2007
Հիշենք, ապաշխարենք և փոխվենք
Մայիս 2007թ.


Հիշենք, ապաշխարենք և փոխվենք

Դեպի երջանկություն և խաղաղություն տանող ամենադյուրին, ամենաարագ ուղին հնարավորին չափ շուտ ապաշխարելն ու փոխվելն է:

Նկար

Ես երախտապարտ եմ մեր Փրկչի և մեզ բոլորիս ուղղված «եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում»1 հրավերի համար: Հուսով եմ, կկարողանամ հաղորդել ձեզ որոշ բան այն ամենից, ինչ ես մտածում և զգում եմ Նրան հիշելու, ապաշխարելու և փոխվելու մասին: Կարծում եմ, լավագույն ձևով կարող եմ արտահայտել ինչ որ իմ սրտում է` պատմելով ձեզ երեք կանանց մասին և քննարկելով որոշ դասեր, որոնք ես յուրացրել եմ նրանց պատմություններից:

Ես կսկսեմ Ռութ Մեյ Ֆոքսից, որը շատ տարիներ առաջ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահն էր: Նա ծառայեց այդ կոչման մեջ մինչև 84 տարեկանը: Քույր Ֆոքսը ծնվել էր Անգլիայում, և երբ 13 տարեկան էր, նա մի խումբ պիոներների հետ ոտքով քայլեց գրեթե ողջ Սոլթ Լեյքի Հովտով: Նրա մայրը մահացել էր, երբ նա մանկիկ էր, այսպիսով նա անցկացրել էր իր կյանքի առաջին տասներկու տարին` ապրելով մի քանի տարբեր ընտանիքներում: Նա պետք է որ դժվար կառավարվող երեխա լիներ, որովհետև նրա տատիկը նրան ասում էր «վատ աղջիկ» և հրաժարվում նրան խնամելուց:2 Ի վերջո, Ռութն ամուսնացավ և ունեցավ 12 երեխա: Նա կիսվեց իր անխախտ վկայությամբ իր երեխաների հետ և սովորեցրեց ավետարանական սկզբունքներ` աշխատելով նրանց կողքին, բայց նա ընդունում էր, որ իր ավագ երեխաները երբեմն ստանում էին խիստ պատիժ, որովհետև նա շուտ բորբոքվող էր և միշտ չէ որ «հաշվում էր մինչև տասը»3, երբ նրան բարկացնում էին: Նա անընդհատ փորձում էր վերահսկել այդ թուլությունը և հայտնի դարձավ իր բարի սրտի և ուրիշներին ծառայելու համար:

Քույր Ֆոքսն ապրեց 104 տարի: Իր երկար կյանքի ընթացքում նա ճաշակեց մեծ ուրախություններ և դժվար փորձություններ, և նա սովորեցնում էր, որ «կյանքը սովորեցնում է որոշ դժվար դասեր: Ամենադիմացկուն բույսերը չեն աճում ապակու տակ և բնավորության ուժը չի գալիս խնդիրներից խուսափելուց»:4

Անցյալ տարի ես մագլցեցի Ինդիփենդենս լեռը Վայոմինգում` գտնելու այն տեղը, որտեղ Քույր Ֆոքսը փորագրել էր իր անունը 13 տարեկանում, երբ ճամփորդել էր դեպի Սոլթ Լեյքի Հովիտ: Վերջին 140 տարիների ընթացքում հողմերը գրեթե ջնջել են այն, բայց ես կարողացա կարդալ «Ռութ Մեյ 1867»: Ես ցանկանում էի ավելի շատ բան իմանալ այդ մեծ ղեկավարի և Հիսուս Քրիստոսի հետևորդի մասին, որն աշխատել էր իր ողջ կյանքում ուղղել իրեն և որի նշանաբանն էր` «Աստծո Արքայությունը կամ ոչինչ»:5

Իմ հաջորդ պատմությունը մի կնոջ մասին է, որին ես կանվանեմ Մերի: Նա հավատարիմ պիոներ ծնողների դուստրն էր, որոնք շատ բան էին զոհաբերել ավետարանի համար: Նա ամուսնացել էր տաճարում և 10 երեխաների մայր էր: Նա տաղանդավոր կին էր, որը սովորեցրել էր իր երեխաներին ինչպես աղոթել, շատ աշխատել և սիրել միմյանց: Նա վճարում էր իր տասանորդը և իրենց կառքով ողջ ընտանիքը միասին գալիս էր կիրակնօրյա ժողովներին:

Նա գիտեր, որ Իմաստության Խոսքին հակառակ էր, սակայն սուրճ խմելու սովորույթ զարգացրեց և պահում էր սրճամանը իր վառարանի ետևում: Նա պնդում էր, որ «Տերը դուրս չի գցի իրեն երկնքից մի փոքրիկ գավաթ սուրճի պատճառով»: Բայց այդ փոքրիկ գավաթ սուրճի պատճառով նա չէր կարողանում տաճարային երաշխավորագրին արժանի համարվել և ոչ էլ երեխաներից նրանք էին կարողանում, ովքեր նրա հետ սուրճ էին խմում: Չնայած նա ապրեց լավ երկար կյանք և, ի վերջո, արժանի դարձավ կրկին մտնել և ծառայել տաճարում, նրա 10 երեխաներից միայն մեկը ունեցավ տաճարին արժանի ամուսնություն և նրա ժառանգների մեծ մասը, որոնք այժմ հինգերորդ սերունդն են, ապրում են վերականգված ավետարանի օրհնություններից դուրս, որին նա հավատում էր, և որի համար այնքան շատ բան էին զոհաբերել նրա նախահայրերը:

Վերջին պատմությունը Քրիստինայի (սա նրա իսկական անունը չէ) մասին է, որը մկրտվել էր և կնքվել իր ընտանիքի հետ, երբ երիտասարդ աղջիկ էր, բայց ինչ որ տեղ այդ ընթացքում ընտանիքը դադարել էր ապրել ավետարանով: Այդ ժամանակ նա դեռ քսան տարեկան չկար և կատարեց մի քանի սխալ ընտրություններ և շատ դժբախտ էր:

Մի անգամ ես տվեցի նրան «Անձնական զարգացում» գիրքը և ասացի. «Այս գիրքը կօգնի քեզ զարգացնել Քրիստոսի հատկանիշները քո կյանքում, այսպիսով դու կարող ես կատարել այն փոփոխությունները, որոնք կամենում ես: Ես առաջարկում եմ սկսել աշխատել քո գրքով այսօր ևեթ և հետո բեր այն քո հետ երիտասարդական հավաքին ինձ հետ կիսվելու քո սովորածով»: Այդ երեկո նա ասաց արցունքն աչքերին. «Այսօր ես սկսեցի իմ անձնական զարգացումը»: Նա ինձ մի քանի անգամ գրել է այդ օրվանից հետո: Նա սկսեց գալ կիրակնօրյա ժողովներին, միացյալ ժամին և սեմինարիայի դասերին: Մի քանի շաբաթից նրա քույրն ու մայրը եկան նրա հետ եկեղեցի: Ավելի ուշ նրանց միացավ հայրը, և այժմ ողջ ընտանիքը միասին տաճար է վերադարձել:

Այսպիսով, որո՞նք էին այն մի քանի դասերը, որ ես սովորեցի այս պատմություններից հիշելու, ապաշխարելու և փոխվելու մասին:

Առաջին դասն այն էր, որ` բոլորն էլ սխալներ են գործում:6 Ոչ շատ առաջ ես մի ութ տարեկան աղջկա հետ էի իր մկրտության օրը: Օրվա վերջում նա ամենայն վստահությամբ ասաց. «Ես մի ամբողջ օր է մկրտված եմ և ոչ մի մեղք չեմ գործել»: Բայց նրա կատարյալ օրը հավերժ չտևեց, և ես համոզված եմ, որ մինչև այսօր նա սովորում է, ինչպես բոլորս ենք սովորում, որ որքան էլ փորձենք, մենք չենք կարող խուսափել բոլոր վատ իրավիճակներից, բոլոր սխալ ընտրություններից կամ ինքներս մեզ վերահսկել, ինչպես պարտավոր ենք անել: Ես հաճախ եմ լսում այս ժամանակաշրջանի ընտիր, թագավորական սերնդի մասին, բայց ես երբեք չեմ լսել, որ այն կոչվի կատարյալ սերունդ: Հատկապես խոցելի են 13-ից 19-ը տարեկանները, որովհետև սատանայի ուժն իրական է, իսկ նրանք անում են իրենց առաջին լուրջ անկախ ընտրությունները: Հետևաբար նրանք կատարում են նաև իրենց առաջին լուրջ սխալները:

Սա այն է, ինչ պատահեց Մորմոնի Գրքի Կորիանթոնի հետ: Կորիանթոնը ըստ երևույթին պետք է հավատարիմ ծառայեր միսիան, բայց նա մտածեց, որ բավականաչափ ուժեղ էր և խելացի վտանգավոր իրավիճակներից և վատ ընկերակցությունից բարեհաջող գլուխ հանելու համար, և նա մեծ վտանգի և մեղքի մեջ ընկավ, երբ սկսեց գնալ սխալ վայրեր, սխալ մարդկանց հետ, անելով սխալ բաներ: 7

Իմ երկրորդ դասն է, որ` ապաշխարությունը կամավոր ընտրությամբ չէ: Մեզ պատվիրված է ապաշխարել: 8 Փրկիչը սովորեցրել է, որ մինչև մենք չապաշխարենք և չդառնանք փոքր երեխայի նման, մենք ոչ մի կերպ չենք կարող ժառանգել Աստծո արքայությունը: 9 Մենք չպետք է թույլ տանք, որ մի փոքրիկ բաժակ սուրճը, մի վատ ընտրությունը, մի սխալ որոշումը մեզ ճիշտ ուղուց շեղի ողջ կյանքի ընթացքում:

Երբեմն մարդիկ անհոգ են վերաբերվում ապաշխարությանը: Ես լսել եմ, թե ինչպես են որոշ մարդիկ ասում, որ ապաշխարելը շատ դժվար է: Մարդիկ ասում են, որ իրենք հոգնել են մեղավոր զգալուց կամ վիրավորվել են ղեկավարից, որն օգնում է նրանց ապաշխարել: Երբեմն մարդիկ անձնատուր են լինում, երբ սխալներ են գործում և սկսում հավատալ, որ իրենց համար հույս չկա: Ոմանք էլ կարծում են, թե իրենք ավելի լավ կզգան, եթե ուղղակի թողնեն վերականգված ավետարանը և հեռանան:

Սատանան է, որ անհույս մտքեր է դնում նրանց սրտերում, ովքեր սխալներ են գործում: Տերը միշտ հույս է տալիս մեզ: Նա ասում է.

«Դու ընտրվել ես Տիրոջ գործը կատարելու, սակայն, օրինազանցության պատճառով, եթե դու աչալուրջ չլինես, ապա կընկնես:

Սակայն հիշիր, Աստված ողորմած է, ուստի ապաշխարիր այն բանից, ինչ դու արել ես, ինչը դեմ է այն պատվիրանին, որը ես տվել էի քեզ, և դու դեռևս ընտրված ես և կրկին կանչված այս գործին»:10

Դեպի երջանկություն և խաղաղություն տանող ամենադյուրին, ամենաարագ ուղին հնարավորին չափ շուտ ապաշխարելն ու փոխվելն է:

Դաս երրորդ` մենք դա միայնակ չենք անում: Անհնար է լրիվ ինքնուրույն իսկական փոփոխություն կատարել մեր մեջ: Մեր սեփական կամքի ուժը և բարի մտադրությունները բավական չեն: Երբ սխալներ ենք գործում կամ վատ ընտրություն կատարում, մենք պետք է ունենանք մեր Փրկչի օգնությունը` ճիշտ ուղու վրա վերադառնալու համար: Ամեն շաբաթ մենք ճաշակում ենք հաղորդությունը` ցույց տալու մեր հավատքը մեզ վերափոխող Նրա զորության հանդեպ: Մենք խոստովանում ենք մեր մեղքերը և թողնում դրանք:11

Երբ մեր լավագույն ջանքերը լիովին չեն բավարարում, Նրա շնորհով է, որ մենք ուժ ենք ստանում շարունակելու փորձել:12 Տերն ասում է. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»:13

Երբ փնտրում ենք Տիրոջ օգնությունը փոխելու մեզ, ապա մենք ունենք այս խոստումը. «Ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:14 Տերը ձեռք չի քաշում մեզանից: Նա ասում է. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:15 Ուրախությունն ու խաղաղությունը, որ մենք ստանում ենք, երբ իմանում ենք, որ ներվել ենք, աստվածային օրհնություն է: Այդ խաղաղությունը գալիս է Տիրոջ ժամանակին և Նրա ձևով, բայց այն իսկապես գալիս է:

Իմ վերջին դասն այն է, որ` մենք կարող ենք փոխվել: Ամեն օրը նոր հնարավորություն է մեր Փրկչին հիշելու և Նրա օրինակին հետևելու համար: Առանց ապաշխարելու մենք չենք կարող առաջադիմել:16 Այդ պատճառով ապաշխարությունը ավետարանի երկրորդ սկզբունքն է: 17

Մեր թուլությունների համար արդարացումներ գտնելու փոխարեն, մենք ամեն օր աշխատում ենք զարգացնել լավ սովորույթներ և Քրիստոսանման հատկանիշներ: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելը պատասխանատու և անվերջ խնդիր է, այդ ուղղությամբ պետք է մշտապես աշխատել և կրկին ու կրկին լարված ջանքեր գործադրել»:18 Ես սովորեցի Քրիստինայից, որ մեր կյանքում Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելը նշան է այն բանի, որ մենք փոխվում ենք:

Քանի որ մենք բոլորս մահկանացու ենք, մենք բոլորս գործում ենք սխալներ: Ապաշխարությունը կամավոր ընտրությամբ չէ, բայց մենք դա չենք անում մենակ: Մենք ունենք Փրկիչ, որն օգնում է մեզ ապաշխարել: Մեր կյանքում զարգացնելով Նրա հատկանիշները, մենք գիտենք, որ կատարում ենք փոփոխություններ, որոնք օգնում են մեզ ավելի մոտենալ Նրան:

Քույր Ֆոքսն ասել է, որ ավետարանը նրա «պաշտպանական թիկնոցն է գայթակղության դեմ, [նրա] մխիթարությունը վշտի մեջ, [նրա] ուրախությունը և փառքը [իր] բոլոր օրերի և հավերժական կյանքի [իր] հույսը»:19 Նա իր համար որպես կարգախոս էր վերցրել «Աստծո Արքայությունը կամ ոչինչ», որովհետև գիտեր, որ ընդունելով ավետարանը իր ողջ սրտով, նա կարող էր ստանալ մեզ բոլորիս տրված Փրկչի խոստումը. «Ով որ ապաշխարի և մկրտվի իմ անունով, նա կլցվի. և եթե նա համբերի մինչև վերջ, ահա, նրան ես անմեղ կհամարեմ իմ Հոր առաջ այն օրը, երբ ես կկանգնեմ` դատելու աշխարհը»:20

Ապաշխարելու միջոցով է, որ ես սկսեցի ճանաչել Փրկչին և այն ժամանակ է հավատս ու վստահությունս Նրա հանդեպ աճում, երբ ես ձգտում եմ Նրա օգնությամբ փոխել ինքս ինձ: Ես բերում եմ իմ վկայությունը Նրա իրականության և զորության մասին, Հիսուս Քրիստոսի անունով ամեն:

Հղումներ

  1. Մորոնի 10.32

  2. See Janet Peterson and LaRene Gaunt, Keepers of the Flame: Presidents of the Young Women (1993), 33–34.

  3. See Keepers of the Flame, 38.

  4. In Keepers of the Flame, 41.

  5. In Keepers of the Flame, 49.

  6. See Bible Dictionary, “Repentance,” 761.

  7. Տես Ալմա 39.1–9:

  8. Տես ՎևՈՒ 19.15

  9. 3 Նեփի 11.38

  10. Տես ՎևՈՒ 3.9–10

  11. Տես ՎևՈՒ 58.43

  12. See Bible Dictionary, “Grace,” 697.

  13. Եթեր 12.27

  14. ՎևՈՒ 58.42–43:

  15. Մատթեոս ԺԱ.28:

  16. See Bible Dictionary, “Repentance,” 760–761.

  17. Տես Հավատո Հանգանակներ 1.4:

  18. “Privileges and Responsibilities of Sisters,” Ensign, Nov. 1978, 105.

  19. In Keepers of the Flame, 49.

  20. 3 Նեփի 27.16: