2007
Այսօր
Մայիս 2007թ.


Այսօր

Մենք բոլորս Նրա օգնության կարիքը կունենանք, որպեսզի խուսափենք հետաձգելու այն ամենը, ինչը անհրաժեշտ է անել այստեղ, և այժմ հավերժական կյանք ձեռք բերելու համար:

Նկար

Վտանգ կա մի օր խոսքում, երբ դա նշանակում է` «ոչ այսօր»: «Մի օր ես կապաշխարեմ»: «Մի օր ես կներեմ նրան»: «Մի օր ես կխոսեմ ընկերոջս հետ Եկեղեցու մասին»: «Մի օր ես կսկսեմ վճարել իմ տասանորդը»: «Մի օր ես կվերադառնամ տաճար»: «Մի օր …»:

Սուրբ գրությունները պարզ են խոսում հետաձգելու վտանգի մասին: Մենք կարող ենք հայտնաբերել, որ ժամանակ չունենք: Աստված, որը մեզ ամեն օրը տալիս է որպես գանձ, հաշիվ կպահանջի մեզանից: Մենք լաց կլինենք, Նա լաց կլինի, եթե մտադրվել էինք ապաշխարել և ծառայել Նրան վաղը, որը երբեք այդպես էլ չեկավ կամ երազել էինք երեկների համար, երբ գործելու հնարավորությունը բաց էր թողնվել: «Այսօր»-ը Աստծո թանկարժեք նվերն է: «Մի օր կանեմ» միտքը կարող է գողանալ ժամանակի հնարավորությունները և հավերժության օրհնությունները:

Լուրջ զգուշացում և խորհուրդ է պարունակվում Մորմոնի Գրքի այս խոսքերում.

«Եվ այժմ, ինչպես ես առաջ եմ ասել ձեզ, քանի որ դուք ունեցել եք այսքան շատ ապացույցներ, հետևաբար, ես աղերսում եմ ձեզ, որ դուք չհետաձգեք ձեր ապաշխարության օրը մինչև վերջ. քանզի կյանքի այս օրից հետո, որը տրված է մեզ՝ նախապատրաստվելու հավերժության համար, ահա, եթե մենք ճիշտ չենք օգտագործում մեր ժամանակն այս կյանքում, հետո գալիս է խավարի գիշերը, որի ժամանակ ո՛չ մի գործ չի կարող կատարվել:

Դուք չեք կարող ասել, երբ դուք կբերվեք այն սոսկալի ճգնաժամին, որ՝ ես կապաշխարե՛մ, որ՝ ես կվերադառնա՛մ իմ Աստծու մոտ: Ո՛չ, դուք չե՛ք կարող ասել այս. քանզի այն նույն ոգին, որը տիրել է ձեր մարմիններին այն պահին, երբ դուք դուրս եք գալիս այս կյանքից, այդ նույն ոգին կունենա զորություն՝ տիրելու ձեր մարմնին այն հավերժական աշխարհում»:1

Այնուհետև Ամուղեկը զգուշացնում է, որ ձեր ապաշխարությունն ու ծառայությունը հետաձգելը կարող է Տիրոջ Հոգին հեռացնել ձեզանից:

Սակայն, զգուշացման հետ նա տալիս է այս հույսը. «Եվ այս ես գիտեմ, որովհետև Տերն ասել է՝ նա չի բնակվում անսուրբ տաճարներում, այլ արդարների սրտերում է նա բնակվում. այո, և նա նաև ասել է, որ արդարները պիտի նստեն նրա արքայությունում՝ այլևս դուրս չգնալու. և նրանց հագուստները պիտի դարձվեն ճերմակ՝ Գառի արյան միջոցով»:2

Սուրբ գրությունները լի են Աստծո իմաստուն ծառաների օրինակներով, որոնք գնահատում էին օրը, որում ապրում էին, և անում էին այն, ինչը կարող էր մաքրագործում բերել: Հեսուն նրանցից մեկն էր. «Ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որն եք պաշտելու,- ասել է նա,- բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու»:3

Նրան ծառայելը գրավում է Սուրբ Հոգին: Իսկ Սուրբ Հոգին մեղքը մաքրողն է:

Նույնիսկ Փրկիչը, որն անմեղ էր, Իր օրինակով ցույց տվեց, որ չպետք է հետաձգել: Նա ասաց.

«Ինձ պետք է նրա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կա. գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով չի կարող գործել:

Քանի որ աշխարհքումն եմ, լույսն եմ աշխարհքի»:4

Որպես հարություն առած Փրկիչ, Նա Աշխարհի Լույսն է այսօր և հավետ: Նա մեզ հրավիրում է առանց հապաղելու գալ Իր մոտ և ծառայել Իրեն: Նա ձեզ և ինձ այսպես է քաջալերում. «Ես ինձ սիրողներին կսիրեմ, և ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ»:5

Դա վերաբերում է ինչպես մեկ օրվան, այնպես էլ ամբողջ կյանքին: Առավոտյան աղոթելն ու սուրբ գրությունները քննելը, իմանալու համար, թե ինչ պետք է անենք Տիրոջ համար, կարող է օրվա ընթացքը որոշել: Մենք կարող ենք իմանալ, թե առկա բոլոր խնդիրներից որն ընտրեք, որն ավելի կարևոր է Աստծո և, հետևաբար, մեզ համար: Ես սովորել եմ, որ նման աղոթքը միշտ պատասխանվում է, եթե հարցնում ու խորհում ենք երեխային հատուկ հեզությամբ, պատրաստ գործելու առանց հապաղելու, որպեսզի կատարենք անգամ ամենախոնարհ ծառայությունը:

Երկար ժամանակ ամենակարևոր գործն անելը հեշտ չի լինի: Չի ենթադրվում, որ այդպես պիտի լինի: Արարման մեջ Աստծո նպատակը մեզ ստուգելն էր: Այդ ծրագիրը մեզ բացատրվեց հոգևոր աշխարհում, նախքան մենք կծնվեինք: Մենք այնքան քաջ էինք այնտեղ, որ արժանացանք չարին դիմակայելու հնարավորությանը այստեղ, որպեսզի պատրաստվեինք հավերժական կյանքին` Աստծո բոլոր պարգևներից մեծագույնին: Մենք անչափ ուրախացանք իմանալով, որ փորձվելը հավատարմորեն հնազանդվելն էր, երբ անգամ դա հեշտ չէր լինելու. «Եվ դրանով մենք կփորձենք նրանց՝ տեսնելու, թե արդյոք նրանք կանեն այն, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»:6

Թեպետ գիտեինք, որ փորձվելը դժվար կլինի, մենք ուրախացանք, որովհետև վստահ էինք, որ կարող ենք անցնել այն: Մենք վստահ էինք, որովհետև գիտեինք, որ Հիսուս Քրիստոսը գալու էր աշխարհ` որպես մեր Փրկիչ: Նա հաղթելու էր մահը: Նա հնարավոր էր դարձնելու մեզ համար` մաքրվել մեր մեղքերից` արժանի լինելով Նրա Քավության ազդեցությանը:

Մենք նաև գիտեինք որոշ հավաստող փաստեր այն մասին, թե ինչ էր իրենից ներկայացնելու մեզ համար անհրաժեշտ մաքրագործումը: Մաքրագործման համար անհրաժեշտ էր լինելու … մկրտություն իշխանություն ունեցողի կողմից, Սուրբ Հոգին ստանալը լիազորված քահանայություն կրողների կողմից ձեռնադրվելով, Նրան հիշելը և, հետևաբար, Նրա Հոգին մեզ հետ ունենալը, ապա Նրա պատվիրանները պահելը … այդ ամենը հնարավոր կլիներ մեզանից ամենախոնարհների համար: Դրա համար գերագույն բանականություն պետք չէր լինի, ոչ էլ հարստություն կամ երկար կյանք: Եվ մենք գիտեինք, որ Փրկիչը մեզ Իրեն էր մոտեցնելու և մեզ օգնելու զորություն էր ունենալու, երբ փորձությունը դժվար և հետաձգելու գայթակղությունը մեծ լիներ: Մեծ մարգարե Ալման նկարագրել է, թե ինչպես Քրիստոսը ձեռք բերեց այդ ունակությունը.

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

Եվ նա վեր կառնի իր վրա մահ, որ նա կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ՝ համաձայն մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, համաձայն մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների»:7

Մենք բոլորս Նրա օգնության կարիքը կունենանք, որպեսզի խուսափենք հետաձգելու այն ամենը, ինչը անհրաժեշտ է անել այստեղ, և այժմ հավերժական կյանք ձեռք բերելու համար: Մեզանից շատերի համար հետաձգելու գայթակղությունը կգա, երբ ունենանք այս երկու գայթակղություններից առնվազն մեկը: Դրանք հակադրություններ են. մեկը ինքնագոհությունն է այն ամենի համար, ինչն արդեն արել ենք, իսկ մյուսը ավելին կատարելու համար ճնշվածությունը:

Ինքնաբավականությունը վտանգ է մեզ համար: Այն կարող է գալ անփորձ երիտասարդներին, ովքեր մտածում են, որ դեռ շատ ժամանակ են ունենալու ապագայում հոգևոր հարցերի համար: Նրանք կարող է մտածեն, որ արդեն բավականաչափ բան են արել իրենց ապրած կարճ ժամանակահատվածում: Ես իմ փորձից գիտեմ, թե ինչպես կարող է Տերն օգնել նման երիտասարդներին հասկանալ, որ իրենք այժմ հոգևոր հարցերի մեջ են գտնվում: Նա ձեզ կօգնի հասկանալ, որ դասընկերները ձեզ են նայում: Նա կարող է օգնել քեզ հասկանալ, որ նրանց հավերժական ապագայի ձևավորման վրա ազդում է այն, ինչ նրանք տեսնում են ձեզ անելիս: Ձեզ վրա նրանց ունեցած լավ ազդեցության համար հասարակ շնորհակալությունը կարող է նրանց ավելի բարձրացնել, քան դուք կարող եք պատկերացնել: Երբ դուք խնդրեք Աստծուն, Նա կարող է և կընձեռի ձեզ հնարավորություններ ուրիշներին բարձրացնելու Իր համար, որոնք գտնվում են ձեր շուրջը դեռևս ձեր մանկությունից:

Ինքնագոհությունը կարող է ազդել նույնիսկ փորձված մեծահասակի վրա: Որքան լավ ու երկար ես ծառայում, այնքան հավանականությունը մեծ է, որ գայթակղիչը կարող է այս սուտը դնել ձեր մտքում. «Դու հանգստանալու արժանի ես»: Դուք հնարավոր է երկու անգամ եղել եք Երեխաների Միության նախագահը ձեր փոքր ճյուղում: Կամ, դուք հնարավոր է երկար ու տքնաջան աշխատել եք ձեր միսիայում և շատ բաներ եք զոհաբերել ծառայելու համար: Կամ, հավանաբար դուք Եկեղեցում պիոներ եք, որտեղ ապրել եք: Հնարավոր է նման միտք ունենաք. «Ինչո՞ւ չթողնել ծառայությունը նոր մարդկանց: Ես արել եմ իմ մասը»: Գայթակղությունը կլինի հավատալը, որ մի օր կրկին կվերադառնաք ծառայության, մի օր:

Տերը կօգնի ձեզ տեսնել հանգստանալու վտանգը, որովհետև դուք զգում եք, որ բավականաչափ գործ եք արել: Նա օգնել է ինձ` հնարավորություն տալով զրուցել Իր տարիքն առած ծառաներից մեկի հետ: Նա վատառողջ էր, նրա մարմինը թուլացել էր տասնամյակներ տևած հավատարիմ աշխատանքից ու հիվանդությունից: Նրա բժիշկները թույլ չէին տվել նրան այլևս բացակայել իր տնից: Նրա խնդրանքով, ես տեղեկացրեցի այն ճամփորդության մասին, որը կատարել էի տարբեր պետություններ այցելելով: Ես բազմաթիվ հանդիպումներ էի ունեցել, հարցազրույցներ անցկացրել` օգնելով մարդկանց և ընտանիքներին: Ես ասացի, որ մարդիկ իրենց երախտագիտությունն էին հայտնում իրեն և իր երկարամյա ծառայության համար: Նա հարցրեց, թե արդյո՞ք մոտ ժամանակներում ուրիշ հանձնարարություն ևս ունեմ: Ես ասացի մոտալուտ մյուս երկար ճամփորդության մասին: Նա զարմացրեց ինձ, և ինքնագոհության դեմ պատվաստում կատարեց, որը ես հույս ունեմ երկար կմնա, երբ բռնեց իմ ձեռքը և ասաց. «Խնդրում եմ, ինձ տար քեզ հետ»:

Դժվար է իմանալ, թե երբ ենք բավականաչափ աշխատել, որպեսզի Քավությունը փոխի մեր բնույթը և այդպիսով որակվենք հավերժական կյանքի համար: Եվ մենք չգիտենք, թե քանի օր մենք պետք է նվիրենք ծառայությանը, որն անհրաժեշտ է այդ հզոր փոփոխությունը կրելու համար: Սակայն գիտենք, որ մենք բավականաչափ օրեր կունենանք, եթե միայն չվատնենք դրանք: Ահա լավ նորություն.

«Եվ մարդկանց զավակների օրերը երկարացվեցին՝ ըստ Աստծո կամքի, որպեսզի նրանք կարողանային ապաշխարել, մինչ մարմնում էին. ուստի, նրանց վիճակը դարձավ փորձության մի վիճակ և նրանց ժամանակը երկարաձգվեց՝ ըստ այն պատվիրանների, որոնք Տեր Աստված տվեց մարդկանց զավակներին»:8

Վարդապետից եկող այդ հավաստիացումը կօգնի նրանց, ովքեր հանգամանքների բերումով իրենց ճնշված են զգում: Ամենադժվար փորձությունների մեջ, որքան դուք զորություն ունեք աղոթելու, կարող եք խնդրել սիրող Աստծուն. «Խնդրում եմ թույլ տուր ծառայեմ այսօր: Կարևոր չէ ինձ համար, թե որքան բաներ կարող եմ անել: Պարզապես թույլ տուր իմանամ, թե ինչ կարող եմ անել: Ես կհնազանդվեմ այսօր: Ես գիտեմ, ես կարող եմ Քո օգնությամբ»:

Մի մեղմ հրավեր կարող եք ունենալ` անելու այնպիսի հասարակ բան, ինչպիսին է` ձեզ վիրավորող մարդուն ներելը: Դուք կարող եք անել դա հիվանդանոցում պառկած: Դա հնարավոր է լինի` գնալ և օգնել ինչ-որ մեկին, որը քաղցած է: Դուք հնարավոր է աղքատությունից և օրվա աշխատանքներից ճնշված զգաք: Բայց եթե որոշեք չսպասել մինչև ավելի շատ ուժ ու գումար ունենաք, և եթե աղոթեք Սուրբ Հոգու համար, երբ գնաք, դուք տեղ հասնելուն պես կիմանաք, թե ինչ անեք և ինչպես օգնեք ինչ-որ մեկին անգամ ավելի աղքատին, քան դուք եք: Դուք հնարավոր է հասնելուն պես իմանաք, որ նրանք աղոթում էին և սպասում էին, որ ձեր նման ինչ-որ մեկը գնա Տիրոջ անունով:

Նրանց համար, ովքեր հուսահատված են իրենց պայմաններից և գայթակղվում են զգալու, որ չեն կարող ծառայել Տիրոջն այսօր, ես ձեզ երկու խոստում եմ տալիս: Այսօր թվացող դժվարությունները ավելի կթեթևանան, եթե դուք ընտրեք` ծառայել Տիրոջն այսօր ձեր ամբողջ սրտով: Ձեր հանգամանքները հնարավոր է ամբողջովին բարելավվեն, ինչպես դուք եք ուզում: Սակայն ձեզ նոր ուժ կտրվի կրելու ձեր բեռը, և նոր վստահություն, որ երբ ձեր բեռը շատ է ծանրանում, Տերը, որին դուք ծառայել եք, կկրի այն, ինչ դուք չեք կարողանում: Նա գիտի ինչպես: Նա պատրաստել է շատ առաջ: Նա կրել է ձեր անհարմարությունները և ձեր վշտերը, երբ մարմնի մեջ էր, այնպես որ Նա գիտի ինչպես օգնի ձեզ:

Մյուս խոստումը, որ ուզում եմ տալ ձեզ այն է, որ ընտրելով ծառայել Նրան այսօր, դուք կզգաք Նրա սերը և կաճեք` ավելի շատ սիրելու Նրան: Դուք կհիշեք այս սուրբ գրությունը:

«Ես ասում եմ ձեզ, ես կկամենայի, որ դուք հիշեք պահել այդ անունը միշտ գրված ձեր սրտերում … որ դուք լսեք և իմանաք ձայնը, որով դուք պիտի կանչվեք, և նաև՝ անունը, որով նա պիտի կանչի ձեզ:

Քանզի ինչպե՞ս է մարդ ճանաչում իր տիրոջը, որին նա չի ծառայել, և որը օտար է նրան, և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից»:9

Այսօր Նրան ծառայելով` դուք ավելի լավ կճանաչեք Նրան: Դուք կզգաք Նրա սերն ու գնահատումը: Դուք չեք ուզի հետաձգել այդ օրհնությունը ստանալը: Եվ Նրա սերը զգալը ձեզ ետ կտանի դեպի Նրա ծառայություն` սրբելով ինքնաբավարարվածությունն ու հուսահատությունը:

Նրան ծառայելով դուք ավելի լավ կճանաչեք Նրա ձայնը, որով ձեզ կկանչի: Երբ օրվա վերջում գնաք քնելու, հնարավոր է հիշեք այս խոսքերը. «Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր դու»:10 Ես աղոթում եմ այսօր, վաղը և մեր կյանքում այդ օրհնությունն ունենալու համար:

Ես գիտեմ, որ Երկնային Հայրն ապրում և պատասխանում է մեր աղոթքներին: Ես գիտեմ, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է, աշխարհի Փրկիչը, և որ մենք կարող ենք զգալ ուրախություն և խաղաղություն Նրա ծառայության մեջ այսօր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ալմա 34.33–34

  2. Ալմա 34.36

  3. Հեսու ԻԴ.15

  4. Հովհաննես Թ.4–5

  5. Առակաց Ը.17

  6. Աբրահամ 3.25

  7. Ալմա 7.11–12

  8. 2 Նեփի 2.21

  9. Մոսիա 5.12–13

  10. Մատթեոս ԻԵ.21, տես նաև հ. 23