Գրադարան
Դաս 8․ Վերջին Օրերի Իսրայելի ժողովումը


Դաս 8

Վերջին Օրերի Իսրայելի ժողովումը

Նախաբան

Եկեղեցու կազմավորումից մեկ տարի անց Տերը Սրբերին պատվիրեց հավաքվել Օհայոյում (տես ՎևՈւ 37․3): Այդ ժամանակից սկսած Վերջին Օրերի Սրբերը սկսեցին հավաքվել տարբեր վայրերից, քան որ նրանք ձգտում էին հետևել ապրող մարգարեին և հիմնել ապրելու համար ապահով մի վայր։ Այս դասի ժամանակ ուսանողները կսովորեն, որ Տերը հավաքում է իր ժողովրդին, որպեսզի ուժեղացնի նրանց և նախապատրաստի ավելի մեծ օրհնություններ, ներառյալ տաճարային օրհնությունները ստանալուն (տես ՎևՈւ 84․4):

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 38․31-33, 39․15, 95․8, 110․9

Օհայոյում հավաքվելու կոչ

Ցուցադրեք «ԱՄՆ-ի Նյու Յորք, Պենսիլվանիա և Օհայո տարածքների» քարտեզը (Եկեղեցու պատմության քարտեզներ, հ․ 3), որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի վերջում, կամ այս տարածքի այլ քարտեզ։

Նկար
քարտեզ, Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան տարածքները

Հրավիրեք ուսանողներին գտնել Վերականգնման հետևյալ կարևոր իրադարձությունների ընդհանուր տարածքները․ Առաջին Տեսիլքը (Մանչեստր, Նյու Յորք), քահանայության վերականգնումը (Հարմոնի, Պենսիլվանիա) և Եկեղեցու կազմավորումը (Ֆայեթ, Նյու Յորք)։

Ապա խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը․

«Սիդնի Ռիգդոնը` նախկին քահանա և նորադարձ անդամը Կիրթլենդի տարածքից, և նրա ոչ անդամ ընկերը՝ Էդվարդ Պատրիջը, շատ էին ցանկանում հանդիպել Մարգարեին և ավելին սովորել Եկեղեցու ուսմունքների մասին։ 1830 թվականի դեկտեմբերին Ջոզեֆ Սմիթին այցելելու նպատակով նրանք ճամփորդեցին ավելի քան 250 մղոն` գալով Ֆայեթ` Նյու Յորք։ Նրանք խնդրեցին նրան հարցնել Տիրոջ կամքը իրենց և Կիրթլենդի Սրբերի համար։ Ի պատասխան, Տերը հայտնեց, որ Նյու Յորքի Սրբերը պետք է «միասին հավաքվեն Օհայոյում» (ՎևՈւ 37․3)։ Նյու Յորքում Եկեղեցու երրորդ և վերջին համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Վիթմեր ագարակում 1831 թվականի հունվարի 2-ին, Տերը կրկնեց Իր հրահանգը, [որ Եկեղեցու անդամները տեղափոխվեն Օհայո]։ … Դա այս ժամանակահատվածում Սրբերին միասին հավաքելու առաջին կոչն էր։ …

… 1831 թվականի ապրիլի կեսերին Քոլսվիլից մոտ 68 անդամներ ճանապարհ ընկան դեպի Օհայո։ Տիրոջ պատվիրանին հնազանդ էին նաև 80 Սրբեր Ֆայեթի ճյուղից և 50 անդամներ Մանչեստրի ճյուղից, որոնք թողեցին իրենց տները 1831 թվականի մայիսի սկզբներին։ … Մայիսի կեսերին Նյու Յորքից Եկեղեցու բոլոր ճյուղերը կարողացան նավով ճամփորդել Էրի լճով դեպի Օհայոյի Ֆեյրպորտ նավահանգիստ, որտեղ նրանց դիմավորեցին տեղի Սրբերը և տեղավորեցին Կիրթլենդ և Թոմսոն ավաններում։ Վերջին օրերի Իսրայելի մեծ ժողովումը սկսվեց» (Մեր ժառանգությունը. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հակիրճ պատմությունը (1996), 19–21

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38․31-33 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և բացահայտել, թե ինչ եղանակներով կօրհնվեին Սրբերը, եթե նրանք հնազանդվեին Օհայոյում հավաքվելու պատվիրանին։ Ուսանողները պետք է նշեն չորս օրհնություններ․ (1) նրանք «խույս [կտան] թշնամու իշխանությունից», (2) նրանք «[հավաքվեն Աստծո] մոտ՝ մի արդարակյաց ժողովուրդ», (3) նրանք կստանան Աստծո օրենքը և (4) նրանք «զորությամբ կօժտվեն ի վերուստ»։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ չորս օրհնությունները իրենց սուրբ գրություններում։ (Նշում․ Սուրբ գրություններում զուգահեռներ անցկացնելը կարող է օգնել ուսանողներին նկատել կարևոր գաղափարները, որ Տերը կամ մարգարեն շեշտում են։)

Գրատախտակին գրեք հետևյալը․ Տերը հավաքում է Իր ժողովրդին, որպեսզի պաշտպանի նրանց և հոգեպես ամրացնի։ Դուք կարող եք շեշտել, որ սուրբ գրություններում ժողովելու վարդապետությունը հաճախ կապվում է պաշտպանության հետ։ «Կապը հարաբերություն կամ օղակ է գաղափարների, մարդկանց, երևույթների կամ իրադարձությունների միջև, և սուրբ գրությունները լի են կապերով» (David A. Bednar, “A Reservoir of Living Water” (Brigham Young University fireside, Feb. 4, 2007), 4, speeches.byu.edu

Բացատրեք, որ ճիշտ ինչպես Տերը հին օրերում Իսրայելին տարավ Սինայ լեռը և տվեց նրանց Իր օրենքը, այդպես էլ Նա պատվիրեց Վերջին Օրերի Սրբերին հավաքվել Օհայոյում, որպեսզի նրանք կարողանան ստանալ Իր օրենքն այս տնտեսությունում (տես ՎևՈւ 38․32): Օհայոյում Տերը սկսեց հայտնել Իր օրենքը Եկեղեցուն (տես ՎևՈւ 42 բաժնի նախաբանը)։ Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է ձեր համոզմունքները և չափանիշները կիսողների հետ հավաքվելն օգնում պաշտպանել ձեզ սատանայի ազդեցությունից։

  • Ինչպե՞ս է Աստծո օրենքների ստանալն օգնում մեզ` ուժեղանալ հոգեպես:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, թե Օհայոյում Սրբերը «զորությամբ կօժտվեն ի վերուստ»:

Բացատրեք, որ խոստացված օրհնությունը՝ «զորությամբ կօժտվեք ի վերուստ», սկսեց իրականանալ, երբ Օհայոյում Սրբերի հավաքվելուց հինգ տարի անց ավարտին հասցվեցին Կիրթլենդի Տաճարի աշխատանքները։ Երկնային սուրհանդակներն այցելեցին տաճար՝ շնորհելու Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին բանալիներն ու իշխանությունը, որն անհրաժեշտ էր սուրբ արարողությունները կատարելու համար։ Տաճարի նվիրագործման ժամանակ Հոգին առատորեն հեղվեց բազմաթիվ Սրբերի վրա։ Սրբերի մի փոքրիկ խումբ տաճարում ստացավ տաճարային լվացումներ և օծումներ։ Մի քանի տարի անց Նավու քաղաքում զորությամբ օժտվելու խոստումն իրականացավ, երբ տաճարային օժտման արարողությունները ներկայացվեցին Սրբերին։ Ցուցադրեք Նավու քաղաքում Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը և խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ո՞րն էր.… Աստծո ժողովրդի ժողովման նպատակն աշխարհի որևէ դարաշրջանում։ «… Հիմնական նպատակն էր՝ կառուցել տուն Տիրոջ համար, որտեղ Նա կարող էր հայտնել Իր ժողովրդին Իր տան արարողությունները և Իր արքայության փառքերը և սովորեցնել ժողովրդին փրկության ճանապարհը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 443-444):

  • Ի՞նչ ուղիներ եք դուք տեսել, որոնցով Աստված օրհնում է Վերջին Օրերի Սրբերին, երբ նրանք հավաքվում և տաճար են կառուցում, ինչպես Նա է պատվիրել։

Վարդապետություն և Ուխտեր 45․62-67

Տերը նկարագրում է Նոր Երուսաղեմը կամ Սիոնը

Բացատրեք, որ Նյու Յորքի Սրբերի Օհայոյում հավաքվելուց քիչ ժամանակ անց թերթերում շատ կեղծ հոդվածներ և բամբասանքներ թյուր կարծիք ստեղծեցին և զրպարտեցին Եկեղեցին։ Այդ ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ պաշտոնական հավաքատեղիի՝ խաղաղության և ապահովության վայրի մասին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․62-67 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և ներկայացնել Տիրոջ նպատակները, երբ պատվիրեց Սրբերին հավաքվել և առաջ գնալ դեպի «արևմտյան շրջանները» (ՎևՈւ 45․64): Խորհեք հետևյալ հարցերի առաջադրման շուրջ.

  • Ըստ Տիրոջ խոսքերի, ի՞նչն էր «ձեր դռան շեմին»: Ի՞նչ նշանակություն ունի «ձեր դռան շեմին» արտահայտությունը ձեզ համար:

  • Ի՞նչ էր Տերը ցանկանում, որ Սրբերն անեին, երբ նրանք միասին հավաքվեցին արևմտյան շրջաններում։

  • Ինչո՞ւ պետք է նրանք հավաքեին իրենց հարստությունները: (Բացատրեք, որ ժառանգություն բառը վերաբերում է հողին, որը նրանք պետք է գնեին, որտեղ նրանք կկարողանային ապրել և երկրպագել Տիրոջը։)

  • Ինչպե՞ս պետք է կոչվեր Սրբերի ժառանգության հողը։

Բացատրեք, որ սուրբ գրություններում Սիոն բառը կարող է ունենալ մի քանի նշանակություն։ Երբեմն այն վերաբերում է Սիոնի մարդկանց և նկարագրում է նրանց որպես «սրտով մաքուրներ» (ՎևՈւ 97․21)։ Որևէ այլ տեղ Սիոնը վերաբերում է ողջ Եկեղեցուն և դրա ցցերին (տես ՎևՈւ 82․14Սիոն բառը կարող է նաև վերաբերել որոշակի աշխարհագրական տարածքների։ Վարդապետություն և Ուխտեր 45․66–67 հատվածներում Սիոնը վերաբերում է ֆիզիկական մի քաղաքի, որը Սրբերը կհիմնեին և որտեղ կհավաքվեին, երբեմն այն կոչում են Նոր Երուսաղեմ (տես նաև 3 Նեփի 20․22, 21․23, Եթեր 13․1–8, Bible Dictionary, “Zion”). Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս Տերը նկարագրեց Նոր Երուսաղեմը կամ Սիոնը: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունը․ Նոր Երուսաղեմը կլինի խաղաղության, ապաստանի և ապահովության մի վայր, և Տիրոջ փառքը կլինի այնտեղ։)

  • Ի՞նչ եղանակներով է Եկեղեցու անդամ լինելը տվել ձեզ ապահովություն և խաղաղություն, որոնք առկա են Սիոնում։

Բացատրեք, որ Եկեղեցու չորրորդ համաժողովի վերջում, որը տեղի է ունեցել 1831 թվականի հունիսին Կիրթլենդում՝ Օհայո նահանգ, Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և այլ երեցների զույգերով ճամփորդել մոտավորապես 900 մղոն դեպի Միսսուրի՝ ճանապարհին քարոզելով (տես ՎևՈւ 52, հատվածի նախաբանը): Տեղ հասնելուց հետո Մարգարեն հայտնություն ստացավ, որտեղ Միսսուրին նշվում է որպես «խոստումի երկիրը և վայրը Սիոն քաղաքի համար», իսկ Ինդիփենդենսը՝ Միսսուրի նահանգում, նշվում է որպես «կենտրոնական վայր» (ՎևՈւ 57․1–3)։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Վերջին Օրերի հարյուրավոր Սրբեր, փափագելով կառուցել Սիոն, տեղափոխվեցին Միսսուրիի տարածքի Ջեկսոն գավառը։ Ցավոք սրտի, Եկեղեցու անդամների և գավառի այլ քաղաքացիների միջև խնդիր առաջացավ, և իրավիճակն ի վերջո սրվեց։ Սրբերը ստիպված եղան դուրս գալ Ջեկսոն գավառի իրենց տներից 1833 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։

Վարդապետություն և Ուխտեր 115․5-6

Աստծո ժողովուրդն այսօր հավաքվում է Սիոնի ցցերում

Այլ ապահով և խաղաղ վայրերում հավաքվելու Սրբերի ջանքերը լուսաբանելու համար ցուցադրեք քարտեզը՝ «Եկեղեցու շարժումը դեպի արևմուտք» (Եկեղեցու պատմության քարտեզները, հ․ 6), որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի վերջում։

Նկար
քարտեզ, Եկեղեցու շարժումը դեպի արևմուտք

Բացատրեք, որ Սրբերն ի վերջո ստիպված եղան թողնելու Կիրթլենդը՝ Օհայո նահանգ, ինչպես նաև Միսսուրիի արևմտյան տարածքները։ 1839 թվականին Սրբերը սկսեցին հավաքվել Իլինոյս նահանգի Նավու քաղաքում, որտեղ նրանք մեծ քաղաք հիմնեցին։ Սակայն Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո կարճ ժամանակ անց Եկեղեցու անդամները կրկին ստիպված եղան թողնելու իրենց տները։ Նրանք տեղափոխվեցին Ռոքի լեռները և բնակավայրեր հաստատեցին Հյուսիսային Ամերիկայի ողջ արևմտյան շրջաններում, իսկ Եկեղեցու գլխավոր վարչությունը հաստատվեց Սոլթ Լեյք Սիթիում։

Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 115․5-6 հատվածները: Այնուհետև հարցրեք.

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ օրհնություններ են խոստացված նրանց, ովքեր հավաքվում են Սիոնի ցցերում: (Պատասխանները պետք է ներառեն հետևյալ ճշմարտությունը. Մենք հավաքվում ենք Սիոնի ցցերում չարից պաշտպանվելու և ապաստան գտնելու համար:)

  • Ինչպե՞ս կարող են Սիոնի ցցերը պաշտպանել և ապաստան տալ Եկեղեցու անդամներին իրենց իսկ հայրենիքում։

  • Ե՞րբ եք դուք ուժ և պաշտպանություն զգացել, երբ դուք հավաքվել եք Սրբերի հետ ձեր իսկ ծխում կամ ճյուղում:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում այսօր Եկեղեցու անդամների համար Սիոնի ցցերում հավաքվելը, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Այս վերջին տնտեսության վաղ շրջանում Սիոնում հավաքվելը ներգրավում էր Միացյալ Նահանգների մի շարք տարածքները՝ Կիրթլենդը, Միսսուրին, Նավուն և դեպի լեռները։ Սրանք միշտ ապագա տաճարների հավաքատեղեր էին։ Երկրների մեծ մասում բազմաթիվ հավատարիմ անդամներ ունենալու, ցցերի ստեղծման և տաճարների կառուցման արդյունքում ներկայիս պատվիրանն է հավաքվել ոչ թե մեկ վայրում, այլ հավաքվել մեր իսկ հայրենիքում գտնվող ցցերում։ Այնտեղ հավատարիմները Տիրոջ տանը կարող են վայելել հավերժության բոլոր օրհնությունները։ … Այսպիսով, Սիոնի ցցերը «պաշտպանություն և ապաստան [կլինեն] փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» (ՎևՈւ 115․6)» (“Preparation for the Second Coming,” Ensign or Liahona, May 2004, 8)։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Այժմ Իսրայելի ժողովումը կազմված է ճշմարիտ եկեղեցուն միանալուց և ճշմարիտ Աստծուն ճանաչելուց։ … Ուստի ցանկացած մարդ, ով ընդունել է վերականգնված ավետարանը և ով այժմ ձգտում է երկրպագել Տիրոջը իր մայրենի լեզվով և Սրբերի հետ այն երկրներում, որտեղ նա ապրում է, ենթարկվել է Իսրայելի ժողովման օրենքին և ժառանգորդն է այս վերջին օրերում Սրբերին խոստացված բոլոր օրհնություններին» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 439)։

  • Ինչպե՞ս է փոխվում Եկեղեցու կառուցած տաճարների թիվը ձեր կյանքի ընթացքում:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել` լինելով Սիոնի ցցի կամ շրջանի անդամ: Ինչպե՞ս եք դուք օրհնվել` սուրբ տաճարի շնորհիվ:

Վերջում խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել, որ օգնեն ուրիշներին ստանալ հոգևոր պաշտպանություն և ուժ, որը գալիս է Սիոնի ցցերի հավատարիմ անդամը լինելուց և սուրբ տաճարի երկրպագությունից։ Խրախուսեք ուսանողներին գործել ըստ Հոգու հուշումների, որ նրանք կարող են ստանալ։

Ուսանողի ընթերցարան