2007
Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ
Մայիս 2007թ.


Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ

Որովհետև մեր Փրկիչը մահացավ Գողգոթայի վրա, մահը ուժ չունի մեզանից ոչ ոքի վրա:

Նկար

Վերջերս թերթում էի ընտանեկան լուսանկարների ալբոմները: Փայփայված հուշերը հեղեղեցին միտքս, երբ նկար նկարի ետևից տեսնում էի հարազատներիս նկարները, հավաքված ընտանեկան հավաքներին, ծնունդներին, տարեդարձերին: Այն ժամանակից, երբ այդ լուսանկարներն արվել են, ընտանիքի սիրված անդամներից շատերը արդեն հեռացել են այս կյանքից: Ես մտածեցի Տիրոջ խոսքերի մասին. «Ապրեք միասին սիրով, այնպես որ սգաք նրանց կորստի համար, ովքեր մահանում են»:1 Ես կարոտում եմ յուրաքանչյուրին, ով հեռացել է ընտանեկան շրջանից:

Թեև դժվար և ցավալի է, մահը մեր մահկանացու կյանքի էական մասն է: Մենք սկսում ենք այստեղ մեր ճանապարհորդությունը, հեռանալով մեր նախաերկրային կյանքից և գալով երկիր: Բանաստեղծ Վորդսվորթը այս ճանապարհորդության մասին գրել է իր ոգեշնչված ձոն անմահությանը: Նա գրել է.

Մեր ծնունդը սոսկ քուն է և մոռացություն,

Մեր մեջ զարթնած Հոգին,Աստղը մեր կյանքի,

Մեկ այլ հեռու վայրում տուն ունի,

Եվ գալիս է այդ հեռուներից.

Ոչ ամեն ինչ մոռացած,

Ոչ էլ մերկ, չհագնված,

Այլ փառքի ամպեր գրկած,

Աստծո մոտից, որ տունն է մեր.

Երկինքն մեր մեջ է, մանուկ ենք երբ:2

Կյանքն առաջ է ընթանում: Պատանեկությունը փոխարինում է մանկությանը, իսկ հասունությունը գալիս է անգամ ավելի վստահ: Փնտրելով և խորհելով կյանքի նպատակները և խնդիրները, մենք բոլորս վաղ, թե ուշ կանգնում ենք կյանքի տևողության հարցի դիմաց, ինչպես նաև անձնական և հավերժական կյանքի հարցի դիմաց: Այս հարցերն առավել սուր են իրենց զգացնել տալիս, երբ մեր սիրելիները հեռանում են մեզանից, կամ, երբ մենք պետք է հեռանանք նրանցից, ում սիրում ենք:

Այդ պահերին, մենք մտածում ենք համաշխարհային մի հարցի մասին, որը հին օրերի Հոբը այսպես է ձևակերպել, երբ դարեր առաջ հարցրել է.«Եթե մարդս մեռավ, միթե՞յ կկենդանանայ»:3

Այսօր, ինչպես և միշտ, անհավատի ձայնը հարցականի տակ է դնում Աստծո խոսքը, և յուրաքանչյուրը պետք է ընտրի, թե ում լսի: Հանրաճանաչ իրավաբան և աթեիստ Քլերենս Դերոուն հայտարարել է. «Ոչ մի կյանք մեծ արժեք չունի, իսկ ամեն մահ փոքր կորուստ է»: 4 Գերմանացի փիլիսոփա և պեսսիմիստ Շոպենհաուերը գրել է. «Անմահություն ցանկանալ նշանակում է ցանկանալ մեծ սխալի անընդհատ կրկնողություն»: 5 Եվ նրանց խոսքերին ավելացվում է նոր սերունդներինը, երբ հիմար մարդիկ կրկին խաչում են Քրիստոսին, քանի որ փոխում են Նրա հրաշքները, կասկածում են Նրա աստվածային էությանը և մերժում են Նրա Հարությունը:

Ռոբերտ Բլատչֆորդը իր Աստվածն ու իմ մերձավորը գրքում եռանդորեն գրոհում է Քրիստոնեական համոզմունքները, ինչպիսին են` Աստվածը, Քրիստոսը, աղոթքը և անմահությունը: Նա համարձակորեն պնդում է. «Ես հայտարարում եմ, որ այն ամենը, ինչ մտադրվել եմ ապացուցել, ապացուցել եմ լիովին և վերջնականապես, որ ոչ մի Քրիստոնեա, որքան էլ նշանավոր կամ ընդունակ էլ որ լինի, չի կարող պատասխանել իմ բարձրացրած հարցերին կամ կասկածի տակ դնել իմ փաստարկները»:6 Նա իրեն շրջապատեց անհավատության պատերով: Ապա մի զարմանալի բան տեղի ունեցավ: Նրա պատը փոշիացավ: Նա մնաց խոցելի և անպաշտպան: Աստիճանաբար նա սկսեց գտնել դեպի հավատք վերադարձի իր ճանապարհը, որը քարկոծում և ծաղրում էր: Ի՞նչը պատճառ դարձավ այդ մեծ փոփոխության համար: Նրա կինը մահացավ: Կոտրված սրտով նա մտավ մի սենյակ, որտեղ պառկած էր կնոջ մահկանացու մարմինը: Նա կրկին նայեց այն դեմքին, որն այդքան սիրում էր: Դուրս գալով, նա ասաց ընկերոջը. «Դա նա է, և միևնույն ժամանակ, նա չէ: Ամեն ինչ փոխվել է: Մի բան, որ կար, այլևս չկա: Նա նույնը չէ: Այն, ինչ հեռացել է, միայն կարող է հոգին լինել»:

Ավելի ուշ նա գրում է. «Մահն այն չէ, ինչ որոշ մարդիկ պատկերացնում են: Դա միայն նման է մյուս սենյակ գնալուն: Այդ մյուս սենյակում մենք կգտնենք … սիրելի կանանց և տղամարդկանց, քաղցր երեխաներին, որոնց սիրել և կորցրել ենք»:7

Դիմադրելով Քրիստոսի աստվածային էությանը կասկածելու այսօրվա աշխարհի միտումին, մենք փնտրում ենք հղման կետ, անբիծ աղբյուր, անգամ ականատեսի վկայություն: Աստվածաշնչյան ժամանակներից Ստեփանոսը, դատապարտված լինելով դաժան մահվան, նայեց դեպի երկինք և ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված, և Մարդի Որդին կանգնած Աստծո աջ կողմումը»:8

Ո՞ւմ չի կարող համոզել Կորնթացիներին տրված Պողոսի հուզիչ վկայությունը: Նա հայտարարել է, թե «Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ` գրքերի համեմատ: Եվ թե թաղվեցավ, և թե երրորդ օրը հարություն առավ` գրքերի համեմատ: Եվ … երևացավ Կեփասին, հետոյ այն տասներկուսին: … Եվ, - ասում է Պողոսը, - ամենից հետոյ ինձ էլ երևեցավ»:9

Մեր տնտեսության մեջ, նույն վկայությունը համարձակորեն տրվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, երբ նա և Սիդնի Ռիգդոնը վկայել են. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրում է»:10

Սա այն գիտելիքն է, որն ամրացնում է: Սա այն ճշմարտությունն է, որը մխիթարում է: Սա այն հավաստիացումն է, որն առաջնորդում է նրանց, ովքեր վշտի ծանրության տակ են, և տանում է նրանց խավարից դեպի լույս:

1997 թվին Սուրբ Ծննդյան երեկո ես մի հրաշալի ընտանիքի հանդիպեցի: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ անսասան վկայություն ուներ ճշմարտության և Հարության իրականության մասին: Ընտանիքը բաղկացած էր մորից, հորից և չորս երեխաներից: Բոլոր երեխաները` երեք որդիները և մեկ դուստրը, ծնվել էին մկանային դիստրոֆիայի մի շատ հազվադեպ արատով, և բոլորը հաշմանդամ էին: Մարկը, որն այդ ժամանակ 16 տարեկան էր, ողնուղեղի վիրահատություն էր տարել, որպեսզի ավելի ազատ կարողանար շարժվել: Երկու մյուս տղաները, Քրիստոֆերը, 13 տարեկան, և Ջեյսոնը, 10 տարեկան, ստիպված էին մի քանի օրով մեկնել Կալիֆորնիա նմանատիպ վիրահատություն անցնելու նպատակով: Միակ դուստրը` Շաննան, այդ ժամանակ հինգ տարեկան էր և մի սքանչելի երեխա: Բոլոր երեխաները խելացի էին և լի հավատքով, և ակնհայտ էր, որ նրանց ծնողները, Բիլը և Շերին, հպարտ էին յուրաքանչյուրով: Մենք ժամանակ անցկացրեցինք միասին, և այդ ընտանիքի առանձնահատուկ ոգին լցրեց իմ գրասենյակը և տոգորեց իմ սիրտը: Ես և հայրը օրհնություններ տվեցինք վիրահատությանը պատրաստվող երկու տղաներին, իսկ հետո ծնողները խնդրեցին փոքր Շաննային երգել ինձ համար: Նրա հայրը նշեց, որ նա թոքերի թուլություն ունի, և դա կարող է դժվար լինել, սակայն աղջիկը ուզում էր փորձել: Ձայնագրված ժապավենի ուղեկցությամբ, գեղեցիկ ու մաքուր ձայնով, առանց բաց թողնելու որևէ նոտա, նա երգեց պայծառ ապագայի մասին.

Այն սքանչելի օրը, որի մասին երազում եմ ես,

Այն աշխարհում, որն ուզում եմ տեսնել,

Կա մի վայր գեղեցիկ, ուր արևն է ծագում,

Եվ շողում ինձ համար երկնքում:

Ձմռան այս պայծառ առավոտ

Եթե ցանկությունս կատարվի

Ապա այդ օրը սքանչելի

Այժմ այստեղ կլինի:11

Երբ նա ավարտեց, զգացմունքները խեղդում էին բոլորիս: Այդ հանդիպման հոգևոր վերելքը ստեղծեց այդ տարի իմ Սուրբ Ծննդյան մթնոլորտը:

Ես կապ էի պահում այդ ընտանիքի հետ, և երբ ավագ որդին, Մարկը, դարձավ 19 տարեկան, նրա համար հնարավորություն ստեղծվեց հատուկ միսիա ծառայել Եկեղեցու վարչական կենտրոնում: Հետագայում, մյուս երկու եղբայրները նույնպես հնարավորություն ունեցան նման միսիաներ ծառայելու:

Մոտ մեկ տարի առաջ, Քրիստոֆերը, որը 22 տարեկան էր, մահացավ այն հիվանդությունից, որով տառապում էին բոլոր երեխաները: Ապա, անցած սեպտեմբեր ես լուր ստացա, որ փոքրիկ Շաննան, արդեն 14 տարեկան, մահացավ: Թաղման արարողությանը Շաննան մեծ հարգանքների արժանացավ: Հենվելով ամբիոնին, ողջ մնացած եղբայրներից յուրաքանչյուրը, Մարկը և Ջեյսոնը, հուզիչ ընտանեկան պատմություններ պատմեցին: Շաննայի մայրը դուէտով գեղեցիկ երաժշտական համար կատարեց: Հայրը և պապիկը հուզիչ քարոզ կարդացին: Թեև նրանց սրտերը կոտրված էին, յուրաքանչյուրը զորեղ և խորը վկայություն բերեց Հարության իրականության և այն փաստի մասին, որ Շաննան դեռ ապրում է, ինչպես ապրում է նրա եղբայր Քրիստոֆերը, սպասելով իրենց ընտանիքի հետ փառավոր վերամիավորմանը:

Երբ ես պետք է խոսեի, հիշեցի մոտ ինը տարի առաջ ընտանիքի այցը իմ գրասենյակ և պատմեցի այն գեղեցիկ երգի մասին, որ Շաննան երգեց այդ օրը: Ես ավարտեցի այս մտքով. «Որովհետև մեր Փրկիչը մահացավ Գողգոթայի վրա, մահը ուժ չունի մեզանից ոչ ոքի վրա: Շաննան ապրում է, ողջ և առողջ, և նրա համար այն սքանչելի օրը, որի մասին նա երգում էր 1997 թվի Սուրբ Ծննդյան երեկո, այն օրը, որի մասին նա երազում էր, այժմ այստեղ է»:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ծիծաղում ենք, լաց ենք լինում, աշխատում ենք, խաղում ենք, սիրում ենք, ապրում ենք: Ապա մահանում ենք: Մահը մեր ընդհանուր ժառանգությունն է: Բոլորը պետք է անցնեն դրա դարպասներով: Մահը տանում է տարեցներին, հոգնածներին և մաշվածներին: Այն այցելում է հույսի ծաղկման մեջ և սպասումների փառքի մեջ գտնվող երիտասարդներին: Ոչ էլ փոքր երեխաներն են ազատվում նրա ճանկերից: Պողոս Առաքյալի խոսքերով. «Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել»:12

Եվ մենք կմնայինք մահացած, եթե չլիներ այդ մեկ Մարդը և Նրա առաքելությունը, որն է Հիսուս Նազովրեցին: Ծնվելով ախոռում, դրվելով մսուրի մեջ, Նրա ծննդով իրականացվեցին շատ մարգարեների ոգեշնչված հայտարարությունները: Նա սովորում էր վերևից: Նա տալիս էր կյանք, լույս և ճանապարհ: Բազմությունները հետևում էին Նրան: Երեխաները պաշտում էին Նրան: Հպարտները մերժում էին Նրան: Նա խոսում էր առակներով: Նա ուսուցանում էր օրինակով: Նա ապրում էր կատարյալ կյանքով:

Այսպիսով, թագավորների Թագավորը և տերերի Տերը եկավ, նրան դիմավորեցին որպես մի թշնամու, մի լրտեսի: Ապա հետևեց ծաղրանքը, որոնք ոմանք կոչեցին դատ: «Խաչել նրան, խաչել նրան»13 կոչերը լցրեցին օդը: Ապա սկսվեց դեպի Գողգոթայի բլուր բարձրացումը:

Նա ենթարկվեց ծաղրի, ստորացման, ծիծաղի, նվաստացման և մեխվեց խաչին բացականչությունների ներքո. «Քրիստոսը` Իսրայելի թագավորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք և հավատանք»:14 «Ուրիշներին ապրեցրեց, թող իրեն էլ ապրեցնէ»:15 Նա պատասխանեց. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:16 «Հոգիս քո ձեռն եմ ավանդում, և այս ասելով, հոգի տվավ»:17 Նրա մարմինը սիրող ձեռքերով տեղավորվեց քարե դամբարանի մեջ:

Շաբաթվա առաջին օրը, վաղ առավոտյան Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը, Հակոբոսի մայրը, մյուսների հետ եկան գերազման: Ի զարմանս նրանց, իրենց Տիրոջ մարմինը չկար: Ղուկասը գրում է, որ փայլուն հանդերձներով երկու տղամարդ կանգնեցին նրանց կողքին և ասացին. «Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:18

Հաջորդ շաբաթ Քրիստոնեա աշխարհը տոնում է պատմության ամենանշանավոր տոնը: Հասարակ արտահայտությունը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ», մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի բառացի Հարության առաջին հաստատումն էր: Առաջին Զատկի այդ առավոտ դատարկ գերեզմանը սփոփող հաստատում և հաստատող պատասխան տվեց Հոբի հարցին. «Եթե մարդս մեռավ, միթե՞յ կկենդանանայ»:19

Բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, մենք Հոբի հարցը պատասխանի կվերածենք. «Եթե մարդս մեռավ, միթե՞յ կկենդանանայ: Մենք գիտենք, քանի որ ունենք հայտնված ճշմարտության լույսը»: «Ես եմ հարությունը և կյանքը, - ասել է Վարդապետը: «Ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի: Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնիլ»:20

Արցունքների և փորձությունների միջից, վախերի և վշտերի միջից, սիրելիներին կորցնելու ցավի և միայնակության միջից, կա մի հավաստիացում, որ կյանքը հավերժ է: Մեր Տերը և Փրկիչը կենդանի վկայությունն է, որ դա այդպես է:

Իմ ողջ սրտով և իմ հոգու եռանդով ես բարձրացնում եմ իմ ձայնը վկայության մեջ որպես հատուկ վկա և հայտարարում եմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Նրա Որդին է, Հոր Միածինը մարմնի մեջ: Նա մեր Քավիչն է: Նա մեր Միջնորդն է Հոր առաջ: Դա Նա էր, ով զոհվեց խաչի վրա մեր մեղքերը քավելու համար: Նա դարձավ Հարության առաջնապտուղը: Որովհետև Նա մահացավ, մենք բոլորս կրկին կապրենք: «Oh, ինչ ուրախություն է այս միտքը պարգևում, գիտեմ, ապրում է Փրկիչն իմ»: 21 Թող ողջ աշխարհն իմանա դա և ապրի ըստ այդ գիտելիքի, դրա համար ես խոնարհ աղոթում եմ Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. ՎևՈւ 42.45

  2. William Wordsworth, “Ode: Intimations of Immortality from Recollections of Early Childhood,” in The Oxford Book of English Verse: 1250–1900, ed. Arthur Quiller-Couch (1939), 628.

  3. Հոբ ԺԴ.14

  4. The Story of My Life (1932), chapter 47, paragraph 34.

  5. Arthur Schopenhauer, in The Home Book of Quotations, sel. Burton Stevenson (1934), 969.

  6. God and My Neighbor (1914).

  7. See More Things in Heaven and Earth: Adventures in Quest of a Soul (1925), 11.

  8. Գործք Է.56

  9. Ա Կորնթացիս ԺԵ.–5, 8

  10. ՎևՈւ 76.22

  11. “The Beautiful Day,” from the movie Scrooge (1970), music and lyrics by Leslie Bricusse.

  12. Եբրայեցիս Թ.27

  13. Ղուկաս ԻԳ.21

  14. Մարկոս ԺԵ.32

  15. Մարկոս ԺԵ.31

  16. Ղուկաս ԻԳ.34

  17. Ղուկաս ԻԳ.46

  18. Ղուկաս ԻԴ.5–6

  19. Հոբ ԺԴ.14

  20. Հովհաննես ԺԱ.25–26

  21. «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 38; տես նաև Հոբ ԺԹ.25: