Գրադարան
Դաս 19. Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը


Դաս 19

Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը

Նախաբան

Հիսուս Քրիստոսի ավետարանը շեշտում է այն վարդապետությունը, որ ամուսնությունը և ընտանիքը կարգված են Աստծո կողմից։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Հարությունից հետո ամուսնացած զույգերը կարող են շարունակել ամուսիններ մնալ։ Տիրոջ կողմից տրված հայտնությունը բացատրում է, որ «ամուսնության նոր և հավիտենական ուխտը» (ՎևՈւ 131․2) անհրաժեշտ է վեհացում ստանալու համար։ Այս դասը ուսանողներին կօգնի պարզ հասկանալ, որ հավերժական ամուսնության համար զույգը պետք է կնքվի մեկի կողմից, ով կրում է քահանայության բանալիները, իսկ հետո ապրի արդար կյանքով։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ռասսել Մ. Նելսոն, «Սելեստիալ ամուսնություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 92-95:

  • David A. Bednar, “Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 82–87.

  • Joshua J. Perkey, “Why Temple Marriage?” New Era, Aug. 2013, 30–32.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 49․15–17, 131․1–4

«Ամուսնության նոր և հավիտենական ուխտը»

Նշում․ Երբ դուք ուսուցանեք այս դասը, հաշվի առեք, որ գուցե ունեք ուսանողներ, ովքեր ունեցել են բարդ ընտանեկան կյանք կամ ամուսնության և երեխաներ ունենալու հետ կապված վիշտ ու ցավ։ Ձեր դասին նախապատրաստվելիս և ուսուցանելու ընթացքում հաշվի առեք այդ ուսանողների կարիքները։

Ասացեք ուսանողներին, որ 1831 թվականին Կիրթլենդում՝ Օհայո, Լեման Քոփլին միացել էր Եկեղեցուն։ Նա եղել էր Քրիստոսի երկրորդ հայտնությանը հավատացողների միացյալ ընկերության անդամ, որոնց սովորաբար կոչում էին Շեյքերներ` նրանց երկրպագության ձևի համար, որը ներառում էր նրանց մարմինների շարժումները, մինչ նրանք երգում էին, պարում և ծափ տալիս երաժշտության տակ։ Լեման Քոփլինը հավատում էր ավետարանին, նաև հավատում էր Շեյքերների որոշ ուսմունքներին։ Նա այցելեց Ջոզեֆ Սմիթին և տեսիլքի միջոցով Տերը նրան 1831 թվականի մայիսի 7-ին տվեց մի հայտնություն, որն այսօր հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտեր 49 բաժին։ (Վարդապետություն և Ուխտերի նախկին հրատարակություններում բաժնի նախաբանում այս ամսաթվի փոխարեն նշվում էր 1831 թվականի մարտը։ Պատմաբանները վերջերս պարզել են, որ ավելի ստույգ ամսաթիվը 1831 թվականի մայիսի 7-ն է։)

Շեյքերները մերժում էին ամուսնությունը և ընդունում ողջ կյանքում ամուրի մնալու համոզմունքը (զերծ մնալով սեռական հարաբերություններից): Տերը հայտնության միջոցով ուղղեց այս սխալ վարդապետությունը և նաև պատվիրեց Լեման Քոփլիին և ուրիշներին` քարոզել ավետարանը Շեյքերներին։

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49․15-17 հատվածները` փնտրելով, թե ինչ ասաց Տերը՝ ամուսնության և ընտանիքի կարևորության մասին։ Հարցրեք.

  • Համաձայն այս հատվածների, Տերն ի՞նչ է ուսուցանում ամուսնության վերաբերյալ: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունը․ Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ ամուսնությունը կարգված է Աստծո կողմից, «որպեսզի երկիրը կատարի իր ստեղծման նպատակը»: (Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալ ճշմարտությունները․ Ամուսիններին պատվիրված է երեխաներ ունենալ։ Երկիրը ստեղծվեց, որպեսզի ապահովեր մի վայր, որտեղ Աստծո զավակները կարող են ապրել որպես ընտանիքներ։)

  • Այս հատվածներում ուսուցանված ճշմարտությունների ըմբռնումը ինչպե՞ս կարող է օգնել մեզ` բացատրել ամուսնության վերաբերյալ Եկեղեցու ուսմունքները։

