Սուրբ գրություններ
2 Նեփի 27


Գլուխ 27

Խավարը և ուրացությունը կպատի երկիրը վերջին օրերին – Մորմոնի Գիրքն ի հայտ կգա – Երեք վկաներ կվկայեն գրքի մասին – Ուսյալ մարդը կասի, որ նա չի կարող կարդալ կնքված գիրքը – Տերը զարմանալի և սքանչելի մի գործ կանի – Համեմատեք Եսայիայի ԻԹ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Բայց, ահա, վերջին օրերին, կամ հեթանոսների օրերին,– այո, ահա, հեթանոսների բոլոր ազգերը և նաև հրեաները, և նրանք, ովքեր կգան այս երկիր, և նրանք, ովքեր կլինեն ուրիշ երկրներում, այո, նույնիսկ երկրագնդի բոլոր երկրներում, ահա, նրանք հարբած կլինեն անօրինությամբ և ամեն ձևի պղծություններով,–

2 Եվ երբ այն օրը գա, նրանց կայցելի Զորաց Տերը՝ որոտով և երկրաշարժով և մի մեծ աղմուկով, մրրիկով և փոթորկով և լափող կրակի բոցով:

3 Եվ բոլոր ազգերը, որոնք կռվում են Սիոնի դեմ, և որոնք ճնշում են նրան, կլինեն, ինչպես գիշերային տեսիլքի մի երազ. այո, նրանց համար կլինի հենց այնպես, ինչպես սոված մարդու հետ, որը երազում է, և ահա, նա ուտում է, բայց արթնանում է և իր հոգին դատարկ է. կամ նման ծարավ մարդուն, որը երազում է, և, ահա, նա խմում է, բայց արթնանում է, և նա, ահա, նվաղած է, և նրա հոգին պապակվում է. այո, հենց այդպես կլինի բազմությունը բոլոր ազգերի, որ կռվում են սիոն սարի դեմ:

4 Քանզի, ահա, դուք բոլորդ, որ անօրինություն եք անում, կա՛նգ առեք և զարմացե՛ք, քանզի դուք կաղաղակեք և կլացեք. այո, դուք կլինեք հարբած, բայց ոչ գինուց, դուք կօրորվեք, բայց ոչ թունդ խմիչքից:

5 Քանզի, ահա, Տերը ձեր վրա է թափել խորը քնի ոգին: Քանզի ահա, դուք փակել եք ձեր աչքերը և դուք մերժել եք մարգարեներին. և ձեր ղեկավարներին ու տեսանողներին է նա քողարկել՝ ձեր անօրինության պատճառով:

6 Եվ կլինի այնպես, որ Տեր Աստված ի հայտ կբերի ձեզ համար խոսքերը մի գրքի, և դրանք կլինեն խոսքերը նրանց, որոնք ննջել են:

7 Եվ, ահա, գիրքը կնքված կլինի. և գրքում կլինի Աստծո կողմից մի հայտնություն աշխարհի սկզբից մինչև նրա վերջը:

8 Ուստի, այն բաների պատճառով, որոնք կնքված են, այն բաները, որոնք կնքված են, չեն հանձնվի ժողովրդի ամբարշտության և պղծությունների օրը: Ուստի, գիրքը կպահվի նրանցից:

9 Բայց գիրքը կհանձնվի մի մարդու, և նա կհանձնի գրքի խոսքերը, որոնք նրանց խոսքերն են, ովքեր ննջել են փոշու մեջ, և նա կհանձնի այս խոսքերը մեկ ուրիշին.

10 Բայց խոսքերը, որոնք կնքված են, նա չի հանձնի, ոչ էլ նա կհանձնի գիրքը: Քանզի գիրքը կնքված կլինի Աստծո զորությամբ, և հայտնությունը, որը կնքված էր, կպահվի գրքում մինչև Տիրոջ հարմար ժամանակը, որպեսզի դրանք կարողանան ի հայտ գալ. քանզի ահա, դրանք բացահայտում են բոլոր բաները՝ աշխարհի հիմնադրումից մինչև նրա վերջը:

11 Եվ գալիս է օրը, երբ գրքի խոսքերը, որոնք կնքված էին, կկարդացվեն տների կտուրների վրա. և դրանք կկարդացվեն Քրիստոսի զորությամբ. և բոլոր բաները կբացահայտվեն մարդկանց զավակներին, որոնք երբևէ եղել են մարդկանց զավակների մեջ, և որոնք երբևէ կլինեն, նույնիսկ մինչև աշխարհի վերջը:

12 Ուստի, այն օրը, երբ գիրքը կհանձնվի մարդուն, որի մասին ես խոսեցի, գիրքը կթաքցվի աշխարհի աչքից, որ ոչ մեկի աչքերը չտեսնեն այն, բացառությամբ երեք ականատեսների, որ կտեսնեն այն՝ Աստծո զորությամբ, բացի նրանից, ում կհանձնվի գիրքը. և նրանք կվկայեն գրքի և նրա միջի բաների ճշմարտացիության մասին:

13 Եվ չկա մեկ ուրիշը, որը կտեսնի այն, բացի մի քանիսից, Աստծո կամքի համաձայն՝ վկայություն բերելու համար մարդկանց զավակներին, նրա խոսքի վերաբերյալ. քանզի Տեր Աստված ասել է, որ հավատարիմների խոսքերը կխոսվեն, կարծես թե դրանք մեռածների կողմից լինեն:

14 Ուստի, Տեր Աստված կսկսի առաջ բերել գրքի խոսքերը. և նա կհաստատի իր խոսքն այնքան շատ վկաների բերանով, որքան նրան բարի կթվա. և վա՜յ լինի նրան, որ մերժում է Աստծո խոսքը:

15 Բայց ահա, կլինի այնպես, որ Տեր Աստված կասի նրան, ում նա կհանձնի գիրքը. Վերցրու այս խոսքերը, որոնք կնքված չեն և հանձնի՛ր դրանք մեկ ուրիշին, որպեսզի նա կարողանա ցույց տալ դրանք ուսյալին՝ ասելով. Կարդա այս, աղաչում եմ քեզ: Եվ ուսյալը կասի. Բեր այստեղ գիրքը և ես կկարդամ դրանք:

16 Եվ արդ, աշխարհի փառքի և շահ ստանալու համար կասեն նրանք այս, և ոչ թե Աստծո փառքի համար:

17 Եվ մարդը կասի. Ես չեմ կարող բերել գիրքը, քանզի այն կնքված է:

18 Այն ժամանակ ուսյալը կասի. Ես չեմ կարող կարդալ այն:

19 Ուստի, կլինի այնպես, որ Տեր Աստված կհանձնի նորից գիրքը և դրա խոսքերը նրան, ով ուսյալ չէ. և մարդը, որն ուսյալ չէ, կասի. Ես ուսյալ չեմ:

20 Այն ժամանակ Տեր Աստված կասի նրան. Ուսյալները չեն կարդա, քանի որ մերժել են դրանք, և ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը. ուստի, դու կկարդաս խոսքերը, որոնք ես կտամ քեզ:

21 Ձեռք մի տուր այն բաներին, որոնք կնքված են, քանզի ես դրանք ի հայտ կբերեմ ինձ իսկ հարմար ժամանակ. քանզի ես ցույց կտամ մարդկանց զավակներին, որ ես ի վիճակի եմ անել իմ սեփական գործը:

22 Ուստի, երբ դու կարդացած կլինես խոսքերը, որոնք ես պատվիրել եմ քեզ և ձեռք կբերես վկաներ, որոնք ես խոստացել եմ քեզ, ապա դու պետք է կնքես գիրքը դարձյալ և թաքցնես այն ինձ համար, որպեսզի ես կարողանամ պահպանել խոսքերը, որոնք դու չես կարդացել, մինչև ես իմ իսկ իմաստությամբ հարմար կտեսնեմ բացահայտել բոլոր բաները մարդկանց զավակներին:

23 Քանզի ահա, ես եմ Աստված. և ես հրաշքների Աստված եմ. և ես ցույց կտամ աշխարհին, որ ես նույնն եմ՝ երեկ, այսօր և հավիտյան. և ես չեմ գործում մարդկանց զավակների մեջ, բացի դա լինի իրենց հավատքի համաձայն:

24 Եվ ապա կլինի այնպես, որ Տերը կասի նրան, ով կկարդա խոսքերը, որոնք կհանձնվեն իրեն:

25 Քանի որ այս ժողովուրդը մոտ է գալիս ինձ իրենց բերանով, և իրենց շուրթերով են պատվում ինձ, բայց իրենց սրտերը հեռացրել են ինձանից և նրանց երկյուղն իմ հանդեպ սովորեցվել է մարդկանց ցուցմունքներով,–

26 Հետևաբար, ես կսկսեմ մի զարմանալի գործ անել այս ժողովրդի մեջ, այո՛, զարմանալիք և զարմանք, քանզի նրանց իմաստունների և ուսյալների իմաստությունը կոչնչանա և նրանց խելամիտների հասկացողությունը կխափանվի:

27 Եվ վա՜յ նրանց, ովքեր ջանում են խորը թաքցնել իրենց խորհուրդը Տիրոջից: Եվ նրանց գործերը խավարում են, և նրանք ասում են. Ո՞վ է տեսնում մեզ, և ո՞վ գիտի մեզ: Եվ նրանք նաև ասում են. Անշուշտ բաների տակն ու վրա քո շուռ տալը կհամարվի, ինչպես բրուտագործի կավը: Բայց, ահա, ես ցույց կտամ նրանց, ասում է Զորաց Տերը, որ ես գիտեմ նրանց բոլոր գործերը: Քանզի մի՞թե գործը կասի նրան, ով արել է այն՝ նա՛ չի արել ինձ: Կամ մի՞թե ստեղծված բանը կասի նրա մասին, ով ստեղծել է այն՝ նա հասկացողություն չուներ:

28 Բայց, ահա, ասում է Զորաց Տերը. Ես ցույց կտամ մարդկանց զավակներին, որ դեռ փոքր-ինչ անց, և Լիբանանը կվերածվի մրգառատ դաշտի. և մրգառատ դաշտը կհամարվի, ինչպես անտառը:

29 Եվ այն օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և կույրերի աչքերը կտեսնեն մթությունից և խավարից:

30 Եվ հեզերը նույնպես կավելանան, և նրանց ուրախությունը կլինի Տիրոջով, և աղքատը, մարդկանց միջից, կհրճվի Իսրայելի Սուրբով:

31 Քանզի, հաստատ, ինչպես կենդանի է Տերը, նրանք կտեսնեն, որ զարհուրելին դարձվել է ոչինչ և ծաղրողն այրվում է, և բոլորը, ովքեր աչալուրջ են անօրինություն անելու, կկտրվեն.

32 Եվ նրանք, որոնք մարդուն հանցավոր են դարձնում մի բառի համար և որոգայթ են դնում նրա համար, ով հանդիմանում է դռան մոտ, և դատարկ բանի համար երես են թեքում արդարից:

33 Հետևաբար, Տերը, որ փրկագնեց Աբրահամին, այսպես է ասում Հակոբի տան մասին. Հակոբն այժմ չի ամաչելու, ոչ էլ նրա երեսն է գունատվելու:

34 Բայց երբ նա տեսնի իր զավակներին, իմ ձեռքի գործը նրա մեջ, նրանք կսրբացնեն իմ անունը, և կսրբացնեն Սուրբին Հակոբի, և կվախենան Իսրայելի Աստծուց:

35 Նրանք, նույնպես, որ սխալվել էին հոգով, կգան հասկացողության, և նրանք, ովքեր տրտնջում էին, կսովորեն վարդապետություն: