Գրադարան
Դաս 2. Առաջին Տեսիլքը


Դաս 2

Առաջին Տեսիլքը

Նախաբան

Թանկագին Մարգարիտում գտնվող Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունը գրվել է, որպեսզի ուղղի Եկեղեցու վերաբերյալ սխալ տեղեկությունները։ Իր կյանքի ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի քանի անգամ պատմել է Առաջին Տեսիլքի մասին: Այս պատմությունները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ այդ փորձառությունը և ամրացնել մեր հավատքը Վերականգնման վերաբերյալ։ Այս դասը նախատեսված է ուսանողներին օգնելու համար, որպեսզի հասկանան այս առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձության վերաբերյալ վկայություն ունենալու կարևորությունը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Gordon B. Hinckley, “The Marvelous Foundation of Our Faith,” Ensign, Nov. 2002, 78–81.

  • “First Vision Accounts,” Gospel Topics, lds.org/topics.

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-2

Մարգարեն գրել է Առաջին Տեսիլքի մասին՝ սխալ զեկույցներն ուղղելու համար

Բացատրեք, որ 1838 թվականին Ջոզեֆ Սմիթը սկսեց աշխատել իր պաշտոնական պատմության վրա: Թանկագին Մարգարիտում` հայտնի որպես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն բաժինը շատ ավելի երկար պատմությունից մի քաղվածք է։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․1–2 հատվածները։ Դասարանին հորդորեք հետևել և ուշադրություն դարձնել այն պատճառներին, որոնց համար Ջոզեֆ Սմիթը գրել է իր պատմությունը։

  • Համաձայն հատված 1-ի, ի՞նչ էր տարածվում մարդկանց մեջ Եկեղեցու վաղ շրջանում։

  • Ի՞նչ նպատակ էին հետապնդում նրանք, ովքեր Եկեղեցու դեմ ուղղված տեղեկություններ էին տարածում։

  • Նմանօրինակ ի՞նչ դեպքեր կան մեր օրերում։

Բացատրեք, որ այսօր ևս կան անհատներ կամ խմբեր, ովքեր կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ են տարածում Եկեղեցու վերաբերյալ՝ հավատքը քայքայելու մտադրությունից ելնելով։

  • Ի՞նչ պատճառ բերեց Ջոզեֆը իր պատմությունը գրելու համար։ («Որպեսզի մոլորությունից հանեմ հասարակական կարծիքը և բոլոր ճշմարտություն փնտրողներին տեղեկացնեմ փաստերին, ինչպես որ դրանք տեղի են ունեցել»[Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․1]։)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Վերականգնման մասին «ճշմարտություն փնտրողները» կարդան Ջոզեֆ Սմիթի կողմից գրված պատմությունը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ պարզորոշ արտահայտվում է այն միտքը, որ Մարգարեի պատմության վրա հիմնվելով` անհատները կխուսափեն մոլորվելուց կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններով։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը և հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այն.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Միշտ կլինեն մի քանիսը, ովքեր կփորձեն հեղինակազրկել Եկեղեցին և ոչնչացնել հավատքը: Այսօր նրանք օգտագործում են համացանցը:

Եկեղեցու մասին որոշ տեղեկություններ, անկախ նրանց համոզիչ լինելուց, պարզապես ճշմարիտ չեն» («Ձեր հավատքի փորձությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 41)։

  • Ի՞նչ աղբյուրներ պետք է մենք փնտրենք և վստահենք դրանց Առաջին Տեսիլքի, ավետարանի Վերականգնման և Եկեղեցու պատմության այլ իրադարձությունների վերաբերյալ մեր անձնական որոնումներում։ Ինչո՞ւ: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը․ Կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններից խուսափելու համար նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունը, պետք է փնտրեն վստահելի տեղեկությունների աղբյուրներ Եկեղեցու և նրա պատմության վերաբերյալ, այլ ոչ թե պարզապես ընդունեն իրենց լսած կամ կարդացած ցանկացած տեղեկություն, այդ թվում այն, ինչ երևում է համացանցի որոնման արդյունքում։)

Բացատրեք, որ Եկեղեցու քննադատները առարկում են Առաջին Տեսիլքի իրականության դեմ, ասելով, որ Ջոզեֆ Սմիթը արձանագրել է տեսիլքի իր փորձառությանը դրանից շատ տարիներ անց։ Բացատրեք, որ 14 ամյա Ջոզեֆ Սմիթը դժվարանում էր խոսել իր տեսիլքի մասին այն արձագանքների պատճառով, որ ստացել էր նրանց կողմից, ում նախապես ասել էր (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․21–26)։ Նա գրի առավ փորձառությունն այն ժամանակ, երբ զգաց, որ եկել էր այդ անելու ճիշտ պահը: Փրկիչը հրահանգեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին չխոսել Այլակերպության Սարի փորձառության մասին` մինչև Նրա Հարությունը (տես Մատթեոս ԺԷ․9), պարզաբանելով, որ որոշ սրբազան փորձառություններով կարելի է կիսվել միայն Հոգու ոգեշնչումով։

Զեկույցներ Առաջին Տեսիլքի վերաբերյալ

Նշում․ Դասի այս մասն ուսուցանելիս բավարար ժամանակ թողեք դասի վերջին մասն ուսուցանելու համար, որն ընդգրկում է Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․8-20 հատվածները։

Բացատրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթն անձամբ կամ դպիրների օգնությամբ գրել է Առաջին Տեսիլքի առնվազն չորս առանձին զեկույցներ։ Բացի դրանից, այս տեսիլքի մի շարք զեկույցներ են գրվել Ջոզեֆ Սմիթի ժամանակակիցների կողմից։ Զեկույցներից յուրաքանչյուրը շեշտում է Ջոզեֆի փորձառության տարբեր կողմերը, սակայն դրանք բոլորն էլ պատմում են Ջոզեֆի տեսածի և լսածի կարևոր տարրերի մասին։ Որպեսզի օգնեք հասկանալ, թե ինչու են զեկույցները տարբերվում իրարից, խնդրեք ուսանողներին խորհել հետևյալի շուրջ.

  • Մտածեք մի կարևոր կամ իմաստալից փորձառության մասին, որն ունեցել եք ձեր կյանքում։ Ինչպե՞ս կարող է փոփոխվել այդ փորձառության ձեր զեկույցը` ելնելով այն հանգամանքից, թե ով է ձեր ունկնդիրը։ Ինչպե՞ս կարող է այն փոխվել` ելնելով այն հանգամանքից, թե երբ և ինչու եք դուք պատմում այդ փորձառության մասին։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ են ակնկալում պատմաբանները, երբ փորձառությունը վերապատմվում է մի քանի անգամ։

«Առաջին Տեսիլքի մի շարք զեկույցներ պատմում են նման պատմություններ, չնայած իրականում դրանք տարբերվում են շեշտադրումներով և մանրամասներով։ Պատմաբաններն ակնկալում են, որ երբ անհատը վերապատմում է մի փորձառություն բազմաթիվ միջավայրերում տարբեր ունկնդիրների համար շատ տարիների ընթացքում, յուրաքանչյուր զեկույց պետք է շեշտադրի փորձառության տարբեր կողմերը և պարունակի առանձնահատուկ մանրամասներ։ Իսկապես, այնպիսի տարբերություններ, ինչպիսին առկա են Առաջին Տեսիլքում, գոյություն ունեն բազմաթիվ սուրբ գրքի պատմություններում, ինչպես օրինակ Դամասկոսի ճանապարհի Պողոսի տեսիլքում և Այլակերպության Սարի Առաքյալների փորձառության մեջ [Գոր․ Թ․3–9, ԻԲ․6–21, ԻԶ․12–18, Մատթեոս 17․1–13, Մարկոս Թ․2–13, Ղուկաս Թ․28–36]։ Չնայած տարբերություններին՝ Առաջին Տեսիլքի բոլոր զեկույցներում պահպանվում է հիմնական հետևողականությունը։ Ոմանք սխալ կարծիք կազմելով` վիճաբանում են, թե պատմությունը վերապատմելիս ցանկացած տարբերություն փաստում է կեղծիքի մասին։ Սակայն հակառակը, հարուստ պատմական զեկույցները մեզ թույլ են տալիս ավելին սովորել այս նշանակալից իրադարձության մասին, քան մենք կկարողանայինք, եթե այն ավելի քիչ փաստագրված լիներ» (“First Vision Accounts,” Gospel Topics, lds.org/topics

Որպես զեկույցների տարբերության օրինակ դուք կարող եք ասել ուսանողներին, որ «մինչ 1832 թվականի զեկույցը շեշտում է Ջոզեֆ Սմիթի ավելի անձնական պատմությունը, և պատանին ներում է փնտրում, 1838 թվականի զեկույցը կենտրոնանում է տեսիլքի վրա որպես «Եկեղեցու երևան գալու և աճի» սկիզբ» (“First Vision Accounts,” Gospel Topics, lds.org/topics)։ Հիշեցրեք ուսանողներին, որ իրենց հանձնարարված ընթերցանությունը ներառում է Ավետարանական Թեմաների «Առաջին Տեսիլքի զեկույցները» հոդվածը, որը տալիս է Առաջին Տեսիլքի տարբեր զեկույցներից յուրաքանչյուրի ավելի մանրամասն վերլուծությունը։ Հրավիրեք ուսանողներին դասից հետո ուսումնասիրել հոդվածը, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչպես է յուրաքանչյուր զեկույց նպաստում Առաջին Տեսիլքի վերաբերյալ մեր գիտելիքներին։ (Նշում․ Հիշեցրեք ուսանողներին «Ուսանողի ընթերցարանի» հանձնարարությունները նախքան դասը կարդալու կարևորության մասին։ Դա կարող է օգնել նրանց մասնակցել դասարանային քննարկումներին։

  • Ինչպե՞ս կարող են Առաջին Տեսիլքի մասին բազմաթիվ զեկույցները վկայել դրա ճշմարտացիության մասին և օգնել ավելի լավ հասկանալ այս սուրբ իրադարձությունը։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի բազմաթիվ զեկույցները մեզ թույլ են տալիս ավելին սովորել այս սուրբ իրադարձության մասին, քան մենք կկարողանայինք, եթե այն ավելի քիչ փաստագրված լիներ։)

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910-2008) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ես մտահոգված չեմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը տվել է Առաջին Տեսիլքի մի շարք տարբերակներ, այլ մտահոգված եմ, որ Նոր Կտակարանն ունի չորս տարբեր հեղինակներ` յուրաքանչյուրն իր սեփական ընկալումով, յուրաքանչյուրը հերթով պատմելով իրադարձությունները իր իսկ նպատակների համար» (“God Hath Not Given Us the Spirit of Fear,” Ensign, Oct. 1984, 5)։

Բերեք ձեր վկայությունը Առաջին Տեսիլքի իրականության և Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերականգնման մասին:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.8-20

Եկեղեցու ճշմարտացիությունը կախված է Առաջին Տեսիլքի ճշմարիտ լինելուց

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․8-15:

  • Ի՞նչ արեց Ջոզեֆ Սմիթը իր հարցերի պատասխանները գտնելու համար։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր սատանան փորձում խանգարել Ջոզեֆ Սմիթին աղոթել։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․16-19:

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություններ ենք մենք սովորում 16-17 հատվածներից։ (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք, որ հավերժական ճշմարտությունները վերականգնվեցին երկրի վրա, երբ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին։)

Ցուցադրեք և բարձրաձայն կարդացեք Երեց Թեդ Ռ․ Քալիսթերի հետևյալ խոսքերը, ով ծառայում է Յոթանասունի Նախագահությունում։ Մինչ դուք կարդաք այս ելույթը, դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները իրենց սուրբ գրություններում նշեն ճշմարտությունները, որոնք շեշտում է Եղբայր Քալիսթերը։ Կարող եք նաև առաջարկել, որ նրանք գրեն ճշմարտությունները, որոնք Ջոզեֆ Սմիթը իմացավ, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․16–19-ի կողքի լուսանցքում։ (Նշում․ Սուրբ գրություններում նշումներ կատարել սովորելը սուրբ գրությունների ուսումնասիրության կարևոր հմտություն է, որն ուսանողները կարող են զարգացնել ձեր օգնությամբ [տես Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion (2012), 21]։)

Նկար
Թեդ Ռ. Քալիսթեր

«Ջոզեֆ Սմիթը Տիրոջ օծյալն էր, ով պետք է վերականգներ Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա։ Երբ նա դուրս եկավ պուրակից, սովորել էր չորս հիմնարար ճշմարտություն, որոնք չէին ուսուցանվում այդ ժամանակ քրիստոնեական աշխարհում։

Առաջին. նա սովորեց, որ Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, երկու առանձին էակներ են: …

Երկրորդ մեծագույն ճշմարտությունը, որը հայտնագործեց Ջոզեֆ Սմիթը, այն էր, որ Հայրը և Որդին ունեին ոսկորից և մսից փառավորված մարմիններ։ …

Երրորդ ճշմարտությունը, որը սովորեց Ջոզեֆ Սմիթը, այն էր, որ Աստված դեռ խոսում է մարդու հետ, որ երկինքը փակ չէ։ …

Ջոզեֆ Սմիթի սովորած չորրորդ ճշմարտությունն այն էր, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին իր ամբողջությամբ և լրիվությամբ այդ ժամանակ երկրի վրա չէր» («Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 35-36):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է էական իմանալ և հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այդ ճշմարտությունները։

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունների անհրաժեշտությունն օգնել բացատրելու, թե ինչու էր սատանան փորձում խանգարել պատանի Ջոզեֆ Սմիթին աղոթել։

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի կարևորությունը շեշտելու համար ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ խոսքերը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Մեր ողջ ուժը հիմնվում է [Առաջին Տեսիլքի] ճշմարտացիության վրա։ Դա կամ տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել։ Եթե այն տեղի չի ունեցել, ապա այս աշխատանքը խաբեբայություն է։ Իսկ եթե տեղի է ունեցել, ապա այն ամենակարևոր և ամենահրաշալի աշխատանքն է ողջ երկնքի տակ։ …

… 1820 թվականին տեղի ունեցավ այդ փառահեղ հայտնությունը՝ ի պատասխան մի տղայի աղոթքի, ով իր ընտանեկան Աստվածաշնչում կարդացել էր Հակոբոսի խոսքերը․ «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան» (Հակոբոս Ա․5

Եկեղեցու ճշմարիտ լինելու հիմքում գտնվում է այդ բացառիկ և հրաշալի փորձառությունը» (“The Marvelous Foundation of Our Faith,” Ensign, Nov. 2002, 80)։

  • Ինչպե՞ս է Եկեղեցու ճշմարիտ լինելը կապված Առաջին Տեսիլքի հետ։

  • Ինչո՞ւ է կարևոր ունենալ վկայություն այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։ (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, սակայն հետևեք, որ հետևյալ սկզբունքը հստակ լինի. Երբ մենք վկայություն ենք ստանում, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք նաև իմանալ Ավետարանի Վերականգնման ճշմարտացիության մասին:)

Դասի վերջում շեշտեք Առաջին Տեսիլքի ճշմարտության վերաբերյալ անձնական վկայություն ունենալու կարևորությունը։ Այս անձնական վկայությունը` հիմնված հայտնության վեմի վրա, օգնում է մեզ ամուր մնալ մեր հավատքում, երբ մենք հանդիպում ենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու վերաբերյալ կեղծ տեղեկությունների։ Վկայեք, որ մենք նույնպես կարող ենք իմանալ ճշմարտությունն այն ուղիով, որով իմացավ Ջոզեֆ Սմիթը։ Մենք կարող ենք փնտրել ճշմարտությունը, կարդալ սուրբ գրությունները, խորհել և ի վերջո հարցնել Աստծուն, և Նա կպատասխանի (տես Հակոբոս Ա․5)։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես են նրանք վկայություն ստացել, որ Հայրը և Որդին հայտնվել են Ջոզեֆ Սմիթին։ Ժամանակ տրամադրեք մեկ կամ երկու ուսանողների, որպեսզի կիսվեն, թե ինչպես են վկայություն ձեռք բերել Առաջին Տեսիլքի վերաբերյալ։

Ուսանողի ընթերցարան