Բացատրեք, որ հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետության կարևորության վերաբերյալ Սրբերի հասկացողությունը տարիներ անց մեծապես աճեց։ 1843 թվականի մայիսի 16-ին Ջոզեֆ Սմիթը մեկնեց Ռեյմուս՝ Իլինոյս։ Երբ Մարգարեն հյուրընկալվեց Բենիամին և Մելիսա Ջոնսոնների տանը, ուսուցանեց նրանց հավերժական ամուսնության մասին։ Ռեյմուսում տրված Մարգարեի որոշ հրահանգներ գրված են Վարդապետություն և Ուխտեր 131-ում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 131․1-4 հատվածները, այնուհետև հարցրեք․

  • Մենք ի՞նչ պետք է անենք սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին հասնելու համար։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունը․ Սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին հասնելու համար մենք պետք է մտնենք ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ: Բացատրեք, որ նոր բառը այս համատեքստում նշանակում է, որ այս ուխտը նոր է վերականգնվել մեր տնտեսությունում։ Հավիտենական եզրույթը նշանակում է, որ այս ուխտը միշտ գոյություն է ունեցել և կշարունակվի ողջ հավերժության մեջ։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ սահմանումներն իրենց սուրբ գրությունների լուսանցքում։)

  • Ինչպե՞ս են տղամարդը և կինը մեր օրերում մտնում «ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ»:

Շեշտեք, որ տղամարդիկ և կանայք կարող են մտնել ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ միայն սուրբ տաճարների ներսում: Անհատները, ովքեր ամուսնացել են տաճարից դուրս, իրենց ամուսնության երդումներում կարող են ներառել «ամուսնացած ժամանակի և հավերժության համար» եզրույթները, սակայն Աստված չի պատվի այդ ամուսնությունները հավերժության մեջ։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք։ Խրախուսեք ուսանողներին փնտրել Երեց Նելսոնի միտքն այն մասին, թե ինչու էր հավերժական ամուսնությունն այդքան կարևոր․

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ամուսնության թեման շատ է քննարկվում աշխարհով մեկ, որտեղ գոյություն ունեն համատեղ կյանքի մի քանի տարբերակներ: Խոսելով այս թեմայի մասին՝ իմ ելույթի նպատակն է հայտարարել որպես Տիրոջ Առաքյալ, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև սուրբ է. այն կարգված է Աստծո կողմից: Ես նաև հաստատում եմ տաճարային ամուսնության առաքինությունը: Դա ամուսնության ամենաբարձր և հարատև տարբերակն է, որը մեր Արարիչը կարող է առաջարկել իր զավակներին:

Փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է: …

Հավերաժական կյանքին արժանանանալու համար մենք պետք է հավերժական և հավիտենական ուխտ կապենք մեր Երկնային Հոր հետ [տես ՎևՈւ 132․19]։ Սա նշանակում է, որ տաճարային ամուսնությունը ոչ միայն ամուսնու և կնոջ միջև է. այն ընդգրկում է նաև Աստծո հետ ընկերակցությունը [տես Մատթեոս ԺԹ․6]» («Սելեստիալ ամուսնություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 92–93)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունի այս նախադասությունը․ «Փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է»:

  • Ի՞նչ է նշանակում «Աստծո հետ ընկերակցություն» ձեռք բերելը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ամուսնության մեջ Աստծո հետ ընկերակցություն ունենալը: (Միայն ամուսնության դեպքում է անհատը ուխտ կապում մեկ ուրիշի և Աստծո հետ։ Ավետարանի մյուս բոլոր ուխտերը կապվում են անհատի և Աստծո միջև:)

  • Ինչպե՞ս կարող է հավերժական ամուսնության և ընտանիքի վերականգնված վարդապետությունը մեծացնել սիրառատ և հարատև ամուսնություն ունենալու անհատի ցանկությունը։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Փարլի Պ․ Պրատը (1807–57) բացատրել է, թե ինչ ազդեցություն է ունեցել նրա վրա այս վերականգնված վարդապետության վերաբերյալ գիտելիքը։ Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ հետևյալը.

Նկար
Երեց Փարլի Պ. Պրատ

«[Ջոզեֆ Սմիթն] էր, որ ինձ ուսուցանեց, որ իմ կինը՝ իմ սրտակից ընկերը, կարող է լինել ինձ հետ ժամանակի և ողջ հավերժության ընթացքում։ … Նրանից էր, որ ես սովորեցի, որ մենք պետք է ձեռք բերենք այդ կապվածությունը և զարգանանք ու աճենք նույն կերպ ողջ հավերժության մեջ, մինչ մեր անվերջ միության արդյունքում կունենանք սերունդ՝ այնքան անթիվ, որքան երկնքի աստղերը կամ ծովի ավազը։ … Ես սիրել եմ նախկինում, սակայն չեմ իմացել, թե ինչու։ Բայց այժմ ես սիրում եմ անկեղծորեն՝ բարձրացնող և վեհացնող խանդավառությամբ» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 297–98)։

Նախքան դասի շարունակելը խելամիտ կլինի հակիրճ ձևով քննարկել հետևյալը․

«Չնայած Եկեղեցու որոշ անդամներ ցանկանում են ամուսնանալ, նրանք մնում են միայնակ ոչ իրենց մեղքով։ Եթե դուք գտնվում եք այդ վիճակում, համոզված եղեք, որ «Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին» (Հռովմայեցիս Ը․28)։ Երբ դուք մնում եք արժանավոր, մի օր` այս կամ հաջորդ կյանքում, ձեզ կտրվեն հավերժական ընտանեկան հարաբերությունների բոլոր օրհնությունները» (Հավատքին Հավատարիմ [2004], 17

Վարդապետություն և Ուխտեր 132․1-21

Սելեստիալ ամուսնությունը էական է վեհացման համար

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 131-ում գրված հրահանգները տալուց գրեթե երկու ամիս անց Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որն այժմ հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտեր 132։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132 բաժնի նախաբանը: Բացատրեք, որ բազմակնության կիրառմանը կանդրադառնանք հաջորդ դասին: Հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132.3-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել բառեր ու արտահայտություններ, որոնք նկարագրում են ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ մտնելու կարևորությունը։ Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են այս հատվածներում պարզաբանում հավերժական ամուսնության կարևորությունը։

  • Որո՞ն ք են այդ վարդապետությունը մերժելու հետևանքները: (Դուք կարող եք բացատրել, որ նզովված բառը նշանակում է, որ մարդու հավերժական զարգացումը կանգ է առնում։)

Նշում․ Մի քանի րոպե տրամադրեք և շեշտեք գլխավոր բառերն ու արտահայտությունները նկատելու սուրբ գրությունների ուսումնասիրության կարևոր հմտությունը, որը նրանք հենց նոր օգտագործել են Վարդապետություն և Ուխտեր 132․3-6 հատվածների հետ կապված։ Սուրբ գրություններն ուսումնասիրելիս կարևոր է նկատել և հասկանալ բառերն ու արտահայտությունները։ 3-6 հատվածներում կարևոր է հասկանալ հետևյալ արտահայտությունները․ «ընդունես և հնազանդվես», «պետք է հնազանդվեն», «եթե դու չմնաս այդ ուխտի մեջ, ապա դու նզովված ես», «ոչ ոք չի կարող մերժել», «պարտավոր է և պետք է»։ Այս արտահայտություններից մի քանիսը նաև սուրբ գրությունների գաղափարների միջև եղած կապերի օրինակներ են։ Առնչությունները ցույց են տալիս հարաբերություն կամ կապ գաղափարների միջև։ Օրինակ, հատված 3-ը ցույց է տալիս նախապատրաստվելու, ընդունելու և հնազանդվելու գաղափարների միջև կապը։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132․7-8 հատվածները, ուշադրություն դարձնելով Տիրոջ օրենքի պայմաններին, որոնք հնարավոր են դարձնում ամուսնուն և կնոջը` ապրելու որպես ամուսնացած զույգ այս կյանքից հետո։

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ անհրաժեշտ պայմաններ կան, որպեսզի ամուսնությունը հավերժ լինի: (Մինչ ուսանողները պատասխանում են, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Երբ ուխտը կապվում է քահանայության պատշաճ իշխանությամբ և կնքվում Խոստումի Սուրբ Հոգով, այն հավերժ կլինի։)

Կիսվեք Խոստումի Սուրբ Հոգու վերաբերյալ հետևյալ սահմանումով․ «Սուրբ Հոգին Խոստումի Սուրբ Հոգին է (Գոր․ Բ․33): Նա հաստատում է մարդկանց արդար գործերի, արարողությունների և ուխտերի ընդունելի լինելն Աստծո կողմից։ Խստումի Սուրբ Հոգին Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգի», scriptures.lds.org):

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի (1915–85) հետևյալ հայտարարությունը ցուցադրելու մասին.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Կնքել` նշանակում է հաստատել, արդարացնել կամ վավերացնել։ Այդպիսով, գործողությունը, որը կնքված է Խոստումի Սուրբ Հոգով, հաստատված է Սուրբ Հոգով, այն, ինչը վավերացված է Տիրոջ կողմից, և անհատը, ով իր վրա է վերցրել պարտավորությունը, արդարացված է Հոգով այն բաներում, որոնք նա արել է։ Վավերացման հաստատող կնիքը դրվում է գործողության վրա միայն այն դեպքում, երբ նրանք, ովքեր պայմանագիր են կնքում, անձնական արդարակեցության արդյունքում արժանի են ստանալու աստվածային թույլտվություն» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 361–62)։

Տերը շարունակեց ուրվագծել հավերժական ամուսնության համար անհրաժեշտ պայմաններն ու օրհնությունները, ինչպես դրանք տրված են Վարդապետություն և Ուխտեր 132.19-21-ում: Այս հատվածն ուսումնասիրելու համար ուսանողներին հանձնարարեք աշխատել զույգերով։ Զույգերին խնդրեք կազմել երկու ցանկ․ (1) հավերժական ամուսնության պայմանները և (2) օրհնությունները, որոնք ստանում ենք, երբ կատարում ենք այդ պայմանները։ Երբ նրանք ավարտեն, ցանկերը կարող են ներառել հետևյալը․

Հավերժական ամուսնության պայմանները

  • Ամուսնությունը պետք է կատարվի համաձայն Տիրոջ օրենքի և «նոր ու հավիտենական ուխտի»։

  • Ամուսնությունը պետք է կնքվի Խոստումի Սուրբ Հոգով։

  • Ամուսնությունը պետք է կատարվի մեկի կողմից, ով կրում է քահանայության բանալիները:

  • Ամուսնացած զույգը պետք է մնա Աստծո ուխտի մեջ։

Ստացվող օրհնությունները

  • Ամուսնացած զույգը առաջ կգա Առաջին Հարության մեջ։

  • Ամուսնացած զույգը կժառանգի գահեր, թագավորություններ, իշխանություններ, զորություններ, տիրապետություններ և բոլոր բարձրությունները և խորությունները:

  • Ֆիզիկական մահից հետո ամուսնությունն ամբողջությամբ ուժի մեջ կլինի։

  • Ամուսնացած զույգը կանցնի հրեշտակների մոտով։

  • Ամուսնացած զույգը կվեհացվի և փառք կունենա բոլոր բաներում։

  • Ամուսնացած զույգը կունենա «սերունդների շարունակությունը հավիտյանս հավիտենից» (նրանց ընտանիքը և սերունդները կշարունակվեն ողջ հավերժության մեջ, նրանք կունենան հավերժական զարգացում):

  • Ամուսնացած զույգը աստվածներ կլինեն և չեն ունենա վերջ։

  • Ամուսնացած զույգը կլինի բոլոր բաներից վեր և կունենա ողջ զորությունը, և բոլոր բաները ենթակա կլինեն նրանց։

Քննարկեք հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հավերժական ամուսնության անհրաժեշտ պայմանները և խոստացված օրհնությունները․

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «մնալ» ամուսնական ուխտի մեջ: (Դուք կարող եք բացատրել, որ մնալ բառի իմաստներից մեկը շարունակելն է։ Դա նաև նշանակում է ապրել համաձայն ուխտի։

  • Ինչո՞ւ տաճարում կնքված լինելն ինքնին բավարար չէ հավերժական ամուսնությանը հասնելու համար։

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ մտածում եք այն մասին, թե ի՞նչ է ձեզ խոստանում Երկնային Հայրը:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Սելեստիալ ամուսնությունը հավերժական կյանքին նախապատրաստվելու առանցքային կետն է: Այն պահանջում է, որ մարդ ամուսնանա ճիշտ մարդու հետ, ճիշտ վայրում, ճիշտ իշխանությամբ և հավատարմորեն հնազանդվի այդ սրբազան ուխտին: Այն ժամանակ մարդը կարող է համոզված լինել Աստծո արքայության մեջ վեհացում ձեռք բերելու հարցում («Սելեստիալ ամուսնություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 94)։

  • Ինչպե՞ս կբացատրեք նրան, ով Եկեղեցու անդամ չէ, «ճիշտ վայրում, ճիշտ իշխանությամբ» ամուսնանալու կարևորությունը։

  • Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետության կարևորությունը իմանալուց հետո դուք ի՞նչ կարող եք անել այժմ, որպեսզի նախապատրաստվեք հավերժական ամուսնության և ամուր հարաբերություններ ստեղծելու համար։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ի՞նչ անհրաժեշտ փոփոխություն կարող են կատարել իրենց կյանքում, որպեսզի ավելի լավ պատրաստված լինեն տաճարային կնքման համար, կամ որպեսզի պահեն այդ կնքման հետ կապված ուխտերը։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ հավերժական ամուսնությանը ձգտելը արժանի է մեր զոհաբերությանը և ջանքերին։

Ուսանողի ընթերցարան