2012
Հավատացեք, հնազանդվեք, համբերեք
նախորդ հաջորդ

Հավատացեք, հնազանդվեք և համբերեք

Հավատացեք, որ անչափ կարևոր է ավետարանի ճշմարտություններին հավատարիմ և ամուր մնալը: Ես վկայում եմ դրա մասին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Իմ սիրելի երիտասարդ քույրեր, խոսքս ձեզ հղելու պատասխանատվությունը խոնարհեցնող է: Ես աղոթում եմ աստվածային օգնության համար, որ կարողանամ ինչպես հարկն է օգտագործել նման առիթը:

Մոտ 20 տարի առաջ, դուք դեռևս չէիք սկսել ձեր մահկանացու ճամփորդությունը և գտվում էիք ձեր երկնային տանը: Այնտեղ դուք նրանց հետ էիք, ովքեր սիրում էին ձեզ և մտահոգվում ձեր հավերժական բարօրությամբ: Ի վերջո, երկրային կյանքը անհրաժեշտ դարձավ ձեր առաջընթացի համար: Անշուշտ հրաժեշտի և վստահության խոսքեր ասվեցին: Դուք մարմին ստացաք և դարձաք մահկանացու՝ կտրվելով ձեր Երկնային Հոր ներկայությունից:

Ինչևէ, ուրախ ընդունելություն էր սպասում ձեզ այստեղ՝երկրի վրա: Այդ առաջին տարիները առանձնահատուկ ու թանկ տարիներ էին: Սատանան զորություն չուներ ձեզ գայթակղելու, քանի որ դեռևս պատասխանատվության տարիքին չէիք հասել: Դուք անմեղ էիք Աստծո առաջ:

Շուտով դուք մուտք գործեցիք մի փուլ, որը ոմանք անվանում են «սոսկալի դեռահասներ»: Ես նախընտրում եմ «սքանչելի դեռահասներ»: Ինչպիսի հնարավորությունների ժամանակ է, աճի փուլ, զարգացման շրջան, որը նշանավորվում է գիտելիքի ձեռք բերմամբ և ճշմարտության որոնումներով:

Ոչ ոք դեռահաս տարիները չի անվանել հեշտ: Դրանք հաճախ անապահովության տարիներ են, երբ զգացում է պատում, որ դու այնքան էլ լավը չես, փորձելով քո տեղը գտնել հասակակիցների շրջանում և ընդունվել նրանց կողմից: Սա մի շրջան է, երբ դուք դառնում եք ավելի անկախ, և գուցե ցանկանում եք ավելի շատ ազատություն, քան այժմ ձեր ծնողներն են ցանկանում ձեզ տալ: Դրանք նաև ամենակարևոր տարիներն են, երբ սատանան կգայթակղի ձեզ և կանի ամեն ինչ, որպեսզի հրապուրելով շեղի այն ուղուց, որը տանում է ձեզ ետ՝ դեպի այն երկնային տունը, որտեղից եկել եք, ձեր սիրելիների և ձեր Երկնային Հոր մոտ:

Ձեր շուրջն աշխարհը համալրված չէ այն ամենով, որպեսզի ձեզ տրամադրի անհրաժեշտ օգնությունը այս դավաճանություններով լի ճանապարհը հաղթահարելու համար: Մեր հասարակության մեջ այսօր շատերն են կարծես դուրս եկել ապահով ու խաղաղ նավամատույցից:

Թույլատրելիությունը, անբարոյականությունը, պոռնոգրաֆիան, թմրանյութերը, հասակակիցների ճնշումները, այս և շատ ավելին, պատճառ են դառնում տարուբերվելու մեղքի ծովի վրա և հարվածվելու կորսված հնարավորությունների, զրկված օրհնությունների և խորտակված երազանքների սրածայր խութերին:

Արդյոք կա՞ դեպի ապահովություն տանող ուղի, ահարկու կործանումից փախուստ: Բարձրաձայն պատասխանն է՝ այո: Խորհուրդ եմ տալիս ձեզ՝ նայեք Տիրոջ փարոսին: Ասել եմ և կրկին կասեմ՝չկա մշուշ այնքան խիտ, գիշեր այնքան մութ, հողմ այնքան ուժեղ, ծովագնաց այնքան կորած, որին Տիրոջ փարոսը չկարողանա փրկել: Այն երևում է կյանքի փոթորիկների միջից: Այն կանչում է՝ «Այստեղ ապահով է: Այս կողմն է տան ճանապարհը»: Այն ուղարկում է լույսի ազդանշաններ, որոնք հեշտությամբ են երևում և երբեք չեն մարում: Այդ ազդանշանները ձեզ կուղեկցեն ետ՝ դեպի ձեր երկնային տուն:

Ես այսօր ուզում եմ խոսել Տիրոջ փարոսի երեք կարևոր ազդանշանների մասին, որոնք կօգնեն ձեզ վերադառնալ այն Հոր մոտ, որը անհամբեր սպասում է ձեր հաղթական տունդարձին: Այդ երեք ազդանշաններն են՝ հավատալ, հնազանդվել և համբերել:

Առաջինը, ես նշում եմ հիմնական և կարևոր ազդանշանը՝ հավատալ: Հավատացեք, որ դուք Երկնային Հոր դուստրն եք, որ Նա սիրում է ձեզ և դուք այստեղ փառահեղ նպատակի համար եք եկել՝ ձեռք բերելու ձեր հավերժական փրկությունը: Հավատացեք, որ անչափ կարևոր է ավետարանի ճշմարտություններին հավատարիմ և ամուր մնալը: Ես վկայում եմ դրա մասին:

Իմ երիտասարդ ընկերներ, հավատացեք Երիտասարդ Կանանց թեմայի խոսքերին, որոնք դուք ամեն շաբաթ արտասանում եք: Խորհեք այդ խոսքերի նշանակության մասին: Դրանցում ճշմարտություն կա: Ձգտեք միշտ ապրել ըստ այդ արժեքների: Հավատացեք, ինչպես սահմանում է ձեր թեման, որ եթե դուք ընդունեք այդ արժեքները և գործեք ըստ դրանց, դուք պատրաստ կլինեք ամրացնելու ձեր տունը և ընտանիքը, կապելու և պահելու սուրբ ուխտերը, ստանալու տաճարային ծեսերը և, ի վերջո, վայելելու վեհացման օրհնությունները: Սրանք ավետարանի սքանչելի ճշմարտություններն են, և դրանց հետևելով, դուք ավելի երջանիկ կլինեք ձեր կյանքում այստեղ և ապագայում, քան եթե անտեսեք դրանք:

Ձեզանից շատերին ավետարանի ճշմարտություններն ուսուցանվել են օրորոցից: Դուք ուսուցանվել եք սիրող ծնողների և հոգատար ուսուցիչների կողմից: Նրանց հաղորդած ճշմարտությունները օգնել են ձեզ վկայություն ձեռք բերել. դուք հավատացել եք այն ամենին, ինչ ուսուցանվել եք: Թեև այդ վկայությունը կարող է շարունակ հոգևոր սնուցում ստանալ և ուսումնասիրությամբ աճել, աղոթելով առաջնորդության համար և ամեն շաբաթ հաճախելով Եկեղեցու ժողովներին, ձեզանից է կախված վկայությունը կենդանի պահելը: Սատանան իր ողջ ուժով կփորձի կործանել այն: Ողջ կյանքի ընթացքում դուք պետք է սնուցեք այն: Վառվող կրակի նման, ձեր վկայությունը, եթե մշտապես չսնուցվի, կսկսի մարել վերածվելով առկայծող ածուխների, և ապա լիովին կհանգչի: Դուք դա չպետք է թույլ տաք:

Ձեր կիրակնօրյա ժողովներին և շաբաթվա երեկոյան միջոցառումներին հաճախելուց բացի, երբ հնարավորություն ունենաք մասնակցելու սեմինարիային՝ լինի վաղ առավոտյան, թե ազատ դասաժամերով, բաց մի թողեք այդ առիթը: Ձեզանից շատերը այժմ հաճախում են սեմինարիա: Ինչպես մյուս բաները կյանքում, այն ինչ կվերցնեք սեմինարիայի դասընթացից, կախված կլինի ձեր վերաբերմունքից և ուսուցանվելու ձեր պատրաստակամությունից: Եղեք խոնարհ և ուսումնատենչ: Ես երախտապարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել դեռահաս տարիքում հաճախելու վաղ առավոտյան սեմինարիայի, քանի որ այն մեծ դեր է խաղացել իմ զարգացման և իմ վկայության զարգացման վրա: Սեմինարիան կարող է կյանքեր փոխել:

Մի քանի տարի առաջ ես տնօրենների խորհրդի անդամ էի մի հրաշալի մարդու հետ, որը շատ հաջողակ էր կյանքում: Ինձ վրա մեծ տպավորություն էր թողել նրա ազնվությունը և նրա հավատարմությունը Եկեղեցուն: Ես իմացա, որ նա վկայություն էր ձեռք բերել և Եկեղեցուն էր միացել սեմինարիայի շնորհիվ: Նա ամուսնացել էր մի կնոջ հետ, որն իր ողջ կյանքում Եկեղեցու անդամ էր եղել: Նա ոչ մի եկեղեցու չէր պատկանում: Տարիների ընթացքում, չնայած իր կնոջ ջանքերին, նա ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում եկեղեցու հանդեպ: Հետո նա սկսեց իր երկու դուստրերին մեքենայով տանել վաղ առավոտյան սեմինարիայի դասերին: Նա մեքենայի մեջ սպասում էր մինչև երեխաները ավարտում էին դասը, ապա նրանց տանում էր դպրոց: Մի օր անձրևում էր, և դուստրերից մեկն ասաց. «Հայրի՛կ, արի ներս, սրահում կարող ես սպասել»: Նա ընդունեց հրավերը: Դասարանի դուռը բաց էր, և նա սկսեց լսել: Հոգին դիպչեց նրա սրտին: Մինչև այդ ուսումնական տարվա վերջ նա այցելեց սեմինարիա իր դուստրերի հետ, որի արդյունքում դարձավ անդամ և ողջ կյանքում ակտիվ մնաց Եկեղեցում: Թող որ սեմինարիան կառուցի և ամրացնի ձեր վկայությունը:

Կլինեն ժամանակներ, երբ դուք կդիմակայեք խնդիրների, որոնք կվտանգեն ձեր վկայությունը կամ գուցե արհամարհեք այն՝ այլ հետաքրքրությունների հետամուտ լինելով: Ես խնդրում եմ ձեզ ամուր պահեք այն: Դա ձեր և միայն ձեր պատասխանատվությունն է՝ վառ պահել վկայության կրակը: Ջանք է պահանջվում, սակայն դա ջանք է, որի համար դուք երբեք չեք զղջա: Ես հիշում եմ Ջուլի դե Ազիվեդո Հենքսի գրած երգի խոսքերը: Իր վկայության մասին նա գրել է.

Փոփոխական քամիների միջով,

Պարուրված ցավի ամպերով

Պաշտպանում եմ այն իմ կյանքով:

Ես կարիք ունեմ ջերմության, և՝ լույսի,

Թեև փոթորիկը մոլեգնի,

Կանգնած անձրևի տակ տեղատարափ

Ես մնում եմ

Կրակին պահապան:1

Հավատացեք, և ապա վառ պահեք ձեր վկայության կրակը՝ ինչ էլ որ լինի:

Հաջորդը, երիտասարդ ողջիկներ, հնազանդ եղեք: Հնազանդվեք ձեր ծնողներին: Հնազանդվեք Աստծո օրենքներին: Դրանք տրվել են մեզ սիրող Երկնային Հոր կողմից: Դրանց հնազանդվելու դեպքում մեր կյանքը կլինի ավելի լիարժեք ու ավելի թեթև: Մեր դժվարություններն ու խնդիրները կլինեն հեշտ տանելի: Մենք կստանանք Տիրոջ խոստացված օրհնությունները: Նա ասել է. «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին»:2

Դուք միայն մեկ կյանք ունեք: Այն որքան կարող եք անախորժություններից զերծ պահեք: Դուք կգայթակղվեք, երբեմն էլ նրանց կողմից, ում ընկեր եք համարել:

Մի քանի տարի առաջ ես զրուցեցի մի Համաստեղության խորհրդատուի հետ, որն ինձ պատմեց իր դասարանի մի երիտասարդ աղջկա հետ տեղի ունեցած դեպքի մասին: Այդ աղջիկը բազմիցս գայթակղվել էր՝ հեռանալ ճշմարիտ ուղուց և գնալ մեղքի ճանապարհով: Իր դպրոցական ընկերների կողմից մշտապես հորդորվելու արդյունքում, ի վերջո, նա համաձայնեց շեղվել ճիշտ ուղուց: Ծրագրվեց, որ նա կասի իր ծնողներին, որ մասնակցելու էր Երիտասարդ Կանանց երեկոյան միջոցառմանը: Սակայն այնտեղ մնալու էր մինչև իր ընկերուհիները և նրանց հետ ժամադրված տղաները գային և նրան տանեին իրենց հետ: Այնուհետև նրանք մասնակցելու էին մի երեկույթի, որի ժամանակ ոգելից խմիչք էր մատուցվելու, իսկ մասնակիցների պահվածքը լինելու էր լրիվ հակառակը նրա, ինչ այդ աղջիկը գիտեր, որ ճիշտ է:

Ուսուցիչը աղոթել էր ոգեշնչման համար, որպեսզի օգներ իր աղջիկներին, հատկապես այդ աղջկան, որը անորոշ էր ավետարանի հանդեպ իր պարտավորվածության մեջ: Ուսուցիչը ոգեշնչում ստացավ այդ օրը նախատեսված թեմայի փոխարեն աղջիկների հետ խոսել բարոյապես մաքուր մնալու մասին: Երբ նա սկսեց կիսվել իր մտքերով և զգացումներով, երիտասարդ աղջիկն անընդհատ ստուգում էր ժամացույցը, որպեսզի չուշանա պայմանավորված ժամից: Սակայն որքան զրույցը շարունակվեց, այնքան նրա սիրտը շարժվեց, նրա գիտակցությունը արթնացավ և նրա վճռականությունը վերականգնվեց: Երբ ժամանակը եկավ, նա անտեսեց անընդմեջ իրեն կանչող մեքենայի ձայնային ազդանշանները: Նա ողջ երեկոն անցկացրեց իր ուսուցչի և մյուս աղջիկների հետ: Աստծո հաստատված ուղուց շեղվելու գայթակղությունը կասեցվեց: Սատանան պարտվեց: Երիտասարդ աղջիկը մնաց վերջում շնորհակալություն հայտնելու ուսուցչին դասի համար, որը օգնեց իրեն խույս տալ հնարավոր ողբերգական ելք ունեցող ժամանցից: Ուսուցչի աղոթքը պատասխանվեց:

Հետագայում ես իմացա, որ այդ երեկո իր ընկերներին, դպրոցի ճանաչված աղջիկներին և տղաներին, չմիանալու իր որոշման համար, այդ աղջիկը ամոթանք էր ստացել նրանց կողմից և ամիսներ շարունակ ոչ մի ընկեր չէր ունեցել դպրոցում: Նրանք չէին կարողացել ընդունել, որ նա չէր ցանկացել անել այն, ինչ իրենք էին անում: Նրա համար անչափ դժվար և միայնակ շրջան էր, սակայն նա հաստատակամ մնաց և, ի վերջո, գտավ ընկերներ, որոնք նույն չափանիշներն ունեին: Այժմ, տարիներ անց, նա տաճարային ամուսնություն է կնքել և ունի չորս գեղեցիկ երեխա: Որքան այլ կարող էր լինել նրա կյանքը: Մեր որոշումները կերտում են մեր ճակատագիրը:

Թանկագին երիտասարդ աղջիկներ, թող որ ձեր ամեն մի որոշումը հետևյալ քննությունն անցնի. «Ի՞նչ է դա տալիս ինձ: Ի՞նչ է դա ինձ համար»: Եվ թող ձեր վարքագիծը շեշտի ոչ թե՝ «Ի՞նչ կմտածեն մյուսներն իմ մասին», այլ՝ «Ի՞նչ կմտածեմ ինքս իմ մասին»: Թող որ ձեզ վրա ներգործի այդ մեղմ, ցածր ձայնը: Հիշեք, որ ձեր հաստատման ժամանակ իշխանություն կրողը ձեռնադրել է ձեզ և ասել. «Ստացիր Սուրբ Հոգին»: Բացեք ձեր սրտերը և ձեր հոգիները, ճշմարտության մասին վկայող այդ հատուկ ձայնը լսելու համար: Ինչպես Եսայիա մարգարեն է խոստացել. «Քո ականջները լսելու են մի խոսք … որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացեք»3:

Մեր օրերի ընդհանուր միտումը թույլատրելիությունն է: Ամսագրերը և հեռուստատեսության շոուները ցուցադրում են ֆիլմերի աստղերին, մարզական աշխարհի հերոսներին, նրանց, ում երիտասարդները ցանկանում են նմանվել, և որոնք անտեսելով Աստծո օրենքները մեղսավոր կյանք են վարում, կարծես թե առանց վատ հետևանքների: Մի հավատացեք դրան: Վճարելու, այսինքն՝ հաշիվը հավասարակշռելու ժամանակ կա: Ամեն մոխրոտիկ ունի իր կեսգիշերը, եթե ոչ այս, ապա հաջորդ կյանքում: Դատաստանի օրը բոլորի համար է լինելու: Դուք պատրա՞ստ եք: Դուք գո՞հ եք ձեր ապրելակերպից:

Եթե որևէ մեկը սայթաքել է իր ճանապարհին, ես խոստանում եմ ձեզ, որ ետդարձի ճանապարհ կա: Այդ ընթացքը կոչվում է ապաշխարություն: Մեր Փրկիչը մահացավ, որ ձեզ և ինձ տա այդ օրհնված պարգևը: Ուղին դժվար է, իսկ խոստումը՝ իրական: Տերն ասել է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան»:4 «Եվ ես [դրանք] այլևս պիտի չհիշեմ»:5

Իմ սիրելի երիտասարդ քույրեր, դուք ունեք ազատ կամքի թանկ պարգևը: Խնդրում եմ՝ ընտրեք հնազանդվելը:

Վերջինը, համբերեք: Ի՞նչ է նշանակում համբերել: Ես սիրում եմ այս սահմանումը՝ քաջարի դիմակայել: Քաջությունը գուցե անհրաժեշտ է հավատալու համար, երբեմն այն անհրաժեշտ կլինի, որ դուք հնազանդվեք: Դրա կարիքն անշուշտ կունենաք, համբերելով մինչև այն օրը, երբ դուք կհեռանաք այս մահկանացու կյանքից:

Տարիների ընթացքում ես խոսել եմ բազմաթիվ մարդանց հետ, ովքեր ասել են ինձ. «Ես այնքան շատ խնդիրներ ունեմ, այնպիսի իրական հոգսեր: Ես կքված եմ կյանքի դժվարությունների տակ: Ի՞նչ կարող եմ անել»: Ես նրանց տվել եմ, և այժմ տալիս եմ ձեզ այս հատուկ խորհուրդը՝ երկնային առաջնորդություն փնտրեք օրեցօր: Ապագայի մասին մտահոգվելը դժվար է, պահի մասին հոգ տանելը՝ հեշտ: Մեզանից յուրաքնաչյուրը կարող է ճշգրիտ լինել միայն մեկ օր, ապա ևս մեկ օր, հետո ևս մեկ օր, մինչև որ կապրենք Հոգով առաջնորդված, Տիրոջը մոտ գտնվող կյանք, բարի գործերով և արդարակեցությամբ լի կյանք: Փրկիչը խոստացել է. «Ինձ նայեք և համբերեք մինչև վերջ, և դուք կապրեք. քանզի նրան, ով համբերում է մինչև վերջ, ես կտամ հավերժական կյանք»:6

Այս նպատակով եք եկել մահկանացու կյանք, իմ երիտասարդ ընկերներ: Չկա ավելի կարևոր բան, քան այն նպատակը, որին ձգտում եք հասնել, այսինքն՝ հավերժական կյանքը ձեր Հոր արքայությունում:

Դուք շատ թանկ դուստրերն եք մեր Երկնային Հոր՝ մեր օրերում ուղարկված երկիր նպատակի համար: Դուք պահվել եք մինչև այս ժամը: Հրաշալի, փառահեղ բաներ են պահված ձեզ համար, եթե միայն հավատաք, հնազանդվեք և համբերեք: Թող որ սա լինի ձեր օրհնությունը, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի, մեր Փրկչի անունով, ամեն: