Գրադարան
Դաս 25․ Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը


Դաս 25

Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը

Նախաբան

1850-ականների ընթացքում Վերջին Օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնատար անձանց միջև ստեղծված լարվածության և թյուրըմբռնման արդյունքում տեղի ունեցավ 1857-58 թվականների Յուտայի պատերազմը։ 1857 թվականի սեպտեմբերին Յուտայի հարավային տարածքներում մի քանի Վերջին Օրերի Սրբերի և սայլերով դեպի Կալիֆորնիա ճամփորդող գաղթականների միջև տարաձայնություններ առաջացան, և Վերջին Օրերի Սրբերը՝ զայրույթից և վախից դրդված, ծրագրեցին և իրականացրին 120 գաղթականների ջարդերը։ Այս դաժանությունը հայտնի է որպես Մաունթ Մեդոուսի ջարդեր։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 17–21.

  • “Peace and Violence among 19th-Century Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics.

  • Henry B. Eyring, “150th Anniversary of Mountain Meadows Massacre,” Sept. 11, 2007, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre.

Ուսուցման առաջարկներ

Վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության միջև ստեղծված լարվածությունը

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք թերթիկի մեկական օրինակ, որը գտնվում է այս դասի վերջում։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Աճող լարվածությունից սկիզբ է առնում Յուտայի պատերազմը» վերնագրով հատվածը։

Նկար
թերթիկ, Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը
  • Եթե դուք լինեիք 1857 թվականի Վերջին Օրերի Սրբերի շարքում և լսեիք, որ մեծ բանակ է մոտենում ձեր քաղաքին, ի՞նչ մտահոգություններ կունենայիք դուք։ (Ուսանողները կարող են նշել, որ Սրբերը բռնությամբ քշվել էին Օհայոյից՝ Միսսուրի և Իլինոյսից, շատերը կորցրել էին մեծարժեք ունեցվածք և հող, իսկ ոմանք էլ սպանվել էին կամ մահացել այս հալածանքների ընթացքում։ Մոտեցող բանակի մասին լուրերի պատճառով որոշ Սրբեր անհանգստացան, որ նման իրադարձություններ կարող էին տեղի ունենալ նաև Յուտայում։)

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Տարածքը պաշտպանելու նախապատրաստությունները» վերնագրով հատվածը։

Մի քանի Վերջին Օրերի Սրբերի և սայլերով ճամփորդող գաղթականների միջև ստեղծված լարվածությունը

Նկար
քարտեզ, սայլերի երթուղին

Ցուցադրեք կամ գրատախտակին գծեք քարտեզ, որը նման է այստեղ տրվածին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Տարաձայնություն սայլերով ճամփորդող գաղթականների հետ» վերնագրով հատվածը։

Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանք տարաձայնություններ են ունեցել մեկ այլ անձնավորության կամ մի խումբ մարդկանց հետ։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 12․25 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով սկզբունքը, որը Հիսուս Քրիստոսը սովորեցրել է և որը մեզ կարող է առաջնորդել, երբ մենք լարվածություն ենք ունենում ուրիշների հետ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաշտվիր քո հակառակորդի հետ արագ» արտահայտությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ արտահայտությունը, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Յոթանասունի Քվորումից Երեց Դեյվիդ Ի․ Սորենսենի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Դեյվիդ Ի․ Սորենսեն

«Տերն ասել է․ «Հաշտվիր քո հակառակորդի հետ արագ …», այդպիսով պատվիրելով մեզ նախապես հարթել մեր տարաձայնությունները, որպեսզի պահի ազդեցության տակ մեզ համակած կրքերը չվերածվեն ֆիզիկական կամ էմոցիոնալ դաժանության և մենք դառնանք մեր բարկության գերին» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign or Liahona, May 2003, 11)։

  • Ինչպե՞ս կամփոփեիք 3 Նեփի 12․25 հատվածի Փրկիչի ուսմունքը։ (Մինչ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք ուրիշների հետ ունեցած տարաձայնություններին լուծում տանք Տիրոջ եղանակով, ապա մենք կարող ենք խուսափել հակառակության կործանարար ազդեցություններից։)

  • Ինչպե՞ս կարող էին այս սկզբունքը կիրառել նրանք, ովքեր դավ նյութեցին սայլերի ուղևորների դեմ։

Թող որևէ ուսանող բարձրաձայն կարդա թերթիկի «Սրվող հակամարտությունը» վերնագրով հատվածը։

  • Ի՞նչ պետք է անեին Սիդար Սիթիի Եկեղեցու ղեկավարները, երբ Վիլյամ Դեյմը նրանց խորհուրդ տվեց չօգտագործել ոստիկաններին։ Այս խորհրդի մերժումը ի՞նչ քայլերի հանգեցրեց: (Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք անտեսում ենք ճիշտ քայլեր անելու խորհուրդը, ապա մենք ավելի հեշտությամբ ենք տրվում վատ և նույնիսկ մեղսալի ընտրություններ կատարելուն։ Դուք կարող եք նաև նշել, որ մեծ իմաստություն կա խորհուրդների համակարգի մեջ, որով ղեկավարվում է Եկեղեցին։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ թերթիկի «Հարձակում գաղթականների վրա» վերնագրով հատվածը և հրավիրեք ուսանողներին փնտրել, թե ինչպես Սիդար Սիթիի ղեկավարները շարունակեցին կատարել մեղսալի ընտրություններ այն բանից հետո, երբ մերժեցին իրենց տրված խորհուրդը։

  • Ի՞նչ հետևանքներ ունեցավ Վիլյամ Դեյմի՝ ոստիկանության սպայի, խորհրդին չհետևելու Սիդար Սիթիի ղեկավարների որոշումը։

  • Այդ պահին ընտրության ի՞նչ հնարավորություն ունեին նրանք, ովքեր պատասխանատու էին հարձակման գործում։ (Նրանք կարող էին խոստովանել իրենց արածները և պատասխանատվություն կրել հետևանքների համար կամ կարող էին թաքցնել իրենց հանցանքներն ու մեղքերը:)

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Դուք ի՞նչ եք անում, երբ որևէ սխալ եք գործում: Դուք խոստովանո՞ւմ եք ձեր կատարած սխալները և պատասխանատվություն կրում հետևանքների համար, թե՞ փորձում եք թաքցնել մեղքը ստի միջոցով։

Մի քանի Վերջին Օրերի Սրբեր ծրագրեցին և իրականացրեցին Մաունթ Մեդոուսի ջարդերը

Բացատրեք, որ գաղթականների դեմ հարձակումներին ներգրավված Եկեղեցու անդամներն իրենց ընտրությամբ փորձեցին թաքցնել իրենց մեղքերը։ Հրավիրեք դասարանին լսել, թե ինչ տեղի ունեցավ այդ որոշման արդյունքում, երբ ուսանողները հերթով բարձրաձայն կարդան թերթիկի «Մաունթ Մեդոուսի ջարդերը» և «Ողբերգական հետևանքներ» վերնագրերով բաժինները։

Բացատրեք, որ մի քանի Վերջին Օրերի Սրբերի ղեկավարների և Յուտայի հարավային տարածքների նորաբնակների ընտրությունները Մաունթ Մեդոուսի ողբերգական ջարդերի պատճառը դարձան։ Իսկ Սոլթ Լեյք Սիթիի Եկեղեցու և տարածքային ղեկավարները 1858 թվականին Միացյալ Նահանգների կառավարության հետ ունեցած տարաձայնությունները լուծեցին խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս տարաձայնության ընթացքում, որը հետագայում կոչվեց Յուտայի պատերազմ, Միացյալ Նահանգների զորքերը և Յուտայի ոստիկանները ներգրավվեցին կռիվ հրահրող գործողությունների մեջ, սակայն այն չվերածվեց մարտի։

  • Ինչպե՞ս դուք կամփոփեիք ընտրությունները, որոնք Մաունթ Մեդոուսի ջարդերի պատճառը դարձան։

  • Մենք ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս ողբերգությունից: (Ուսանողները կարող են ներկայացնել տարբեր սկզբունքներ, ինչպես օրինակ հետևյալը․ Երբ ընտրում ենք թաքցնել մեր մեղքերը, այն դրդում է մեզ հետագա մեղքեր գործելու։ Երբ ընտրում ենք թաքցնել մեր մեղքերը, այն կարող է բերել վիշտ ու տառապանք։)

Վստահեցրեք ուսանողներին, որ եթե նրանք բռնել են սխալների և մեղքի ուղին, նրանք կարող են կանխել հետագա վիշտն ու ցավը` դեպի Տերը դառնալով և իրենց մեղքերն ապաշխարելով։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Եկեղեցու ղեկավարները տեղեկանում են ջարդերի մասին» վերնագրով հատվածը։

Բացատրեք, որ քանի որ մի քանի տեղաբնակ Վերջին Օրերի Սրբեր պատասխանատու էին Մաունթ Մեդոուսի ջարդերը ծրագրելու և իրականացնելու գործում, որոշ մարդիկ թույլ տվեցին, որ այս իրադարձությունը բացասաբար ազդի իրենց կարծիքի վրա ողջ Եկեղեցու վերաբերյալ։

  • Ինչո՞ւ է կարևոր գիտակցել, որ Եկեղեցու որոշ անդամների սխալ գործողություններով չի որոշվում ավետարանի ճշմարտացիությունը։

Մի ուսանողի հրավիրեք կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքերը, որոնք գտնվում են թերթիկի «Մաունթ Մեդոուսի ջարդերի 150-րդ տարելիցը» վերնագրով բաժնում:

  • Մենք ինչպե՞ս պիտի արձագանքենք, երբ տեղեկանում ենք դեպքերի մասին, որ Եկեղեցու անդամները թերացել են ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Հելաման 5.12 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե մենք ինչ կարող ենք անել` վկայություններ ձեռք բերելու և պահպանելու համար, որպեսզի դժվար պահերին մեր հավատքը չսասանվի այն դեպքերում, երբ Եկեղեցու անդամները թերացել էին ապրելու Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն։

  • Համաձայն Հելաման 5․12-ի, մենք ի՞նչ կարող ենք անել վկայություններ ձեռք բերելու և պահպանելու համար։ (Ուսանողների պատասխանները լսելուց հետո գրատախտակին կարող եք գրել հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք ձեռք բերել ամուր վկայություններ` կառուցելով մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։)

Այս սկզբունքը լուսաբանելու համար ցուցադրեք հետևյալը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

«Ջեյմս Սանդերսը … ջարդերի ժամանակ ողջ մնացած երեխաներից մեկի ծոռն է [և նաև Եկեղեցու անդամ է]։ … Եղբայր Սանդերսը … ասել է, որ այն բանի իմացությունը, որ իր նախնին սպանվել է ջարդերի ժամանակ, «չի ազդել իմ հավատքի վրա, քանի որ այն հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, ոչ թե Եկեղեցու որևէ անձնավորության վրա» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 21)։

  • Ինչպե՞ս կարող է մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը ուժեղացնել մեզ, երբ տեղեկանում ենք դեպքերի մասին, որ Եկեղեցու անդամները թերացել են ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն։

  • Ձեր գործողություններում ի՞նչն է օգնում է ձեզ` ձեր հավատքը կառուցել Հիսուս Քրիստոսի հիմքի վրա:

Վկայեք Փրկիչի ուսմունքներով ապրելու և մեր հավատքը Նրա և Նրա ավետարանի վրա հիմնելու կարևորության մասին։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են ավելի լավ կառուցել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա և նպատակ դնել` անելու այդ:

Ուսանողի ընթերցարան

  • “Peace and Violence among 19th-Century Latter-day Saints,” Gospel Topics, lds.org/topics.

Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը

Վերականգնման հիմքերը.Դաս 25

Աճող լարվածությունից սկիզբ է առնում Յուտայի պատերազմը

Վերջին Օրերի Սրբերի ռահվիրաների` Սոլթ Լեյքի հովիտ առաջին անգամ հասնելուց երեք տարի անց Միացյալ Նահանգների կառավարությունը կազմավորեց Յուտայի Տարածքը և Բրիգամ Յանգին նշանակեց որպես տարածաշրջանի առաջին նահանգապետ։ 1857 թվականի կեսերին Վերջին Օրերի Սրբերի ղեկավարները լուրեր լսեցին, որ կառավարական իշխանությունները ցանկանում են Բրիգամ Յանգի փոխարեն նոր նահանգապետ նշանակել Յուտայի Տարածաշրջանում, ում հետևում կանգնած էր լինելու մեծաքանակ կառավարական զորքը։ 1857 թվականի հուլիսի 24-ին Նախագահ Բրիգամ Յանգը մի խումբ Սրբերի հետ նշում էր Սոլթ Լեյքի հովիտ իրենց ժամանման 10-րդ տարեդարձը, երբ ստացավ ավելի վաղ լսած լուրերի հաստատումը, որ բանակը մոտենում էր Սոլթ Լեյք Սիթիին։

Նախորդ տարիների անհամաձայնության և թյուրըմբռնման արդյունքում Վերջին Օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնատար անձանց միջև լարվածությունը մեծացավ։ Սրբերը ցանկանում էին ղեկավարվել իրենց իսկ ընտրած ղեկավարների կողմից և մերժեցին կառավարության կողմից նշանակված անձանց, ովքեր չէին կիսում իրենց արժեքները, ոմանք էլ անազնիվ էին, կաշառակեր և անբարո։ Կառավարության որոշ պաշտոնյաներ կարծեցին, որ Սրբերի գործողությունները և վերաբերմունքը նշանակում էին, որ նրանք ապստամբում էին Միացյալ Նահանգների կառավարության դեմ։

Միացյալ Նահանգների Նախագահ Ջեյմս Բյուքանան Սոլթ Լեյք Սիթի ուղարկեց մոտավորապես 2500 զինվոր, որպեսզի ապահով ուղեկցեին նոր նահանգապետին դեպի Յուտա և ճնշեին, ըստ իր կարծիքի, Սրբերի մեջ բարձրացված ապստամբությունը։ Այս որոշումը կայացվել էր առանց Յուտայի իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկության (տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 368–71

Տարածաշրջանը պաշտպանելու նախապատրաստություններ

Սրբերին ուղղված քարոզներում Նախագահ Յանգը և Եկեղեցու այլ ղեկավարներ մոտեցող զորքերին նկարագրեցին որպես թշնամիներ։ Նրանք վախենում էին, որ զորքերը գուցե Սրբերին դուրս քշեին Յուտայից, ինչպես նրանք նախկինում քշվել էին Օհայո, Միսսուրի և Իլինոյս նահանգներից։ Նախագահ Յանգը, ով տարիներ շարունակ խնդրել էր Սրբերին հացահատիկի պաշար հավաքել, կրկին տվեց նույն հրահանգները, որպեսզի նրանք ուտելիք ունենային, եթե ստիպված լինեին փախչել զորքերից։ Որպես Յուտայի տարածքի նահանգապետ, նա նաև հրահանգեց տարածաշրջանի ոստիկանությանը նախապատրաստվել տարածքի պաշտպանությանը։

Տարաձայնություն սայլերով ճամփորդող գաղթականների հետ

Արկանզասից արևմուտք դեպի Կալիֆորնիա մեկնող գաղթականների սայլերը մտան Յուտա հենց այն ժամանակ, երբ Վերջին Օրերի Սրբերը նախապատրաստվում էին պաշտպանել տարածքը ժամանող Միացյալ Նահանգների զորքերից։ Գնացքի որոշ ուղևորների մոտ դժգոհություն առաջ եկավ, քանի որ նրանք բարդությունների հանդիպեցին, երբ անհրաժեշտ քանակությամբ հացահատիկ ցանկացան գնել Սրբերից, որոնց հրահանգված էր պաշարել իրենց հացահատիկը։ Գաղթականները Սրբերի հետ տարաձայնություններ ունեցան նաև այն պատճառով, որ վերջիններս չէին ցանկանում, որ սայլերի մեծաքանակ ձիերը և անասունները սպառեին կերի ու ջրի պաշարները, որը Սրբերին անհրաժեշտ էր իրենց իսկ կենդանիների համար։

Լարված դրություն ստեղծվեց Սիդար Սիթիում՝ Կալիֆորնիայի ճանապարհին գտնվող Յուտայի վերջին քաղաքում։ Հակամարտություններ տեղի ունեցան սայլերով ճամփորդող մի քանի մարդկանց և Վերջին Օրերի Սրբերից մի քանիսի միջև։ Սայլակներով ճամփորդողներից ոմանք սպառնացին միանալ Սրբերի դեմ եկող կառավարության զորքերին։ Չնայած սայլերի ղեկավարը հանդիմանեց իր ընկերներին նման սպառնալիքներ ներկայացնելու համար, Սիդար Սիթիի որոշ ղեկավարներ և նորաբնակներ գաղթականներին սկսեցին դիտել որպես թշնամիների։ Սայլերի շարանը հեռացավ քաղաքից ժամանումից ընդամենը մեկ ժամ անց, սակայն Սիդար Սիթիի որոշ նորաբնակներ և ղեկավարներ ցանկացան հետապնդել և պատժել այն մարդկանց, ովքեր վիրավորել էին իրենց։

Սրվող հակամարտությունը

Քանի որ այդ Սրբերը գաղթականների հետ ունեցած իրենց խնդիրը չլուծեցին Տիրոջ եղանակով, իրավիճակը շատ ավելի լրջացավ։ Իսահակ Հեյթը՝ Սիդար Սիթիի քաղաքապետը, ոստիկանության մայորը և ցցի նախագահը թույլտվություն խնդրեցին ոստիկանության հրամանատարից, ով ապրում էր Փարովան կոչվող մոտակա բնակավայրում, ոստիկանություն կանչել և սայլակներից իջեցնել օրինազանցներին։ Ոստիկանության հրամանատարը՝ Վիլյամ Դեյմը, ով Եկեղեցու անդամ էր, Իսահակ Հեյթին խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել գաղթականների սպառնալիքներին։ Այդ խորհրդին հետևելու փոխարեն Իսահակ Հեյթը և Սիդար Սիթիի այլ ղեկավարներ որոշեցին համոզել մի քանի տեղացի բնիկ հնդկացիների` հարձակում գործել սայլերի վրա և գողանալ նրանց անասունները՝ որպես գաղթականներին պատժելու միջոց։ Իսահակ Հեյթը խնդրեց Ջոն Դ․ Լիին, ով տեղի Եկեղեցու անդամ էր և ոստիկանության մայոր, առաջնորդել այս հարձակումը, և երկուսով ծրագրեցին այդ գործում մեղադրել հնդկացիներին։

Հարձակում գաղթականների վրա

Իսահակ Հեյթը սայլերի վրա հարձակվելու ծրագիրը ներկայացրեց Եկեղեցու, համայնքի և ոստիկանության տեղական ղեկավարների խորհրդին։ Խորհրդի որոշ անդամներ կտրականապես մերժեցին այդ ծրագիրը և հարցրին Հեյթին, թե արդյո՞ք նա խորհրդակցել էր Նախագահ Բրիգամ Յանգի հետ այդ հարցի շուրջ։ Ասելով, որ նա չի արել այդ, Հեյթը համաձայնվեց Սոլթ Լեյք Սիթի սուրհանդակ ուղարկել Ջեյմս Հասլամին` մի նամակով, որտեղ կբացատրի իրավիճակը և կհարցնի, թե ինչ պետք է անել։ Այնուամենայնիվ, քանի որ Սոլթ Լեյք Սիթին գտնվում է Սիդար Սիթիից մոտավորապես 250 մղոն հեռավորության վրա, սուրհանդակից կպահանջվեր գրեթե մեկ շաբաթ շարունակ ձիով առաջ սլանալ` Սոլթ Լեյք Սիթի հասնելու համար և վերադառնալու Սիդար Սիթի՝ բերելով Նախագահ Յանգի հրահանգները։

Մինչ Իսահակ Հեյթը սուրհանդակի հետ ուղարկում էր իր նամակը, Ջոն Դ․ Լին և մի խումբ հնդիկներ հարձակվեցին գաղթականների ճամբարի վրա Մաունթ Մեդոուս կոչվող վայրում։ Լին առաջնորդում էր հարձակումը, սակայն քողարկում էր իր ինքնությունը, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծվեր, որ միայն հնդիկներն էին ներգրավված։ Գաղթականներից ոմանք սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ մնացածը հարձակվողներին հետ մղեցին՝ ստիպելով Լիին և հնդկացիներին նահանջել։ Պաշտպանվելու համար գաղթականները արագ շրջան կամ պատնեշ կազմեցին իրենց սայլերով։ Եվս երկու հարձակում հետևեց հաջորդ հինգ օրերի ընթացքում, որի ժամանակ սայլերը շուրջկալի մեջ հայտնվեցին։

Մի պահ Սիդար Սիթիի ոստիկանները նկատեցին երկու գաղթականների, ովքեր գտնվում էին սայլակների պատնեշներից դուրս։ Ոստիկանները կրակ բացեցին նրանց վրա՝ սպանելով մեկին։ Մյուս մարդը փախուստի դիմեց և լուր բերեց սայլերի ճամբարին, որ սպիտակամորթներ էին ներգրավված իրենց դեմ մղված հարձակումներում։ Նրանք, ովքեր ծրագրել էին հարձակումը, այժմ հայտնվել էին իրենց խաբեության ծուղակում։ Եթե գաղթականներին թույլ տային գնալ Կալիֆորնիա, լուրեր կտարածվեին, որ Վերջին Օրերի Սրբերը պատասխանատու էին սայլերի վրա հարձակում գործելու համար։ Դավադրության մասնակիցները վախենում էին, որ այդ լուրերը բացասական հետևանքներ կունենան իրենց և իրենց ժողովրդի համար։

Մաունթ Մեդոուսի ջարդերը

Փորձելով կանխել այդ նորությունների տարածումը, թե Վերջին Օրերի Սրբերը ներգրավված են եղել սայլերի վրա հարձակումներին, Իսահակ Հեյթը, Ջոն Դ․ Լին Եկեղեցու և ոստիկանության այլ ղեկավարներ ծրագիր կազմեցին սպանել բոլոր մնացած գաղթականներին, բացառությամբ փոքր երեխաների։ Որոշելով իրականացնել այս ծրագիրը՝ Ջոն Դ․ Լին մոտեցավ գաղթականներին և ասաց, որ ոստիկանությունը կպաշտպանի նրանց հետագա հարձակումներից՝ նրանց ապահով հետ առաջնորդելով դեպի Սիդար Սիթի։ Երբ գաղթականները քայլում էին դեպի Սիդար Սիթի, ոստիկանները շրջվեցին և կրակ բացեցին նրանց վրա։ Մի քանի հնդիկներ, համալրելով նորաբնակների շարքերը, առաջ վազեցին թաքստոցներից, որ միանային հարձակմանը։ Սայլակների շարանի մոտ 140 գաղթականներից միայն 17 փոքր երեխաների կյանքը խնայեցին։

Ջարդից երկու օր անց Ջեյմս Հասլամը հասավ Սիդար Սիթի՝ իր հետ բերելով Նախագահ Յանգի պատասխան ուղերձը, որում տեղական ղեկավարներին հրահանգվում էր թույլ տալ սայլերին խաղաղությամբ հեռանալ։ «Երբ Հեյթը կարդաց Յանգի խոսքերը, նա մանկան նման հեկեկաց և կարողացավ ասել ընդամենը երկու բառ․ «Շատ ուշ է, շատ ուշ» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 20)։

Ողբերգական հետևանքները

Մաունթ Մեդոուսի ջարդերի արդյունքում ոչ միայն մոտավորապես 120 զոհեր եղան, այլև մեծ տառապանք պատճառվեց կենդանի մնացած երեխաներին և զոհ գնացածների հարազատներին։ Մի քանի Վերջին Օրերի Սրբեր օթևան տվեցին և հոգ տարան գաղթականների երեխաներին, ովքեր ողջ էին մնացել ջարդի ժամանակ։ 1859 թվականին կառավարական պաշտոնյաները իրենց վրա վերցրին այս երեխաների խնամակալությունը և վերադարձրին նրանց Արկանզասի իրենց ազգականներին։ Հնդիկները նույնպես տառապեցին` հանցագործության մեջ անարդարացիորեն մեղադրվելու պատճառով։

Եկեղեցու ղեկավարներն իմանում են ջարդի մասին

«Չնայած Բրիգամ Յանգը և Եկեղեցու այլ ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիում ջարդի մասին իմացան դեպքերից անմիջապես հետո, նորաբնակների ներգրավվածության աստիճանի և հանցագործության սարսափելի մանրամասների մասին գիտակցումը տեղի ունեցավ աստիճանաբար` ժամանակի ընթացքում։ 1859 թվականին նրանք իրենց կոչումներից հետ կանչեցին ցցի նախագահ Իսահակ Հեյթին և Եկեղեցու այլ ղեկավարների Սիդար Սիթիում, ովքեր դեր խաղացին ջարդի ժամանակ։ 1870 թվականին նրանք Իսահակ Հեյթին և Ջոն Դ․ Լիին Եկեղեցուց վտարեցին։

«1874 թվականին տարածաշրջանի երդվյալ ատենակալների գլխավոր խումբը մեղադրանք ներկայացրեց ինը տղամարդկանց` ջարդը կազմակերպելու գործում նրանց դերի համար։ Նրանցից շատերն ի վերջո ձերբակալվեցին, չնայած միայն Լին դատվեց, մեղավոր ճանաչվեց և մահապատժի ենթարկվեց հանցագործության համար։ Մեկ այլ մեղադրյալ փաստեր հաղորդեց ստեղծված իրավիճակի մասին [ինքնակամ խոստովանելով և մյուս ամբաստանյալների դեմ ցուցմունք տալով], իսկ մյուսները տարիներ շարունակ փախչում էին օրենքից։ Մյուս ոստիկանները, ովքեր իրագործեցին ջարդերը, իրենց կյանքի մնացած մասն անցկացրին սարսափելի մեղքի զգացումով և իրենց արածի ու տեսածի շուրջ կրկնվող մղձավանջի մեջ» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 20)։

Մաունթ Մեդոուսի ջարդերի 150-րդ տարելիցը

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.

«[Մաունթ Մեդոուսի ջարդերի] համար պատասխանատվություն են կրում Մաունթ Մեդոուսի տարածքի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տեղի ղեկավարները, ովքեր ունեցել են նաև քաղաքացիական և ոստիկանական պաշտոններ և Եկեղեցու անդամները, ովքեր գործել են նրանց ղեկավարությամբ։ …

… Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը մենք ընդունում ենք, նողկալի է համարում սառնասիրտ արյունահեղությունը՝ երբ սպանվում են տղամարդիկ, կանայք և երեխաներ։ Իրականում այն քարոզում է խաղաղություն և ներողամտություն: Այն, ինչ արեցին մեր Եկեղեցու անդամները [Մաունթ Մեդոուսում] երկար տարիներ առաջ, քրստոնեության ուսմունքների և վարքի շեղում էր։ …Աստվածային արդարադատությունն անկասկած պատշաճ պատիժ կսահմանի նրանց համար, ովքեր պատասխանատու էին ջարդերի համար։ …

… Թող որ Երկնքի Աստվածը, ում որդիներն ու դուստրերն ենք մենք բոլորս, օրհնի մեզ պատվելու նրանց, ովքեր մահացան այստեղ, միմյանց հանդեպ տարածելով անկեղծ սեր և ներողամտության ոգի, որը մարմնավորում էր Նրա Միածին Որդին» (“150th Anniversary of Mountain Meadows Massacre,” Sept. 11, 2007, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre