Գրադարան
Դաս 26. Հայտնություն քահանայության վերաբերյալ


Դաս 26

Հայտնություն քահանայության վերաբերյալ

Նախաբան

20-րդ դարում, երբ միսիոներական աշխատանքը տարածվեց ողջ երկրագնդում, Եկեղեցու ղեկավարները աղոթում էին աֆրիկյան ծագում ունեցող Եկեղեցու անդամների քահանայության կարգման և տաճարային արարողությունների սահմանափակումների վերաբերյալ առաջնորդություն ստանալու համար։ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալին, Առաջին Նախագահությունում նրա խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին վերջնական հայտնություն տրվեց Սոլթ Լեյք Տաճարում 1978 թվականի հունիսի 1-ին։ Այս դասին մասնակցելով ուսանողներն ավելի լավ կհասկանան, թե ինչպես ճշգրիտ մոտեցում ցուցաբերել ավետարանական հարցերին և կիմանան նաև այս վերջնական հայտնության հետ կապված հանգամանքներն ու ճշմարտությունները։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Gordon B. Hinckley, “Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 69–72.

  • “Race and the Priesthood,” Gospel Topics, lds.org/topics.

  • Ahmad Corbitt, “A Personal Essay on Race and the Priesthood,” parts 1–4, Perspectives on Church History series, history.lds.org/section/perspectives-on-church-history.

Ուսուցման առաջարկներ

Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանը

Առաջադրել ավետարանական հարցեր հավատարիմ մոտեցմամբ

Ձեր դասարանին ներկայացրեք հետևյալ հնարավոր դեպքը.

Մի օր դպրոցից հետո Եկեղեցու մեկ ուրիշ անդամ, ում մոտ վերջերս հարցեր էին առաջացել Եկեղեցու վարդապետության վերաբերյալ, դիմեց Սքոթին։ Սքոթը զգաց, որ կարողացավ ինչ-որ չափով օգնել իր ընկերոջը, սակայն հետո նա սկսեց խորհել, թե ինչը կարող էր ուրիշ կերպ անել հաջորդ անգամ, եթե Եկեղեցու անդամը նմանատիպ իրավիճակում դիմեր իրեն։

Հարցրեք ուսանողներին, թե ի՞նչ են իրենք արել` օգնելու Եկեղեցու անդամներին, ովքեր դիմել են իրենց` Եկեղեցուն կամ դրա վարդապետությանը վերաբերող անկեղծ հարցերով։

Ցուցադրեք և կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Վկայությունը ծնունդ է առնում հարցերից։ Ոմանք կարող են ամաչել կամ իրենց անարժան համարել, քանի որ որոնողական հարցեր ունեն ավետարանի վերաբերյալ, սակայն նրանք չպիտի այդպես զգան։ Հարցեր տալը թուլության նշան չէ. այն աճի ավետաբերն է։

Աստված պատվիրում է մեզ փնտրել մեր հարցերի պատասխանները և սակայն խնդրում է, որ մենք փնտրենք «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» [Մորոնի 10․4]։ Երբ մենք այդպես վարվենք, ամեն բաների վերաբերյալ ճշմարտությունը կարող է հայտնի դարձվել մեզ «Սուրբ Հոգու զորությամբ» [Մորոնի 10․5

Մի վախեցեք, հարցեր տվեք։ Եղեք հարցասեր, սակայն մի կասկածեք։ Միշտ ամուր բռնեք հավատքից և լույսից, որն արդեն իսկ ստացել եք» (“The Reflection in the Water” [Church Educational System fireside for young adults, Nov. 1, 2009], 7, ldschurchnewsarchive.com

  • Ի՞նչ ուսուցանեց Նախագահ Ուխդորֆը, որը կարող է օգնել նրան, ով Եկեղեցու վերաբերյալ հարցեր ունի` կապված վարդապետական, պատմական կամ հասարակական խնդիրների հետ։ (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը․ Եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը, ապա անկեղծ հարցերը կարող են ի վերջո պատասխաններ բերել մեր Երկնային Հորից։)

Բացատրեք, որ պատմական խնդիրներից մեկը, որի մասին Եկեղեցու որոշ անդամներ հարցեր ունեն, Եկեղեցու քաղաքականության հետևանքն է, որը գործել է 1800-ականների կեսից մինչև 1978 թվականը՝ սահմանափակելով աֆրիկյան ծագում ունեցող սևամորթ տղամարդկանց քահանայության կարգումը։ Այն նաև արգելում էր սևամորթ կանանց և տղամարդկանց մասնակցել տաճարային օժտմանը կամ կնքման արարողություններին։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը, որը Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանն է (գտնվում է Վարդապետություն և Ուխտերում)։ Խնդրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես կարող է այդ տեղեկությունն օգնել նրանց, ովքեր մտահոգություններ ունեն այս պատմական հարցի շուրջ։

«Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ «բոլորը նույնն են Աստծո համար», լինեն «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33): Եկեղեցու պատմության ընթացքում բազմաթիվ երկրներում ցանկացած ռասայի և ազգության մարդիկ մկրտվել և ապրել են որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ: Ջոզեֆ Սմիթի կենդանության օրոք Եկեղեցու մի քանի սևամորթ տղամարդ անդամներ կարգվել էին քահանաներ։ Եկեղեցու պատմության վաղ շրջանում Եկեղեցու ղեկավարները դադարեցրին քահանայության շնորհումը աֆրիկյան ծագում ունեցող սևամորթներին։ Եկեղեցու գրառումներում տրված չէ պարզ գաղափար այս կիրառության սկզբնաղբյուրների մասին» (Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանը):

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություններ է պարունակում այս հայտարարությունը նրանց համար, ովքեր մտահոգված են այս հարցով։

Շեշտեք այն տողը, որում նշվում է․ «Եկեղեցու գրառումներում տրված չէ պարզ գաղափար այս կիրառության սկզբնաղբյուրների մասին»։ Չնայած որոշ մարդիկ կարող են առաջադրել պատճառներ, թե ինչու աֆրիկյան ծագում ունեցող տղամարդիկ որոշ ժամանակ չէին կարգվում որպես քահանաներ, այդ պատճառները միգուցե ճշգրիտ չլինեն։ Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Եթե դուք սուրբ գրությունները կարդաք` մտքում ունենալով այս հարցը․ «Ինչո՞ւ է Տերը պատվիրել սա կամ ինչո՞ւ է նա պատվիրել դա», դուք կպարզեք, որ հարյուր պատվիրաններից գոնե մեկի համար որևէ պատճառ տրված չէ։ Տիրոջ օրինաչափությունը չի ներառում պատճառներ տալը։ Մենք՝ [մահկանացուներս], կարող ենք պատճառներ գտնել հայտնությունների համար։ Մենք կարող ենք պատճառներ գտնել պատվիրանների համար։ Այդ պահերին մենք ինքնուրույն ենք գործում։ Որոշ մարդիկ պատճառներ են գտել այն բանի համար, ինչի մասին մենք այժմ խոսում ենք [ռասա և քահանայություն], սակայն նրանք ի վերջո չարաչար սխալվել են։ …

… Եկեք այս և այլ հարցերի շուրջ չկրկնենք այն սխալը, որը թույլ է տրվել նախկինում՝ փորձելով պատճառներ գտնել հայտնության համար։ Հիմնականում պատճառները մարդկային երևակայության արդյունք են լինում» (Life’s Lessons Learned [2011], 68–69)։

  • Ինչո՞ւ իմաստուն կլիներ` խուսափել պատճառների մասին ենթադրություններ անելուց, թե ինչու մինչև 1978 թվականը աֆրիկյան ծագում ունեցող անհատները չէին կարգվում որպես քահանաներ կամ թույլտվություն չէին ստանում կատարելու տաճարային արարողություններ։ (Մարդը խոսում է սահմանափակ հեռանկար ունենալով իր առջև, իսկ Աստված մեզ չի ասել պատճառները։)

Շեշտեք, որ այսօր Եկեղեցին ժխտում է այս հարցի շուրջ նախկինում առաջադրված տեսակետները՝ սև մաշկը Աստծո շնորհից զրկված լինելու կամ անեծքի նշան է, սև մաշկը վկայում է նախաերկրային կյանքի անարդար արարքների մասին, տարբեր ռասաների միջև ամուսնությունը մեղք է և սևամորթները կամ որևէ այլ ռասա կամ ազգություն ինչ-որ կերպ ավելի ցածր դիրք են գրավում, քան մեկ ուրիշը։ Եկեղեցու ղեկավարներն այսօր միաձայն դատապարտում են ռասիզմի բոլոր դրսևորումները, որ եղել են նախկինում և կան այսօր։ (Տես “Race and the Priesthood,” Gospel Topics, lds.org/topics։)

  • Ինչպե՞ս կարող է մարդկանց հավատքն առ Հիսուս Քրիստոսն օգնել նրանց գտնելու իրենց հարցերի կամ մտահոգությունների պատասխանները` կապված քահանայության սահմանափակման հետ, որը գոյություն է ունեցել մինչև 1978 թվականը։

Պաշտոնական Հայտարարություն 2

Քահանայությունը և տաճարային օրհնությունները տարածվել են Եկեղեցու յուրաքանչյուր արժանի անդամի վրա

Բացատրեք, որ մինչև 1978 թվականը տարբեր ազգերի մեջ աֆրիկյան ծագում ունեցող հազարավոր մարդիկ իմացել են վերականգնված ավետարանի ճշմարտացիության մասին։ Եկեղեցու ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիում բազմաթիվ խնդրագիր նամակներ են ստացել Նիգերիայի և Գանայի չմկրտված նորադարձներից, որ միսիոներներ ուղարկվեն Աֆրիկա։ Տարիներ շարունակ Եկեղեցու ղեկավարները աղոթքով խորհել են այդ հարցի շուրջ, սակայն զգացել են, որ դեպի Աֆրիկա միսիոներներ ուղարկելու ժամանակը դեռ չի եկել։ Բրազիլիայում հավատարիմ սևամորթ անդամներն օգնել են կառուցելու Սան Պաոլո Տաճարը, որ հայտարարվել էր 1975 թվականին, չնայած նրանք գիտեին, որ չեն կարողանալու մտնել տաճար։

Ուսանողներին տեղեկացրեք, որ Պաշտոնական Հայտարարություն 2-ը պարունակում է պաշտոնական հայտարարություն հայտնության մասին, որը ստացել էին Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը, Առաջին Նախագահության նրա Խորհրդականները և Տասներկու Առաքյալների Քվորումի տասը անդամները։ Հայտնությունը տրվել էր 1978 թվականի հունիսի 1-ին։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ «Թանկագին Եղբայրներ» արտահայտության ներքո գտնվող առաջին պարբերությունը։ Դասարանին հրավիրեք հետևել` փնտրելով, թե Եկեղեցու ղեկավարներն ինչ են պատմում իրենց տեսածի մասին։

  • Եկեղեցու ղեկավարներն ի՞նչ էին նկատում ողջ աշխարհում։

  • Ի՞նչ ոգեշնչում ստացան Եկեղեցու ղեկավարները, երբ նրանք ականատես եղան Տիրոջ աշխատանքի տարածմանը։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հաջորդ պարբերությունը, որը սկսվում է «Քաջատեղյակ այն խոստումներին» բառերով։ Հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես Եկեղեցու ղեկավարները գործեցին համաձայն իրենց ոգեշնչված ցանկությունների։ Հարցրեք.

  • Ինչպե՞ս Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը և Եկեղեցու այլ ղեկավարներ գործեցին համաձայն իրենց ոգեշնչված ցանկությունների։

  • Համաձայն այս պարբերության առաջին երեք տողերի, Եկեղեցու ղեկավարներն ի՞նչ գիտեին քահանայության սահմանափակման մասին։ (Նրանք գիտեին, որ ինչ-որ ժամանակ բոլոր արժանի տղամարդիկ քահանայություն ստանալու հնարավորություն կունենան։)

Բացատրեք, որ 1978 թվականից շատ տարիներ առաջ, իմանալով, որ փոփոխության համար անհրաժեշտ էր հայտնություն ստանալ, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը քննարկել էին քահանայության սահմանափակման հետ կապված հարցերը և աղոթել դրա մասին։ Ցուցադրեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի (1895–1995) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Օրեր շարունակ ես առանձնանում էի տաճարի վերնատանը մեծ հանդիսավորությամբ և լրջությամբ, և այնտեղ ես դուրս էի թափում իմ հոգին և առաջարկում իմ ջանքերը ծրագիրը առաջ տանելու համար։ Ես ցանկանում էի անել այն, ինչ նա էր ցանկանում։ Ես խոսեցի նրա հետ այդ մասին և ասացի․ «Տեր, ես ցանկանում եմ միայն այն, ինչը ճիշտ է։ Մենք ծրագրեր չենք կազմում տպավորություն գործելու համար։ Մենք ցանկանում ենք միայն այն բաները, ինչը դու ես ցանկանում, և մենք ցանկանում ենք այն, երբ դու կցանկանաս և ոչ դրանից շուտ» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 238

  • Ի՞նչ են մեզ սովորեցնում Նախագահ Քիմբալի բառերն այն մասին, թե ինչպես են մարգարեները հայտնություն փնտրում։ (Ուսանողների պատասխանները լսելուց հետո կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը. Եկեղեցին առաջնորդելիս մարգարեները փնտրում են Տիրոջ կամքը։)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Պաշտոնական Հայտարարություն 2-ի հաջորդ երկու պարբերություննեը, որոնք սկսվում են «Նա լսեց մեր աղոթքները» բառերով։ Դասարանին խնդրեք փնտրել Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի, Առաջին Նախագահության նրա Խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի տասը անդամների աղոթքներին տրված Տիրոջ պատասխանը։

  • Ո՞րն էր Տիրոջ պատասխանը Իր մարգարեի աղոթքներին։ (Շեշտեք այս հայտնության ժամանակ ստացած Տիրոջ ուղերձը․ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները հասանելի են Երկնային Հոր բոլոր զավակներին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես են ստացել Պաշտոնական Հայտարարություն 2-ում տրված հայտնությունը, կիսվեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910–2008) հետևյալ հայտարարությամբ, ով տաճարում ներկա է եղել այն օրը, երբ տրվել է հայտնությունը։

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Սենյակում տիրում էր սուրբ և սրբագործված մթնոլորտ։ Ես այնպիսի զգացողություն ունեցա, ասես երկնային գահի և իր Եղբայրների հետ միացած Աստծո ծնկաչոք, աղերսող մարգարեի միջև մի ուղի էր բացվել։ Աստծո Հոգին այնտեղ էր։ Եվ Սուրբ Հոգու զորությամբ այդ մարգարեն ստացավ հավաստիացում, որ բանը, որի համար նա աղոթում էր, ճիշտ էր, որ եկել էր ժամանակը, և որ քահանայության չքնաղ օրհնությունները պետք է տարածվեին արժանի տղամարդկանց վրա ամենուր՝ անկախ ազգատոհմից։ …

Մենք բոլորս էլ գիտեինք, որ եկել էր փոփոխության ժամանակը և որ որոշումը եկել էր երկինքներից։ Պատասխանը հստակ էր։ Կատարյալ միություն կար մեր մեջ՝ մեր փորձառության և մեր հասկացողության հետ կապված» (“Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 70)։

Բացատրեք, որ քահանայության սահմանափակմանը վերջ դնելու հայտնությունը ստանալուց անմիջապես հետո միսիոներներ ուղարկվեցին Աֆրիկա։ Այդ պահից սկսած տաճարներ են կառուցվել այդ աշխարհամասում, կազմավորվել են հարյուրից ավելի ցցեր և հարյուր հազարավոր սրբեր ստացել են ավետարանի արարողություններն իրենց և իրենց մահացած նախնիների համար։ (Տես օրինակ “Mormons in Africa: A Bright Land of Hope,” mormonnewsroom.org; “Emerging with Faith in Africa,” parts 1–3, lds.org/prophets-and-apostles/unto-all-the-world։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ այն.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Յուրաքանչյուր մայրցամաքում և ծովի կղզիներում հավատարիմները հավաքվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Մշակութային, լեզվական, սեռային և արտաքին առանձնահատկությունների տարբերություններն անկարևոր են դառնում, երբ անդամներն անձնուրաց ծառայում են իրենց սիրելի Փրկիչին։ Պողոսի հայտարարությունն իրականացել է․ «Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։

Այլ եւս ոչ Հրեայ կայ եւ ոչ Հոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ․ որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը» [Գաղատացիս Գ․27-28]:

Միայն Աստծո ճշմարիտ Հայրության ըմբռնումը կարող է լիարժեք երախտագիտություն առաջացնել մարդկանց ճշմարիտ եղբայրության համար։ Այդ հասկացողությունը ոգեշնչում է ցանկությամբ կառուցելու համագործակցության կամուրջներ խտրականության պատերի փոխարեն» (“Teach Us Tolerance and Love,” Ensign, May 1994, 70)։

  • Ինչպե՞ս է ավետարանը նախապատրաստում մեզ` միավորվելու տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ։

  • Ի՞նչ օրինակ եք դուք տեսել, երբ տարբեր ծագում ունեցող Եկեղեցու անդամները միավորվել են և համագործակցել միմյանց հետ։

Վերջում հրավիրեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչ պատասխան կարող են տալ, երբ նրանց հարցնեն, թե ինչու Եկեղեցին որոշ ժամանակ աֆրիկյան ծագում ունեցող տղամարդկանց չէր կարգում որպես քահանա։ Հաստատեք, որ պատշաճ կլինի ուրիշներին բացատրելը, որ մենք չգիտենք, թե ինչու սկսվեց քահանայության սահմանափակումը և որ մենք պետք է կիսվենք և վկայենք ճշմարտությունների մասին, որոնք մենք գիտենք։

Ուսանողի ընթերցարան