2012
Այժմ է ժամանակը` վեր կացեք և շողացեք
Մայիս 2012


Այժմ է ժամանակը՝ վեր կացեք և շողացեք

Նկար
Էլեյն Ս. Դալտոն

Որպես Աստծո դուստրեր, դուք ծնվել եք առաջնորդելու:

Երիտասարդ կանանց գրասենյակի իմ պատուհանից իմ առջև բացվում է Սոլթ Լեյքի տաճարի մի հրաշագեղ տեսարան: Ամեն օր ես տեսնում եմ Մորոնի հրեշտակին՝ կանգնած տաճարի գագաթին՝ որպես ոչ միայն իր, այլև մեր հավատքի շողացող խորհրդանիշ: Ես սիրում եմ Մորոնիին, որովհետև ամբարիշտ հասարակության մեջ նա մնաց մաքուր ու շիտակ: Նա իմ հերոսն է: Նա միայնակ կանգնեց: Կարծես, այսօր տաճարի գագաթին կանգնած նա մեզ կոչ է անում՝ քաջություն ունենալ, հիշել, թե ով ենք մենք, և արժանի լինել տաճար մտնելուն,- «վեր կենալ և շողալ»,1 վեր կանգնել աշխարհի աղմուկից, և ինչպես Եսայիան է մարգարեացել, «գալ Տիրոջ սարը»,2 - սուրբ տաճար:

Այսօր այստեղ հավաքված են Տիրոջ ընտրյալ դուստրերը: Ողջ աշխարհում չկա ճշմարտությունը և արդարակեցությունը պաշտպանող ավելի ազդեցիկ խումբ, ինչպիսին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդ աղջիկներն ու կանայք են: Ես տեսնում եմ ձեր վեհությունը և գիտեմ, որ դուք աստվածային ինքնություն և ճակատագիր ունեք: Դուք նախաերկրային կյանքում եք առանձնացել: Ձեր տոհմագիծը իր մեջ կրում է ուխտեր և խոստումներ: Դուք ժառանգել եք հավատարիմ հայրապետների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հոգևոր հատկանիշները: Այս երեկո այստեղ հավաքված ձեզանից յուրաքանչյուրին մի անգամ Աստծո մարգարեն անվանեց ապագայի «շողացող պայծառ հույս»:3 Ես համաձայն եմ: Այս մարտահրավերներով լի աշխարհում, ձեր լույսը պայծառ շողում է: Անշուշտ այս «օրերը երբեք չեն մոռացվի»:4 Սա ձեր օրերն են, և այժմ է ժամանակը: Ամենուր երիտասարդ կանայք, «վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար»:5

«Չափանիշը ճշգրտության և կատարելության չափորոշիչ է»:6 Մենք պետք է լինենք սրբության չափանիշ, որպեսզի ողջ աշխարհը տեսնի: Երիտասարդներին զորացնելու համար նոր խմբագրված գրքույկը պարունակում է ոչ միայն ճշգրիտ ապրելու չափանիշներ, այլև խոստացված օրհնություներ, եթե հետևեք դրան: Այս կարևոր գրքույկում պարունակվող խոսքերը չափանիշ են աշխարհի համար, և այդ չափանիշներով ապրելու դեպքում դուք կիմանաք, թե ինչ պետք է անեք էլ ավելի Փրկչին նմանվելու և խավարի մեջ ընկղմվող աշխարհում երջանիկ լինելու համար: Այդ չափանիշներով ապրելու դեպքում դուք կարժանանաք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը: Իսկ աշխարհում, որտեղ դուք եք ապրում, դուք այդ ընկերակցության կարիքը կունենաք ճակատագրական որոշումներ կայացնելիս, որոնք ձեր ապագա հաջողության և երջանկության գրավականը կլինեն: Այդ չափանիշներով ապրելը կօգնի ձեզանից յուրաքանչյուրին արժանանալ Տիրոջ սուրբ տաճար մտնելուն և այնտեղ ստանալ օրհնություններ և զորություն, որոնք սպասում են ձեզ, երբ դուք սուրբ ուխտեր կապեք և պահեք:7

Երբ մեր դուստրը՝ Էմին, փոքր աղջիկ էր, նա սիրում էր հետևել, ինչպես եմ ես պատրաստվում Եկեղեցի գնալուն: Ինձ մանրակրկիտ զննելուց հետո, նա սանրում էր իր վարսերը և հագնում զգեստը, ապա միշտ խնդրում էր, որ ես իր դեմքին «փայլ» քսեի: «Փայլ» նա անվանում էր այն խիտ կրեմը, որ ես օգտագործում էի կնճիռները կանխելու համար: Ես մի փոքր կրեմ էի քսում Էմիի թշերին և շուրթերին, ապա նա ժպտում էր և ասում. «Այժմ մենք պատրաստ ենք, կարող ենք գնալ»: Էմին չէր հասկանում, որ նա արդեն ուներ այդ «փայլը»: Նրա դեմքը փայլում էր, որովհետև նա մաքուր էր, անմեղ, բարի: Նա ուներ իր հետ Հոգին, և դա ակնհայտ էր:

Ես ուզում եմ, որ այս երեկո այստեղ հավաքված յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ իմանա և հասկանա, որ ձեր գեղեցկությունը, ձեր «փայլը», կապ չունի շպարի, խիտ կրեմի, նորաձև հագուստի կամ սանրվածքի հետ: Դա պայմանավորված է ձեր անձնական մաքրությամբ: Երբ ապրում եք չափանիշներով և արժանի եք դառնում Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը, դուք կարող եք հզոր ազդեցություն ունենալ աշխարհում: Ձեր օրինակը, այսինքն՝ ձեր աչքերի փայլը, կներգործի մյուսների վրա, ովքեր կտեսնեն ձեր «փայլը» և կցանկանան ձեզ նմանվել: Որտեղի՞ց եք ձեռք բերում այդ լույսը: Տերն է լույսը, «և Հոգին լուսավորում է ամեն մարդու, աշխարհով մեկ, որ ականջ է դնում Հոգու ձայնին»:8 Աստվածային լույսը արտացոլվում է ձեր աչքերի և դեմքի վրա, երբ դուք մոտենում եք ձեր Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Ահա թե ինչպես ենք մենք «փայլ» ստանում: Բացի այդ, դուք բոլորդ էլ կարող եք տեսնել, որ «փայլուն կրեմը» իրականում չի օգնել իմ կնճիռներին, համենայն դեպս:

«Վեր կացեք և շողացեք»՝ սա կոչ է ձեզանից յուրաքանչյուրին՝ առաջնորդել աշխարհը մի հզոր գործում, բարձրացնելով չափանիշը, և առաջնորդելով այս սերունդը առաքինությամբ, մաքրությամբ և տաճարին արժանի լինելով: Եթե ցանկանում եք փոխել աշխարհը, դուք պետք է տարբերվեք աշխարհից: Ես միանում եմ Ջոզեֆ Ֆ. Սմիթի խոսքերին, որն ասել է այսօրվա կանանց. «Պետք չէ, որ դուք առաջնորդվեք աշխարհի [երիտասարդ] կանանց կողմից, դուք պետք է ձեր ետևից տանեք … աշխարհի [երիտասարդ] կանանց, այն ամենի առումով, ինչը մարդկանց զավակների համար մաքրագործող է»:9 Այս խոսքերն արդիական են այսօր: Որպես Աստծո դուստրեր դուք ծնվել եք առաջնորդելու:

Աշխարհում, որտեղ մենք ենք ապրում, առաջնորդելու ձեր ունակությունը կպահանջի Սուրբ Հոգու ուղղորդումը և մշտական ընկերակցությունը, որը ձեզ կասի «բոլոր բաները, որ դուք պետք է անեք»,10 եթե դուք ընդունեք և ապավինեք Նրա առաջնորդությանը և հուշումներին: Եվ քանի որ Սուրբ Հոգին չի բնակվում անմաքուր տաճարներում, մեզանից յուրաքանչյուրը պետք է մանրակրկիտ քննի իր սովորույթները և սիրտը: Մենք բոլորս ինչ-որ բան փոխելու, ապաշխարելու կարիք կունենանք: Ինչպես Մորմոնի Գրքում Լամոնի թագավորի հայրն է ասում. «Ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար»:11 Արդյո՞ք մենք՝ դուք և ես, ցանկանում ենք նույնը անել:

Արիզոնայի Քուին Քրիքում մի խումբ երիտասարդներ որոշեցին «վեր կենալ և շողալ» և առաջնորդել իրենց համայնքի երիտասարդներին՝ ապրելով Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրված չափանիշներով: Նրանք իրենց օրագրերում գրի առան այն ամենը, ինչն իրենց կարծիքով խոչընդոտում էր իրենց առաջընթացին, կամ այն, ինչ ցանկանում էին փոխել իրենց կյանքում, և ապա մի փոս փորեցին: Նրանք եկան միասին, պատռեցին օրագրի այդ էջը և գցեցին փոսի մեջ, ճիշտ ինչպես Մորմոնի Գրքում Ամմոնի ժողովուրդը թաղեց պատերազմի իր զենքերը:12 Ապա նրանք թաղեցին այդ էջերը, և այդ օրը նրանցից յուրաքանչյուրը փոխվելու պարտավորություն ստանձնեց: Նրանք ապաշխարեցին: Նրանք որոշեցին վեր կենալ:

Կա՞ ինչ-որ բան ձեր կյանքում, որ կուզենայիք փոխել: Դուք կարող եք դա անել: Դուք կարող եք ապաշխարել Փրկչի անսահման քավող զոհաբերության շնորհիվ: Նա հնարավոր է դարձրել դա իմ և ձեր համար, փոխվել, կրկին մաքուր ու անբիծ դառնալ և Նրան նմանվել: Եվ Նա խոստացել է, որ այդ դեպքում Նա այլևս չի հիշի մեր մեղքերը և սխալները:13

Երբեմն թվում է՝ անհնար է այլևս շողալ: Դուք այնքան շատ դժվարությունների եք հանդիպում, որ կարող են փակել ամեն լույսի աղբյուր, որը Փրկիչն է: Երբեմն ճանապարհը դժվար է և լինում են պահեր, երբ կարծես խիտ մառախուղն է փակում լույսը: Այդպես եղավ Ֆլորենս Չադվիկ անունով երիտասարդ աղջկա հետ: 10 տարեկանից Ֆլորենսը պարզեց, որ ինքը շնորհալի լողորդ է: Նա լողալով անցավ Անգլիայի նեղուցը 13 ժամ 20 րոպե ռեկորդային ժամանակով: Ֆլորենսը սիրում էր մարտահրավերներ, և հետագայում նա փորձեց լողալ Կալիֆոռնիայի լողափից մինչև Կատալինա կղզի, որը մոտ 34 կմ է: Այդ լողի ժամանակ 15 ժամ լողալուց հետո նա հոգնեց: Խիտ մառախուղը ծածկում էր տեսադաշտը: Մայրիկին, որը նավակով գնում էր իր կողքից, Ֆլորենսն ասաց, որ չի կարողանում այլևս շարունակել: Մայրը և նրա մարզիչը նրան խրախուսում էին, որ շարունակի, սակայն նա միայն մառախուղ էր տեսնում: Նա դադարեցրեց իր լողը, և բարձրանալով նավակի վրա հայտնաբերեց, որ ափին հասնելու համար մնացել է 1.6 կմ: Ավելի ուշ, հարցազրույցի ժամանակ, երբ նրան հարցրեցին, թե ինչու դադարեցրեց լողալը, նա խոստովանեց, որ խնդիրը սառը ջուրը կամ տարածությունը չէր: Նա ասաց. «Ինձ հաղթեց մառախուղը»:14

Հետագայում նա փորձեց հաղթահարել այդ տարածությունը, և կրկին խիտ մառախուղ էր: Սակայն այս անգամ նա շարունակեց լողալ և հաջողությամբ հասավ ափ: Երբ նրան հարցրեցին, թե ինչն էր տարբերությունը, նա ասաց, որ խիտ մառախուղի պայմաններում և ողջ լողալու ընթացքում իր մտքում պահում էր ափի եզրագծի պատկերը:15

Ֆլորենս Չադվիկի համար ափի եզրագիծն էր նրա նպատակը: Մեզանից յուրաքանչյուրի համար տաճարն է մեր նպատակը: Երիտասարդ կանայք, կենտրոնացեք: Ձեր տեսադաշտից մի կորցրեք ձեր նպատակները: Թույլ մի տվեք, որ բարոյական աղտոտվածության խիտ մառախուղը և աշխարհի շեղող ձայները ձեզ խանգարեն ձեր նպատակին հասնել, չափանիշներով ապրել, վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը և արժանի լինել սուրբ տաճար մտնելուն: Միշտ ձեր սրտում և մտքում պահեք Փրկչի սուրբ տան՝ տաճարի պատկերը:

Մի քանի շաբաթ առաջ ես կանգնած էի Ռենո Նեվադա Տաճարի սելեստիալ սենյակում: Այդ սենյակ թափանցող լույսը փայլում էր և սենյակն ավելի լուսավոր էր դառնում բյուրեղյա ջահի շնորհիվ, որն, արտացոլելով լույսը, ծիածանագույն երանգներով սփռում էր այն ամենուր: Շունչս պահած ես հասկացա, որ Փրկիչն է «լույսը և կյանքը աշխարհի»,16 որ Նրա լույսը պետք է պահենք և անդրադարձնենք: Մենք փոքր բյուրեղներ ենք, որ արտացոլում ենք Նրա լույսը, և դրա համար մենք պետք է լինենք մաքուր և աշխարհի փոշուց զերծ: Այդ օրը տաճարում կանգնած, ես մտքում կրկին լսեցի Մորոնիի կոչը մեզ՝ Սիոնի դուստրերին. «Զարթնի՛ր և ելի՛ր փոշուց»:17 «Եվ ձեռք մի տուր չար պարգևի, ոչ էլ անմաքուր բանի»:18 «Զարթնի՛ր և ելի՛ր … և հագի՛ր գեղեցիկ հագուստներդ, ո՛վ Սիոնի դուստր …, որ հավերժական Հոր ուխտերը, որոնք նա արել է քեզ հետ, ո՛վ Իսրայելի տուն, կատարվեն»:19

Տաճարի խոստացված օրհնությունները տարածվում են ոչ միայն ձեր, այլև բոլոր սերունդների վրա: Եթե տաճարը դարձնեք ձեր նպատակը, ձեր բարի ազդեցությունը դուրս կգա ժամանակի և տարածության սահմաններից, և աշխատանքը, որ կատարում եք մահացածների համար, կլինի մարգարեության իրականացում:

Անցյալ գերագույն համաժողովին ես ոգեշնչվեցի, լսելով Երեց Դեյվիդ Ա. Բեդնարին, որը ձեզանից յուրաքանչյուրին կոչ արեց ակտիվորեն զբաղվել ձեր ընտանիքի պատմությամբ և տաճարային աշխատանք կատարել նրանց համար, ովքեր մահացել են առանց Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները ստանալու:20 Երբ նա այդ կոչն արեց ձեզ, սիրտս բաբախեց: Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք «ուրիշ ընտրյալ հոգիների մասին, որոնք պահվել էին՝ առաջ գալու ժամանակների լրության մեջ, որպեսզի մասնակցեն վերջին օրերի մեծ աշխատանքի հիմնադրմանը, այդ թվում՝ տաճարների կառուցմանը և նրանցում արարողությունների կատարմանը՝ մահացածների փրկագնման համար»:21 Սա ձեր օրն է և ձեր աշխատանքը սկսվել է: Այժմ է տաճարային երաշխավորագրին արժանանալու և այն ձեռք բերելու ժամանակը: Այդ աշխատանքը կատարելիս դուք կդառնաք փրկիչներ Սիոն սարի վրա:22

Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է ձեր մասին. «Եկեղեցու երիտասարդ կանանց ազդեցությունը քնած հսկայի պես կարթնանա, վեր կելնի և կոգեշնչի երկրի բնակիչներին որպես արդարակեցության հզոր ուժ»:23 Երիտասարդ կանայք, վեր կացեք և գրավեք ձեր տեղը փառահեղ իրադարձություններում, որոնք կկերտեն ձեր և աշխարհի ապագան: Այժմ է ժամանակը:

«Բարձր լեռան վրա մի դրոշ է բացված: Ազգեր նայեք նրա ծածանումին ազատ»:24 Երիտասարդ կանայք, դուք եք դրոշը: Եղեք առաքինի ու մաքուր, փնտրեք Սուրբ Հոգու ընկերակցությունը, թաղեք ձեր մեղքերը և զանցանքները, զգոն եղեք և մի թողեք, որ բարոյական աղտոտվածության մառախուղը փակի ձեր նպատակները: Եղեք տաճարին արժանի այժմ: Կրեք ձեր «փայլը»: Իմ ողջ սրտով ես վկայում եմ, որ Աստված ապրում է, Նա կլուսավորի մեր կյանքը, եթե մենք մոտենանք Նրա Սիրելի Որդուն՝ մեր Փրկչին, Հիսուս Քրիստոսին: Եվ ես աղոթում եմ, որ Մորոնիի պես, մենք «վեր կենանք և շողանք, որպեսզի [մեր] լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար»:25 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: