2007
Թաբերնաքլի ոգին
Մայիս 2007թ.


Թաբերնաքլի ոգին

Թաբերնաքլը … կանգնած է որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման դրոշ:

Նկար

Քառասունվեց տարի առաջ ես կանչվեցի որպես Տասներկուսի Քվորումի Օգնական և առաջին անգամ ես մոտեցա այս ամբիոնին: Ես 37 տարեկան էի: Ես կանգնել էի պատկառելի, իմաստուն մարգարեների և առաքյալների շարքում, «որոնց անունները», ինչպես երգն է հայտարարում, «մենք ակնածանքով հարգում ենք» (“Oh, Holy Words of Truth and Love,” Hymns, no. 271): Ես զգում էի, թե որքան անհամապատասխան էի:

Այդ ժամանակ այստեղ Թաբերնաքլում ես մի հատուկ փորձառություն ունեցա: Այն ինձ վստահություն ու քաջություն պարգևեց:

Այդ օրերին Երեխաների Միության համաժողովն էր` նախքան ապրիլի համաժողովը: Ես ներս մտա հարավային դռնից, երբ բացող օրհներգն էր կատարվում Երեխաների մեծ երգչախմբի կողմից: Խմբավարն էր Երեխաների Միության գերագույն խորհրդի անդամ Քույր Լյու Ս. Գրոսբեքը: Նրանք երգում էին.

Ակնածանքով, հանգիստ, սիրով մենք քո մասին ենք մտածում,

Ակնածանքով, հանգիստ, մեղմ մեր երգն ենք երգում,

Ակնածանքով, հանգիստ, խոնարհ աղոթում ենք,

Թող այսօր Քո Սուրբ Հոգին բնակվի մեր սրտերում:

(“Reverently, Quietly,” Children’s Songbook, 26)

Երբ երեխաները հանգիստ երգում էին, երգեհոնահարը, որը հասկացավ, որ բարձր վարպետությունն իր վրա ուշադրություն չի բևեռում, չէր նվագում, երբ նրանք երգում էին: Նա վարպետորեն, գրեթե աննկատելիորեն միաձուլեց փոքրիկների ձայները ոգեշնչման, հայտնության մեղեդուն: Դա որոշիչ պահ էր: Այն խորապես և մշտապես իմ հոգում հաստատեց այն, ինչի կարիքը ես ունենալու էի գալիք տարիների ընթացքում:

Հավանաբար, ես զգացի այն, ինչ Եղիա մարգարեն էր զգացել: Նա կնքեց երկինքն ամբարիշտ Աքաաբ թագավորի դեմ և փախավ քարանձավ Տիրոջը փնտրելու.

«Մի մեծ և զորավոր հողմ պատառեց սարերը և կոտրատեց ապառաժները … բայց Տերն այն հողմի մեջ չէր: Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր:

Եվ երկրաշարժից հետո կրակ, բայց Տերը կրակի մեջ չէր. և կրակից հետո մի մեղմ ու բարակ ձայն [եկավ]:

Եվ եղավ»,- հիշատակարանը գրում է, «երբոր Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուովը և դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը» – խոսելու Տիրոջ հետ (Գ Թագավորաց ԺԹ.11–13):

Ես զգացի այն, ինչ Նեփիացիները պիտի զգացած լինեին, երբ Տերը հայտնվեց նրանց. «Նրանք լսեցին մի ձայն, կարծես այն երկնքից էր գալիս. և նրանք աչք ածեցին շուրջբոլորը, քանզի նրանք չհասկացան ձայնը, որ իրենք լսեցին. և այն կոպիտ ձայն չէր, ոչ էլ այն բարձր ձայն էր. այնուամենայնիվ, և չնայած այն մի մեղմ ձայն էր, այն ներթափանցեց նրանց մեջ՝ այնպես, որ լսվեց մինչև նրանց սրտի խորքը, այնպես որ չկար նրանց մարմնի ոչ մի մաս, որին այն չստիպեր դողալ. այո, այն ներթափանցեց մինչև նրանց հոգու խորքը, և բոցավառեց նրանց սրտերը» (3 Նեփի 11.3):

Դա այն մեղմ ու բարակ ձայնն էր, որը Եղիան ու Նեփիացիները լսեցին, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը հասկացավ, երբ գրեց. «Այսպես է ասում մեղմ հանդարտ ձայնը, որը շշնջում է և թափանցում բոլոր բաների միջով» (ՎևՈւ 85.6):

Այդ որոշիչ պահին ես հասկացա, որ մեղմ բարակ ձայնն ավելի շատ զգացվում, քան լսվում է: Եվ եթե ես ականջ դնեի դրան, ամեն ինչ լավ կլիներ իմ ծառայության մեջ:

Դրանից հետո ես հավաստիացա, որ Մխիթարիչը, Սուրբ Հոգին, մատչելի է բոլոր նրանց, ովքեր կարձագանքեն խնդրելու, փնտրելու և թակելու հրավերին (տես Մատթեոս Է.7–8; Ղուկաս ԺԱ. 9–10; 3 Նեփի 14.7–8; ՎևՈւ 88.63): Ես իմացա, որ ամեն ինչ լավ կլինի ինձ մոտ: Տարիների ընթացքում այդպես էլ եղավ:

Ես նաև սովորեցի, թե ինչպիսի զորություն կարող է կրել երաժշտությունը: Երբ երաժշտությունն ակնածանքով է ներկայացվում, այն կարող է հավասարազոր լինել հայտնությանը: Իմ կարծիքով, երբեմն այն չի կարող առանձնացվել Տիրոջ ձայնից` Հոգու հանդարտ, մեղմ ձայնից:

Գոյություն ունի տարբեր տեսակի արժանավայել երաժշտություն: Եվ կան անթիվ տեղեր, որտեղ կարելի է լսել այն: Սակայն Տաճարային Հրապարակի Թաբերնաքլը տարբերվում է այդ բոլոր տեղերից:

Սերունդներ շարունակ Թաբերնաքլի Երգչախումը բացել է իր ամենշաբաթյա հաղորդման հեռարձակումները` երգելով Վիլիամ Վ. Ֆելփսի կողմից գրված այս խոսքերը.

Մեղմ սուրբ երգեր երգենք,

Կիրակին է կրկին եկել,

Մարդն ահա հանգստանում …

Իր օրհնությունների համար

Աստծուն է գովերգում:

(“Gently Raise the Sacred Strain,” Hymns, 146)

Ավելի քան 100 տարի առաջ, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը, որ այն ժամանակ 96 տարեկան էր, հղեց իր խոսքը, որն եղավ նրա վերջին քարոզը այս ամբիոնից: Ունկնդիրների մեջ ներկա էր 12-ամյա Լեգրանդ Ռիչարդսը: Նրա հայրը` Ջորջ Ռիչարդսը (որը հետագայում կարգվեց Առաքյալ), բերել էր իր տղաներին, որ լսեն Եղբայրների խոսքը: Լեգրանդը երբեք չմոռացավ այդ օրը:

20 տարուց ավելի ես շատ մոտ եմ եղել Երեց Լեգրանդ Ռիչարդսին: Երբ նա 96 տարեկան էր, այդ ուղերձը դեռևս մնացել էր նրա սրտում: Նա չէր կարողանում հիշել Նախագահ Վուդրուֆի խոսքերը, սակայն երբեք չէր մոռանում, թե ինչպես էր զգացել իրեն այդ խոսքերը լսելիս:

Երբեմն ես զգացել եմ նրանց ներկայությունը, ովքեր կառուցել և պահպանել են այս Թաբերնաքլը: Երաժշտությամբ և խոսքով նրանք, ովքեր արդեն չկան, պահպանել են ավետարանի և Հիսուս Քրիստոսի մասին վկայության պարզությունը: Այդ վկայությունն ուղեկցող լույս էր նրանց կյանքում:

Եկեղեցու կյանքը բնորոշող մեծ իրադարձություններ են տեղի ունեցել Տաճարային Հրապարակում գտնվող այս Թաբերնաքլում:

Եկեղեցու յուրաքանչյուր Նախագահ, բացի Ջոզեֆ Սմիթը և Բրիգամ Յանգը, հաստատվել են հանդիսավոր ժողովում` այս Թաբերնաքլում: Նույն ձևով, ամեն տարի հաստատումները կրկնվում են գերագույն համաժողովում, որոնք շարունակվում են բոլոր ցցերում, ծխերում և ճյուղերում, ինչպես պահանջվում է հայտնությամբ:

Տերն ասել է. «Ոչ ոքի չպետք է տրվի առաջ գնալ՝ քարոզելու իմ ավետարանը կամ կառուցելու իմ եկեղեցին, մինչև որ նա չկարգվի մեկի կողմից, որն ունի իշխանություն, և եկեղեցուն հայտնի չլինի, որ նա ունի իշխանություն և կանոնավոր կերպով կարգված է եկեղեցու գլխավորների կողմից» (ՎևՈւ 42.11):

Այսպիսով, ոչ մի անծանոթ մարդ չի կարող գալ մեր մեջ և պնդել, որ իշխանություն ունի և փորձի այլ ճանապարհով տանել Եկեղեցին:

1880թ. այստեղ Թանկագին Մարգարիտը ընդունվեց որպես Եկեղեցու կանոնիկ աշխատություններից մեկը:

Այստեղ նաև երկու հայտնություններ են ավելացվել կանոնիկ աշխատություններին, որոնք այժմ հայտնի են որպես Վարդապետություն և Ուխտերի 137-րդ և 138-րդ բաժիններ: 137-րդ բաժինը ներկայացնում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված տեսիլքը Կիրթլանդի Տաճարում, իսկ 138-րդ բաժնում տրված է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին տրված տեսիլքը, որը վերաբերում է Փրկչի այցելությանը մահացածների հոգիներին:

Այստեղ 1979թ. նախապատրաստական տարիներից հետո, Ջեյմս Թագավորի Աստվածաշնչի ՎՕՍ տարբերակը ներկայացվեց Եկեղեցուն:

Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի, Թանկագին Մարգարիտի նոր հրատարակությունները հայտարարվեցին Եկեղեցուն այստեղ:

1908թ. գերագույն համաժողովին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը կարդաց Վարդապետություն և Ուխտերի 89-րդ բաժինը, որն Իմաստության Խոսքն է: Այնուհետև նա, իր երկու խորհրդականները և Տասներկուսի Նախագահը խոսեցին միևնույն նյութի` Իմաստության Խոսքի մասին: Որից հետո Եկեղեցու անդամների կողմից այն միաձայն անցավ:

Այդ հայտնությունն ասում է. «Չարիքների ու դավադրությունների հետևանքով, որոնք կան և վերջին օրերում կլինեն դավադիր մարդկանց սրտերում, ես զգուշացրել եմ ձեզ, և նախազգուշացնում եմ, տալով ձեզ այս իմաստության խոսքը հայտնությամբ» (ՎևՈւ 89.4):

Դա վահան ու պաշտպանություն է մեր ժողովրդի, հատկապես մեր երիտասարդների համար: Այն Աստծո «ողջ սպառազինության» մի մասն է կազմում, որը հայտնություններում խոստացել էր պաշտպանել նրանց հակառակորդի «կրակոտ նետերից» (տես ՎևՈւ 27.15–18):

Եկեղեցին և անհատ անդամները միշտ եղել են, կան և կլինեն հակառակորդի պաշարման ներքո: Նա կփակի, նույնիսկ կխլացնի մեղմ բարակ ձայնը բարձրաձայն և անկանոն երաժշտությամբ ողողված բառերով, որոնք չեն հասկացվում, իսկ վատագույն դեպքում, բառերով, որոնք հասկացվում են: Նա զգուշորեն կշեղի մեզ ճանապարհից իր հորինած տարբեր գայթակղություններով:

Այստեղ հայտնությամբ Տերը պարզաբանել է քահանայության կարգը, և սա բացեց դռները իրականացնելու Փրկչի պատվիրանը` տանել ավետարանը «ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի» (ՎևՈւ 133.37), և Եկեղեցին հաստատել նրանց մեջ:

Այստեղ Մորմոնի Գրքին ավելացվեց ենթավերնագիր` «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»: Որից հետո, ով էլ բացել է այդ գիրքը, իմացել է հենց վերնագրից, թե ինչ է պարունակվում դրա մեջ:

Այս սրբազան կառույցի ուսուցումները, քարոզները, երաժշտությունը, զգացումները և Հոգին փոխանցվում են առանց կրճատվելու այստեղ կողքին գտնվող մեծ Համաժողովների Կենտրոն, որտեղ այդ ամենը լսում են հազարավոր մարդիկ, դրանք թարգմանվում են բազմաթիվ լեզուներով և ուղարկվում ամբողջ աշխարհի մեր համայնքներին:

Ավելին, այդ Հոգին մտնում է Վերջին Օրերի միլիոնավոր Սրբերի տներ: Տներում ծնողներն աղոթում են իրենց զավակների բարօրության համար: Տղամարդիկ և կանայք, և ինչպես Մորմոնի Գիրքն է խոստացել, նույնիսկ փոքր երեխաները, կարող են վկայություն ստանալ Հիսուս Քրիստոսի (տես Մոսիա 24.22; Ալմա 32.23; 3 Նեփի 17.25) և Նրա ավետարանի Վերականգնման մասին:

Տաճարային Հրապարակի այս Թաբերնաքլը «աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, փառքի և Աստծո տուն է, այսինքն` Նրա տունը» (ՎևՈւ 109.16): Նրանք, ովքեր կանչվել են խոսելու, ներկայացնելու խոսք, երաժշտություն կամ մշակույթ, պարտավոր են ներկայացնել այն ամենը, ինչն արժանավայել է:

Սուրբ գրությունները զգուշացնում են մեզ` փնտրել մարդկանց գովասանքները նշանակում է զգուշորեն տարվել հեռու միակ ապահով ճանապարհից, որով պետք է գնալ կյանքում (տես Հովհաննես ԺԲ.43; 1 Նեփի 13.9; 2 Նեփի 26.29; Հելաման 7.21; Մորմոն 8.38; ՎևՈւ 58.39): Եվ սուրբ գրությունները պարզորոշ զգուշացնում են մեզ, թե ինչ է լինում, երբ մենք «տենչում ենք մարդկանց գովասանքներին» (ՎևՈւ 121.5):

Այդքան կարևոր չէ, թե ինչ ենք լսում քարոզներին, այլ ինչ ենք զգում: Սուրբ Հոգին կարող է հաստատել բոլորին, ովքեր գտնվում են այդ ազդեցության ներքո, որ ուղերձները ճշմարիտ են, որ սա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է:

Թաբերնաքլը կանգնած է այստեղ տաճարի կողքին որպես խարիսխ, և դարձել է Վերականգնման խորհրդանիշ: Այն կառուցվել է շատ աղքատ և շատ հասարակ մարդկանց կողմից: Այն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում:

Թաբերնաքլի Երգչախումբը, որը կրում է այս կառույցի անունը, երկար տարիներ եղել է Եկեղեցու ձայնը: Թող որ նրանք երբեք չշեղվեն կամ չհեռանան հիմնական առաքելությունից, որը բնորոշել է նրանց տեղը սերունդներ շարունակ:

Սերնդից սերունդ Երգչախումբը բացել և փակել է յուրաքանչյուր հեռարձակումը ոգեշնչող, սկզբունքով հարուստ և Վերականգնման վարդապետություններով համեմված ուղերձով` սկսելով «Մեղմ սուրբ երգեր երգենք» (Hymns, no. 146) և փակելով «Ինչպես ցողն է երկնքից իջնում» երգերով (Hymns, no. 149):

Թաբերնաքլը կանգնած է աշխարհում որպես արժանի երաժշտության և մշակույթի մեծ կենտրոններից մեկը: Սակայն ամեն ինչից վեր, այն կանգնած է որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման դրոշ: Այդ պարզ վկայությունը խորը նստել է իմ մեջ և մշտապես իմ մեջ է` այստեղ այս կառույցում Երեխաների կողմից հնչեցրած ակնածալից, հայտնություն կրող ելևեջներով:

Թող Աստված օրհնի այս սուրբ կառույցը և այն ամենը, ինչ տեղի կունենա նրա պատերի ներսում: Որքա՜ն երախտապարտ ենք մենք, որ այն վերանորոգվել և նորացվել է` առանց իր սուրբ բնույթը կորցնելու:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Փարլի Փ. Փրատը Վարդապետություն և Ուխտերի 121-րդ բաժնից կարդաց այս խոսքերը. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրապնդվի Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը երկնքի ցողի պես կիջնի քո հոգու վրա:

Սուրբ Հոգին կլինի քո հաստատուն ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն, և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից» (ՎևՈւ 121.45–46):

Խորապես ազդված Փարլի Փ. Փրատն իր մտքերը վերածեց օրհներգի, որն իրականում աղոթք է: Երկար տարիների ընթացքում այն ընտրվում էր Երգչախմբի կողմից որպես ամենշաբաթյա հեռարձակման փակող երգ.

Ինչպես ցողն է երկնքից իջնում,

Հանդարտ խոտերին նստում

Ու վերակենդանացնում,

Այդպես քո աստվածային նպատակներն են կատարվում:

Թող Տեր քո ուսմունքը ողորմած,

Այդպես վերից իջնի վար,

Եվ թող ինձ օգնի այն,

Որ քո սիրո գործը կատարեմ:

Տե՛ր, նայիր այս ժողովրդին,

Կատարիր խոստումներդ անգին:

Բնակավայրից քո սրբազան

Թող կյանքի ցողը իջնի վար:

Թող մեր ձայնը քեզ հասնի,

Քաղցր Հոգիդ մեզ պարուրի,

Որ մարդիկ քեզանով ցնծան

Եվ գովերգեն քեզ ուրախ:

(“As the Dew from Heaven Distilling,” Hymns, 149)

Նվիրագործման այս սուրբ օրը ես իմ վկայությունն եմ ավելացնում, որ Հիսուսը Քրիստոսն է, որ սա Նրա տունն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: