2012
Սուրբ պահել
նախորդ հաջորդ

Սուրբ պահել

Երեց Փոլ Բ. Փայփեր

Սուրբ բաներին պետք է ավելի հոգատարությամբ վերաբերվել, ավելի հարգալից լինել և ընդունել ավելի խորը ակնածանքով:

Քրիստոսից մոտ 1500 տարի առաջ մի հովիվ տեսավ մի այրվող թուփ Քորեբ սարի լանջին: Այդ աստվածային հանդիպումով սկսվեց Մովսեսի վերափոխումը հովվից մարգարեի և նրա աշխատանքը ոչխարներին ժողովելուց Իսրայելի հավաքմանը: Հազար երեք հարյուր տարի անց թագավորական արքունիքի պատվավոր երիտասարդ քահանան հմայվել էր հրապարակավ մեղադրվող մարգարեի վկայությամբ: Այդ հանդիպումով սկսվեց Ալմայի զարգացումը քաղաքացիական ծառայից Աստծո ծառայի: Մոտ 2000 տարի անց 14 տարեկան տղան մտավ անտառ՝ պատասխան փնտրելով անկեղծ հարցին: Ջոզեֆ Սմիթի հանդիպումը պուրակում դրեց նրան մարգարե դառնալու և վերականգնման ճանապարհին:

Մովսեսի, Ալմայի և Ջոզեֆ Սմիթի կյանքը ամբողջովին փոխվեց աստվածայինին հանդիպելուց հետո: Այս փորձառությունները ամրացրեցին նրանց, որպեսզի հավատարիմ մնան Տիրոջը և Նրա աշխատանքին իրենց կյանքի ընթացքում՝ անկախ մեծ ընդդիմությունից և հետագա դժվար փորձություններից:

Աստվածայնության հետ մեր փորձառությունները կարող են այդքան անմիջական կամ ցայտուն չլինեն, և ոչ էլ մեր դժվարությունները այդքան վախեցնող: Այնուամենայնիվ, ինչպես մարգարեների դեպքում, հավատարմորեն տոկալու մեր ուժը կախված է ճանաչելուց, հիշելուց և սուրբ պահելուց այն, ինչը մենք ստանում ենք վերևից:

Այսօր իշխանությունը, բանալիները և արարողությունները վերականգնվել են երկրի վրա: Կան նաև սուրբ գրություններ և հատուկ վկաներ: Նրանք, ովքեր փնտրում են Աստծուն, կարող են մկրտվել մեղքերի թողության համար և հաստատվեն «ձեռնադրվելով կրակով և Սուրբ Հոգով մկրտության համար» (ՎևՈՒ 20.41): Այս վերականգնված թանկագին պարգևներով մեր աստվածային հանդիպումները հիմնականում կառնչվեն Աստվածագլխի երրորդ անդամի՝ Սուրբ Հոգու հետ:

Շատ մեղմ ձայնով Հոգին խոսում է ինձ հետ,

Որ ինձ առաջնորդի:

(“The Still Small Voice,” Children’s Songbook, 106)

Թող Հոգին առաջնորդի,

Սովորեցնի, որն է ճիշտ:

Վկայի Որդու մասին,

Լուսավորի երկնքով:

(“Let the Holy Spirit Guide,” Hymns, no. 143)

Երբ մենք պատասխաններ ենք փնտրում Աստծուց, մենք զգում ենք հանդարտ մեղմ ձայն, որ շշնջում է մեր հոգիներին: Այդ զգացմունքները, այդ տպավորությունները շատ բնական ու շատ նուրբ են, որ մենք կարող է չնկատենք դրանք կամ վերագրենք դրանք բանականությանը կամ ներքին զգացողությանը: Այս անհատական ուղերձները վկայում են Աստծո սիրո և մտահոգության մասին Իր յուրաքանչյուր զավակի հանդեպ և նրանց անձնական մահկանացու միսիայի մասին: Հոգուց եկող տպավորությունների շուրջ ամեն օր խորհելը և դրանք գրառելը ծառայում է երկու նպատակի՝ օգնել մեզ (1) տեսնել մեր անձնական հանդիպումները աստվածայինի հետ և (2) պահպանել դրանք մեր և մեր սերունդների համար: Դրանք ձայնագրելը նույնպես Աստծո հանդեպ մեր երախտագիտության պաշտոնական արտահայտման ձև է, քանի որ «ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն կամ ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում» (ՎևՈՒ 59.21):

Հոգու կողմից ստացված բաների վերաբերյալ Տերը ասում է. «Հիշեք, որ այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է» (ՎևՈՒ 63.64): Նրա ասածը ավելին է, քան հիշեցում. այն նաև հիմնավորում և բացատրություն է: Երկնքից ստացված լույսն ու գիտելիքը սուրբ են: Դրանք սուրբ են, քանի որ երկինքն է դրանց աղբյուրը:

Սուրբ նշանակում է ակնածանքի և հարգանքի արժանի: Ինչ-որ բան սուրբ անվանելով Տերը նախազգուշացնում է, որ այն ավելի բարձր արժեք և կարևորություն ունի, քան մնացած բաները: Սուրբ բաների հետ պետք է ավելի զգույշ վերաբերվել, ավելի հարգալից լինել և ավելի խորը ակնածանք ունենալ դրանց հանդեպ: Երկնային արժեքների ստորակարգման մեջ սուրբը բարձր տեղ է գրավում:

Այն, ինչը սուրբ է Աստծո համար, սուրբ է դառնում մեզ համար միայն ազատ ընտրության կիրառման միջոցով. յուրաքանչյուր ոք պետք է ընտրի ընդունել և սուրբ պահել այն, ինչն Աստված սուրբ է որակել: Նա լույս և գիտելիք է ուղարկում երկնքից: Նա հրավիրում է մեզ ընդունել և վերաբերվել դրան որպես սրբության:

Սակայն «պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում» (2 Նեփի 2.11): Սուրբ բաներին հակադրվում են ոչ կրոնական բաները, բաներ, որոնք ժամանակավոր կամ աշխարհիկ են: Աշխարհիկը մշտապես մրցում է սուրբ բաների հետ մեր ուշադրության և առաջնահերթության համար: Աշխարհիկ գիտելիքները կարևոր են մեր ամենօրյա ապրելակերպի համար: Տերը հրահանգել է մեզ փնտրել ուսում և իմաստություն, ուսումնասիրել և սովորել բաներ լավագույն գրքերից և ծանոթանալ լեզուների, բարբառների և ժողովուրդների հետ (տես ՎևՈւ 88.118; 90.15): Ուստի, սուրբ բաները աշխարհիկ բաներից վեր դասելու ընտրությունը առաջնահերթության հետ կապված ընտրություն է, ոչ թե մենաշնորհի. «ուսյալ լինելը լավ է, եթե [մենք] ականջ ենք դնում Աստծո խորհուրդներին» (2 Նեփի 9.29, ընդգծումներն ավելացված են):

Յուրաքանչյուր մարդու սրտում սուրբ և աշխարհիկ բաների առաջնահերթության համար կռիվը կարելի է ներկայացնել վառվող թփի մոտ Մովսեսի ունեցած փորձառության միջոցով: Այնտեղ Մովսեսը Եհովայից ստացավ Իսրայելի ժողովրդին գերությունից ազատելու իր սուրբ կոչումը: Այնուամենայնիվ, սկզբում իր աշխարհիկ իմացությունը Եգիպտոսի և փարավոնի զորության վերաբերյալ պատտճառ հանդիսացան, որ նա կասկածի: Ի վերջո, Մովսեսը հավատք ցուցաբերեց Տիրոջ խոսքի հանդեպ, ճնշելով իր աշխարհիկ գիտելիքները և վստահելով սուրբ բաներին: Այդ վստահությունը զորություն շնորհեց նրան ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու և Իսրայելին Եգիպտոսից հանելու համար:

Նոյի բանակից փախչելուց հետո Ալման կարող էր կասկածել հոգու կողմից տրված վկայությանը, որը ստացել էր Աբինադիին լսելիս, որի արդյունքում գերության կընկներ Ամուղոնի ձեռքը: Սակայն, նա վստահեց սուրբ բաներին և նրան զորություն տրվեց տոկալու և հաղթահարելու իր ժամանակավոր փորձությունները:

Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքը թարգմանելու վաղ շրջանում հանդիպեց նմանատիպ երկընտրանքի: Նա գիտեր թիթեղների և թարգմանչական աշխատանքի սուրբ էության մասին: Սակայն Մարտին Հարրիսը համոզեց նրան առաջնահերթությունը տալ ընկերության ու ֆինանսական օգնության աշխարհիկ խնդիրներին, ի հակադրություն սուրբ հրահանգների: Դրա արդյունքում թարգմանության ձեռագրերը կորան: Տերը նախատեց Ջոզեֆին «այն, ինչը սրբազան էր ամբարշտությանը» (ՎևՈւ 10.9) հանձնելու համար և նրան ժամանակավորապես զրկեց թիթեղներից և թարգմանելու պարգևից: Երբ Ջոզեֆի առաջնահերթությունները պատշաճ կերպով վերականգնվեցին, սուրբ բաները վերադարձվեցին և աշխատանքը շարունակվեց:

Մորմոնի Գիրքը տալիս է սուրբ բաներին առաջնահերթություն տալու այլ օրինակներ: Այնտեղ խոսվում է հավատացյալների մասին, ում հավատքը առաջնորդեց նրանց դեպի կյանքի ծառը, դրա սուրբ պտուղը՝ Աստծո սերը, ճաշակելու համար: Սակայն մեծ ու ընդարձակ շենքի մարդկանց կողմից ծաղրվելու պատճառով հավատացյալները իրենց ուշադրությունը շեղեցին սուրբ բաներից դեպի աշխարհիկը: (Տես 1 Նեփի 8.11, 24–28:) Հետագայում նեփիացիները ընտրեցին հպարտությունը և ուրացան մարգարեության և հայտնության հոգին, «այն, ինչ սրբազան էր ծաղր սարքելով» (Հելաման 4.12): Նույնիսկ Տիրոջ ծննդյան հետ կապված նշանների և հրաշքների ականատեսներ ընտրեցին մերժել երկնքի սուրբ ապացույցները ի օգուտ աշխարհիկ բացատրությունների (տես 3 Նեփի 2.1–3):

Այսօր կռիվը շարունակվում է: Աշխարհիկ ձայները բարձրանում են ու սաստկանում: Դրանք ավելի ու ավելի շատ են մղում հավատացյալներին թողնել իրենց համոզմունքները, որոնք աշխարհը համարում է անմիտ ու անխոհեմ: Որովհետև «հայելու մէջ օրինակով ենք տեսնում» (Ա Կորնթացիս ԺԳ.12) և «չգիտենք բոլոր բաների իմաստը» (1 Նեփի 11.17), ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք խոցելի լինել և ավելի մեծ հոգևոր հավաստիացումների կարիք ունենալ: Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին.

«Եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, որպեսզի իմանայիր այս բաների ճշմարտության մասին:

Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց» (ՎևՈՒ 6.22–23):

Տերը հիշեցրեց Օլիվերին և մեզ՝ ապավինել արդեն իսկ ստացված անձնական սուրբ վկայություններին, երբ մեր հավատքը փորձվում է: Ինչպես Մովսեսի, Ալմայի և Ջոզեֆի դեպքերում անցյալում, այս աստվածային հանդիպումները ծառայում են որպես հոգևոր խարիսխներ մեզ ապահով պահելու և փորձության պահին ճիշտ ուղղու վրա պահելու համար:

Սուրբ բաներից չի կարելի ընտրողաբար հրաժարվել: Նրանք, ովքեր կընտրեն թողնել նույնիսկ մեկ սուրբ բան, նրանց միտքը կմթագնի (տես ՎևՈւ 84.54), և եթե նրանք չապաշխարեն, նրանցից պիտի վերցվի լույսը, որը նրանք ունեն (տես ՎևՈւ 1.33): Սուրբ բաներից հեռանալով նրանք կգտնեն իրենց բարոյապես խորասուզված աշխարհիկ ծովում: Ի հակադրություն սրա, նրանք, ովքեր սուրբ բաները սուրբ են պահում, խոստումներ են ստանում. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» (ՎևՈւ 50.24):

Թող Տերը օրհնի մեզ, որ միշտ ճանաչենք, հիշենք և սուրբ պահենք բաները, որոնք մենք վերևից ենք ստացել: Ես վկայում եմ, որ եթե մենք այդպես անենք, մենք զորություն կունենանք դիմակայելու փորձություններին և հաղթահարելու մեր օրերի դժվարությունները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: