսի Լույսը Սուրբ Հոգու ընկերակցության հետ միասին պետք է օգնի մեզ պարզել, թե արդյոք մեր ապրելակերպը մեզ դնում է Տիրոջ տարածքում, թե ոչ: Եթե մեր վերաբերմունքը լավն է, այն ոգեշնչված է Աստծո կողմից, քանի որ ամեն լավ բան գալիս է Աստծուց: Սակայն, եթե մեր վերաբերմունքը վատն է, մենք ներգործվում ենք թշնամու կողմից, քանի որ նա համոզում է մարդկանց չարիք գործել:

Աֆրիկայի մարդիկ հուզել են իմ սիրտը Տիրոջ տարածքում մնալու իրենց վճռականությամբ և ջանասիրությամբ: Նույնիսկ կյանքի դժվար պայմաններում նրանք, ովքեր ընդունում են առ Քրիստոս գալու հրավերը, լույս են դառնում աշխարհի համար: Մի քանի շաբաթ առաջ, մինչ այցելում էինք Հարավային Աֆրիկայի ճյուղերից մեկը, ես արտոնություն ունեցա ընկերակցելու երկու երիտասարդ քահանաների, նրանց եպիսկոպոսին և նրանց ցցի նախագահին, իրենց քվորումի քիչ-ակտիվ երիտասարդ տղամարդկանց այցելելիս: Ես մեծապես տպավորվել էի քաջությամբ ու համեստությամբ, որ այդ երկու քահանաները ցուցաբերեցին, մինչ նրանք հրավիրում էին քիչ-ակտիվ երիտասարդ տղամարդկանց վերադառնալ եկեղեցի: Մինչ նրանք խոսում էին այդ քիչ-ակտիվ երիտասարդ տղամարդկանց հետ, ես նկատեցի, որ նրանց դեմքերը արտացոլում էին Փրկչի լույսը և միևնույն ժամանակ լույսով լցնում բոլոր նրանց, ովքեր իրենց շուրջն էին: Նրանք կատարում էին իրենց պարտականությունը՝ սատարել թույլերին, բարձրացնել ընկած ձեռքերը և ամրացնել տկար ծնկները (ՎևՈւ 81.5): Այդ երկու քահանաների վերաբերմունքը նրանց դնում էր Տիրոջ տարածքում և նրանք գործիք էին հանդիսանում Նրա ձեռքերում, հրավիրելով ուրիշներին անել նույնը:

Վարդապետություն և Ուխտեր 20.37-ում Տերն ուսուցանում է մեզ, թե ինչ է նշանակում սերմել Հոգու մեջ և ինչն է իրոք մեզ դնում Տիրոջ տարածքում, հետևյալ եղանակներով՝ մեզ խոնարհեցնելով Աստծո առաջ, առաջ գալով կոտրված սրտով և փշրված հոգով, վկայելով Եկեղեցու առաջ, որ մենք ճշմարտապես ապաշխարել ենք մեր բոլոր մեղքերից, մեզ վրա վերցնելով Հիսուս Քրիստոսի անունը, վճռականություն ունենալով ծառայել Նրան մինչև վերջ, մեր գործերով ցույց տալով, որ մենք ընդունել ենք Քրիստոսի Հոգին և մկրտությամբ ընդունվել ենք Նրա Եկեղեցին: Այս ուխտերը պահելու մեր պատրաստակամությունը նախապատրաստում է մեզ ապրել Աստծո ներկայության մեջ որպես վեհացում ստացած էակներ: Այս ուխտերը հիշելը պետք է ուղղորդեն մեր վարքագիծը մեր հարաբերություններում ընտանիքում, այլ մարդկանց հետ մեր հաղորդակցվելում և հատկապես Փրկչի հետ մեր հարաբերություններում:

Հիսուս Քրիստոսը հաստատեց վարքագծի կատարյալ օրինակ, որի համաձայն մենք կարող ենք կառուցել մեր վերաբերմունքը, որ կարողանանք իրագործել այս սուրբ ուխտերը: Փրկիչը հեռացնում էր Իր կյանքից ցանկացած ազդեցություն, որը կարող էր շեղել Իր ուշադրությունը Իր աստվածային առաքելությունից, հատկապես այն ժամանակ, երբ փորձվում էր թշնամու կամ նրա հետևորդների կողմից, մինչ Նա ծառայում էր այստեղ երկրի վրա: Չնայած, որ Նա երբեք չմեղանչեց, Նա ուներ կոտրված սիրտ և փշրված հոգի, լի մեր Երկնային Հոր և բոլոր մարդկանց հանդեպ սիրով: Նա խոնարհեցրեց Իրեն մեր Երկնային Հոր առաջ, հրաժարվելով Իր սեփական կամքից, որ կատարի այն, ինչ Հայրը խնդրել էր Իրեն, դիմանալով բոլոր բաներին մինչև վերջ: Նույնիսկ ֆիզիկական և հոգևոր ծայրահեղ ցավի պահին, տանելով ողջ մարդկության մեղքերի բեռը իր ուսերին և արյունահոսելով Իր ծակոտիներից, Նա ասաց Հորը. «Բայց ոչ թե ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու» (Մարկոս ԺԴ.36):

Իմ աղոթքն է, եղբայրներ և քույրեր, մինչ մենք մտածում ենք մեր ուխտերի մասին, որ մենք, հետևելով Փրկչի օրինակին, կարողանանք դիմակայել «հակառակորդի կրակոտ նետերին» (1 Նեփի 15.24), որպեսզի մենք կարողանանք սերմել Հոգու մեջ և մնանք Տիրոջ տարածքում: Եկեք հիշենք Նախագահ Մոնսոնի սահմանումը. «Դուք չեք կարող ճիշտ լինել, երբ սխալ բան եք անում, դուք չեք կարող սխալ լինել, երբ ճիշտ բան եք անում»: Ես ասում եմ այս բաները Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: