2007
Քահանայություն` սրբազան պարգև
Մայիս 2007թ.


Քահանայություն` սրբազան պարգև

Մեր պարտականությունն է այնպես ապրել մեր կյանքը, որպեսզի միշտ արժանի լինենք մեր կրած քահանայությանը:

Նկար

Եղբայրնե՛ր, մենք հավաքվել ենք այս երեկո որպես քահանայության մի հզոր մարմին, ինչպես այստեղ` Համաժողովների Կենտրոնում, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերում: Ինձ համար պատիվ է ձեզ հետ խոսելը: Ես աղոթում եմ, որպեսզի Տիրոջ ոգեշնչումը ղեկավարի իմ մտքերը և նեշնչի իմ խոսքերը:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում, երբ մտածում էի, թե ինչի մասին կարող եմ խոսել ձեզ հետ այս երեկո, ես անընդհատ մտածում էի այն օրհնության մասին, որը մենք` Աստծո սուրբ քահանայությունը կրողներս ունենք: Երբ նայում ենք աշխարհին ամբողջությամբ, ավելի քան 6.5 միլիարդ բնակչությամբ, մենք հասկանում ենք, որ կազմում ենք շատ փոքր ընտրված մի խումբ: Մենք, ովքեր քահանայություն ենք կրում, Պետրոս Առաքյալի խոսքերով, «ընտրյալ սերունդ ենք, թագավորական քահանայություն»:1

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը քահանայությունը նկարագրել է որպես «զորություն, որն Աստված շնորհել է տղամարդուն, որով տղամարդը կարող է գործել երկրի վրա մարդկային ընտանիքի փրկության համար, … որով մարդիկ կարող են հայտնել Աստծո կամքը, ինչպես հրեշտակները իրենք այստեղ կխոսեին, որով մարդիկ զորություն ունեն կապել երկրի վրա, և այն կկապվի երկնքում, և արձակել երկրի վրա, և այն կարձակվի երկնքում»: Նախագահ Սմիթն ավելացրել է. «Քահանայությունը սուրբ է, և պետք է սուրբ պահվի մարդկանց կողմից»:2

Իմ եղբայրնե՛ր, քահանայությունը պարգև է, որն իր հետ բերում է ոչ միայն հատուկ օրհնություններ, այլև լուրջ պատասխանատվություններ: Մեր պարտականությունն է այնպես ապրել մեր կյանքը, որպեսզի միշտ արժանի լինենք մեր կրած քահանայությանը: Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ շրջապատված ենք այն ամենով, ինչը դրդում է մեզ գնալ այնպիսի ուղով, որը կարող է մեզ տանել դեպի կործանում: Նման ուղիները շրջանցելու համար վճռականություն և քաջություն է պահանջվում:

Քաջությունը նշանակություն ունի: Այս ճշմարտությունը ես հասկացա շատ տարիներ առաջ շատ կտրուկ և ողբերգական առիթով: Ես այդ ժամանակ ծառայում էի որպես եպիսկոպոս: Մեր ցցի համաժողովի ընդհանուր նիստը անց էր կացվում Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային Հրապարակի Ժողովների Սրահում: Մեր ցցի նախագահությունը պետք է փոխվեր: Ահարոնյան Քահանայությունը, ներառյալ եպիսկոպոսությունների անդամները, պատասխանատու էին համաժողովի երաժշտության համար: Երբ մենք վերջացրեցինք երգել առաջին երգը, Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, համաժողովի հյուրը, բարձրացավ բեմ և հաստատումների համար կարդաց ցցի նոր նախագահության անունները: Այնուհետև, նա նշեց, որ Փերսի Ֆեթզերը, որը դարձավ մեր ցցի նոր նախագահը, և Ջոն Բըրթը, որը դարձավ առաջին խորհրդականը, որոնք նախկին նախագահության խորհրդականներն էին, նախքան համաժողովը տեղեկացվել էին իրենց նոր կոչումների մասին: Սակայն, հաստատման համար իմ անունը կարդալիս նա նշեց, որ ես կանչվելով որպես նոր նախագահության երկրորդ խորհրդական, տեղյակ չէի պահվել այդ կանչի մասին և լսում էի այդ մասին առաջին անգամ: Այնուհետև նա հայտարարեց. «Եթե Եղբայր Մոնսոնը ցանկանում է ընդունել այս կանչը, մենք ուրախ կլինենք նրա խոսքը լսելու այժմ»:

Երբ ես կանգնեցի ամբիոնի առաջ և նայեցի դեմքերի այդ ծովին, հիշեցի այն երգը, որը հենց նոր երգել էի: Այն վերաբերում էր Իմաստության Խոսքին և վերնագրվում էր. «Քաջություն ունեցիր, տղաս, ասել` Ոչ»: Այդ օրը ես որպես իմ խոսքի թեմա ընտրեցի` «Քաջություն ունեցիր, տղաս, ասել` Այո»: Քաջություն ունենալու կոչը անընդհատ տրվում է մեզ` քաջություն հաստատուն լինելու մեր համոզմունքների մեջ, քաջություն կատարելու մեր պարտականությունները, քաջություն հարգելու մեր քահանայությունը:

Ուր էլ որ մենք գնանք, մեր քահանայությունը գնում է մեզ հետ: Կանգնա՞ծ ենք մենք «սուրբ տեղերում»:3 Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերը, որը տարիներ շարունակ ծառայել է որպես Առաջին Նախագահության խորհրդական, ասել է. «Քահանայությունը կոստյումի նման չէ, որը կարող եք հանել, ապա կրկին հագնել: Մեզանից կախված այն կարող է հավերժ օժտում լինել»: Նա շարունակում է. «Եթե մենք իրոք ունենանք այս համոզմունքը … որ չենք կարող մի կողմ դնել քահանայությունը, և որ Աստված մեզ պատասխանատվության կկանչի, եթե մենք սխալ այն օգտագործենք, այն կօգնի մեզ խուսափել շատ բաներ անելուց, և շատ տեղերում լինելուց: Եթե ամեն անգամ մի փոքր շեղվենք ուղիղ և նեղ ճանապարհից, մենք պետք է հիշենք. «Ես Քահանայություն եմ կրում: Արդյո՞ք ես պետք է դա անեմ»: Այն կօգնի մեզ շատ չհեռանալ, որպեսզի երկար ճանապարհ անցնենք ուղիղ ու նեղ ուղու վրա կրկին վերադառնալու համար»:4

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Ձեր կրած քահանայության զորությունը սահման չունի: Սահմանը ձեր մեջ է, եթե դուք ներդաշնակության մեջ չեք ապրում Տիրոջ Հոգու հետ և սահմանափակում եք ձեզ ձեր գործադրած զորության մեջ»:5

Քահանայության իմ եղբայրնե՛ր, փոքրից մինչև ամենամեծը, արդյո՞ք դուք ապրում եք ձեր կյանքը համաձայն Տիրոջ պահանջների: Արդյո՞ք դուք արժանի եք կրելու Աստծո քահանայությունը: Եթե ոչ, որոշում կայացրեք այստեղ և այժմ, գործադրեք պահանջվող քաջությունը և կիրառեք այն բոլոր փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ձեր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պետք է լինի: Մահկանացու կյանքի ծովերում ապահով նավարկելու համար մեզ անհրաժեշտ է հավերժական նավաստու առաջնորդությունը, այսինքն մեծ Եհովայի: Եթե մենք Տիրոջ գործի մեջ ենք, մենք կարող ենք ստանալ Տիրոջ օգնությունը:

Կյանքի ընթացքում նրա օգնությունը ինձ տրվել է անհամար առիթներով: Առաջին Համաշխարհային Պատերազմի վերջում, ես տասնութ տարեկան դարձա և կարգվեցի որպես երեց, նավատորմում ակտիվ ծառայության մեկնելուց մեկ շաբաթ առաջ: Իմ ծխի եպիսկոպոսության անդամը երկաթուղային կայարանում ինձ հրաժեշտ էր տալիս: Գնացքը շարժվելուց առաջ նա մի գիրք դրեց ձեռքս, որը ես մինչ այսօր պահում եմ: Վերնագիրն է. Միսիոների Ձեռնարկ: Ես ծիծաղեցի և ասացի. «Ես նավատորմում եմ լինելու, ոչ թե միսիայում»: Նա պատասխանեց. «Ամեն դեպքում վերցրու: Այն կարող է պետք գալ»:

Եվ իրոք: Հիմնական դասընթացների ժամանակ մեր խմբի հրամանատարը մեզ սովորեցնում էր, թե ինչպես պետք է դասավորենք մեր հագուստը ծովային մեծ պայուսակի մեջ: Այնուհետև նա խորհուրդ տվեց. «Եթե դուք ունեք կարծր ուղղանկյուն առարկա, կարող եք այն դնել պայուսակի ստորին մասում, և ձեր հագուստը ավելի սեղմ կմնա»: Ես մտածեցի. «Որտեղի՞ց գտնեմ կարծր ուղղանկյուն առարկա»: Հանկարծակի հիշեցի հենց նման ուղղանկյուն առարկա` Միսիոների Ձեռնարկը: Այդպես այն 12 շաբաթ ծառայեց այդ ծովային պայուսակի ստորին մասում:

Սուրբ Ծննդյանը նախորդող երեկո մեր մտքերը, ինչպես միշտ, ուղղված էին դեպի տուն: Զորանոցում հանգիստ էր: Հանկարծ ես զգացի, որ կողքիս զինվորը, Եկեղեցու անդամ Լելանդ Մերիլը, ցավից տանջվում է: Ես հարցրեցի. «Ի՞նչ է եղել, Մերիլ»:

Նա պատասխանեց. «Վատ եմ: Շատ վատ եմ»:

Ես նրան խորհուրդ տվեցի գնալ բուժկետ, սակայն նա տեղյակ լինելով պատասխանեց, որ դա իրեն կզրկի Սուրբ Ծննդյանը տուն գնալուց: Այնուհետև ես նրան առաջարկեցի հանգիստ պառկել, որպեսզի չարթնացնեինք ամբողջ զորանոցին:

Ժամերը երկարեցին, նրա տնքոցներն ավելի բարձրաձայն դարձան: Ապա, հուսահատության մեջ, նա շշնջաց. «Մոնսո՛ն, դու երեց ես, չէ՞»: Ես ասացի` այո, և նա աղերսեց. «Ինձ օրհնություն տուր»:

Ես անմիջապես հասկացա, որ երբեք օրհնություն չեմ տվել: Ես երբեք չեմ ստացել նման օրհնություն, երբեք ներկա չեմ եղել, երբ ուրիշին են տվել: Աստծուն ուղղված իմ աղոթքն օգնության խնդրանք էր: Պատասխանը հետևյալն էր. «Նայիր ծովային պայուսակի ստորին մասում»: Այդպես, գիշերը ժամը երկուսին ես դատարկեցի պայուսակի պարունակությունը: Ապա գիշերվա լույսի տակ հանեցի այդ կարծր ուղղանկյուն առարկան, Միսիոների Ձեռնարկը, և կարդացի, թե ինչպես են օրհնում հիվանդին: Մոտ 120 հետաքրքրասեր նավաստիների հայացքների ներքո ես տվեցի օրհնությունը: Մինչ ես ավարտեցի Լելանդ Մերիլը երեխայի պես ննջում էր:

Հաջորդ առավոտ Մերիլը ժպտալով ինձ ասաց. «Մոնսո՛ն, ես ուրախ եմ, որ դու քահանայություն ունես»: Նրա ուրախությանը գերազանցում էր միայն իմ երախտագիտությունը, երախտագիտությունը ոչ միայն քահանայության, այլ օգնություն ստանալուն արժանի լինելու համար, որն ինձ հարկավոր էր հուսահատ կարիքի պահին, և քահանայության զորությունը կիրառելուն արժանի լինելու համար:

Եղբայրնե՛ր, մեր Տերը և Փրկիչը ասել է. «Եկ, հետևիր ինձ»:6 Երբ մենք ընդունում ենք Նրա հրավերը և քայլում Նրա հետևից, Նա ղեկավարում է մեր ուղիները:

2000 թվի ապրիլին ես զգացի նման ղեկավարում: Ինձ հեռաձայնեց Ռոզա Սալաս Գիֆֆորդը, ում ես չէի ճանաչում: Նա բացատրեց, որ իր ծնողները մի քանի ամսով այցելում էին իրեն Կոստա Ռիկայից, և միայն մեկ շաբաթ առաջ նրա հոր, Բեռնանդո Ագուստո Սալասի մոտ լյարդի քաղցկեղ էին հայտնաբերել: Նա ասաց, որ բժիշկները ընտանիքին հայտնել էին, որ նա միայն մի քանի օրվա կյանք ունի: Նա բացատրեց, որ հոր մեծագույն ցանկությունն էր մահից առաջ ինձ հանդիպել: Նա թողեց իր հասցեն և խնդրեց ինձ գալ իրենց տուն Սոլթ Լեյք Սիթիում հորը այցելելու:

Ժողովների և այլ պարտականությունների պատճառով ես բավականին ուշ դուրս եկա գրասենյակից: Անմիջապես տուն գնալու փոխարեն, զգացի, որ պետք է հենց այդ երեկո այցելեմ Եղբայր Սալասին: Ունենալով հասցեն ես փորձեցի գտնել տունը: Աշխույժ երթևեկության և մթնշաղի պայմաններում ես անցա ճիշտ տեղի կողքով, որտեղից պետք է երևար տուն տանող ճանապարհը: Ոչինչ չէի կարողանում տեսնել: Ես հասա մյուս փողոց և ետ վերադարձա: Կրկին ոչինչ: Փորձեցի մեկ անգամ ևս, և կրկին ճանապարհի ոչ մի նշան: Ես արդեն սկսեցի մտածել, որ սխալ չէր լինի, եթե վերադառնայի տուն: Ես մեծ ջանք կատարեցի, սակայն չկարողացա գտնել հասցեն: Փոխարենը մտքում աղոթք ասացի օգնության համար: Ներշնչում ստացա, որ պետք է մոտենամ հակառակ ուղղությունից: Ես մի փոքր տարածություն անցա մեքենայով, և շրջեցի մեքենան, հայտնվելով ճանապարհի մյուս կողմում: Այդ ուղղությամբ վարելով մեքենան, նկատեցի, որ երթևեկությունը ավելի թեթև էր: Երբ կրկին մոտեցա ճիշտ վայրին, թույլ լույսի միջով կարողացա տեսնել ճանապարհի եզրին ընկած փողոցի նշանը, և գրեթե աննկատ, խոտածածկ ճանապարհը, որը տանում էր դեպի փոքր բազմաբնակարան շենքը և առանձին, շատ փոքր սեփական տուն, հիմնական ճանապարհից որոշ հեռավորության վրա: Վարելով դեպի շինությունները, տեսա սպիտակ հագուստով մի աղջնակի, որը ինձ ձեռքով նշան էր անում, և ես հասկացա, որ գտել եմ այդ ընտանիքը:

Ինձ ուղեկցեցին տուն, ապա այն սենյակ, ուր պառկած էր Եղբայր Սալասը: Մահճակալի կողքին էին երեք դուստրերը և փեսան, ինչպես նաև Քույր Սալասը: Բացի փեսայից, բոլորը Կոստա Ռիկայից էին: Եղբայր Սալասի տեսքը մատնում էր նրա վիճակի ծայրահեղությունը: Նրա ճակատին դրված էր մաշված եզրերով թաց շորի կտորից թրջոց, որն ընդգծում էր ընտանիքի համեստ տնտեսական վիճակը:

Կողքինների շշնջոցից եղբայր Սալասը բացեց աչքերը և թույլ ժպիտը զարդարեց նրա շրթունքները, երբ ես բռնեցի նրա ձեռքը: Ես ասացի այս խոսքերը. «Ես եկել եմ ձեզ հանդիպելու»: Արցունքները լցրեցին նրա աչքերը, ինչպես և իմը:

Ես հարցրեցի, թե արդյոք օրհնություն կցանկանային, և ընտանիքի անդամների լուռ պատասխանը դրական էր: Քանի որ փեսան քահանայություն չէր կրում, ես մենակ սկսեցի քահանայության օրհնություն տալ: Խոսքերը կարծես ազատ հոսում էին Տիրոջ Հոգու ղեկավարության ներքո: Ես մեջբերեցի Վարդարպետություն և Ուխտեր, 84-րդ բաժնի 88 հատվածում տրված Փրկչի խոսքերը. «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները` ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»: Օրհնությունը տալուց հետո ես մի քանի խոսք ասացի վշտի մեջ գտնվող ընտանիքի անդամներին մխիթարելու համար: Ես դանդաղ էի խոսում, որպեսզի նրանք կարողանային հասկանալ իմ անգլերենը: Ապա, իսպաներենի իմ սահմանափակ ունակություններով, ես նրանց ասացի, որ սիրում եմ իրենց, և որ մեր Երկնային Հայրը կօրհնի նրանց:

Ես խնդրեցի ընտանեկան Աստվածաշունչը և նրանց ուշադրությունը բևեռեցի Գ Հովհաննեսի հատված 4-ին. «Սորանից ավելի մեծ ուրախություն չունիմ, որ լսում եմ թե իմ որդիները ճշմարտության մեջ են գնում»: Ես նրանց ասացի. «Ահա, թե ինչ կուզենար ձեր ամուսինն ու հայրը, որ դուք հիշեիք, երբ նա պատրաստվում է հեռանալ այս երկրային կյանքից»:

Եղբայր Սալասի սիրելի կինը, որի դեմքը ողողված էր արցունքներով, ինձ խնդրեց գրել սուրբ գրությունների այն երկու հատվածների հղումները, որոնցով ես կիսվեցի նրանց հետ, որպեսզի իրենք կարողանային նորից դրանք կարդալ: Ձեռքի տակ ոչինչ չունենալով, ինչի վրա կարելի էր գրել, Քույր Սալասը վերցրեց իր պայուսակը և թղթի մի թերթ հանեց: Երբ ես այն վերցրեցի նրանից, տեսա, որ դա տասանորդի ստացականն էր: Սիրտս հուզվեց, երբ հասկացա, որ այդ ծայրահեղ համեստ պայմաններում ապրող ընտանիքը հավատարմորեն վճարում էր իր տասանորդը:

Ջերմ հրաժեշտից հետո ինձ ուղեկցեցին դեպի իմ մեքենան: Երբ ես տուն էի վերադառնում, հիշեցի այն յուրահատուկ ոգին, որը մենք զգացինք: Ինչպես նախկինում շատ անգամներ, ես ունեցա երախտագիտության զգացում նրա համար, որ իմ Երկնային Հայրն իմ միջոցով պատասխանեց մեկ այլ մարդու աղոթքին:

Իմ եղբայրնե՛ր, թող որ մենք միշտ հիշենք, որ Աստծո քահանայությունը, որը մենք կրում ենք, սրբազան պարգև է, որը մեզ և նրանց, ում մենք ծառայում ենք, տալիս է երկնքի օրհնությունները: Թող որ մենք, որտեղ էլ որ լինենք, հարգենք և պահպանենք այդ քահանայությունը: Թող որ մենք միշտ լինենք Տիրոջ այգում, որպեսզի միշտ արժանի լինենք Տիրոջ օգնությանը:

Մարդկանց հոգիների` իմ և ձեր հոգիների համար պատերազմ է ընթանում: Այն շարունակվում է առանց դադարի: Ինչպես շեփորի ձայնը, Տիրոջ խոսքը ուղղված է ձեզ, ինձ և քահանայություն կրողներին ամենուրեք. «Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է»:7

Թող որ մենք, յուրաքանչյուրս, այդպես անելու քաջություն ունենանք, ես աղոթում եմ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ա Պետրոս Բ.9

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 139–140.

  3. ՎևՈւ 45:32; 87:8; 101:22.

  4. In Conference Report, Oct. 1951, 169.

  5. The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 498.

  6. Ղուկաս ԺԸ.22

  7. ՎևՈւ 107.99