2007
Ահարոնյան Քահանայություն` պատրաստվել որոշումների տասնամյակին
Մայիս 2007թ.


Ահարոնյան Քահանայություն` պատրաստվել որոշումների տասնամյակին

Այն, թե ինչպես եք կրում քահանայությունն այժմ, կպատրաստի ձեզ կատարելու ամենակարևոր որոշումներն ապագայում:

Նկար

Ինչ ուրախություն է լինել ձեզ հետ, եղբայրնե՛ր, երբ հավաքված եք ամբողջ աշխարհից: Մտքիս են գալիս օրհներգի այս խոսքերը. «Տես թագավորական զորքը՝ դրոշով, թրով ու վահանով: Քայլում է առաջ՝ հաղթելու համար կյանքի մեծ մարտադաշտում»:1 Իսկապես, դուք Աստծո թագավորական զորքն եք, հավատարիմ ու ճշմարիտ:

Այսօր ես ցանկանում եմ խոսքս ուղղել թագավորական զորքի ամենաերիտասարդ անդամներին՝ Ահարոնյան Քահանայությանը` սարկավագներին, ուսուցիչներին և քահանաներին, որոնք առաջ են մղվում կյանքի մարտադաշտում: Թեև դուք չեք հիշում, սակայն դուք միացել եք այս գործին մի եզակի որոշմամբ, որը կայացրել եք շատ վաղուց՝ մեր նախաերկրային կյանքում: Այնտեղ, Երկնքում Մեծ Խորհրդի ժամանակ, դուք որոշել եք հնազանդվել ձեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի կամքին: Հիշիր սա՝ դու Աստծո որդին ես, ով որոշել էր հետևել Փրկչին, երբ ամենաշատն էր դա հարկավոր և ինչը քեզ արժանի տղամարդու բնութագիր է տալիս:

Այդ սուրբ որոշման պատճառով, որը կանխորոշեց քո հավերժական առաջընթացը, դու ֆիզիկական մարմին ստացար, չարի ու բարու միջև ընտրելու ազատ կամք ունեցար և այժմ մեծանում ես ու պատրաստվում քեզ վրա վերցնել Փրկչի հատկանիշները: Դու մկրտվել ես և ստացել Սուրբ Հոգի: Դու սովորում ես՝ թե ով ես դու, ինչու ես այստեղ և ուր ես գնում: Եվ այժմ դու ստացել ես Ահարոնյան Քահանայություն:

Ահարոնյան Քահանայությունը նախապատրաստական քահանայություն է, որը տրվում է ձեր կյանքի այս նախապատրաստական վիճակում: Այն, թե ինչպես եք կրում այդ քահանայությունն այժմ, կպատրաստի ձեզ կատարելու ամենակարևոր որոշումները ապագայում: Այս որոշումները ներառում են Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալը, տաճար գնալը, միսիայում ծառայելը, կրթություն ստանալը, մասնագիտություն ընտրելը և ընկերակից ընտրելը, որի հետ կկնքվեք սուրբ տաճարում ժամանակի և ողջ հավերժության համար: Բոլոր մեր որոշումների համար կա ժամանակ: Համոզվեք, որ որոշումները կատարում եք ճիշտ ժամանակին: Կյանքը փոխող բոլոր այս որոշումները կատարվելու են շատ զբաղված ու համեմատաբար կարճ ժամանակաշրջանում՝ 20-ից մինչև երեսուն տարեկան հասակում, այս շրջանը ես կոչում եմ «Որոշումների տասնամյակ»:

Ռեակտիվ կործանիչ ինքնաթիռի օդաչուներ պատրաստող հաստատությունում, ես պատրաստվում էի կարևոր որոշումներ ընդունելուն թռիչքային պայմաններ ստեղծող սարքի մեջ: Օրինակ, ես փորձեր էի անում որոշելու, թե երբ է պետք լքել ինքնաթիռը, եթե հրդեհի դեպքում լույսի զգուշացնող ազդանշան է և ինքնաթիռն անկառավարելի պտույտներ է կատարում: Ես հիշում եմ մի լավ ընկերոջ, որը չէր անցել այդ պատրաստվածությունը: Նա մի կերպ ճողոպրում էր թռիչքային պայմաններ ստեղծող սարքից և գնում գոլֆ խաղալու, կամ լողավազան: Նա այդպես էլ չսովորեց տագնապային իրավիճակներում գործելու կանոնները: Մի քանի ամիս անց, նրա ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել և այն պտույտէջք էր կատարել` բախվելով գետնին և այրվելով: Նկատելով տագնապային ազդանշանը, նրա կրտսեր զուգընկերը, ունենալով ազդանշանին արձագանքելու պատրաստվածություն, գիտեր, թե երբ պետք է լքել ինքնաթիռը և պարաշյուտով ապահով թռիչք էր կատարել: Սակայն իմ ընկերը, որը պատրաստված չէր այդպիսի որոշում կայացնելուն, մնացել էր ինքնաթիռում և մահացել վթարի պատճառով:

Երբ տասնամյա շրջանը մոտենա, պատրաստվելու ձեր ժամանակը սահմանափակվելու է: Որպես Ահարոնյան Քահանայության կրողներ, ձեզ համար կարևոր է, որ դուք այժմ պատրաստվեք: Դուք պետք է զարգացնեք ձեր սեփական նախատագնապային արձագանքները կարևոր որոշումների համար, որոնք դուք կատարելու եք ձեր կյանքի հաջորդ տասնամյակում: Դուք պետք է իմանաք, թե ինչ անել և երբ անել, երբ ձևավորվում է յուրաքանչյուր որոշումը: Հիշեք, որ ընդհանրապես որոշում չկայացնելը կարող է նույնքան մահացու լինել, որքան սխալ որոշում կայացնելը: Որոշումներից շատերը, որոնք դուք կայացնում, կամ չեք կայացնում, կունենան հավերժական հետևանքներ:

Հիմա է ժամանակը դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտը, ինչը նշանակում է ընդունել Նրա հրավերը` «Եկ, հետևիր ինձ»:2 Այս որոշումն ենք մենք ընդունել մեր նախաերկրային կյանքում: Այժմ մենք պետք է ընդունենք այն կրկին այստեղ մահկանացու կյանքի ժամանակ, ամեն օր, ամեն պարագայում վերցնելով Փրկչի անունը մեզ վրա, հիշելով Նրա քավող զոհաբերությունը և պահելով Նրա պատվիրանները: Սա մենք ուխտել ենք, երբ մկրտվել ենք, և մենք հնարավորություն ունենք նորացնելու այս ուխտերը ամեն շաբաթ հաղորդություն ընդունելով:

Հիմա է ժամանակը կազմակերպելու և պատրաստելու ինքներս մեզ, որպեսզի Սուրբ Հոգին մեր մշտական ընկերակիցը լինի: Սա նշանակում է անել այն, ինչ ձեր ծնողներն ու ղեկավարները սովորեցրել են՝ ուսումնասիրել սուրբ գրությունները, աղոթել առավոտյան ու երեկոյան, լինել կոկիկ, հետևել արտաքինին, կազմակերպված լինել, նպատակներ դնել ու իրականացնել, ազնիվ լինել գործերում, կատարել պարտավորութունները և արժանի լինել այն քահանայությանը, որը կրում եք: Միշտ, միշտ ապրեք այն չափանիշներով, որոնք տրվել են մարգարեների կողմից Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում:

Հիմա է ժամանակը որոշելու, թե ովքեր են ձեր ընկերները և արժանի դառնալ հավերժական առաքինի ընկերակցին: Դա շատ հեշտ է, եղբայրնե՛ր: Ինչպես մայրս էր սովորեցնում ինձ. «Նույն փետուրներով թռչունները երամ են կազմում»: Ձեր ընկերական շրջապատը կարող է ոգեշնչել ձեզ վեհ գործերի, կամ էլ կարող է գայթակղել դեպի օտար ու թշվառ ուղիներ: Իսկական ընկերները հեշտացնում են ավետարանով ապրելը: Նրանք երբեք չեն ստիպում մեզ ընտրել իրենց ճանապարհների ու Տիրոջ ճանապարհների միջև: Նրանք օգնում են մեզ լինել այնպիսի մարդ, որը գրավում է ուրիշ լավ ընկերների: Եվ նրանք օգնում են մեզ դառնալ այնպիսի մարդ, որին առաքինի ընկերը կարող է ընտրել հավերժ միասին լինելու համար: Եթե ցանկանում եք ունենալ այդպիսի ընկերներ, հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ես այդպիսի ընկեր եմ ուրիշների համար: Արդյո՞ք ես այնպիսի մարդ եմ, ինչպիսին ցանկանում եմ, որ իմ հավերժական զուգընկերը լինի»:

Հիմա է ժամանակը միսիային պատրաստվելու: Ձեր անձնական իրադրությունից ելնելով, դուք կարող եք ծառայել լիաժամկետ դարձի բերող միսիայում: Ճիշտ է, սա կարևոր է, սակայն հիշեք, որ միսիա գնալուն պատրաստվելիս, շատ կարևոր է տաճար գնալը: Միսիան մի անգին հնարավորություն է տաճարային ուխտերը պահելու, նվիրաբերման օրենքով ապրելու, Տիրոջը տալով ձեր ամբողջ ժամանակը, պարգևները, տաղանդները և ծառայելու Նրան ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: Ես միշտ զգացել եմ, որ այն երկու տարիները, որ դուք ծառայում եք, ժամանակի տասանորդն է ձեր կյանքի առաջին 20 տարիների համար: Սակայն եթե դուք ի վիճակի չեք ծառայելու լիաժամկետ միսիայում, դուք կարող եք պատրաստվել, որ մի օր ապագայում, երբ ճիշտ ժամանակը կլինի, գնաք տաճար և սուրբ ուխտեր կապեք, որպեսզի կարողանաք ստանալ ձեր հավերժական օրհնությունները:

Հիմա է ժամանակը պատրաստվելու՝ ուսման, կրթության և մասնագիտության համար: Որպես Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդիկ, դուք կյանքի համար պատրաստվելու փուլում եք: Ձեր ջանասիրությունը դպրոցում այժմ կորակավորի ձեզ իրագործելու Նախագահ Հինքլիի խորհուրդը ապագայում՝ ձեր ուժերի սահմաններում ստանալու լավագույն կրթությունը:3 Վճռեք, որ հիմա կանեք լավագույնը դպրոցում և աշխատանքի վայրում: Հետո, երբ հնարավորություն լինի, դուք պատրաստ կլինեք դուռը բացելու և օգտվելու դրանից: Մենք բոլորս պետք է հիշենք. «Ամեն մարդու մի պարգև է տրված»:4 Զարգացրեք ձեր պարգևներն ու տաղանդները: Երիտասարդ տղամարդի՛կ, աղոթքով ընտրեք այն դասերը, ուսումնական ծրագրերը և աշխատանքը, որոնք ավելի մեծ հնարավորություններ կբացեն ձեր առաջ և կյանքում ավելի մեծ պատասխանատվության կպատրաստեն:

Հիմա է ժամանակը հնազանդվելու: Նախաերկրային գոյության ժամանակ մենք մասամբ չէինք հնազանդվել: Մենք չէինք ընտրում, թե հավերժական ծրագրի որ մասին հետևենք: Ես սովորել եմ այդ դասը օդաչուների ուսումնական կենտրոնում մեր առաջին գիշերային մենաթռիչքի ժամանակ, երբ բոլորիս հրահանգվեց. «Գիշերային թռիչքի ժամանակ ակրոբատիկական էլեմենտներ չկատարեք: Դուք սկսնակ օդաչուներ եք, պատրաստված չեք օդանավով բարդ թռիչքներ կատարելուն»: Որոշ ժամանակ անց, մի լավ օդաչու և հրաշալի ընկեր որոշեց չհնազանդվել այդ հրամանին: Թռիչքի ժամանակ, Տեխասի գիշերային երկնքում մահօղակներ ու պտույտներ կատարելիս, օդաչուի խցիկից դուրս նայելով կարծել էր, թե աստղերն է տեսնում վերևում, սակայն իրականում նա տեսնում էր նավթահանող աշտարակների լույսերը ներքևում: Նրա մոտ ապակողմնորոշում էր, օդանավի վրա երկրի ձգողական ուժերի ազդեցության պատճառով թվում էր, թե օդանավը ճիշտ դիրքով է, սակայն այն գլխնիվար էր: Վերև քաշելով օդանավի կառավարման բռնակը, որպեսզի ավելի բարձրանա դեպի գիշերային երկինքը, նա սլացել էր դեպի երկիր և ջարդվել, բախվելով նավթահանող աշտարակների առկայծող լույսերին:

Ինքնաթիռ վարելիս, երբ փոխում ես դիրքը ամեն անգամ մեկ աստիճանով, ձեր ներքին ականջը չի կարող զգալ փոփոխությունը: Եղբայրնե՛ր, կրտսեր և ավագ, երբ փորձում ենք մասամբ հնազանդվել, մենք փոխում ենք մեր հարաբերությունը Տիրոջ հետ և հաճախ ամեն անգամ մեկ աստիճանով: Երբ հակառակորդի խաբուսիկ ուժերն աշխատում են մեզ վրա, մենք չենք կարողանում զգալ դրանք և հոգևոր ապակողմնորոշում ենք ունենում: Մինչ կարող է թվալ, թե ընթանում ենք ապահով ուղղությամբ, մենք իրականում շարժվում ենք դեպի կործանում: Նախաերկրային կյանքում Տիրոջը հետևելու մեր որոշումը «ամբողջությամբ կամ ոչինչ» սկզբունքով էր: Մեր երկրային փորձության օրերում այդ կարգախոսին հետևելը, յուրաքանչյուրիս հետ կտանի՝ մեր Երկնային Հոր մոտ:

Հիմա է ժամանակը՝ մեր ժամանակը ճիշտ օգտագործելու: «Այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն»:5 Ես վկայում եմ, որ ձեր ժամանակը երկրի վրա բավականաչափ կլինի, եթե սովորեք այն իմաստուն օգտագործել ձեր երիտասարդ տարիներին: «Օ՜, հիշի՛ր, որդի՛ս, և սովորիր իմաստություն քո երիտասարդության տարիներին. այո, քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները»:6

Հիմա է ժամանակը պաշտպանելու ձեր անդրանիկությունը: Իր կյանքի ավարտին մոտենալով, Հին Կտակարանի մարգարե Հակոբը իր հայրական օրհնությունը տվեց որդիներից յուրաքանչյուրին: Ռուբենն առաջնեկն էր և անդրանիկը, ինչի համար հատուկ օրհնություններ կային, նախատեսված միայն նրա համար: Սակայն Ռուբենին օրհնություն տալիս հայրը նրան ասաց. «Ջրի պես եռացիր. գերազանց չէս լինի»:7 Մի պահ մտածեք, թե ջրի պես եռացիր արտահայտությունն ինչ է նշանակում: Տաքանալիս, ջուրը գոլորշիանում է: Երբ սառչում է, ջուրը սառույց է դառնում: Երբ ջուրը ջրանցքից դուրս է հոսում, այն էրոզիայի պատճառ է դառնում ու քայքայում իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ:

Որպես Ահարոնյան Քահանայության կրողներ, դուք նույնպես անդրանկության իրավունք ունեք: Ես հորդորում եմ ձեզ լինել հնազանդ ու ամուր: Ես կոչ եմ անում ձեզ, որ ձեր որոշումը կաթիլ-կաթիլ չանհետանա ու Փրկչին հետևելու ձեր պարտավորությունը չգոլորշիանա: Ավետարանով ապրելու հարցում ժայռի պես ամուր եղեք: Մեզանից ոչ մեկը չգիտի բոլոր օրհնությունները, որ սպասում են մեզ: Միակ ճանապարհը, որ մենք կորցնում ենք այս օրհնությունները, դա հրաժարվելն է դրանցից անհնազանդության միջոցով: Մի՛ հրաժարվեք ձեր հավերժական ժառանգությունից այս աշխարհի բաների համար: Եկեք հնազանդ լինենք և այժմ պատրաստվենք պատվելու, պաշտպանելու և ստանալու մեր փառահեղ անդրանիկությունը:

Երիտասարդ տղանե՛ր, դուք Տիրոջ զորքի կարևոր ուժն եք, այս վերջին օրերի պատանի զինվորները8: «Ինչ որ սերմանեք, այն էլ կհնձեք»:9 Խորհելով գալիք փառահեղ բերքահավաքի մասին, ես հրավիրում եմ ձեզ մտածել, թե ինչպե՞ս եք որոշումներ կայացնելու գալիք տասնամյակի ընթացքում:

Բերքահավաքի օրենքը որոշում կայացնելու ձև է առաջարկում: Պատրաստվեք աղոթքով, իմանալով, որ դուք Աստծո որդիներն եք: Ցանեք սերմերը, խորհրդակցելով նրանց հետ, ովքեր ձեզ իմաստուն խորհուրդ կտան, ապա փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը: Թող ոգեշնչման սերմերն աճեն: Ծիլ տվող գաղափարները ձեր խնամքի կարիքն ունեն: Նրանց ժամանակ է պետք հասունանալու: Ոգեշնչման լույսը կբերի հոգևոր բերքահավաքի, որը տեղի կունենա, երբ հարցնենք մեր Երկնային Հորը աղոթքով, թե արդյո՞ք ճիշտ որոշում ենք կայացրել: Երբ հետևենք այդ լույսին, խավարը կանհետանա և լույսն աճելով «ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»,10 այն օրը, երբ մենք մեր Երկնային Հոր ներկայության մեջ ենք:

Վերջապես, «ներկա եղեք»: Մեզանից յուրաքանչյուրը «ներկա» էր Երկնային Խորհրդին, ընտրելու երջանկության մեծ ծրագիրը, որն այժմ վայելում ենք: Երիտասարդ տղամարդի՛կ, երբ պարտավորություն եք ստանձնում ձեր, ձեր ընտանիքի, ձեր եպիսկոպոսի, ձեր գործատուի հանդեպ, ուրեմն՝ «ներկա եղեք»: Երբ ժամանակն է եկեղեցում լինելու, սովորական հավաքներին, կամ քահանայության հանձնարարությունը կատարելիս, «ներկա եղեք»: Երբ ժամանակն է դպրոցը կամ ուսումնական կենտրոնն ավարտելու՝ «ներկա եղեք»: Երբ ժամանակն է միսիայում ծառայելու՝ «ներկա եղեք»: Երբ ձեր սիրած երիտասարդ կինը Աստծո սուրբ տաճարի զոհարանի առաջ ծնկի է գալիս, «ներկա եղեք» (ոչ թե որպես վկա): Երբ ձեր ընտանիքը հավաքվում է սելեստիալ արքայությունում՝ «ներկա եղեք»: Երբ Փրկիչը սպասում է, որ ողջունի ձեզ այս երկրային կյանքից պատվով վերադառնալու կապակցությամբ, և ձեր Երկնային Հայրը սպասում է, որ օղակի ձեզ Իր սիրո բազուկների մեջ՝ «ներկա եղեք»:

Ձեր որոշումների տասնամյակից հետո գնացեք առաջ և վեր: «Ելեք ո՜վ տղամարդիկ Աստծո»:11 Եղեք հավատարիմ ամուսիններ և հայրեր: Եղեք ճշմարիտ: Ելեք և արժանի եղեք Աստծո արժանի դուստրերին, ովքեր աջակցում ու նեցուկ են կանգնում մեզ: Թող որ մենք պատվենք նրանց, ինչպես պատվում ենք Տիրոջը:

Ես վկայում են, որ ձեր Երկնային Հայրը գիտի, որ դուք այստեղ եք այս երեկո: Դուք Նրա հզոր թագավորական զորքի մասն եք, ում «շարքերը համալրված են զինվորներով՝ միասնական, ամուր և ուժեղ, ովքեր հետևում են իրենց Հրամանատարին և երգում ուրախ երգը. Հաղթանակ, հաղթանակ, նրա շնորհիվ, ով փրկեց մեզ: Հաղթանակ, հաղթանակ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ»:12 Նա այնտեղ է, Նա ցանկանում է, որ մենք Նրա հետ լինենք, Նա առաջնորդում է մեզ, և մեր հաղթանակը Նրանում է: Այս եմ ես վկայում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. “Behold! A Royal Army,” Hymns, no. 251.

  2. Ղուկաս ԺԸ.22:

  3. See “A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Liahona, Apr. 2001, 30–41.

  4. ՎևՈւ 46.11:

  5. Ալմա 34.32:

  6. Ալմա 37.35:

  7. Ծննդոց ԽԹ.3–4:

  8. Տես Ալմա 53:

  9. ՎևՈւ 6.33:

  10. ՎևՈւ 50.24:

  11. Hymns, no. 323.

  12. Hymns, no. 251.