Գրադարան
Դաս 24. Նավուից հեռանալը և գաղթը դեպի արևմուտք


Դաս 24

Նավուից հեռանալը և գաղթը դեպի արևմուտք

Նախաբան

Բրիգամ Յանգի ոգեշնչված ղեկավարությամբ Սրբերն ավարտին հասցրին Նավուի Տաճարի շինարարական աշխատանքները, որտեղ նրանք սուրբ ուխտեր կապեցին` նախքան դժվարին ճամփորդությունը սկսելը դեպի իրենց նոր տունը` Ռոքի լեռներում։ Տաճարային այս ուխտերը Սրբերին ուժ և ոգեշնչում տվեցին, երբ նրանք դժվարությունների հանդիպեցին իրենց ճանապարհին։ Որպես այս հավատարիմ Սրբերի ժառանգներ, մենք կարող ենք դասեր քաղել նրանց օրինակներից և ուղի նախապատրաստել ուրիշների համար՝ վայելելու ավետարանի օրհնությունները։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Gordon B. Hinckley, “True to the Faith,” Ensign, May 1997, 65–67.

  • M. Russell Ballard, “You Have Nothing to Fear from the Journey,” Ensign, May 1997, 59–61.

  • Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 302–14, 329–36.

Ուսուցման առաջարկներ

Նավուի Տաճարի աշխատանքների ավարտը

Նկար
Նավուի Տաճարը
Նկար
Նավու Իլինոյս Տաճարը

Ցուցադրեք Նավուի Տաճարի նկարը կամ օգտագործեք վերակառուցված Նավու Իլինոյս Տաճարի նկարը (տես Ավետարանի նկարների գիրք [2009], հ. 118)։ Ասացեք ուսանողներին, որ երբ Վերջին Օրերի Սրբերը հեռացան Նավուից, նրանց կառուցած տաճարն ամբողջովին ավերվեց կրակից 1848 թվականին և ապա գրեթե լիովին քանդվեց 1850 թվականի պտտահողմի հետևանքով։ Մոտ 150 տարի անց կառուցվեց նոր տաճար, որը շատ նման էր առաջինին և նվիրագործվեց 2002 թվականի հունիսին։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի նահատակությունից հետո Սրբերն աշխատում էին Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո, որպեսզի, որքան հնարավոր է, շուտ ավարտին հասցնեին Նավուի Տաճարի կառուցումը։ Ցուցադրեք հետևյալ հայտարարությունները և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք։ Հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել զոհաբերություններին, որոնք Սրբերը կատարել են Նավուի Տաճարը կառուցելու համար․

«Ավելի քան 1000 մարդ իրենց աշխատանքը նվիրաբերեցին յուրաքանչյուր տասներորդ օրը։ Լուիզա Դեքերը` մի երիտասարդ աղջիկ, մեծապես ոգևորվել էր, որ իր մայրը վաճառել էր իրենց ճենապակյա սպասքը և անկողնու շքեղ ծածկոցը` որպես իր կողմից տաճարային նվիրատվություն։ Մյուս Վերջին Օրերի Սրբերը տաճարի կառուցմանը նվիրում էին ձիեր, կառքեր, կով, խոզ և հացահատիկ ։ Նավուի կանանց խնդրել էին իրենց ցենտերն ու պեննիները նվիրաբերել տաճարային ֆոնդին» (Մեր ժառանգությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համառոտ պատմությունը [1996], 63):

Էլիզաբեթ Թերրի Քիրբի Հյուվարդը տվել էր իր ունեցած միակ հարստությունը՝ իր ամուսնու ժամացույցը, ով վերջերս էր մահացել։ «Ես տվեցի այն Նավուի Տաճարին օգնելու համար, իսկ մնացածը, որ ես հնարավորություն էի ունեցել խնայելու, նույնիսկ վերջին երկու դոլարը, որ ունեի, միասին կազմում էին մոտավորապես 50 դոլար» (quoted in Carol Cornwall Madsen, In Their Own Words: Women and the Story of Nauvoo [1994], 180)։

Բացատրեք, որ Սրբերի հանդեպ աճող հալածանքի և Եկեղեցու թշնամիների սպառնալիքների պատճառով Եկեղեցու ղեկավարները 1845 թվականի սեպտեմբերի 24-ին հայտարարեցին, որ Սրբերը գարնանը հեռանալու էին Նավուից։ Հարցրեք ուսանողներին.

  • Ձեր կարծիքով, Նավուից հեռանալու որոշումն ինչպե՞ս կարող էր ազդել տաճարի աշխատանքներն ավարտին հասցնելու Սրբերի ջանքերի վրա:

Բացատրեք ուսանողներին, որ չնայած Սրբերը գիտեին, որ իրենք պետք է հեռանային Իլինոյսից, նախքան հեռանալը նրանք ավելի մեծ ջանքեր գործադրեցին տաճարի աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Աշխատանքների ավարտից անմիջապես հետո Տաճարի սենյակները նվիրագործվեցին, որպեսզի արարողությունները որքան հնարավոր է շուտ կատարվեին։ Նախքան իր մահը` Մարգարե Ջոզեֆ Սմիթը սպասավորել էր տաճարային օժտման արարողությունը տղամարդկանց ու կանանց փոքր խմբի համար։ 1845 թվականի դեկտեմբերի 10-ին այդ տղամարդիկ ու կանայք սկսեցին սպասավորել տաճարային արարողությունները մյուս անդամների համար` տաճարի նվիրագործված սենյակներում։ Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ հաջորդ երկու պարբերությունները, որոնք նկարագրում են Սրբերի և նրանց ղեկավարների ջանքերը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ստանային տաճարային արարողություններ` նախքան Նավուից հեռանալը․

1844-1846 թվականներին Նախագահ Բրիգամ Յանգը և Տասներկու Առաքյալները Նավուի Տաճարի կառուցման ավարտը դարձրել էին հրատապ առաջնահերթություն։ Այնտեղ կատարվում էին օժտումներ և կնքումներ` նույնիսկ մինչև շինարարական աշխատանքների ավարտը։ Բրիգամ Յանգն (1801–77) ասել է. «Այնքան մեծ էր սրբերի դրսևորած հուզմունքը տաճարային օրհնություններ ստանալու վերաբերյալ, և այնքան շատ էր հուզմունքը մեր կողմից` նրանց ծառայելու համար, որ ես իմ անձը ամբողջովին նվիրաբերել էի գիշեր ու ցերեկ Տաճարում Տիրոջ գործին, քնելով օրական չորս ժամ և տուն էի գնում շաբաթը մեկ անգամ» (History of the Church, 7:567)։

Ի լրումն տաճարում աշխատող տղամարդկանց՝ «երեսունվեց կանայք դարձան տաճարային աշխատողներ Նավուի Տաճարում, 1845-1846 թվականների ձմռանն աշխատելով ամբողջ օրը, որպեսզի նախքան հեռանալը հնարավորինս շատերի արարողությունները սպասավորեին։ «Ես աշխատում էի Տաճարում ամեն օր առանց ընդմիջման՝ մինչև փակվելը», հիշում էր Էլիզաբեթ Էն Ուիթնին՝ երեսունվեցից մեկը։ «Ես այդ առաքելությանն էի նվիրել իմ անձը, իմ ժամանակը և ուշադրությունը»։ Բազմաթիվ այլ կանայք լվանում էին հագուստները և ուտելիք էին պատրաստում, որը ֆիզիկապես աջակցում էր այդ մեծ գործին» (Carol Cornwall Madsen, “Faith and Community: Women of Nauvoo,” in Joseph Smith: The Prophet, The Man, ed. Susan Easton Black and Charles D. Tate Jr. [1993], 233–34)։

Բացատրեք, որ 1845 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 1846 թվականի փետրվարի 7-ը՝ այն օրը, երբ Սրբերը սկսեցին իրենց գաղթը դեպի արևմուտք, մոտավորապես 5615 Սրբեր Նավուի Տաճարում ստացան օժտման արարողությունը և բազմաթիվ ընտանիքներ կնքվեցին այնտեղ։

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել տաճարի աշխատանքներն ավարտին հասցնելու Սրբերի զոհաբերություններից, որ նրանք կատարում էին նույնիսկ այն ժամանակ, երբ գիտեին, որ շուտով հեռանալու էին Նավուից։ (Ուսանողները կարող են ներկայացնել տարբեր սկզբունքներ, ինչպես օրինակ հետևյալը․ Տաճարային արարողությունները ստանալու համար արժե գործադրել մեր բոլոր արդար ջանքերը և զոհաբերությունները։ Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին` դրան կարևորություն տալու համար։)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող էր տաճարային արարողություններ ստանալը նախապատրաստել նրանց, ովքեր հեռանում էին Նավուից՝ ճամփորդելու հազարավոր մղոններ, որպեսզի ապաստան գտնեին Միացյալ Նահանգների արևմուտքում։

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, ցուցադրեք Քույր Սառա Րիչի և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ խոսքերը և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Սառա Րիչ

«Եթե չլիներ այն հավատը և գիտելիքը, որը տրվել էր մեզ այդ տաճարում Տիրոջ Հոգու ազդեցության և օգնության շնորհիվ, մեր ճամփորդությունը նման կլիներ խավարի մեջ թռիչք կատարելուն» (Սառա Րիչ, Իմ արքայության դուստրերը․ Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը [2011], 30

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Մեր ռահվիրա նախնիները կնքվեցին միմյանց հետ որպես ընտանիքներ Նավու քաղաքում։ Նավուի Տաճարում Տիրոջ հետ կապած նրանց ուխտերը պաշտպանություն էին նրանց համար դեպի արևմուտք կատարած ճամփորդության ժամանակ, ինչպես որ մեզանից յուրաքանչյուրիս համար այսօր և մեր ողջ կյանքի ընթացքում։ …

Վաղ շրջանի այս Սրբերի համար տաճարային արարողություններին իրենց մասնակցությունը առանցքային նշանակություն ունեցավ նրանց վկայությունների համար, երբ նրանք հանդիպեցին դժվարությունների, զայրացած ամբոխին, քշվեցին Նավուի հարմարավետ տներից և սկսեցին երկար ու դժվարին ճամփորդությունը։ Նրանք սուրբ տաճարում օժտվեցին զորությամբ: Ամուսինը և կինը կնքվեցին միմյանց հետ: Երեխաները կնքվեցին իրենց ծնողների հետ: Նրանցից շատերը ճանապարհին կորցրեցին իրենց ընտանիքի անդամներին, բայց նրանք գիտեին, որ դա իրենց համար վերջը չէր: Նրանք տաճարում կնքվել էին ողջ հավերժության համար» (Robert D. Hales, “Temple Blessings,” New Era, Feb. 2014, 4)։

Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ ազդեցություն էին ունեցել տաճարային արարողությունների ստանալը վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերի վրա, ովքեր ստիպված էին եղել երկար ճանապարհ կտրել դեպի արևմուտք։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը․ Տաճարային արարողությունները կարող են ապահովություն և ուժ տալ մեզ, երբ մենք հանդիպենք դժվար ժամանակների և հակառակության։

  • Ինչպե՞ս է տաճարային երկրպագությունը փորձության պահերին պաշտպանել և ամրացրել ձեզ կամ նրանց, ում դուք ճանաչում եք :

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել Տիրոջ տանը երկրպագելու միջոցով ավելի մեծ հոգևոր պաշտպանություն և ուժ գտնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 136

Տիրոջ հրահանգները նրանց, ովքեր ճամփորդում էին դեպի արևմուտք

Նկար
քարտեզ, Եկեղեցու տեղափոխվելը արևմուտք

Հրավիրեք ուսանողներին բացել Եկեղեցու Պատմության Քարտեզները, հ․ 6, «Եկեղեցու շարժումը դեպի արևմուտք», և խնդրեք նրանց գտնել Նավուն և Վինթեր Քուորթերսը։ Բացատրեք, որ հորդառատ անձրևների և բավարար պաշարներ չունենալու պատճառով 1846 թվականի փետրվարին Նավուից հեռացած Սրբերից պահանջվեց չորս ամիս, որպեսզի ճամփորդեին 300 մղոն՝ Այովա նահանգը հատելու համար։ Այդ ընթացքում ավելի քան 500 Վերջին Օրերի Սրբերի տղամարդիկ, ովքեր հայտնի դարձան որպես Մորմոնական գումարտակ, լսեցին Նախագահ Բրիգամ Յանգի կոչը, որպեսզի զինվորագրվեին Միացյալ Նահանգների բանակին և մասնակցեին Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև սկսված պատերազմին ։ Որոշ տղամարդկանց միացան նաև իրենց կանայք և երեխաները: Իրենց ծառայության արդյունքում նրանք գումար էին վաստակելու՝ օգնելու Եկեղեցու աղքատ անդամներին ճամփորդել դեպի արևմուտք, սակայն շատ ընտանիքներ դեպի արևմուտք ճամփորդելու ճանապարհի կեսն անցան առանց ամուսինների և հայրերի։ Այդ պատճառով Եկեղեցու ղեկավարները որոշեցին չշարունակել ճանապարհը դեպի արևմուտք գտնվող Ռոքի լեռները մինչև 1847 թվականի գարունը։ Սրբերը կանգ առան մի վայրում, որը կոչեցին Վինթեր Քուորթերս։ Այդտեղ էր, որ Բրիգամ Յանգը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 136-ում տրված հայտնությունը:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդան Վարդապետություն և Ուխտեր 136․1-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե Տերը ի՞նչ կարգադրեց Սրբերին անել, որպեսզի նախապատրաստվեին շարունակել իրենց ճամփորդությունը դեպի արևմուտք։

  • Ինչպե՞ս պետք է կազմավորվեին խմբերը: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող էր այս կազմավորումը օգնել Սրբերին իրենց ճամփորդության ժամանակ:

  • Ինչո՞վ է նման այս կազմավորումը Եկեղեցու ներկայիս կառուցվածքին։ (Ուսանողների պատասխաններից հետո դուք կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը. Տերը Իր Սրբերին կազմավորեց խմբերով, որպեսզի յուրաքանչյուր անձնավորություն առաջնորդություն ստանա և նրա համար հոգ տարվի:)

  • Ի՞նչ է ուսուցանում հատված 4-ն այն մասին, թե ինչպես կարող են Սրբերը ուժ ստանալ Տիրոջ կամքը կատարելու իրենց ջանքերում։

Հանձնարարեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 136․6-11 հատվածները` փնտրելով, թե ինչպես պետք է սրբերը կազմավորված լինեին, որպեսզի հոգային միմյանց կարիքները և աջակցեին աղքատներին ու կարիքավորներին` դեպի արևմուտք ճամփորդելու ընթացքում։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, խորհեք հետևյալ հարցերը տալու մասին, որպեսզի քննարկում կազմակերպեք.

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են 6-11 հատվածներում նշում, թե ինչպես պետք է Սրբերը հոգ տանեին միմյանց և նրանց համար, ովքեր կարիքի մեջ էին։ (6,7 և 9 հատվածներում կարող եք ընդգծել «նախապատրաստվել» բառը: Սա կկենտրոնացնի ուշադրությունը սուրբ գրությունների ուսումնասիրության կրկնությունները նկատելու հմտության վրա։)

  • Համաձայն հատված 11-ի` Տերն ի՞նչ խոստացավ նրանց, ովքեր ջանում են օգնել ուրիշներին և ուղի պատրաստել նրանց համար: (Մինչ ուսանողները պատասխանում են, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Տերը կօրհնի մեզ, երբ մենք օգնենք ուրիշներին և ուղի պատրաստենք նրանց համար:)

  • Ո՞վ է ուղի պատրաստել ձեզ համար, որպեսզի վայելեք ավետարանի օրհնությունները: Ի՞նչ են արել նրանք, որպեսզի ուղի պատրաստեն ձեզ համար:

Դուք կարող եք բացատրել, որ ռահվիրա բառը կարող է սահմանվել որպես մեկը, ով գնում է առջևից՝ ճանապարհ պատրաստելու կամ բացելու ուրիշների համար, ովքեր գալիս են իր հետևից, նկատի ունենալով, որ մենք բոլորս էլ կարող ենք որոշ առումով ռահվիրա լինել։ Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի խորհեն, թե ինչ կարող են անել, որպեսզի օգնեն ուրիշներին և ուղի պատրաստեն նրանց համար՝ վայելելու ավետարանի օրհնությունները։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով: Վկայեք, որ Տերը ցանկանում է, որ մենք մեր ողջ կյանքի ընթացքում ձգտենք օգնել ուղի պատրաստել, որ Իր զավակներից յուրաքանչյուրը ստանա ավետարանը և վերադառնա ապրելու Իր հետ։

Բացատրեք, որ Սրբերը հնազանդվել են Տիրոջ պատվիրաններին՝ օգնելով միմյանց և ուղի պատրաստելով նրանց համար, ովքեր գալու էին իրենցից հետո։ Ռահվիրաների առաջին խումբը հեռացավ Վինթեր Քուորթերսից 1847 թվականի ապրիլի 5-ին։ Նրանք ճամփորդեցին ավելի քան 1000 մղոն և 1847 թվականի հուլիսի վերջին հասան Սոլթ Լեյքի հովիտ։ 1847 թվականի հուլիսի 24-ին Նախագահ Բրիգամ Յանգը մտավ հովիտ և հաստատ զգացողություն ունեցավ, որ Սրբերը գտել էին իրենց նոր տունը։

Ցուցադրեք Յոթանասունի նախկին անդամներից Երեց Վիլյամ Ռ․ Վոքերի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք․

Նկար
Երեց Վիլյամ Ռ. Վոքեր

«Անկախ այն բանից, դուք հանդիսանում եք պիոներների հետնորդ, թե` ոչ, մորմոն պիոներների հավատքի և զոհաբերության ժառանգությունը ձեր ժառանգությունն է: Դա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ազնվազարմ ժառանգությունն է» (“Live True to the Faith,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 97)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամը հասկանա, որ «մորմոն պիոներների հավատքի և զոհաբերության ժառանգությունը» իրենց ժառանգությունն է՝ անկախ իրենց ծագումից:

  • Ինչպե՞ս կարող է մորմոն ռահվիրաների ճամփորդության մասին սովորածը այսօր ոգեշնչել Եկեղեցու անդամներին` ուրիշներին ծառայելու ջանքերում և օգնել նրանց` Երկնային Հոր մոտ վերադառնալու իրենց ճամփորդության ժամանակ։

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910–1995) հետևյալ միտքը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Այսօր [ռահվիրաների] մեծ փորձը փոխանցվել է մեզ։ Հուսով եմ, որ մենք շնորհակալ ենք դրա համար։ Հուսով եմ, որ մենք մեր սրտում խորը երախտագիտություն ենք զգում այն ամենի համար, որ նրանք արել են մեզ համար։ …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որքան օրհնված ենք մենք։ Ի՜նչ հրաշալի ժառանգություն մենք ունենք։ Այն ներառել է զոհաբերություն, տառապանք, մահ, տեսլական, հավատ, գիտելիք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը և Նրա Որդին` հարություն առած Հիսուս Քրիստոսը: …

Մենք առավելագույնս պատվում ենք նրանց, ովքեր անցել են մեզանից առաջ, երբ լավագույնս ծառայում ենք ճշմարտության գործին» (“True to the Faith,” Ensign, May 1997, 66–67)։

Հիշեցրեք ուսանողներին, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ օրհնված է ուրիշների կողմից, ովքեր ուղի են պատրաստել նրանց համար՝ վայելելու ավետարանի օրհնությունները։ Ուսանողներին հորդորեք մտածել, թե իրենք ինչ կարող են անել` նախապատրաստելու ուրիշներին և իրենց սերունդներին, որպեսզի իրենց կյանքում առկա լինի հավատքը և հնազանդությունը առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Ուսանողի ընթերցարան