Գրադարան
Դաս 18. Սփոփող Միությունը և Եկեղեցին


Դաս 18

Սփոփող Միությունը և Եկեղեցին

Նախաբան

«Սփոփող Միությունը պատրաստում է կանանց հավերժական կյանքի օրհնություններին, օգնելով նրանց մեծացնել իրենց հավատը և անձնական արդարակեցությունը, ամրացնել ընտանիքները և տները և օգնել կարիքի մեջ գտնվողներին («Սփոփող Միության նպատակը», lds.org/callings/relief-society/purposes): Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Սփոփող Միության կազմավորումը և դրա նպատակները: Ուսանողները նաև կտեսնեն, որ կանայք մեծ հնարավորություններ և պարտականություններ ունեն Աստծո արքայությունը կառուցելու գործում, որոնք հատուկ են իրենց:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 25

Էմմա Սմիթին տրված Տիրոջ հրահանգները

Ցուցադրեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի (1895–1985) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Վերջին օրերում Եկեղեցում մեծ աճ տեղի կունենա հիմնականում այն պատճառով, որ աշխարհի լավ կանանցից շատերը … կմիանան Եկեղեցուն։ Սա տեղի կունենա այնքանով, որքանով Եկեղեցու կանայք արդարակեցություն և միասնություն կցուցաբերեն իրենց կյանքում և որքանով Եկեղեցու կանայք աշխարհի կանանցից կտարբերվեն իրենց դրական առանձնահատկություններով» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 222–23):

  • Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ խորհում եք այս խոսքերի շուրջ:

  • Դուք ճանաչո՞ւմ եք կանանց, ովքեր արդարակեցության լավ օրինակ են հանդիսանում։ Ինչպե՞ս են նրանք փոխել այն մարդկանց կյանքը, ովքեր ճանաչում են իրենց:

Բացատրեք, որ այս դասը կենտրոնանալու է այն ուղիների վրա, որոնցով Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում Սփոփող Միությունն օրհնում է Երկնային Հոր դուստրերին և որդիներին։

Խնդրեք ուսանողներին բացել Վարդապետություն և Ուխտեր 25 բաժինը և աչքի անցկացնելով նախաբանը, գտնել այն անձին, ում հետ Տերը խոսում է այս հայտնության մեջ։ Ապա բարձրաձայն կարդացեք հատված 3-ը։ Բացատրեք ուսանողներին, որ Տիրոջ աչքում Էմմա Սմիթը «ընտրյալ տիկին» էր։ Նավու քաղաքում տեղի ունեցած Կանանց Սփոփող Միության առաջին ժողովի ժամանակ Ջոզեֆ Սմիթը բացատրեց, որ «ընտրյալ նշանակում է ընտրված լինել որոշակի գործի համար»։ Նա նաև ասել է, որ Էմմա Սմիթին տրված հայտնությունն «իրականացավ, երբ Քույր Էմման ընտրվեց ծառայելու [Սփոփող] Միության Նախագահությունում» (History of the Church, 4:552–53)։ Դասարանը կիսեք երկու մասի և հրավիրեք մի կեսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 25.4-9 հատվածները, իսկ մյուս կեսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 25.10-15-ը: Հրավիրեք ուսանողներին գտնել այն հանձնարարությունները կամ կոչումները, որոնք Տերը տվեց Էմմա Սմիթին։ Նրանք կարող են կազմել այդ պարտականությունների ցանկը կամ նշել դրանք իրենց սուրբ գրություններում։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով։

  • Այս պարտականությունների կատարումը ինչպե՞ս էր նպաստելու Եկեղեցու աճին։

  • Տերն ի՞նչ օրհնություններ խոստացավ Էմմա Սմիթին, եթե նա հնազանդվեր Իր պատվիրաններին:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 25․16 հատվածը:

  • Մինչ սա Էմմա Սմիթին տրված հայտնություն էր, ապա ինչպե՞ս կարող են Էմմային ուղղված Տիրոջ խոսքերը մեզ վերաբերել։ (Հնազանդության և ավետարանի այլ սկզբունքների վերաբերյալ ուսմունքները, որոնք ուսուցանված են այս հայտնության մեջ, վերաբերում են յուրաքանչյուր մարդու։ [Նշում․ Բացատրեք, որ սուրբ գրությունները մեր իսկ փորձառություններին նմանեցնելը սուրբ գրությունների ուսումնասիրման կարևորագույն հմտությունն է, որն օգնում է մեզ տեսնել նմանություններ մեր և սուրբ գրություններում նշված անհատների փորձառությունների միջև:])

Երբ ուսանողները կիսվեն այս հարցի շուրջ իրենց պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը․ Եթե մենք հավատարմորեն պահենք պատվիրանները և կատարենք Տիրոջ կողմից մեզ տրված հանձնարարությունները, մենք կստանանք արդարության պսակը։ Դուք կարող եք վկայել այս ճշմարտության մասին։

Սփոփող Միությունը Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցու կարևորագույն մասն է:

Ասացեք ուսանողներին, որ Տերը հայտնեց Եկեղեցու կազմավորումը տող առ տող։ Որպես այս գործընթացի մի մաս, Նա Էմմա Սմիթին տվեց մի շատ կարևոր կոչում։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Սփոփող Միության կազմավորման վերաբերյալ հետևյալ ամփոփումը. Հրավիրեք ուսանողներին լսել, թե ինչպես է Սփոփող Միության վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի տեսլականը մեծացրել կանանց նախնական տեսլականը:

Նավու քաղաքում Վերջին Օրերի Սուրբ կանայք օրհնվեցին Եկեղեցում ունենալու իրենց իսկ կազմակերպությունը։ Այն սկիզբ առավ, երբ մի քանի կանայք Սառա Գրանջեր Քիմբալի ղեկավարությամբ հավաքվեցին՝ տաճարում աշխատող տղամարդկանց համար շապիկներ կարելու։ Կանայք որոշեցին պաշտոնապես կազմավորել իրենց միությունը և խնդրեցին Էլիզա Ռ․ Սնոուին սահմանադրություն գրել իրենց խմբի համար։ Երբ նրանք խորհրդակցեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ, նա ասաց, որ նրանց սահմանադրությունը հրաշալի էր, սակայն առաջարկեց ավելի լավ ձևով կազմավորել կանանց միությունը։ 1842 թվականի մարտի 17-ին Մարգարեն Երեցներ Ջոն Թեյլորի և Վիլլարդ Ռիչարդսի ընկերակցությամբ հանդիպեց 20 կանանց հետ Կարմիր աղյուսե վաճառատան վերևի հարկում, որտեղ Մարգարեն կազմավորեց Նավուի Կանանց Սփոփող Միությունը։ Էմմա Սմիթն ընտրվեց որպես կազմակերպության նախագահ․ այդպիսով իրականացավ հայտնությունը, որտեղ նա կոչվել էր «ընտրյալ տիկին» (ՎևՈւ 25․3): Մարգարեն հետագայում նշել է, որ կազմակերպության նպատակն է «մխիթարել աղքատներին» և «փրկել հոգիներ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 481):

1842 թվականի ապրիլի 28-ին Մարգարեն կրկին հանդիպեց քույրերի հետ։ Նա ասաց քույրերին, որ նրանք հրահանգներ կստանային քահանայության հաստատած կարգի միջոցով և հետո հայտարարեց․ «Այժմ ես պտտում եմ բանալին ձեզ համար` Աստծո անունով և այս Միությունը պիտի ցնծա, և գիտելիքն ու խելամտությունը պիտի վար հոսի այս ժամանակից ի վեր» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 479

Դուք կարող եք նշել, որ ուսանողները կարող են կարդալ վաղ շրջանի Սփոփող Միության ժողովների վերաբերյալ արձանագրություններ josephsmithpapers.org/paperSummary/Nauvoo-relief-society-minute-book կայքէջում։

  • Ինչպե՞ս է Սփոփող Միության հեռանկարի Մարգարեի տեսլականը ընդլայնել Սառա Քիմբալի նախնական առաջարկը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունեն Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը․ «Այժմ ես պտտում եմ բանալին ձեզ համար` Աստծո անունով»։ (Սփոփող Միությունը կազմավորվել է քահանայության ղեկավարության ներքո՝ նրանց կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիները:)

Ցուցադրեք Սփոփող Միության նախկին գերագույն նախագահներից Քույր Զինա Դ․ Հ․ Յանգի (1821–1901) և Քույր Ջուլի Բ․ Բեքի հետևյալ խոսքերը, որոնք վերաբերում են Սփոփող Միության նպատակներին և հրավիրեք երեք ուսանողի կարդալ մեջբերումները։ Դասարանին խնդրեք հետևել և խորհել, թե այս մեջբերումներն ինչ են ուսուցանում Սփոփող Միության նպատակների մասին:

Նկար
Զինա Դ․ Հ․ Յանգ

«Սփոփող Միությունը … կազմավորվել է գրեթե կես դար առաջ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից՝ Սուրբ Քահանայության կարգով և դրա ղեկավարության ներքո՝ օրհնություններ պարգևելու աղքատներին և կարիքավորներին, քաջալերելու թույլերին և հետ պահելու սխալներից, ավելի լավ զարգացման և կնոջ կարեկցանքն ու գթասրտությունը գործի դնելու համար, որպեսզի նա հնարավորություն ունենա ձեռք բերել հոգևոր ուժ և զորություն՝ մարդկության ընտանիքի փրկության աշխատանքում իրականացնելու ավելի մեծ բարիք» (Zina D. H. Young, “First General Conference of the Relief Society,” Woman’s Exponent, Apr. 15, 1889, 172)։

Նկար
Ջուլի Բ. Բեք

Busath.com

«Մարգարե Ջոզեֆ Սմիթը սահմանել է Սփոփող Միության աշխատանքը և հաղորդել քույրերին իրենց նպատակը: … Այսօր մենք ունենք մի կազմակերպություն, որը շարունակվում է ղեկավարվել մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից» (Ջուլի Բ․ Բեք, «Սփոփող Միություն՝ սուրբ աշխատանք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 111)։

«Ճիշտ այնպես, ինչպես Տիրոջ մարգարեները շարունակ ուսուցանել են երեցներին և քահանայապետերին նրանց նպատակների և պարտականությունների մասին, նրանք նաև կիսվել են իրենց տեսիլքով Սփոփող Միության քույրերի մասին։ Նրանց խորհրդից պարզ է դառնում, որ Սփոփող Միության նպատակներն են՝ մեծացնել հավատը և անձնական արդարակեցությունը, ամրացնել ընտանիքներն ու տները և գտնել ու օգնել կարիքավորներին: Հավատք, ընտանիք և սփոփանք՝ այս երեք պարզ բառերը արտահայտում են մարգարեների տեսիլքը Եկեղեցու քույրերի մասին» (Ջուլի Բ․ Բեք, «Մարգարեների տեսիլքը Սփոփող Միության մասին՝ հավատք, ընտանիք, սփոփանք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 83)։

  • Ինչպե՞ս են Սփոփող Միության նպատակներն օրհնում ողջ Եկեղեցին։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Սփոփող Միությունը ձգտում է մեծացնել հավատը և անձնական արդարակեցությունը, ամրացնել ընտանիքներն ու տները և գտնել ու օգնել կարիքավորներին: Ողջ Եկեղեցին օրհնվում է, երբ կանայք իրականացնում են այս նպատակները:)

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս է Սփոփող Միությունն իրականացրել է իր նպատակները:

Ցուցադրեք հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

«Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է․ «Եկեղեցին չէր լինի կատարելապես կազմակերպված , մինչև կանայք այսպես չկազմակերպվեին» [Ումունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 479]։ …

Ջոզեֆ Սմիթից բացի վերջին օրերի այլ մարգարեներ վկայել են, որ Սփոփող Միության կազմավորումը Վերականգնման ոգեշնչված մաս է, որի միջոցով կանայք Եկեղեցում կանչվում են հոգևոր պաշտոնների՝ ծառայելու միմյանց և օրհնելու ողջ Եկեղեցին։ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն … ասել է. «Այս կազմակերպությունը ստեղծվել, լիազորվել, հաստատվել և կարգվել է Աստծո կողմից՝ ծառայելու կանանց և տղամարդկանց հոգիների փրկության համար» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ (1998), 184]» (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 7

  • Ի՞նչ է ուսուցանում այս հատվածն այն մասին, թե ինչ դեր է խաղացել Սփոփող Միությունը ավետարանի Վերականգնման գործում։ (Մինչ ուսանողները պատասխանում են, համոզվեք, որ նրանք հասկանում են այս ճշմարտությունը, նույնիսկ, եթե այն արտահայտվում է տարբեր բառերով․ Սփոփող Միությունը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման աստվածային ոգեշնչման մասն է։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

  • Այն, որ Սփոփող Միության կազմավորումը հանդիսանում է Վերականգնման մաս, ինչպե՞ս է փոխել ձեր կյանքը:

  • Ինչպե՞ս է Եկեղեցու կոչումներում կանանց մասնակցությունը օգնում Եկեղեցուն «կատարելապես կազմակերպվել»։

Կանայք և քահանայությունը

Բացատրեք ուսանողներին, որ կան մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում այն հարցը, թե ինչո՞ւ կանայք չեն կարգվում քահանայության պաշտոններում։ Շեշտեք, որ մինչ մենք չգիտենք, թե ինչու կանայք չեն կարգվում քահանայության պաշտոններում, սակայն մենք գիտենք, որ կանայք մասնակից են դառնում քահանայությանը` Եկեղեցու իրենց կոչումներում և իրենց տներում։

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք։ Ուսանողներին հանձնարարեք գտնել ուղիներ, որոնցով կանայք կարող են կիրառել քահանայության իշխանությունը․

Նկար
թերթիկ, Կանայք և քահանայությունը

Կանայք և քահանայությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ասել է.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Սփոփող Միությանն ուղղված իր ելույթում Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, ով այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ էր, ասել է․ «Չնայած որ քույրերին չի տրվել քահանայություն, այն չի շնորհվել նրանց, դա չի նշանակում, որ Տերը նրանց իշխանություն չի տվել: …Եկեղեցու անդամին կամ քրոջը տրված է իշխանություն, որպեսզի Եկեղեցում որոշակի ծառայություններ կատարեն , որոնք պարտադիր և բացարձակապես անհրաժեշտ են մեր փրկության համար, ինչպես օրինակ այն աշխատանքը, որը քույրերն անում են Տիրոջ Տանը։ Նրանց տրված է իշխանություն անելու մեծ և հոյակապ գործեր, որոնք սուրբ են Տիրոջ համար և նույնքան պարտադիր են, որքան Քահանայություն կրող տղամարդկանց տրված օրհնությունները» [‘Relief Society—An Aid to the Priesthood,’ Relief Society Magazine, Jan. 1959, 4]:

Այդ նշանավոր ելույթի ժամանակ Նախագահ Սմիթը կրկին անգամ նշեց, որ կանանց տրվել է իշխանություն։ Նա ասաց կանանց. «Դուք իշխանությամբ կարող եք խոսել, քանի որ Տերը իշխանություն է տվել ձեզ»։ Նա նաև ավելացրեց, որ Սփոփող Միությանը «տրվել է զորություն և իշխանություն` շատ բաներ անելու։ Այն աշխատանքը, որ նրանք կատարում են, արվում է աստվածային իշխանությամբ»։ Եվ անշուշտ Եկեղեցում կանանց կամ տղամարդկանց կողմից կատարված աշխատանքը, լինի տաճարներում, թե ծխերում կամ ճյուղերում, արվում է քահանայության բանալիներ կրողների առաջնորդության ներքո։ Այսպիսով, խոսելով Սփոփող Միության մասին, Նախագահ Սմիթը բացատրել է․ «[Տերը] նրանց է տվել այդ հիանալի կազմակերպությունը, որտեղ նրանք իշխանություն ունեն ծառայելու ծխերի եպիսկոպոսների ղեկավարության ներքո … , հոգ տանելով մեր մարդկանց հոգևոր և ֆիզիկական շահերի մասին» [‘Relief Society—An Aid to the Priesthood,’ 4–5]։ …

Մենք սովոր չենք կանանց մասին խոսել, որպես Եկեղեցու իրենց կոչումներում քահանայության իշխանություն ունեցողների, սակայն ուրիշ ի՞նչ իշխանություն կարող է լինել։ Երբ կինը՝ երիտասարդ, թե ծեր, ձեռնադրվում է քարոզելու ավետարանը` որպես լիաժամկետ միսիոներ, նրան տրվում է քահանայության իշխանություն` կատարելու քահանայության գործառույթ։ Նույնը կարել է ասել, երբ կինը քահանայության բանալիներ կրողի ղեկավարման ներքո ի սպաս է դրվում ծառայելու որպես պաշտոնյա կամ ուսուցիչ Եկեղեցու որևէ կազմակերպությունում։ Ցանակացած մարդ, ով գործում է իր պաշտոնում կամ կոչման մեջ, որը ստացել է քահանայության բանալիներ կրողի կողմից, իրեն հանձնարարված պարտականությունները կատարելիս գործադրում է քահանայության իշխանությունը» («Քահանայության բանալիները և իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 50–51)։

  • Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Երեց Օուքսից Եկեղեցում կանանց դերերի և պարտականությունների մասին։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, համոզվեք, որ նրանք հասկանում են այս ճշմարտությունը․ Երբ կանայք ձեռնադրվում են Եկեղեցում ծառայելու համար, նրանք ստանում են քահանայության իշխանություն իրենց պարտականությունները կատարելու համար։)

Դասարանում քննարկված ճշմարտությունների վերաբերյալ ուսանողների հասկացողությունը և նրանց զգացողությունները խորացնելու համար ուսանողներին բաժանեք զույգերի և խնդրեք նրանց քննարկել հետևյալը․

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի լավ արտահայտվել Եկեղեցու կանանց մասին, որպեսզի արտահայտենք նրանց ներդրած ավանդի իրական մեծությունը։

Հրավիրեք ուսանողներին կիսվել Տիրոջ արքայությունում որպես աշակերտներ կանանց ազդեցության և նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ իրենց զգացումներով։ Հորդորեք ուսանողներին գործել ըստ դասի ժամանակ իրենց զգացածի՝ հատկապես, կարևորելով Սփոփող Միության դերն իրենց կյանքում։

Ուսանողի ընթերցարան