Գրադարան
Դաս 15. Ուժեղ մնալ հալածանքի մեջ


Դաս 15

Ուժեղ մնալ հալածանքի մեջ

Նախաբան

1837 և 1838 թվականների ընթացքում թերություն գտնելու, հակառակության և ուրացության ոգին էր տարածվել Կիրթլենդի՝ Օհայո և հյուսիսային Միսսուրիի Եկեղեցու որոշ ղեկավարների և անդամների շրջանում։ Խնդիրներն ավելի բարդացան, երբ որոշ մարդիկ բացահայտ կերպով սկսեցին հակադրվել Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Վաղ շրջանի Սրբերի փորձառությունից մենք կարող ենք սովորել, որ երբ հանդիպում ենք հալածանքի, մենք ստանում ենք հոգևոր ուժ, երբ արդար ենք ապրում և աջակցում ենք Տիրոջ ծառաներին։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 112․10-15

Ուրացությունը Կիրթլենդում՝ Օհայո

Հետևյալ բառերը գրեք գրատախտակին. բարկացած, վիրավորված, նախանձ։ Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանք ունեցել են այդպիսի զգացողություններ:

Ցուցադրեք հետևյալ բնորոշումը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Խնդրեք ուսանողներին ներկայացնել իրավիճակը, որը Թոմաս Բ․ Մարշին ստիպեց ունենալ այն զգացողությունները, որոնք գրված են գրատախտակին:

1835 թվականին` որպես Առաքյալ կանչվելուց կարճ ժամանակ անց, Թոմաս Բ. Մարշը նշանակվեց Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ։ 1837 թվականի գարնանը Նախագահ Մարշն իմացավ, որ Տասներկու Առաքյալներից մեկը՝ Երեց Փարլի Պ․ Պրատը, պատրաստվում էր մեկնել Անգլիա` ծառայելու միսիայում` առանց Նախագահ Մարշի հրահանգի։ Նախագահ Մարշը, ով Միսսուրիում էր, գրեց Երեց Պրատին և Տասներկուսի Քվորումի մյուս անդամներին և հրավիրեց նրանց հանդիպել իր հետ 1837 թվականի հուլիսի 24-ին Կիրթլենդում՝ Օհայո, որպեսզի նրանք կարողանային միասին ծրագրեր կազմել իրենց միսիաների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, այդ հանդիպումից մեկ ամիս առաջ Տասներկուսի Քվորումի երկու այլ անդամներ՝ Երեցներ Հեբեր Ս․ Քիմբալը և Օրսոն Հայդը, մեկնեցին Անգլիա՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթից միսիայի կանչ ստանալուց հետո։ Նախագահ Մարշը հավանաբար զայրացած էր, որ Տասներկուսի անդամները շարունակում էին քարոզել ավետարանը Անգլիայում՝ առանց իր մասնակցության։

  • Այս իրավիճակում ի՞նչ կարող էր անել Նախագահ Մարշը, որպեսզի խուսափեր գրատախտակին նշված զգացողություններից։

  • Ի՞նչ վտանգներ կարող են առաջ գալ, երբ թույլ ենք տալիս, որ նման զգացողություններն իշխեն մեր մտքերի և գործողությունների վրա։ (Նշեք, որ նմանատիպ զգացողություններն անարգական են Սուրբ Հոգու համար և հաճախ տանում են դեպի ավելի լուրջ մեղքի։)

Խնդրեք որևէ ուսանողի շարունակել՝ կարդալով հետևյալը․

Նախագահ Մարշը իր մտահոգություններով կիսվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ և փնտրեց նրա խորհուրդը։ Ի պատասխան՝ Տերը հայտնություն տվեց, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 112-ում:

1837 թվականի հուլիսին, երբ Տերը տվեց այս հայտնությունը, Եկեղեցում տիրում էր պառակտվածությունը, հակառակությունը և ուրացությունը: Հպարտությունը և ագահությունը Եկեղեցու որոշ անդամների ստիպեցին բացեիբաց քննադատել Մարգարե Ջոզեֆ Սմիթին և կասկածի տակ առնել նրա իշխանությունը։ Եկեղեցու որոշ անդամներ, ինչպես նաև Տասներկու Առաքյալների Քվորումի որոշ անդամներ նույնիսկ փորձեցին հեռացնել Ջոզեֆ Սմիթին Եկեղեցու Նախագահի պաշտոնից։

  • Ի՞նչը ստիպեց Եկեղեցու որոշ անդամների` անտեսել ճշմարտության վերաբերյալ իրենց վկայությունները և բացահայտ կերպով դեմ դուրս գալ Մարգարե Ջոզեֆ Սմիթին։

Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112․10-12, 15 հատվածները, փնտրելով խորհուրդը, որ Տերը տվեց Նախագահ Մարշին և Տասներկուսի Քվորումի մյուս անդամներին, որը կարող է օգնել Եկեղեցու անդամներին խուսափել իրենց ղեկավարների վերաբերյալ քննադատությունից։

Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածների խորհուրդն օգնել Եկեղեցու անդամներին խուսափել Եկեղեցու ղեկավարների վերաբերյալ քննադատությունից։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքները․ Եթե մենք խոնարհ ենք, Տերը կառաջնորդի մեզ և կպատասխանի մեր աղոթքներին։ Տերը պահանջում է, որ մենք աջակցենք այն ղեկավարներին, ովքեր կրում են Եկեղեցում նախագահելու բանալիները։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները հատված 15-ը համեմատեն Վարդապետություն և Ուխտեր 84․35–38 հատվածների հետ։ Դուք կարող եք նաև նշել, որ Տասներկուսի Քվորումի անդամներին խրատելու խորհուրդը տրվել էր Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահին և չի վերաբերում Եկեղեցու առանձին անդամների։)

Նկար
թերթիկ, Ամուր մնալը

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք թերթիկի մեկական օրինակ, որը գտնվում է այս դասի վերջում։ Խորհեք դասարանը փոքր խմբերի բաժանելու և յուրաքանչյուր խմբին «Ուրացությունը Կիրթլենդում․ Եկեղեցու ղեկավարներին հավատարմորեն հետևելու կարիքը» վերնագրով բաժինը կարդալու հրավերի մասին։ Ուսանողներին խնդրեք իրենց խմբերում քննարկել բաժնի վերջում տրված հարցերը։

Դասի այս մասը դուք կարող եք ավարտել՝ ցուցադրելով և քննարկելով Առաջին Նախագահությունից Նախագահ Հեբեր Ս․ Քիմբալի (1801–68) հետևյալ մեջբերումը․

Նկար
Նախագահ Հեբեր Ս. Քիմբալ

«Ես ձեզ մի բանալի կտամ, որը Եղբայր Ջոզեֆ Սմիթն էր սովորաբար տալիս Նավու քաղաքում: Նա ասաց, որ ուրացության հենց այս քայլը սկսվում է Եկեղեցու ղեկավարների և արքայության հանդեպ վստահությունը կորցնելուց, և երբ տեսնում եք այս ոգին, դուք կարող եք իմանալ, որ այն դրա տիրոջը կտանի դեպի ուրացության ճանապարհը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 339):

Մարգարեին և Եկեղեցու այլ ղեկավարներին հավատարմորեն հետևելու կարևորությունը շեշտելու համար կարդացեք Բրիգամ Յանգի (1801–77) կյանքի հետևյալ փորձառությունը, ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Կիրթլենդում Նախագահ Բրիգամ Յանգը հանդիպեց մի խումբ ուրացյալների, ովքեր դավեր էին նյութում Մարգարե Ջոզեֆ Սմիթի դեմ հենց տաճարի պատերի ներսում։ Նա հայտարարեց․ «Ես կանգնեցի և պարզ ու կոպիտ ձևով ասացի նրանց, որ Ջոզեֆը Մարգարե էր, և ես գիտեի դա, և նրանք կարող էին վատաբանել ու չարախոսել նրա մասին` որքան ուզեին․ նրանք չէին կարողանա կործանել Աստծո Մարգարեի աշխատանքը, նրանք կարող էին կործանել միայն իրենց իսկ իշխանությունը, կտրել շղթան, որը կապում էր նրանց` Մարգարեի և Աստծո հետ ու խորտակվել դժոխքում» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 79

Վարդապետություն և Ուխտեր 121․1–10, 16–17, 122․1–9

Հալածանք Հյուսիսային Միսսուրիում

Խորհեք ուսանողներին փոքր խմբերով պահելու և յուրաքանչյուր խմբին թերթիկի «Հալածանք Հյուսիսային Միսսուրիում․ սովորել հալածանքներին դիմանալ պատվով» վերնագրով երկրորդ բաժինը կարդալու հրավերի մասին։ Բացատրեք, որ այս բաժնում նկարագրվում են որոշ գործողություններ, որոնք ստիպեցին Սրբերին հեռանալ հյուսիսային Միսսուրիից և Մարգարեն ազատազրկման ենթարկվեց Լիբերթի բանտում։ Ուսանողներին խնդրեք իրենց խմբերում քննարկել այս բաժնի վերջում տրված հարցերը։

Երբ ուսանողները լրացնեն թերթիկները, բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 121-23 բաժինները պարունակում են հատվածներ այն նամակից, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել էր Սրբերին` Լիբերթի բանտում գտնվելու վերջին օրերին։

Ուսանողներին խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․1-6 հատվածները: Հանձնարարեք ուսանողներին գտնել հարցերը, որոնք Մարգարեն ուղղել էր Տիրոջը։

  • Ի՞նչ հարցեր գտաք դուք:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․7–10, 16–17, 122․7–9 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և մտածել այն մասին, թե ինչպես են Ջոզեֆ Սմիթի աղերսանքներին տրված Տիրոջ պատասխաններն ամրացրել Ջոզեֆին՝ դիմակայելու իր թշնամիների կողմից շարունակվող հալածանքներին։

Խնդրեք ուսանողներին շարադրել վարդապետություններ ու սկզբունքներ, որոնք սովորել են իրենց կարդացած հատվածներից: (Հնարավոր պատասխաններ․ Եթե մենք պատվով տանենք հալածանքը մահկանացու կյանքում, Աստված կօրհնի մեզ այժմ և հավերժության մեջ։ Նրանք, ովքեր մեղադրում են Տիրոջ ծառաներին, մեղքի ծառաներ են։ Մենք կարող ենք ուժեղանալ մեր փորձությունների մեջ, երբ մեր հույսը դնենք Փրկիչի Քավության վրա և հիշենք Նրա հավատարմորեն համբերելու օրինակը։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Ըստ սահմանման, փորձությունները փորձող կլինեն։ Կլինի ցավ, շփոթություն, անքուն գիշերներ, արցունքներից թրջված բարձեր։ Բայց մեր փորձությունները չպետք է հոգեպես մահացու լինեն։ Դրանք չպիտի հեռացնեն մեզ մեր ուխտերից կամ Աստծո տնից։ …

Թեժ կրակի պես, որը երկաթը պողպատի է վերածում, եթե հավատարիմ մնանք մեր հավատքի բորբոքված փորձության մեջ, մենք հոգևորապես կհղկվենք և կամրանանք» («Ձեր հավատքի փորձությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 41–42):

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ են իրենք արել կամ կանեն, որպեսզի հիշեն, որ Աստված կարող է ամրացնել նրանց, երբ նրանք հանդիպում են իրենց հավատքի փորձությանը կամ հալածանքի։ Ուսանողներին ժամանակ տրամադրեք, որպեսզի կիսվեն իրենց փորձառություններով կամ մտքերով՝ դժվար պահերին Աստծուն ապավինելու վերաբերյալ։

Ուսանողի ընթերցարան

Ուժեղ մնալ հալածանքի մեջ

Վերականգնման հիմքերը․ Դաս 15

Ուրացությունը Կիրթլենդում․ Եկեղեցու ղեկավարներին հավատարմորեն հետևելու կարիքը

1837 թվականին Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքի Սրբերը ունեցան որոշ ֆինանսական խնդիրներ։ Որպեսզի օգնեին Սրբերին ավելի ինքնուրույն լինել իրենց ֆինանսական հարցերում, Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ հիմնեցին բանկի նման մի ընկերություն և կոչեցին այն Կիրթլենդի Ապահովագրական Միություն։ Այս ժամանակահատվածում լայն տարածում գտած տնտեսական ճգնաժամի հետևանքով շատ բանկեր փակվեցին ողջ Միացյալ Նահանգներով մեկ։ 1837 թվականի աշնանը Կիրթլենդի Ապահովագրական Միությունը նույնպես փակվեց: Երկու հարյուր ավանդատուներ բանկում կորցրեցին գրեթե ամեն ինչ․ Ջոզեֆ Սմիթը կրեց ամենամեծ վնասը։ Չնայած Կիրթլենդի Ապահովագրական Միությունը չէր ֆինանսավորվում Եկեղեցու կողմից, որոշ Սրբեր այն համարում էին Եկեղեցու բանկ կամ Մարգարեի բանկ և իրենց ֆինանսական խնդիրների համար մեղադրում էին Ջոզեֆ Սմիթին։ Ոմանք նույնիսկ սկսեցին կոչել նրան ընկած մարգարե։ Սակայն, չնայած բանկը փակվեց, շատերը, ովքեր գումար էին կորցրել, շարունակեցին հավատալ և հավատարիմ մնացին Մարգարեին։

Ուրացության և թերություններ գտնելու ոգին սկսեց տարածվել Սրբերից շատերի մեջ։ Մինչև 1838 թվականի հունիսը մոտավորապես 200 - 300 ուրացյալներ հեռացան Եկեղեցուց՝ ներառյալ չորս Առաքյալներ, Մորմոնի Գրքի Երեք Վկաները և Առաջին Նախագահության անդամներից մեկը։ Այնուամենայնիվ, Սրբերի մեծամասնությունը փորձության այս պահին արձագանքեցին հավատքով` ճիշտ ինչպես Բրիգամ Յանգն արեց։ Տերն ամրացրեց նրանց, և նրանք հավատարիմ մնացին իրենց վկայություններին։ Նրանցից մի քանիսը, ովքեր հեռացել էին Եկեղեցուց ուրացության այս ժամանակահատվածում, ավելի ուշ վերադարձան և պահանջեցին, որ իրենք կրկին միանային Տիրոջ Եկեղեցուն։ Նրանց մեջ էին Օլիվեր Քաուդերին, Մարտին Հարրիսը, Լյուք Ջոնսոնը և Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսը։

Կիրթլենդի այս պայքարի ընթացքում մի քանի ուրացյալներ փորձեցին սպանել Ջոզեֆ Սմիթին։ Նախազգուշացվելով Հոգու կողմից՝ նա և Սիդնի Ռիգդոնը հեռացան 1838 թվականի հունվարի 12-ի գիշերը։ Օրեր շարունակ նրանք հետապնդվեցին իրենց թշնամիների կողմից, սակայն Տերը պաշտպանեց նրանց։ Իրենց ընտանիքների հետ նրանք ժամանեցին Ֆար Վեստ՝ Միսսուրի, 1838 թվականի մարտի 14-ին։

Խմբով քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել այս իրադարձություններից այն մասին, թե ինչպես արձագանքել հալածանքին մեր կյանքում։ Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել այս իրադարձություններից այն մասին, թե ինչպես արձագանքել Եկեղեցու դեմ ուղղված հալածանքին։

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի հավատարիմ մնանք Եկեղեցու ղեկավարներին, չնայած կարող ենք լսել, թե ինչպես են ուրիշները քննադատում նրանց։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել մարգարեին հետևելու արդյունքում:

Հալածանք Հյուսիսային Միսսուրիում․ սովորել պատվով դիմանալ հալածանքներին

1837 և 1838 թվականներին Եկեղեցու որոշ դժգոհ և հեռացված անդամներ, ովքեր ապրում էին Սրբերի մեջ Ֆար Վեստում, սկսեցին դատական գործ հարուցել Եկեղեցու և դրա ղեկավարների դեմ և մեղադրել Եկեղեցուն։ 1838 թվականի հունիսին Սիդնի Ռիգդոնը բորբոքված ելույթ ունեցավ, որը հայտնի դարձավ որպես «Աղի Քարոզ»։ Նա վկայակոչեց Մատթեոս Ե․13 հատվածը և ասաց, որ եթե աղը կորցնում է իր համը, այն պիտանի չէ ոչ մի բանի համար և պետք է դուրս նետվի, ակնարկելով, որ նրանք, ովքեր հեռացել էին Եկեղեցուց, պետք է վտարվեին Սրբերի միջից։ Երկու շաբաթ անց՝ հուլիսի 4-ին, Սիդնի Ռիգդոնը ելույթ ունեցավ, որի ժամանակ նա խոստացավ, որ Սրբերը կպաշտպանեն իրենք իրենց, եթե նույնիսկ այն վերածվի «բնաջնջման պատերազմի»։ Չնայած թվում էր, այս երկու ելույթներն էլ հակասում էին «խաղաղության կոչ» անելու Տիրոջ հրահանգին, (ՎևՈւ 105․38), երկու ելույթներն էլ տպագրվեցին և մեծ ահազանգ դարձան ոչ Վերջին Օրերի Սրբերի համար։

Այս ընթացքում Սամսոն Ավարդ անունով մի նորադարձ գաղտնի երդում տվեց նրանց, ովքեր կմիանային իրեն՝ կազմավորելու կողոպտիչների մի խումբ, որը կոչվելու էր Դանիթես։ Ավարդը հրամայեց նրանց կողոպտել ու թալանել միսսուրիացիներին, ասելով, որ սա կօգնի կառուցելու Աստծո թագավորությունը։ Ավարդը համոզել էր իրեն հետևողներին, որ իր հրահանգները գալիս էին Առաջին Նախագահությունից։ Հետագայում ճշմարտությունը բացահայտվեց, և Ավարդը Եկեղեցուց հեռացվեց։ Ավարդի գործողությունները մեծ վնաս հասցրին Եկեղեցու համբավին և նպաստեցին, որ Մարգարեին բանտարկեին Լիբերթի բանտում։

Եկեղեցու որոշ անդամների և Միսսուրիի ոստիկանության միջև 1838 թվականի հոկտեմբերին կայացած բախման արդյունքում յուրաքանչյուր կողմից եղան մի քանի զոհեր։ Բախման վերաբերյալ չափազանցված զեկույցներ հասան Լիլբուրն Վ․ Բոգսին՝ Միսսուրիի նահանգի նահանգապետին, ով այդ ժամանակ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որը հայտնի դարձավ որպես բնաջնջման հրաման․ «Մորմոններին պետք է վերաբերվել որպես թշնամիների, և նրանք պետք է բնաջնջվեն կամ քշվեն նահանգից, եթե դա անհրաժեշտ է հասարակության բարօրության համար» (History of the Church,3.175): Շուտով Ֆար Վեստ քաղաքը շրջապատվեց ոստիկաններով, ովքեր գերակշռում էին Սրբերին` հինգը մեկի հարաբերությամբ։ Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ փակվեցին Լիբերթի բանտում, որտեղ նրանք մնացին ողջ ձմեռ։ Սրբերի մնացած մասին ստիպեցին հեռանալ նահանգից։

Խմբով քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել այս իրադարձություններից, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ դիմանալ հալածանքին։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մեզանից յուրաքանչյուրը հետևի Փրկիչի օրինակին ճգնաժամի կամ հալածանքի պահերին: Ի՞նչ պատահեց հյուսիսային Միսսուրիում, երբ որոշ Սրբեր չարեցին դա։

  • Ե՞րբ եք դուք տեսել, որ մեկի խոսքերը կամ գործերը ներգործեն մեկ ուրիշի վրա՝ Եկեղեցու հանդեպ դրական վերաբերմունք ձևավորելու համար։