2007
Երկնային Հոր դուստրերը
Մայիս 2007թ.


Երկնային Հոր դուստրերը

Երկնային Հայրը ճանաչում և սիրում է ձեզ: Դուք Նրա հատուկ դուստրերն եք: Նա ձեզ համար ծրագիր ունի:

Նկար

Մեր փեսան իր երեքամյա դստերը` Էլիզային ասաց, որ ընտանեկան երեկոյի համար իրենք պատրաստվում են մի շատ հատուկ թեմայով դաս անցկացնել: Նրա դեմքին մեծ ժպիտ հայտնվեց, և նա փորձեց կռահել անակնկալը: «Դա երևի իմ մասին է, - ասաց նա, - որովհետև ես շատ հատուկ եմ»: Էլիզան հիշում է և գիտի, թե ով է ինքը` Աստծո շատ հատուկ մի զավակ: Դա նա սովորել էր իր մայրիկից, երբ դեռ ամենավաղ մանկությունից մայրիկը որպես օրորոցային երգում էր մեր բացող օրհներգը` «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 58):

Ամբողջ աշխարհում և գրեթե բոլոր լեզուներով, 12-ից 18 տարեկան երիտասարդ կանայք հայտարարում են նույն բանը. «Մենք մեր Երկնային Հոր դուստրերն ենք, որը սիրում է մեզ, և որին սիրում ենք մենք» («Երիտասարդ Կանանց թեմա», Երիտասարդ Կանանց անձնական զարգացում [բրոշյուր, 2001], 5): Բայց մեծանալով, նրանք հաճախ հեռանում են հատուկ լինելու այդ վստահ գիտելիքից, որն ունի երեքամյա Էլիզան: Երիտասարդները հաճախ են ապրում ինքնության ճգնաժամ, մտածելով, թե ով են իրենք իրականում:Դեռահաս տարիքը նույնպես այն ժամանակն է, որն ես նկարագրում եմ, որպես ինքնության կողոպուտ, ի նկատի ունենալով, որ աշխարհիկ մտքերը, փիլիսոփայությունները և խաբեությունները շփոթեցնում են մեզ, հարվածում են մեզ և փորձում զրկել մեզ մեր իսկական ինքնության մասին գիտելիքից:

Մի շատ լավ երիտասարդ կին ինձ ասաց. «Երբեմն ես վստահ չեմ, թե ով եմ ես: Ես չեմ զգում Երկնային Հոր սերը: Իմ կյանքը դժվար է թվում: Գործերն այնպես չեն ընթանում, ինչպես ես ուզում էի, հույս ունեի և երազում էի»: Այն, ինչ ես ասացի նրան, այժմ ասում եմ երիտասարդ կանանց ամենուրեք. Ես գիտեմ, անկասկած, որ դուք Աստծո դուստրերն եք: Նա գիտի ձեզ, Նա սիրում է ձեզ, և Նա ծրագիր ունի ձեզ համար: Ես գիտեմ, որ սա այն ուղերձն է, որով Երկնային Հայրը ցանկանում է, որ ես կիսվեմ ձեզ հետ:

Վերջին օրերի մարգարեներն ու առաքյալները վկայում են մեր աստվածային էության մասին: Ընտանիքի վերաբերյալ հայտարարությունը աշխարհին ասում է. «Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր» (Լիահոնա, հոկտ. 2004, 49): Եվ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նաև ասել է.

«Դուք ամենևին երկրորդական չեք: Դուք Աստծո դուստրերն եք:

Դա ձեզ է տրվել ինչպես ձեր ծնվելու իրավունք` գեղեցիկ, սուրբ և աստվածային: Երբեք դա մի մոռացեք: Ձեր Հավերժական Հայրը տիեզերքի մեծ Վարդապետն է: Նա ղեկավարում է ամեն ինչում, բայց նա նաև կլսի որպես Իր դստեր ձեր աղոթքները և կլսի, թե ինչպես եք դուք խոսում Իր հետ: Նա կպատասխանի ձեր աղոթքներին: Նա ձեզ մենակ չի թողնի» (“Stay on the High Road,” Liahona, May 2004, 112):

Եթե դուք թույլ տաք, որ Աստծո դուստր լինելու մասին գիտելիքը թափանցի խորը ձեր հոգու մեջ, այն կմխիթարի ձեզ, կամրացնի ձեր հավատը և կազդի ձեր պահվածքի վրա: Եթե դուք թույլ տաք, որ այս առաքինի ճշմարտությունը անդադար զարդարի ձեր մտքերը, դուք վստահություն կունենաք Աստծո ներկայության վերաբերյալ, ինչպես խոստանում է սուրբ գրություններից վերցված Միացյալի մեր թեման (տես ՎևՈւ 121.45):

Ինչպե՞ս մեզանից յուրաքանչյուրը կարող է իմանալ և զգալ, որ մենք Երկնային Հոր դուստրերն ենք: Երբ մենք ծնվում ենք, վարագույր է իջնում երկնքի և երկրի միջև, «քուն և մոռացություն» (William Wordsworth, “Ode: Intimations of Immortality from Recollections of Early Childhood,” stanza 5, line 58): Սա անհրաժեշտ է մեզ համար, որպեսզի մենք «աշխարհիկ փորձ կուտակենք դեպի կատարելություն ընթանալու և [մեր] աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար» (Լիահոնա, հոկտ. 2004, 49): Ընտանիքի մասին Հայտարարություն): Երկնային Հայրը սիրում է մեզ և ուզում է օգնել մեզ հիշել Իրեն, որպեսզի Նա մեզ հավերժության համը ցույց տա: Պողոս Առաքյալը սովորեցնում էր. «Նույն ինքը Հոգին վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո զավակներ ենք» (Հռովմայեցիս Ը.16): Հոգին մեզ թույլ է տալիս հայացք գցել ու տեսնել, թե ով ենք մենք: Հաճախ Հոգին խոսում է մեզ հետ, երբ մենք աղոթում ենք, կարդում ենք սուրբ գրությունները, խորհում ենք մեր հանդեպ Տիրոջ գթասրտության մասին, ստանում ենք քահանայության օրհնությունները, ծառայում ենք ուրիշներին, սիրված և ընդունված ենք մեզ զգում ուրիշների կողմից:

Մովսեսը, հոգևոր հզոր փորձառության միջոցով, իմացավ թե ով է ինքը: Նա խոսեց Աստծո հետ երես առ երես և իմացավ, որ ինքը Աստծո որդի է` գործելու հատուկ առաքելությամբ: Այս հրաշալի հոգևոր փորձառությունն ունենալուց հետո, Մովսեսը հետագայում գրոհվեց Սատանայի կողմից: Բայց որովհետև Մովսեսը զգացել էր Աստծո փառքը, նա հասկացավ, որ Սատանան չունի ոչ մի փառք: Քանի որ Մովսեսը գիտեր, որ ինքը Աստծո որդի է և որ Աստված առաքելություն ունի իր համար, նա զորություն և ունակություն ուներ դիմակայելու Սատանային, արդար դատելու, կանչելու առ Աստված ուժի համար, և շարունակելով իր հետ ունենալ Նրա Հոգին (տես Մովսես 1):

Նույնը վերաբերում է մեզ: Երբ մենք իմանում և զգում ենք, թե ովքեր ենք իրականում, մենք ի վիճակի ենք դառնում հասկանալ բարու և չարի միջև տարբերությունը և զորություն ենք ունենում գայթակղությանը դիմակայելու: Մեզ համար Նրա պատրաստած աստվածային առաքելությունը հասկանալու եղանակներից մեկն է մեր հայրապետական օրհնությունը: Դրանք շատ հատուկ և անձնական ուղերձներ են, որոնք մեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ քահանայության զորությամբ:

Մեր հավերժական էության մասին հոգևոր ներըմբռնումներ մենք կարող ենք ստանալ նաև ծնողից կամ ղեկավարից, որոնք կարող են օգնել մեզ հայացք գցել, տեսնելով, թե ով ենք մենք: Հոգին որոշակիորեն շշնջացել է ինձ իմ զավակների իսկական ինքնության վերաբերյալ: Ես հիշում եմ այն գիշերը, երբ մեր երեխաներից մեկը ծնվեց, ես հստակ զգացի, որ այս երեխան կլինի իր եղբայրների և քույրերի ամենալավ ընկերը և օգնականը, օգնելով մեզ մեր ընտանիքի հավերժական ճանապարհին: Դա իսկապես բացարձակ ճշմարտություն էր: Մեկ այլ ժամանակ, երբ մեր դեռահաս երեխան շատ ճնշված էր ավտովթարի մեջ հայտնվելու պատճառով, ես հստակ իմ մտքում լսեցի այս խոսքերը. «Ես սիրում եմ այս երեխային և կառաջնորդեմ նրա կյանքը»: Եվ Նա այդպես էլ արեց: Այդ ներըմբռնումները ինձ համար կրկնվում են կրկին ու կրկին: Երբ նրանք քաջալերման կարիք ունեին, ես օրհնվում էի ոգեշնչվելով իմ երեխաների մեծ ու ազնվաբարո հավերժական հոգիների վերաբերյալ:

Երբ դուք պատրաստվել եք տնից դուրս գալ, ձեր մայրը կամ հայրը երբևէ ձեզ չե՞ն ասել. «Հիշիր, թե ով ես դու»: Ի՞նչ նրանք նկատի ունեն դրանով: «Հիշիր, որ դու այս ընտանիքի մասն ես, որը լավ անուն ունի»: Անգամ ավելի կարևոր է. «Հիշեք, որ դուք Աստծո զավակն եք և պետք է համապատասխանաբար պահեք ձեզ»: Միսիոներները կրծքանշան են կրում որպես մշտական հիշեցում այն մասին, որ իրենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ներկայացուցիչներն են: Սա միսիոներներին հիշեցնում է, որ հագնվեն համեստ և կոկիկ, մարդկանց քաղաքավարի վերաբերվեն, և աշխատեն իրենց դեմքին ունենալ Քրիստոսի պատկերը: Նրանք պետք է անեն այս ամենը, որովհետև կրում են իրենց անունով այդ կրծքանշանը, որպես ինքնության արտաքին նշան: Ըստ ուխտի, մենք բոլորս նույնպես մեզ վրա ենք վերցրել Քրիստոսի անունը: Նրա անունը պետք է ներսից փորագրվի մեր սրտերում: Նմանապես, մեզանից ակնկալվում է գործել որպես Երկնային Հոր արժանի զավակներ, որը, առնվազն խորհրդանշորեն ուղարկել է մեզ երկիր, խրատելով. «Հիշեք, թե ով եք դուք»:

Երբ կանչվեցի ձեզ` Եկեղեցու երիտասարդ կանանց ծառայելու, ես գիտեի, որ պետք է համապատասխանաբար ինձ պահեի: Մի օր դուստրերիցս մեկը տուգանվեց, որովհետև կանգնեցրել էր իր մեքենան կանգառում ժամկետանց գրանցման պիտակով: Ես նախաձեռնությունը վերցրեցի իմ ձեռքը և ուղևորվեցի քաղաքապետարանի շենք, պատրաստվելով բացատրել, որ գրանցման թղթերը դեռ ճանապարհին են, գալիս են փոստով: Երբ ես վճռականորեն ոտքս դռնից ներս դրեցի, ինչ-որ մեկն ինձ ասաց. «Ես գիտեմ, թե ով ես դու»: Դա ինձ կանգնեցրեց և հիշեցրեց, որ ես նույնպես պետք է հիշեմ, թե ով եմ` ոչ միայն Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ, այլ, ինչն ավելի կարևոր է, Աստծո դուստր:

Հարաբերությունների մեջ մենք պետք է հիշենք, որ մյուսները նույնպես մեր Երկնային Հոր զավակներն են: Մեր ամուսնության սկզբում ամուսինս հաճախ ինձ ասում էր. «Ես չեմ ամուսնացել քեզ հետ քո տեսքի համար»: Ի վերջո, ես ծաղրեցի նրան մի փոքր, ասելով. «Դա շատ հաճելի չի հնչում»: Նա բացատրեց այն, ինչ ես արդեն իսկ գիտեի, և որը ամենամեծ հաճոյախոսությունն էր, որը նա կարող էր ինձ անել: Նա ասաց. «Ես սիրում եմ քեզ նրա համար, ինչ դու կաս` քո էությամբ և հավերժությամբ»: Տերն ասել է. «Նորա երևույթին և հասակի երկայնությանը մի նայիր … այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում» (Ա Թագ. ԺԶ.7): Ընտանիքում, ընկերության, ժամադրության և ամուսնության մեջ մենք պետք է գնահատենք ոչ միայն գեղեցկությունը և արժանիքները, այլ ավելի շատ բնավորությունը, լավ հատկանիշները և ժառանգած աստվածային էությունը:

Չիլիում ցցերից մեկում երիտասարդ կանայք անում էին սա ճամբարում` վարելով միմյանց առաքինի հատկանիշների գիրքը: Ամեն օր նրանք ավելի լավ էին ծանոթանում միմյանց հետ և գրի էին առնում յուրաքանչյուր անձի մասին սովորած հիմնական լավ կողմերը: Ճամբարի վերջում նրանք կիսվեցին իրենց մտքերով, օգնելով յուրաքանչյուրին` ավելի շատ աստվածային բան տեսնել միմյանց մեջ: Նրանց ղեկավարն ասաց. «Մենք բառացիորեն վայելում էինք բարության և բարի կամքի այս հրաշալի ոգին: Ես կարող եմ ազնվորեն ասել, որ աղջիկներից չեմ լսել բողոքի որևէ խոսք: Նրանք ծաղկում էին փոխադարձ հասկացողության քաղցր հոգու մեջ, որը միշտ չէ, որ առկա է դեռահաս աղջիկների միջավայրում: Չկար մրցակցություն, չկար հակառակություն: Մեր ճամբարը դարձել էր երկնքի մի մասնիկ» (անձնական նամակներ): Աղջիկները ընդունում և վերահաստատում էին միմյանց աստվածային էությունը, և Հոգին լցրել էր ճամբարը, երբ այդ առաքինի մտքերն էին արտահայտվում:

Ք. Ս. Լյուիսն իմաստուն ձևով ասել է. «Լուրջ բան է ապրել հնարավոր աստվածների և աստվածուհիների մի հասարակության մեջ, հիշել, որ ամենաձանձրալի և ամենաանհետաքրքիր անձը, որի հետ դուք կարող եք խոսել, մի օր կարող է լինել այն էակը, որին, եթե տեսնեիք այժմ, երկրպագելու ուժեղ գայթակղություն կզգաք: … Չկան հասարակ մարդիկ: … Ձեր հարևանը ամենասուրբ օբյեկտն է, որը գտնվում է ձեր զգայարանների առաջ» (“The Weight of Glory,” in Screwtape Proposes a Toast and Other Pieces (1974), 109–110):

Երիտասարդ կանայք ամենուրեք, որոնք գիտեն, որ իրենք և մյուսները սիրող Երկնային Հոր դուստրերն են, ցույց են տալիս իրենց սերը Նրա հանդեպ, ապրելով առաքինի, ծառայության վրա կենտրոնացած օրինակելի կյանքով: Ես տպավորված էի, երբ տեսա որքան համեստորեն էին հագնված երիտասարդ կանայք Բրազիլիայի շատ շոգ ու խոնավ մի վայրում: Նրանք ասացին. «Համեստությունը եղանակի հետ կապված չէ: Այն սրտի հետ է կապված»: Այդ երիտասարդ կանայք գիտեին, որ Աստծո դուստրերն էին:

Ես հուզված էի, լսելով Այդահոյից հինգ լավ երիտասարդ ՎՕՍ ուսանողների մասին, որոնք վերջերս զոհվեցին ահավոր վթարի հետևանքով: Նրանք ճանաչված էին իրենց հասակակիցների շրջանում և իրենց համայնքներում որպես արդարակեցության չափանիշներով ապրող և առաքինության ու անաչառության փայլուն օրինակներ: Այդ երիտասարդները գիտեին, որ Աստծո որդիներն ու դուստրերն էին:

Ինձ ջերմացրեց մեկ այլ երիտասարդ կնոջ օրինակ, որի ծնողները բաժանվել էին: Նա չէր ուզում, որ իր փոքր եղբայրն ու քույրերը իրենց չսիրված զգային, և նա նրանց հետ ամեն երեկո աղոթում էր և ասում, որ սիրում է նրանց: Այդ երիտասարդ աղջիկը գիտի, որ Երկնային Հոր դուստրն է, որը սիրում է իրեն, և նա սիրում է Նրան, սիրելով իր քույրերին և եղբայրներին:

Եվ ես նաև հուզվել էի, երբ լսեցի այն երիտասարդ կանանց գործողությունների մասին, որոնք տեղի էին ունեցել աղքատության մեջ և քաղաքական անկայուն վիճակում գտնվող աշխարհի մի մասում: Չնայած իրենց սեփական դժվարություններին, այս երիտասարդ կանայք հանդիպեցին ճամբարում և եղանակներ գտան ուրիշներին օգնելու համար: Նրանք հիգիենայի պարագաներ պատրաստեցին բանտարկյալ կանանց համար: Նրանք լրացուցիչ ծառայություն մատուցեցին համայնքում, հիվանդանոցներում և տներում: Իրենց գործերից մենք գիտենք, որ այդ երիտասարդ կանայք հասկանում են, որ Աստծո դուստրերն են: Իմ սիրտը լցվում է սիրով այդ երիտասարդ կանանց և ամենուրեք գտնվող երիտասարդ կանանց հանդեպ: Ես գիտեմ, որ դուք Աստծո դուստրերն եք, որը սիրում է ձեզ:

Եզրափակելով, թույլ տվեք կիսվել մի փորձառությամբ, որը շատ նուրբ և անգամ սուրբ է ինձ համար: Երբ ես առաջին անգամ կանչվեցի ծառայելու որպես Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ, ես ինձ վախեցած էի զգում և անհամապատասխան: Ես անքուն գիշերներ էի անցկացնում, մտահոգվելով, ապաշխարելով և լաց լինելով: Մի քանի գիշեր անց, ես շատ հուզիչ մի փորձառություն ունեցա: Ես սկսեցի մտածել իմ երիտասարդ զարմիկների մասին, ապա իմ համայնքի և ծխի երիտասարդ կանանց մասին, ապա այն երիտասարդ կանանց մասին, ում պարբերաբար տեսնում էի դպրոցում, ապա պատկերացրեցի ամբողջ աշխարհում Եկեղեցու երիտասարդ կանանց, ավելի քան կես միլիոն: Ինձ սկսեց պարուրել և իմ միջով անցավ ամենահրաշալի ու ջերմ զգացումը: Ես այնպիսի մի սքանչելի սեր զգացի ամենուրեք գտնվող Վերջին Օրերի երիտասարդ կանանց հանդեպ, ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ, և ես գիտեի, որ այն, ինչ զգում էի, ձեր հանդեպ մեր Երկնային Հոր սերն էր: Դա հզոր և ամեն ինչ պարփակող զգացում էր: Առաջին անգամ ես հանգստություն զգացի, որովհետև ես գիտեի, թե ինչ է ուզում Երկնային Հայրը, որ անեի: Նա ուզում էր, որ ես վկայեի ձեզ ձեր հանդեպ Իր մեծ սիրո մասին: Եվ այսպիսով, ես կրկին վկայում եմ ձեզ, որ գիտեմ, անկասկած, որ Երկնային Հայրը ճանաչում է ձեզ և սիրում է ձեզ: Դուք Նրա հատուկ դուստրերն եք: Նա ձեզ համար ծրագիր ունի, և Նա միշտ կլինի ձեր կողքին, որպեսզի ղեկավարի, առաջնորդի և քայլի ձեզ հետ (տես «Աստծո զավակն եմ»): Ես ջերմեռանդ աղոթում եմ, որ դուք իմանաք սա և զգաք սա, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: