2007
Մնացեք ճանապարհին
Մայիս 2007թ.


Մնացեք ճանապարհին

Երբեմն մենք կարծում ենք, թե կարող ենք ապրել վտանգի եզրին, միևնույն ժամանակ պահպանելով մեր առաքինությունը: Սակայն դա շատ վտանգավոր է:

Նկար

Իմ տան կողքին գտնվող կիրճի ճանապարհներից մեկի մոտ այսպիսի ցուցանակ կա` Մնացեք ճանապարհին: Երբ սկսում ես քայլել այդ ճանապարհով, իսկույն պարզ է դառնում, թե որքան իմաստուն խորհուրդ է սա: Այնտեղ կան բլուրներ, ոլորապտույտներ և զառիթափ տարածություններ: Որոշ տեղերում ճանապարհից բարձր ընկած հատվածներն անկայուն են, իսկ տարվա որոշ եղանակներին այնտեղ հազվադեպ բոժոժավոր օձ է հայտնվում: Յուրաքանչյուրիդ ուղղված իմ ուղերձն այսօր նույնն է, ինչ այդ ցուցանակի վրա գրվածը՝ Մնացեք ճանապարհին:

Մի քանի տարի առաջ երիտասարդ կանանց մի խմբի հետ ես զբոսարշավի էի գնացել Վայոմինգի Թետոն սարերը: Շատ դժվար արշավ էր, և երկրորդ օրը մենք հասել էինք արշավի ամենադժվար մասին: Մենք պետք է անցնեինք Հարիքն (Փոթորիկ) Լեռնանցքը – շատ դիպուկ է անվանումը, քանի որ այնտեղ գրեթե միշտ փչում են ուժգին քամիներ: Անտառապահի կողմից մենք հրահանգվել էինք գնալ ճանապարհի կենտրոնով, որքան հնարավոր է ցածր կանգնել ճանապարհի անծածկ մասում, ուսապարկերն ամուր կապել և արագ շարժվել: Այս լեռնանցքը ոչ լուսանկարվելու, ոչ էլ դանդաղելու տեղ էր: Ես շատ հանգիստ ու երջանիկ էի ինձ զգում, երբ երիտասարդ կանանցից յուրաքանչյուրը հաջողությամբ անցավ այդ մասը: Եվ գիտեք ինչ՝ նրանցից ոչ մեկը չհարցրեց, թե ժայռի եզրին որքա՞ն մոտ կարող էր նա քայլել:

Կյանքի ճանապարհներով քայլելիս, մենք երբեմն ցանկանում ենք ժամանակ անցկացնել վտանգավոր տեղերում, մտածելով, որ զվարճալի է, և ուրախանում ենք, կարծելով թե հսկողության տակ ենք: Երբեմն մենք կարծում ենք, թե կարող ենք ապրել վտանգի եզրին, միևնույն ժամանակ պահպանելով մեր առաքինությունը: Սակայն դա շատ վտանգավոր է: Ինչպես ասել է մեզ Մարգարե Ջոզեֆ Սմիթը. «Երջանկությունը մեր գոյության նպատակն ու նախագիծն է և արդյունքը կլինի այդպիսին, եթե հետևենք այն ճանապարհին, որը տանում է դեպի այն, իսկ այդ ճանապարհը առաքինությունն է» (History of the Church, 5:134–35):

Տիրոջ խորհուրդը Էմմա Սմիթին Վարդապետություն և Ուխտերի բաժին 25-ում, Նրա խորհուրդն է Իր բոլոր թանկագին դուստրերին: Այդ հատվածում մեզ տրվում են վարքի կանոններ և խորհուրդ՝ «քայլել առաքինության շավիղներում» (հ. 2): Առաքինությունը «մտքի կամ վարքի օրինակ է, հիմնված բարոյական բարձր չափանիշների վրա» (Քարոզիր Իմ ավետարանը [2004], 118): Այսպիսով, որո՞նք են բարոյական բարձր չափանիշները, որ օգնում են մեզ առաքինի լինել:

Առաքինությունը ներառում է համեստություն՝ մտքի, լեզվի, հագուստի և պահելաձևի: Եվ համեստությունը ողջախոհության հիմնաքարն է: Ինչպես չենք քայլի բոժոժավոր օձերի հետքերով հագեցած ճանապարհներով, նույնպես և այսօրվա աշխարհում մեր իսկ ապահովության համար կարևոր է լինել համեստ: Երբ համեստ ենք, մենք ցույց ենք տալիս մյուսներին, որ հասկանում ենք մեր կապը մեր Երկնային Հոր հետ` որպես Նրա դուստրեր: Մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք Նրան և կկանգնենք որպես Նրա վկաները բոլոր բաներում: Երբ մենք համեստ ենք, մյուսներին ցույց ենք տալիս, որ «թանկ ենք գնահատում առաքինությունը» (“Dearest Children, God Is Near You,” Hymns no. 96): Համեստությունը կապված չէ «մոդայիկ» լինելու հետ: Այն կապ ունի սրտի և սուրբ լինելու հետ: Այն ոչ թե նորաձև լինելու, այլ հավատարիմ լինելու մասին է: Այն մարդկանց կողմից սիրված լինելու մասին չէ, այլ ողջախոհ լինելու և ուխտերը պահելու մասին է: Այն ոչ թե ճանաչված, այլ մաքուր լինելու մասին է: Համեստությունն ամեն կերպ կապված է մաքրաբարոյության և առաքինության ճանապարհին մեր հաստատուն քայլերով գնալու հետ: Պարզ է, որ առաքինությունը նախապայման է համբարձման համար: Մորմոնն օգնում է մեզ հասկանալ, որ առաքինությունն ու մաքրաբարոյությունը «ամենաթանկն է ու արժեքավորը՝ բոլոր բաներից առավել» (Մորոնի 9. 9): Մենք պարզապես չենք կարող անփույթ լինել կամ շատ մոտենալ վտանգի եզրին: Դա վտանգավոր տարածք է քայլելու համար Աստծո բոլոր դուստրերի համար:

Վարդապետություն և Ուխտերի 25-րդ բաժնում մեզ խորհուրդ է տրվում հավատարիմ մնալ մեր ուխտերին (տես հ. 13): Հավատարիմ մնալ, իմ կարծիքով, նշանակում է կպչել, կառչել, իսկապես ամուր պահել Տիրոջը տված մեր խոստումները: Մեր ուխտերը կամրապնդեն մեզ՝ գայթակղություններին դիմակայելու համար: Ուխտերը պահելը հաստատուն կդարձնի մեզ առաքինության ճանապարհին: Պահելով մկրտության ժամանակ մեր կապած ուխտերը, մենք կմնանք ճանապարհի կենտրոնում: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հիշեցնում է մեզ.

«Մկրտությունից սկսած՝ մենք ուխտեր ենք կապում, երբ հետևում ենք հավերժական կյանքի այս ճանապարհին, և մենք մնում ենք ճանապարհին՝ պահելով դրանք: …

… Սուրբ Հոգու հուշումները միշտ բավական կլինեն մեր կարիքների համար, եթե մենք մնանք ուխտի ճանապարհին: Հիմնականում, մեր ճանապարհը վերելք է, սակայն բարձրանալու համար տրվում է իրական աստվածային ուժ: Աստվածագլխի երեք անդամները՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, մեզ հետ են և օգնում են մեզ, այն ուխտերի շնորհիվ, որոնք մենք կապել ենք:

Այդ ուխտերի մասին մեզ հիշեցնելու համար, ամեն շաբաթ մենք հաղորդություն ենք ընդունում: Հացի օրհնության աղոթքում մենք «վկայում ենք քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ [մենք] հոժար ենք [մեր] վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է [մեզ]. որպեսզի [մենք] նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենանք» [ՎևՈւ 20.77]» («Այն, ինչ կցանկանայի, որ յուրաքանչյուր նոր անդամ իմանա և յուրաքանչյուր հին անդամ հիշի» Լիահոնա, Հոկտ. 2006թ., 11–12):

Առաջնորդվելով Նրա Հոգով, դուք վստահ և երջանիկ կլինեք և առաքինությունը կզարդարի ձեր մտքերն անդադար: Մորմոնի Գրքում նկարագրվում է, թե ինչ է տեղի ունեցել, երբ մի ամբողջ ժողովուրդ պահում էր ուխտերը և ապրում էր մաքուր ու առաքինի կյանքով. «Եվ անկասկած չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» (4 Նեփի 1.16): Առաջնորդվելով Սուրբ Հոգու կողմից, դուք նաև առաքինի ազդեցություն կունենաք մյուսների վրա:

Իմ գրասենյակում ես ունեմ մեր ընտանիքի տարբեր սերունդների կանանց՝ տատիկիս մոր, տատիկիս, մայրիկիս և դստերս՝ Էմիի նկարները: Ծրագրի հանդեպ հավատքով ու պարտավորությամբ նրանց կյանքն օգնել է ինձ ավելի բարձր մագլցել ու հեռու ճանապարհորդել: Այդ նկարներին նայելով, ես հստակ տեսնում եմ առաքինի կյանքով ապրելու կարևորությունը: Այսօր, ես ոչ միայն մեկ դուստր ունեմ այդ նկարներին ավելացնելու համար, այլև հինգ հարսներ և հինգ փոքր թոռնուհիներ: Ես մեծ պատասխանատվություն եմ զգում` առաքինության ու սրբության օրինակելի կյանքով ապրելու նրանց առաջ: Նույնիսկ եթե դուք առաջինն եք գալիք սերունդների շարքում, դուք նույնպես պատասխանատվություն եք կրում նրանց հանդեպ, ովքեր կլինեն ձեզանից հետո:

Վերջերս ես գնացել էի այն նույն արշավը դեպի Թետոն, որի մասին պատմեցի քիչ առաջ, միայն թե այս անգամ ամուսնուս և մեր տարիքի մի խումբ ընկերների հետ: Սկզբում ամեն ինչ հիասքանչ էր ու հեշտ, սակայն երբ հասանք մեր նպատակակետին, ուժասպառ էինք եղել և ասեմ, որ ես ինձ լավ չէի զգում: Այդ արշավին ես ֆիզիկապես այդքան լավ չէի պատրաստվել, որքան տարիներ առաջ երիտասարդ կանանց հետ արշավելու ժամանակ, և իմ ուսապարկը ինչպես հարկն էր չէի կապել ու չափից ավելի իրեր էի վերցրել: Ուսապարկիս ծանրությունը հոգնեցրել էր ինձ և պատրաստ էի հրաժարվել արշավից: Մյուսները նույնպես զգում էին բարձունքի խստաշունչ ազդեցությունը, շատ բարձր էր վայրը և ուսապարկերը՝ ծանր: Ամուսինս հասկանում էր դա և շտապում էր առաջ: Ես ինձ լքված էի զգում: Այնուամենայնիվ, մոտավորապես մեկ ժամ հետո ես տեսա ամուսնուս ցած իջնելիս բացատի մյուս կողմի ճանապարհով: Նա վազում էր դեպի ինձ: Երբ հասավ ինձ, վերցրեց ուսապարկս, սրբեց արցունքներս և տարավ ինձ դեպի նպատակակետը՝ վեհ սոճիներով շրջապատված բյուրեղյա մաքուր լիճը: Ապա նա շրջվեց, հետ գնաց, ճանապարհով դեպի ներքև և չորս անգամ գնաց ու եկավ, որպեսզի օգներ արշավի մյուս մասնակիցներին: Նայելով նրան ես ցավում էի, որ այդքան անպատրաստ էի, շատ էի ափսոսում, որ այդքան ավելնորդ բաներ էի վերցրել ու ծանրացրել այն բեռը, որ նա տարավ իմ փոխարեն: Սակայն ես այնքան երախտապարտ էի նրա ուժի, անձնվիրության, նրա պատրաստվածության ու նրա սիրո համար:

Կյանքի սարերը մագլցելիս, մնացեք առաքինության ճանապարհին: Կլինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ՝ ձեր ծնողները, ընտանիքի անդամներ, եպիսկոպոսներ, խորհրդատուներ և ցանկացած տարիքի առաքինի ընկերներ: Եվ եթե դուք ծանրաբեռնված եք կամ սխալ ուղով եք գնում, փոխեք ձեր ուղղությունը և վերադարձեք առաքինության ճանապարհին: Միշտ հիշեք, որ Փրկիչն այնտեղ է ձեր համար: Նա կօգնի ձեզ ապաշխարել, կուժեղացնի ձեզ, կթեթևացնի ձեր բեռը, կսրբի ձեր արցունքները, կմխիթարի ձեզ և կշարունակի օգնել ձեզ, որ մնաք ճանապարհին:

Փրկիչն առաքինության կատարյալ օրինակ է: Երբ Հիսուսը քայլում էր Սուրբ Երկրի ճանապարհներով, Նա «ման եկավ բարի անելով» (Գործք Ժ.38): Նա բուժում էր հիվանդներին, կույրերի տեսողությունը վերականգնում և կենդանացնում մահացածներին: Նա սովորեցրել է հավերժության ճշմարտությունները, մեր նախաերկրային գոյության իրողությունը, մեր երկրային կյանքի նպատակը և, գալիք կյանքում, որպես Աստծո դուստրեր, մեր ներուժը» (տես «Ապրող Քրիստոսը` Առաքյալների Վկայությունը», Լիահոնա, ապր. 2000, 2–3): Սուրբ գրություններից իմ սիրած հատվածներից մեկն ասում է. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղե քո ճանապարհները» (Առակաց Գ.5–6):

Ես վկայում եմ, որ սա ճշմարիտ է: Նա ոչ միայն ցույց է տվել ճանապարհը, այլ նույնիսկ ձեռքիցս բռնած երբեմն ուղեկցել է ինձ: «Նրա ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք` գալիք աշխարհում» («Ապրող Քրիստոսը», Լիահոնա, ապր. 2000, 3): Ես իմ վկայությունն եմ բերում, որ Նա ապրում է: Նա կլսի ձեր աղոթքները և կառաջնորդի ձեր քայլերը: Հիսուս Քրիստոսը մեր Օրինակն է և մեր Առաջնորդը: Մնացեք ճանապարհին: Եղեք համեստ: Հավատարիմ մնացեք ձեր ուխտերին ու արժանի եղեք Սուրբ Հոգու ընկերակցությանը: Տերը խոստանում է. «Ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ: Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են» (ՎևՈւ 78.18): Իսկապես, ես մնում եմ զարմացած «Նրա անզուգական կյանքով և Նրա մեծ քավող զոհաբերության անսահման զորությամբ» («Ապրող Քրիստոսը», Լիահոնա, ապր. 2000, 2; շեղագրումն ավելացված է): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: