2007
Հիշի՛ր և մի՛ ոչնչացիր
Մայիս 2007թ.


Հիշի՛ր և մի՛ ոչնչացիր

Հիշելը, ինչպես Աստված է ցանկանում, ավետարանի հիմնական և փրկող սկզբունքն է:

Նկար

Մեծ պատիվ է խոսել Քույր Փարքինից հետո: Նրա և նրա խորհրդականների ծառայությունն ու ուսուցումները օրհնել են մեզ բոլորիս: Տասնութ ու կես տարի առաջ, մոտավորապես այս նույն ժամին, այս ամբիոնի մոտ կանգնած՝ ես սպասում էի ժողովքի երգեցողության ավարտին, որպեսզի առաջանայի և գերագույն համաժողովում իմ առաջին ելույթն ունենայի: Իմ հուզմունքն այդ պահին պետք է որ ակնհայտ լիներ: Երեց Լ. Թոմ Փերին, որը կանգնած էր իմ հետևը, ձգվեց դեպի ինձ և իրեն բնորոշ դրական ու խանդավառ կերպով շշնջաց ականջիս. «Հանգստացիր,- ասաց նա,- այս ամբիոնի մոտ մենք դեռ ոչ ոքի չենք կորցրել այսքան տարվա ընթացքում»:

Այդ քաջալերող խոսքերը և դրանց հաջորդող այն մի քանի րոպեները, որոնց ընթացքում ես առաջին անգամ խոսեցի Վերջին Օրերի Սրբերի համաշխարհային լսարանի առաջ, մի թանկագին հիշողություն են դարձել ինձ համար: Բոլորիդ նման, ես պարբերաբար լցնում եմ հիշողություններիս աղբյուրը, որը վերհիշելիս կազմում են իմ գիտակցության շատ օգտակար ու հաճախ ուրախալի մասը: Եվ չնայած երիտասարդ տարիքում ընդունած իմ որոշմանը, որ երբ մեծանամ, մյուսներին երբեք չեմ ծանրաբեռնի իմ անցյալի պատմություններով ու փորձով, այժմ ես մեծ հաճույք եմ ստանում կիսվելով իմ հիշողություններով գրեթե ամեն հարմար պահին: Սակայն այսօր ես ցանկանում եմ խոսել ոչ թե պարզապես հիշողություններով կիսվելու ուրախության մասին, այլ Հիսուս Քրիստոսի ավետարանում հիշողության և հիշելու ավելի մեծ դերի մասին:

Եթե ուշադրություն դարձնենք հիշիր բառին սուրբ գրություններում, մենք կհասկանանք, որ «հիշելը», ինչպես Աստված է ցանկանում, ավետարանի հիմնական և փրկող սկզբունքն է: Դա այդպես է, որովհետև հիշելու կոչ անող մարգարեական զգուշացումները հաճախ գործողության կոչ են՝ լսելու, տեսնելու, կատարելու, հնազանդվելու, ապաշխարելու:1 Երբ մենք հիշում ենք Աստծո ուզած ձևով, մենք հաղթահարում ենք մարդկային տենդենցը, որ ոչ միայն սպառազինվենք կյանքի մարտի համար, այլ իրականում ներգրավվենք մարտի մեջ, անելով ամեն ինչ մեր ուժերի սահմաններում, որպեսզի դիմակայենք գայթակղությանը և խուսափենք մեղք գործելուց:

Բենիամին թագավորն ակտիվ հիշելու այսպիսի կոչ էր արել իր ժողովրդին.

«Եվ, ի վերջո, ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել. քանզի կան զանազան ուղիներ և միջոցներ, նույնիսկ այնքան շատ, որ ես չեմ կարող թվել դրանք:

Բայց այսքանը ես կարող եմ ասել ձեզ, եթե դուք չհետևեք ինքներդ ձեզ, և ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին, և չկատարեք Աստծո պատվիրանները, և չշարունակեք հավատքով առ այն, ինչ լսեցիք մեր Տիրոջ գալուստի վերաբերյալ, նույնիսկ՝ մինչև ձեր կյանքի վերջը, դուք պիտի ոչնչանաք: Եվ այժմ, ո՛վ մարդ, հիշի՛ր և մի՛ ոչնչացիր»:2

Գիտակցելով հիշելու կարևոր դերը մեր կյանքում, ուրեմն է՞լ ինչ ենք մենք պարտավոր հիշել: Ի պատասխան, ինչպես մենք այսօր հավաքվել ենք հիշելու և վերանվիրագործելու այս պատմական Թաբերնաքլը, ես կարծում եմ, որ Եկեղեցու և նրա մարդկանց պատմությունն արժանի է մեր կողմից հիշվելու: Սուրբ գրությունները Եկեղեցու պատմությանն առաջնային դեր են տալիս: Իրականում, սուրբ գրությունների մեծ մասը Եկեղեցու պատմությունն է: Այն օրը, երբ կազմակերպվեց Եկեղեցին, 1830թ. ապրիլի 6-ին, Աստված պատվիրեց Ջոզեֆ Սմիթին. «Ահա, մի հիշատակարան պիտի պահվի ձեր մեջ»:3 Ջոզեֆը գործեց համաձայն այս պատվիրանի և նշանակեց Օլիվեր Քաուդերիին Եկեղեցու երկրորդ երեց և իր ավագ օգնական՝ որպես Եկեղեցու առաջին պատմաբան: Մենք արձանագրություններ ենք պահում, որպեսզի դրանք օգնեն մեզ հիշել, և Եկեղեցու սկիզբն ու զարգացումը պահվել է Օլիվեր Քաուդերիի ժամանակից մինչև այսօր: Այս առանձնահատուկ պատմական արձանագրությունը հիշեցնում է մեզ, որ Աստված կրկին բացել է երկինքը և բացահայտել ճշմարտությունները, որոնք գործելու կոչ են անում մեր սերնդին:

Այսքան տարիների ընթացքում պատմաբանների կողմից հավաքված, պահված և գրված ամբողջ պատմության մեջ ոչինչ այդպես օրինակելի չի պատկերում Եկեղեցու պատմության կարևորությունն ու զորությունը, ինչպես Ջոզեֆ Սմիթի պարզ ու անկեղծ պատմությունը Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հայտնվելն իրեն, ինչն այսօրվա մեր պատմական գրքերը կոչում են Առաջին Տեսիլք: Միսիոներների սերունդները անդրադարձել են այդ հիշողությանը և աշխարհում ճշմարտություն որոնողների հետ կիսվել, թե ինչպես է Ջոզեֆը հրաշալի ձևով ստացել ճշմարիտ Եկեղեցու վերաբերյալ աղոթքով տված իր հարցի պատասխանը.

«Իմ գլխավերևում ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

… Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան»:4

Ջոզեֆը լսեց նրան: Եվ միլիոնավոր մարդիկ լսել, կարդացել ու հավատացել են նրա պատմությանը և ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը նա օգնեց վերականգնել: Ես հավատում եմ Ջոզեֆ Սմիթին և գիտեմ, որ նա Աստծո ճշմարիտ մարգարեն էր: Առաջին Տեսիլքի մասին հիշողությունը երբեք չի դադարում ոգեշնչել ինձ ավելի մեծ պարտավորություն ստանձնել կամ ավելի մեծ գործ կատարել:

Ոչ ոք Եկեղեցու պատմության արժեքի հանդեպ այդքան խորը երախտագիտությամբ չի լցված, որքան Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: Մենք սիրում ենք նրա պայծառ հումորի զգացումը, սակայն պատմության հանդեպ նրա զգացումը հավասարապես ուժեղ է: Մեր անցյալից ոգեշնչված պատմությունները և անեկդոտները միշտ առատ են նրա գրածներում կամ քարոզներում: Որպես ապրող մարգարե, նա գիտակցաբար շեշտում է անցյալը և ապագան, օգնելու համար մեզ ավելի առաքինի ապրել ներկայումս: Նրա ուսմունքների շնորհիվ մենք հասկանում ենք, որ հիշելը հնարավորություն է ընձեռում մեզ տեսնել Աստծո ձեռքը մեր անցյալում ճիշտ այնպես, ինչպես մարգարեությունները և հավատքը երաշխավորում են մեզ համար Աստծո ձեռքը մեր ապագայում: Նախագահ Հինքլին հիշեցնում է մեզ, թե Եկեղեցու վաղ անդամները ինչպես էին հաղթահարում իրենց դժվարությունները, և որ մենք Աստծո շնորհով կարող ենք ավելի հավատարիմ կերպով հաղթահարել մեր դժվարությունները: Մեր անցյալը կենդանի պահելով նա կապում է մեզ մարդկանց, վայրերի և իրադարձությունների հետ, որոնք կազմում են մեր հոգևոր ժառանգությունը և, այդպիսով, դրդում է մեզ ավելի մեծ ծառայության, հավատքի և բարության:

Օրինակելի ձևով Նախագահ Հինքլին անկեղծ կիսվում է մեզ հետ իր անձնական և իր ընտանիքի պատմություններով: Հուսահատված նոր միսիոներներից շատերը մխիթարվել են իմանալով, որ իր միսիայի սկզբնական շրջանում Նախագահ Հինքլին նույնպես հուսահատություն է ապրել և այդ մասին պատմել հորը: Նա անգամ քաջաբար կիսվել է իր հոր հակիրճ պատասխանով. «Սիրելի Գորդո՛ն, ես ստացա քո վերջին նամակը: Ես միայն մի առաջարկություն ունեմ՝ մոռացիր քո անձը և գնա աշխատիր»:5 Գրեթե 70 տարի անց մենք բոլորս տեսնում ենք, թե որքան լրջորեն էր Նախագահ Հինքլին ընդունել այդ խորհուրդը: Նրա գերազանց բնավորությունը և մարգարեական իմաստությունը համոզիչ կերպով ապացուցում են, որ օգտակար է հիշել Եկեղեցու պատմությունը, ինչպես նաև մեր սեփական պատմությունը:

Էլ ավելի շատ բան կա ասելու հիշողության և Հիսուս Քրիստոսի ավետարանում հիշելու վերաբերյալ: Մենք հաճախ խոսում ենք մեր սուրբ ուխտերը և Աստծո պատվիրանները հիշելու մասին, մեր մահացած նախնիների համար փրկող արարողություններ կատարելու և հիշելու մասին: Ամենակարևորը, մենք խոսում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին հիշելու կարևորության մասին, ոչ թե միայն երբ հարմար է, այլ միշտ, ինչպես Ինքն է խնդրում6: Մենք վկայում ենք, որ միշտ կհիշենք Նրան, երբ ընդունում ենք հաղորդությունը: Ի պատասխան, մեզ խոստացվում է, որ Նրա Հոգին միշտ մեզ հետ կլինի: Հետաքրքիր է, որ սա նույն Հոգին է, մեր Երկնային Հոր կողմից ուղարկված, որ «կհիշեցնե ձեզ ամեն ինչ»:7 Այսպիսով, արժանի կերպով ընդունելով հաղորդությունը, մենք օրհնվում ենք Հոգու կողմից մուտք գործելու հիշողության մի հրաշալի ու օգտակար շրջան` ամեն անգամ մեր մտքերով ու նվիրվածությամբ դառնալով դեպի Քրիստոսը և Նրա Քավությունը:

Ես հավատում եմ, որ հիշողության գերագույն նպատակն է՝ գալ դեպի Քրիստոսը և կատարյալ լինել Նրանում:8 Արդ, ես աղոթում եմ, որ Աստված օրհնի մեզ միշտ հիշել, հատկապես Նրա կատարյալ Որդուն, և չոչնչանալ: Ես երախտագիտությամբ վկայում եմ Քրիստոսի սրբության և փրկող զորության մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես 2 Նեփի 1.12, Մոսիա 6.3; Հելաման 5.14:

  2. Մոսիա 4.29–30

  3. ՎևՈւ 21.1

  4. Ջոզեֆֆ Սմիթ—Պատմություն 1.16–17

  5. In Gordon B. Hinckley, Faith: The Essence of True Religion (1989), 115.

  6. Տես 3 Նեփի 18.7, 11:

  7. Հովհ. ԺԴ.26

  8. Տես Մորոնի 10.32–33