2007
Թաբերնաքլի հիշողությունները
Մայիս 2007թ.


Թաբերնաքլի հիշողությունները

Քանի որ այս կառույցն այսօր վերանվիրագործվում է, թող որ մենք խոստանանք մեր կյանքը կրկին նվիրել մեր Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի աշխատանքին:

Նկար

Թե այստեղ Թաբերնաքլում, և թե ամբողջ աշխարհում, տարբեր միջոցներով լսող իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ուրախ եմ կրկին անգամ կանգնելու ձեր առջև այս հոյակապ կառույցի ներսում: Այս միջավայրում չես կարող չհիշել վաղ Սրբերի ոգին, ովքեր կառուցեցին երկրպագության այս գեղեցիկ տունը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ տքնել են պաշտպանելու և գեղեցկացնելու այն:

Վերջերս ես մտածում էի իմ կյանքի այն շատ նշանակալից իրադարձությունների մասին, որոնք կապված են Սոլթ Լեյքի Թաբերնաքլի հետ: Թեպետ շատ բաներ ունեմ նշելու այսօր, ես կուզենայի կիսվել դրանցից միայն մի քանիսով:

Ես հիշում եմ այն ժամանակը, երբ մոտենում էր իմ մկրտությունը, ես ութ տարեկան էի: Մայրս խոսում էր ինձ հետ ապաշխարության և մկրտության նշանակության մասին, իսկ հետո շաբաթ օրը` 1935թ. սեպտեմբերին տրամվայով ինձ տարավ Թաբերնաքլի մկրտարան, որը մինչև վերջերս այստեղ այս կառույցում էր: Այդ ժամանակ այդքան ընդունված չէր, որ հայրերը մկրտեին իրենց երեխաներին, քանի որ այդ արարողությունը հիմնականում կատարվում էր շաբաթ առավոտյան կամ կեսօրին, իսկ շատ հայրեր աշխատում էին այդ օրը: Ես սպիտակ հագա և մկրտվեցի: Հիշում եմ այդ օրը, ասես երեկ լիներ, և այն երջանկությունը, որ զգացի այդ արարողության ժամանակ:

Տարիների ընթացքում, և հատկապես, մի որոշ ժամանակ ծառայելով որպես եպիսկոպոս, ես Թաբերնաքլի ավազանում շատ մկրտությունների ականատեսն եմ եղել: Յուրաքանչյուրը հատուկ և ոգեշնչող դեպք էր, և յուրաքանչյուրը հիշեցրել է ինձ իմ անձնական մկրտությունը:

1950թ. ապրիլին, կինս, Ֆրենսիզը, և ես ներկա էինք գերագույն համաժողովի կիրակի երեկոյան նիստին, որը տեղի էր ունենում այս կառույցում: Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը Եկեղեցու Նախագահն էր, և համաժողովը փակելիս նա ոգեշնչող և զորավոր ուղերձ հղեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Ինչևէ, նախքան իր խոսքը կավարտեր, նա մարգարեական զգուշացում հնչեցրեց: Նա ասաց. «Շատ չի անցնի և աղետներ կգան մարդկանց վրա, եթե արագ ապաշխարություն չկատարվի: Շատ չանցած նրանք, ովքեր ցրված են երկրի երեսի վրա, միլիոններով կմահանան … դրա պատճառով» (in Conference Report, Apr. 1950, 169): Այդ խոսքերը տագնապի ազդանշան էին, քանի որ ասվեցին Աստծո մարգարեի կողմից:

Այդ գերագույն համաժողովից երկուսուկես ամիս անց, 1950թ. հունիսի 25-ին պատերազմ բռնկվեց Կորեայում, պատերազմ, որն ի վերջո, ըստ հաշվարկների, խլեց 2.5 միլիոն կյանք: Դա դրդեց ինձ անդրադառնալ Նախագահ Սմիթի հայտարարությանը, որն արվեց այդ գարնանային օրը, երբ մենք նստած էինք այս կառույցում:

Թաբերնաքլում ես հաճախել եմ գերագույն համաժողովների շատ նիստերի, միշտ շենանալով և ոգեշնչվելով Եղբայրների խոսքերով: Այնուհետև, 1963թ. հոկտեմբերին Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը հրավիրեց ինձ իր գրասենյակ և կանչեց ծառայելու որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Նա խնդրեց, որ այդ սուրբ կանչը գաղտնի պահեմ, այդ մասին բացի կնոջիցս ոչ ոքի չասեմ, միայն հաջորդ օրը ես պետք է ներկայացվեի Թաբերնաքլում տեղի ունեցող գերագույն համաժողովում, երբ իմ անունը բարձրաձայն կարդացվեր:

Հաջորդ առավոտ ես եկա Թաբերնաքլ չիմանալով ստույգ, թե որտեղ պետք է նստեմ: Լինելով Քահանայության Տնային Ուսուցման Հանձնաժողովի անդամ, ես որոշեցի, որ կնստեմ այդ հանձնաժողովի անդամների հետ: Ես տեսա իմ ընկերոջը` Հյու Սմիթին, որը նույնպես այդ հանձնաժողովի անդամ էր: Նա ձեռքով նշան արեց, որ նստեմ իր կողքին: Ես նստեցի և չկարողացա ասել նրան իմ կանչի մասին:

Նիստի ժամանակ, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները հաստատվեցին և, իհարկե, իմ անունը կարդացվեց: Երբ քայլերս ուղղեցի դեպի բեմահարթակ, կարծես դա իմ կյանքի ամենաերկար ճանապարհը լիներ:

44 տարի է անցել այդ համաժողովից: Մինչև 2000 թվականը, երբ Համաժողովների Կենտրոնը նվիրագործվեց, ես արտոնություն եմ ունեցել այս կառույցում հղելու գերագույն համաժողովի 101 ուղերձ այս նույն ամբիոնից, չհաշված այստեղ տեղի ունեցած օժանդակների գերագույն համաժողովների և այլ հավաքների ուղերձները: Իմ խոսքն այսօր կլինի 102-րդը: Տարիների ընթացքում կանգնելով այստեղ ես շատ հոգևոր զգացումներ եմ ունեցել:

1975թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին իմ ուղերձը հղելիս ես հուշում ստացա իմ խոսքը հղել այս կառույցի օթյակում նստած երկար մազերով շիկահեր փոքրիկ աղջկան: Ես ներկաների ուշադրությունը հրավիրեցի նրա վրա և արտահայտվելու ազատություն զգացի, որը վկայեց ինձ, որ այս փոքրիկ աղջիկն այն ուղերձի կարիքն ունի, որն ունեի մտքումս մեկ այլ փոքր աղջկա հավատի վերաբերյալ:

Նիստի ավարտից հետո, ես վերադարձա իմ գրասենյակ և տեսա Միսթի Վայթ անունով մի երեխա է ինձ սպասում իր պապիկի, տատիկի և մորաքրոջ հետ: Երբ ողջունեցի նրանց, ես ճանաչեցի օթյակում նստած աղջկան, որին հղել էի իմ խոսքը: Ես իմացա, որ նրա ութերորդ տարեդարձն էր մոտենում, և նա դժվարին որոշում պետք է կայացներ` մկրտվեր, թե ոչ: Նա զգում էր, որ ուզում է մկրտվել, պապիկն ու տատիկը, որոնց հետ նա ապրում էր, նույնպես ուզում էին, որ նա մկրտվեր, սակայն նրա ոչ ակտիվ մայրն առաջարկել էր, որ նա դառնա 18 տարեկան, հետո միայն որոշում կայացնի: Միսթին ասել էր իր պապիկին ու տատիկին. «Եթե մենք գնանք Սոլթ Լեյք Սիթիի համաժողովին, միգուցե Երկնային Հայրն ինձ կասի, թե ինչ պետք է անեմ»:

Միսթին, տատիկը, պապիկն ու մորաքույրը եկել էին Կալիֆորնիայից Սոլթ Լեյք Սիթի համաժողովին և կարողացել էին տեղեր գտնել Թաբերնաքլի շաբաթ օրվա երեկոյան նիստի համար: Այդտեղ էին նրանք նստած, երբ իմ ուշադրությունն ուղղվեց Միսթիի վրա և ես որոշեցի խոսել նրա հետ:

Նիստից հետո, երբ զրուցում էինք իմ գրասենյակում, Միսթիի տատիկն ինձ ասաց. «Կարծում եմ, Միսթին ինչ-որ բան է ուզում ձեզ ասել»: Այդ հաճելի փոքր աղջիկն ասաց. «Եղբա՛յր Մոնսոն, երբ խոսում էիք համաժողովում, դուք պատասխանեցիք իմ հարցին: Ես ցանկանում եմ մկրտվել»:

Ընտանիքը վերադարձավ Կալիֆորնիա, և Միսթին մկրտվեց ու հաստատվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Այս տարիների ընթացքում Միսթին մնացել էր հավատարիմ Հիսուս Քրիստոսի ավետարանին: Տասնչորս տարի առաջ ես արտոնություն ունեցա կատարել նրա տաճարային ամուսնությունը մի լավ երիտասարդի հետ, և միասին նրանք մեծացնում են հինգ չքնաղ երեխաններ, մեկն էլ արդեն պետք է ծնվի:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, արտոնություն ունեմ կրկին անգամ կանգնելու Թաբերնաքլի այս ամբիոնի մոտ, որի հետ այնքան շատ հրաշալի հիշողություններ են կապված: Թաբերնաքլն իմ կյանքի մի մասն է, մաս, որը ես փայփայում եմ:

Ես պատիվ եմ ունեցել և հաճույքով եմ իմ ձեռքը բարձրացրել հաստատելու Եկեղեցու ինը նախագահներին, երբ կարդացվել են նրանց անունները: Այս առավոտ ես միացա ձեզ` կրկին անգամ հաստատելով մեր սիրելի մարգարեին` Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին: Ուրախություն ու պատիվ է ծառայել նրա կողքին` Նախագահ Ֆաուստի հետ միասին:

Քանի որ այս կառույցն այսօր վերանվիրագործվում է, թող որ մենք խոստանանք մեր կյանքը կրկին նվիրել մեր Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի աշխատանքին, որն այնքան պատրաստակամորեն մահացավ, որպեսզի մենք կարողանանք ապրել: Թող որ մենք ամեն օր քայլենք Նրա հետքերով, ես խոնարհ աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: