2007
Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը
Մայիս 2007թ.


Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը

Աղոթքը յուրաքանչյուր հոգուն մեր Երկնային Հոր կողմից շնորհված երկնային պարգև է:

Նկար

Այս համաժողովը սկսվեց Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի «Աղոթքի քաղցր ժամը» դասական սքանչելի հիմնի խորապես հուզիչ կատարմամբ: Երգի ծանոթ խոսքերը հիշեցնում են մեզ, որ աղոթքը հանգստի, սփոփանքի և պաշտպանության աղբյուր է, որը մեզ պատրաստակամորեն շնորհել է մեր սիրառատ և գթառատ Երկնային Հայրը:

Աղոթքի պարգևը

Աղոթքը յուրաքանչյուր հոգուն մեր Երկնային Հոր կողմից շնորհված երկնային պարգև է: Պատկերացնո՞ւմ եք, բացարձակ Գերագույն Էակը, ամենագետ, ամենատես, ամենազոր անձնավորությունը, խրախուսում է ձեզ և ինձ, որքան էլ որ մենք աննշան ենք, խոսել Իր հետ, որպես մեր Հայր: Որովհետև Նա փաստորեն գիտի, թե որքան շատ ունենք Նրա առաջնորդության կարիքը, Նա պատվիրում է. «Դու պիտի աղոթես` ինչպես բարձրաձայն, այնպես էլ քո սրտում. այո, ինչպես աշխարհի առաջ, այնպես էլ գաղտնի, ինչպես հրապարակավ, այնպես էլ առանձին»:1

Նշանակություն չունի մեր իրավիճակը` խոնարհ ենք թե գոռոզ, աղքատ ենք թե հարուստ, ազատ ենք թե գերված, ուսյալ ենք թե տգետ, սիրված ենք թե լքված, մենք կարող ենք դիմել Նրան: Մեզ անհրաժեշտ չէ ժամադրություն նշանակել: Մեր աղոթքը կարող է լինել համառոտ, կամ կարող է զբաղեցնել անհրաժեշտ ողջ ժամանակը: Այն կարող է լինել սիրո և երախտագիտության երկարաձիգ արտահայտություն կամ օգնության հրատապ աղերս: Նա արարել է անթիվ տիեզերքներ և բնակեցրել դրանք աշխարհներով, սակայն մենք կարող ենք անհատապես խոսել Նրա հետ և Նա միշտ կպատասխանի:

Ինչպե՞ս պետք է աղոթենք:

Մենք աղոթում ենք մեր Երկնային Հորը Նրա Սիրելի Որդու` Հիսուս Քրիստոսի սրբազան անունով: Աղոթքը շատ արդյունավետ է, երբ մենք աշխատում ենք լինել մաքուր և հնազանդ, արժանի դրդապատճառներով և պատրաստ ենք կատարել այն, ինչ Նա խնդրում է: Խոնարհ, վստահող աղոթքը բերում է առաջնորդություն և խաղաղություն:

Մի անհանգստացեք ձեր զգացմունքները ոչ սահուն արտահայտելու համար: Ուղղակի խոսեք ձեր գթառատ, ըմբռնող Հոր հետ: Դուք Նրա թանկագին զավակն եք, ում Նա սիրում է կատարյալ ձևով և ցանկանում է օգնել: Երբ դուք աղոթում եք, իմացեք, որ Երկնային Հայրը մոտ է, և Նա լսում է:

Աղոթքի բարելավման համար կարևոր է սովորել ճիշտ հարցեր տալ: Աշխատեք ձեր ցանկացած բաները խնդրելու փոխարեն ազնվորեն ձգտել իմանալ, թե Նա ինչ է կամենում ձեզ համար: Հետո, երբ իմանաք Նրա կամքը, աղոթեք, որ առաջնորդվեք, որ ուժ ունենաք այն կատարելու համար:

Եթե երբևէ հեռացած զգաք մեր Հորից, դա կարող է լինել բազմաթիվ պատճառներով: Ինչ էլ լինի պատճառը, երբ շարունակեք օգնություն խնդրել, Նա կառաջնորդի ձեզ անել այն, ինչը կվերականգնի ձեր վստահությունը, որ Նա մոտ է: Աղոթեք նույնիսկ, երբ ցանկություն չունեք աղոթելու: Երբեմն, երեխայի նման դուք կարող է սխալ գործեք և զգաք, որ չեք կարողանում մոտենալ ձեր Հորը այդ խնդրով: Դա այն դեպքն է, երբ դուք ամենաշատը կարիք ունեք աղոթելու: Երբեք չպիտի զգաք, թե աղոթելու համար խիստ անարժան եք:

Հետաքրքիր է, թե երբևէ մենք իսկապես կկարողնա՞նք հասկանալ աղոթքի հզոր ուժը, մինչև չհանդիպենք ցնցող, հրատապ խնդրի և հասկանանք, որ մենք անզոր ենք լուծելու այն: Այդ ժամանակ մենք դառնում ենք դեպի մեր Հայրը խոնարհ հասկացողությամբ, որ մենք լիովին կախված ենք Նրանից: Օգնում է, երբ առանձնացված մի տեղ ենք գտնում, որտեղ մեր զգացմունքները կարող ենք արտահայտել բարձրաձայն` այնքան երկար և այնքան ուժգին, որքան պետք է:

Ես արել եմ դա: Մի անգամ այնպիսի մի փորձառություն ունեցա, որն ինձ մեծ խռովմունք պատճառեց: Դա ոչ մի կապ չուներ անհնազանդության կամ օրինազանցության հետ, այլ կապված էր կենսական կարևորւթյուն ունեցող մարդկային հարաբերության հետ: Որոշ ժամանակ ես դուրս թափեցի սիրտս թախանձագին աղոթքով: Սակայն փորձելով ողջ իմ զորությամբ, ես ելք չգտա, ներքին հզոր խռովվածությանս համար անդորր չգտա: Ես օգնություն աղերսեցի այն Երկնային Հորից, որին ճանաչում և լիովին վստահում էի: Ես չէի կարողանում տեսնել ճանապարհ, որը կտար այն հանգստությունը, որն ընդհանրապես վայելել եմ որպես իմ օրհնություն: Քունը հաղթեց ինձ: Երբ ես արթնացա լիակատար խաղաղության մեջ էի: Նորից ծնկի իջա հանդիսավոր աղոթքով և հարցրեցի. «Տե՛ր, ինչպե՞ս արվեց սա»: Սրտումս ես գիտեի պատասխանը` Նրա սիրո և Նրա hոգատարության շնորհիվ: Այսպիսին է գթառատ Հորն ուղղված անկեղծ աղոթքի զորությունը:

Ես շատ բան եմ սովորել աղոթքի մասին` լսելով մեր ժողովներում Նախագահ Հինքլիի աղոթքները: Դուք ևս կարող եք սովորել նրանից` ուշադրությամբ ուսումնասիրելով ողջ աշխարհի Հոր զավակների համար 2001 թվականի հոկտեմբերի համաժողովի փակման ժամանակ այդ բացառիկ հասարակավ հղած աղոթքը: Նա աղոթում էր իր սրտից, ոչ թե նախապատրաստված ձեռագրից: (Այդ աղոթքը տրված է այս ուղերձի վերջում:)2

Ուսումնասիրեք այդ աղոթքը և դուք կգտնեք, որ այնտեղ չկան զուր կրկնողություններ, ուրիշների վրա տպավորություն գործելու կեցվածք, ինչը երբեմն տեղի է ունենում: Նա հասարակ բառերը վարպետորեն է միացնում միմյանց: Նա աղոթում է որպես խոնարհ, վստահող որդի, որը լավ գիտի Իր սիրելի Երկնային Հորը: Նա իսկապես վստահում է, որ Նրա պատասխանը կգա, երբ խիստ անհրաժեշտ կլինի: Յուրաքանչյուր աղոթք կազմվում է իր ուրույն նպատակով` հստակ նշելով, թե ինչը լուծման կարիք ունի, ինչպես նաև ակնհայտ որոշակի օրհնությունների համար առատ երախտագիտության արտահայտմամբ: Նրա ինքնաբուխ աղոթքները նման են մշակված գոհարների, ի լուռ վկայություն այն բանի, թե աղոթքն ինչպիսի հիմնական տեղ է գրավել նրա կյանքում շատ-շատ տարիների ընթացքում:

Ինչպե՞ս են պատասխանվում աղոթքները:

Մի քանի ճշմարտություններ, թե ինչպես են աղոթքները պատասխանվում, կարող են օգնել ձեզ:

Հաճախ, երբ աղոթում ենք որևէ կարևոր հարցում օգնություն ստանալու համար, Երկնային Հայրը սովորաբար տալիս է թեթևակի հուշումներ, որոնք մեզանից պահանջում են մտածել, հավատք գործադրել, աշխատել, երբեմն պայքարել, հետո գործել: Դա քայլ առ քայլ գործընթաց է, որը մեզ ուժ է տալիս տեսնել ոգեշնչված պատասխանները:

Ես հայտնաբերել եմ, որ այն, ինչ հաղորդակցության մեջ երբեմն թվում է անանցանելի արգելապատ, վստահությամբ կատարված մի հսկայական քայլ է: Հազվադեպ կարող է լրիվ պատասխանը միանգամից ստանաք: Այն կտրվի ամեն անգամ մի հատված, փոքրիկ փաթեթներով, որպեսզի դուք աճեք կարողությամբ: Քանի որ յուրաքանչյուր հատվածին հավատքով եք հետևում, ձեզ կտրվեն ուրիշ հատվածներ, մինչև որ կունենաք լրիվ պատասխանը:

Այդ ձևը պահանջում է ձեզանից հավատալ մեր Հոր պատասխանելու կարողությանը: Չնայած երբեմն շատ դժվար է, դա բերում է անհատական նշանակալի աճ:

Նա միշտ կլսի ձեր աղոթքները և անպայման կպատասխանի դրանց: Այնուամենայնիվ, Նրա պատասխանները հազվադեպ կգան, երբ դուք ծնկի իջած աղոթեք, նույնիսկ, երբ աղերսեք անմիջական պատասխան: Ավելի շուտ Նա կհուշի ձեզ խաղաղ պահերին, երբ Հոգին կարող է ամենաարդյունավետ ձևով ազդել ձեր մտքի և սրտի վրա: Հետևաբար, դուք պետք է գտնեք խաղաղ պահեր` զանազանելու, երբ եք հրահանգավորվում և զորացվում: Նրա այս եղանակը ստիպում է ձեզ աճել:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը վկայել է. «Ճիշտ է, որ մեր աղոթքների պատասխանները միշտ չէ որ կարող են գալ ուղղակիորեն և տվյալ պահին, ոչ էլ այն ձևով, որ մենք ենք սպասում, բայց դրանք իսկապես գալիս են և գալիս են այն պահին և այն ձևով, որը լավագույնն է նրա օգտի համար, ով աղոթել է»:3 Եղեք շնորհակալ, որ երբեմն Աստված թողնում է, որ դուք նախքան պատասխան գալը պայքարեք երկար ժամանակ: Ձեր բնավորությունը կկոփվի, ձեր հավատքը կմեծանա: Այդ երկուսի միջև կապ կա` որքան ավելի մեծ է ձեր հավատքը, այնքան ավելի ուժեղ է ձեր բնավորությունը, իսկ զորացած բնավորությունը մեծացնում է ձեր ունակությունը` մինչև անգամ գործադրելու ավելի ուժեղ հավատք:

Երբեմն Տերը կպատասխանի ձեզ, նախքան դուք կխնդրեք Նրան: Սա կարող է լինել, երբ դուք անտեղյակ եք վտանգին կամ կատարում եք սխալ բան, որը ձեր կարծիքով ճիշտ է:

Այնքան դժվար է, երբ որևէ բանի վերաբերյալ անկեղծ աղոթքը, որը դուք շատ եք ցանկանում, չի պատասխանվում այն ձևով, որ դուք եք կամենում: Դժվար է հասկանալ, թե ինչու ձեր հնազանդ կյանքի խորն ու անկեղծ հավատքի գործադրումը չի բերում ցանկալի արդյունք: Փրկիչը սովորեցրել է. «Ինչ որ խնդրեք Հորը` իմ անունով, կտրվի ձեզ, այն, ինչը նպատակահարմար է ձեզ համար»:4 Երբեմն ժամանակի ընթացքում դժվար է զանազանել, որն է լավագույնը կամ նպատակահարմարը ձեզ համար: Ձեր կյանքն ավելի հեշտ կլինի, երբ դուք ընդունեք, որ ինչ Աստված է անում ձեր կյանքում, ձեր հավերժական կյանքի բարիքի համար է:

Ձեզ խնդրվում է սպասել ձեր աղոթքների պատասխանին:5 Հնազանդվեք Վարդապետի խորհրդին «քննե[ք] այն [ձեր] մտքում»:6 Հաճախ դուք լուծման մասին մտածելիս, երբ հաստատում որոնեք, թե ձեր պատասխանը ճիշտ է, թե ոչ, կգա օգնություն: Դա կարող է լինել ձեր աղոթքների միջոցով կամ զգացողություն Սուրբ Հոգուց և երբեմն էլ ուրիշների միջամտության միջոցով:7

Օլիվեր Քաուդերիին տրված այս առաջնորդությունը աղոթքի վերաբերյալ նույնպես կարող է օգնել ձեզ. «Ահա … դու կարծում էիր, որ ես պիտի տայի քեզ, երբ դու միտք չարեցիր, այլ միայն խնդրեցիր ինձ …

Դու պետք է քննես այն քո մտքում. հետո … հարցնես, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, … կուրծքդ կայրվի … ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է»:8

Այդ ժամանակ պատասխանը գալիս է որպես զգացողություն համոզվածության հետ միասին: Փրկիչը սահմանում է երկու տարբեր ուղիներ. «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով»:9

Պատասխանները մտքում և սրտում ուղերձներ են Սուրբ Հոգուց մեր հոգիներին: Ինձ համար պատասխանը մտքում շատ որոշակի է` թելադրվող խոսքերի նման, մինչդեռ պատասխանը սրտում ընդհանրացված է` ավելի շատ աղոթելու զգացման նման:10

Հետո Տերը պարզաբանում է. «Բայց եթե [այն, ինչ դու խնդրում ես] ճիշտ չլինի դու կունենաս մտքի ընդարմացում»:11 Դա ինձ համար տագնապի, անհանգստության զգացում է:

Օլիվեր Քաուդերիին ուսուցանվեց մեկ այլ ուղի, որով գալիս են դրական պատասխաններ. «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ»:12 Խաղաղության զգացումը ամենատարածված հաստատող վկայության զգացումն է, որը ես անձնապես զգում եմ: Երբ ես շատ անհանգստացած էի մի կարևոր հարցի կապակցությամբ, պայքարելով լուծել այն առանց հաջողության, ես շարունակեցի այդ ջանքերը հավատքով: Հետագայում ողջ էությունս պարուրող խաղաղություն համակեց ինձ` հանգստացնելով մտահոգություններս, ինչպես Նա է խոստացել:

Որոշ թյուրըմբռնումներ աղոթքի վերաբերյալ կարելի է պարզաբանել` հասկանալով, որ սուրբ գրքերը սահմանում են սկզբունքներ արդյունավետ աղոթքի համար, բայց դրանք չեն հավաստում, երբ կտրվի պատասխան: Փաստորեն, Նա կպատասխանի երեք ուղիներից մեկով: Առաջինը դուք կարող եք զգալ խաղաղություն, հանգստություն և համոզվածություն, որոնք հաստատում են, որ ձեր որոշումը ճիշտ է: Կամ երկրորդը, դուք կարող եք զգալ տագնապի զգացում, մտքի ընդարմացում, որը կնշանակի, որ ձեր որոշումը սխալ է: Կամ երրորդը, և սա դժվար ուղին է, դուք ոչ մի պատասխան չեք կարողանում զգալ:

Ի՞նչ եք անում, երբ խնամքով պատրաստվել եք, ջերմեռանդորեն աղոթել, բավականին ժամանակ սպասել եք պատասխանի և դեռ չեք զգում պատասխան: Դուք գուցե ցանկանաք շնորհակալություն հայտնել, երբ դա տեղի է ունենում, քանի որ դա ցույց է տալիս, որ վստահում եք Նրան: Երբ ապրում եք արժանի և ձեր ընտրությունը Փրկչի ուսմունքների համաձայն է և դուք պետք է գործեք, առաջ գնացեք վստահությամբ: Երբ դուք զգայուն եք Հոգու հուշումների հանդեպ, երկու բաներից մեկը անպայման տեղի կունենա պատշաճ ժամանակին. կամ մտքի ընդարմացում, ցույց տալով ոչ ճիշտ ընտրություն, կամ խաղաղություն կամ էլ կրծքի այրում կզգաք` հաստատելով, որ ձեր ընտրությունը ճիշտ է: Երբ արդար եք ապրում և գործում վստահորեն, Աստված թույլ չի տա, որ դուք շատ հեռուն գնաք առանց նախազգուշացնելու ձեզ, եթե դուք սխալ որոշում եք ընդունել:

Երախտագիտություն աղոթքի պարգևի համար

Երախտագիտությունն աղոթքի կարևոր կողմն է: Հիսուսը հայտարարեց. «Եվ ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն … բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում և չեն հնազանդվում նրա պատվիրաններին»:13 Երբ մենք խորհում ենք աղոթքի անզուգական պարգևի մասին և անսահման օրհնությունների մասին, որոնք հորդում են դրանից, անկեղծ շնորհակալությամբ է լցվում մեր միտքն ու սիրտը` դառնալով գոհաբանության հեղեղ: Ուստի, միթե՞ մենք անընդհատ և խորապես չպետք է մեր անսահման երախտագիտությունն արտահայտենք մեր սիրելի Հորը, մեր կարողության չափով, աղոթքի երկնային պարգևի և Նրա պատասխանների համար, որոնք բավարարում են մեր կարիքները միևնույն ժամանակ խթանելով մեզ աճել:

Ես վկայում եմ, որ Երկնային Հայրը միշտ կպատասխանի ձեր աղոթքներին այն ձևով և այն ժամանակ, որը լավագույնը կլինի ձեր հավերժական բարիքի համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. ՎևՈՒ 19.28:

  2. «Ո՜վ, Աստված, մեր Հավերժական Հայր, Դո՛ւ Ազգերի մեծ Դատավոր, Դո՛ւ, որ տիեզերքի կառավարիչն ես, Դո՛ւ, որ մեր Հայրն ու մեր Աստվածն ես, որի զավակներն ենք մենք, այս խավար ու լուրջ ժամանակներում մենք հավատով ենք նայում Քեզ: Խնդրում ենք, սիրելի՛ Հայր, օրհնի՛ր մեզ հավատով: Օրհնի՛ր մեզ սիրով: Օրհնի՛ր մեզ, որ մեր սրտում գթություն ունենանք: Օրհնի՛ր մեզ հաստատակամության ոգով, որ արմատախիլ անենք այս աշխարհի սոսկալի չարին: Պաշտպանի՛ր և առաջնորդի՛ր նրանց, ովքեր ակտիվորեն ներգրավված են պատերազմական գործողություններում: Օրհնի՛ր նրանց, պահպանի՛ր նրանց կյանքը, պաշտպանի՛ր նրանց վնասվելուց և չարից: Լսի՛ր ի պաշտպանություն նրանց ասված նրանց սիրելիների աղոթքները: Մենք աղոթում ենք աշխարհի մեծ ժողովրդավարությունների համար, որոնք Դու հսկել ես ստեղծելով նրանց կառավարությունները, որտեղ խաղաղություն ու ազատություն է տիրում, և ժողովրդավարական գործընթացներ են տեղի ունենում:

    Ո՜վ Հայր, այս կարիքի ժամանակ ողորմածությամբ նայիր այս մեր ժողովրդին և նրանց ընկերներին: Խնայիր և օգնիր մեզ, որ միշտ Քո և Քո Սիրելի Որդու հանդեպ հավատով քայլենք, որի ողորմածությանը մենք ապավինում ենք և որին մենք նայում ենք որպես մեր Փրկչի և մեր Տիրոջ: Օրհնիր խաղաղության գործը և կրկին խաղաղություն բեր մեզ, մենք խոնարհ աղաչում ենք Քեզ, խնդրելով, որ Դու ներես մեր գոռոզությունը, մեր մեղքերի կողքով անցնես, լինես բարի ու առատաձեռն մեր հանդեպ, որ մեր սրտերը սիրով դառնան դեպի Քեզ: Մենք խոնարհ աղոթում ենք Նրա անունով, որը սիրում է մեզ բոլորիս, այսինքն` Տեր Հիսուս Քրիստոսի, մեր Քավիչի և մեր Փրկչի անունով, ամեն» (“Till We Meet Again,” Liahona, Jan. 2002, 105):

  3. In Conference Report, Apr. 1969, 153.

  4. ՎևՈՒ 88.64, շեշտադրումն ավելացված է, տես նաև հհ. 63, 65: հատվածները:

  5. Տես ՎևՈՒ 6.23, 36; ՎևՈՒ 8.2–3, 10; ՎևՈՒ 9.9:

  6. ՎևՈՒ 9.8:

  7. See Spencer W. Kimball, The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 252.

  8. ՎևՈՒ 9.7–8, շեշտադրումն ավելացված է:

  9. ՎևՈՒ 8.2–3, շեշտադրումն ավելացված է:

  10. Տես Ենովս 1.3–5, 9–10:

  11. ՎևՈՒ 9.9

  12. ՎևՈՒ 6.23; շեղագրումն ավելացված է:

  13. ՎևՈՒ 59.21: