Բաժին 110
Տեսիլքներ՝ հայտնված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին, Օհայոյի Կիրթլենդի տաճարում, 1836թ. ապրիլի 3-ին (History of the Church, 2.435–436): Առիթը եղավ Հանգստության օրվա ժողովը: Այս հայտնությունների իր արձանագրման նախաբանը Մարգարեն սկսում է հետևյալ խոսքերով. «Կեսօրին ես օգնեցի մյուս Նախագահներին՝ Տիրոջ Ընթրիքը Եկեղեցուն բաժանելիս, այն ստանալով Տասներկուսից, որոնց արտոնությունն էր այդ օրը պաշտոնավարել սրբազան սեղանի մոտ: Մատուցելով այս ծառայությունն իմ եղբայրներին՝ ես վերադարձա բեմ, իջեցված վարագույրների ետևը, և խոնարհվեցի, Օլիվեր Քաուդերի հետ, հանդիսավոր և ցածրաձայն աղոթքի մեջ: Աղոթքից վեր կենալուց հետո, հետևյալ տեսիլքը բացվեց մեզ երկուսիս» (History of the Church, 2.435):
1–10՝ Տեր Եհովան հայտնվում է փառքով և ընդունում է Կիրթլենդի Տաճարը, որպես իրեն տուն. 11–12՝ Մովսեսը և Եղիասը հայտնվում են և հանձնում իրենց բանալիներն ու տնտեսությունը. 13–16՝ Եղիան վերադառնում է և հանձնում իր տնտեսության բանալիները, ինչպես խոստացվել էր Մաղաքիայի միջոցով:
1 Վարագույրը հեռացվեց մեր մտքերից, և մեր հասկացողության աչքերը բացվեցին:
2 Մենք տեսանք Տիրոջը, ամբիոնի բազրիքի վրա կանգնած, մեր առաջ. և նրա ոտքերի տակ աղյուսապատ սաթագույն հատակ էր մաքուր ոսկուց:
3 Նրա աչքերը կարծես կրակի բոցեր լինեին. նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը. նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ. և նրա ձայնն ասես շառաչյուն մեծ ջրերի հնչում լիներ, այսինքն՝ Եհովայի ձայնը, ասելով.
4 Ես եմ առաջինը և վերջինը. ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ:
5 Ահա, ձեր մեղքերը ներված են ձեզ. դուք մաքուր եք իմ առաջ. հետևաբար, բարձրացրեք ձեր գլուխները և ցնծացեք:
6 Թող ձեր եղբայրների սրտերը ցնծան, և թող իմ ողջ ժողովրդի սիրտը ցնծա, որ իրենց զորությամբ կառուցել են այս տունն իմ անվան համար:
7 Քանզի ահա, ես ընդունել եմ այս տունը, և իմ անունը պիտի լինի այստեղ. և ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը:
8 Այո, ես կհայտնվեմ իմ ծառաներին և կխոսեմ նրանց հետ իմ իսկ ձայնով, եթե իմ ժողովուրդը պահի իմ պատվիրանները և չպղծի այս սուրբ տունը:
9 Այո, հազարավորների և բյուրավորների սրտերը մեծապես կցնծան այն օրհնությունների հետևանքով, որոնք պիտի թափվեն, և օժտման հետևանքով, որով իմ ծառաներն օժտվել են այս տանը:
10 Եվ այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում. և սա է սկիզբն այն օրհնության, որը պիտի թափվի իմ ժողովրդի գլխին: Ճիշտ այդպես: Ամեն:
11 Այս տեսիլքը փակվելուց հետո երկինքները կրկին բացվեցին մեզ համար. և Մովսեսը հայտնվեց մեր առաջ և հանձնեց մեզ աշխարհի չորս մասերից Իսրայելը հավաքելու և հյուսիսային երկրից տասը ցեղերին առաջնորդելու բանալիները:
12 Դրանից հետո Եղիասը հայտնվեց և հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը, ասելով, որ մեզանով և մեր հետնորդներով պիտի օրհնվեն մեզ հաջորդող բոլոր սերունդները:
13 Այս տեսիլքը փակվելուց հետո, մեկ այլ վեհ և փառահեղ տեսիլք պայթեց մեր առաջ. քանզի Եղիա մարգարեն, որն առանց մահ ճաշակելու երկինք էր վերցվել, կանգնեց մեր առաջ և ասաց.
14 Ահա, ժամանակը լիովին մոտեցել է, որը խոսվել է Մաղաքիայի բերանով,– վկայելով, որ նա [Եղիան] կուղարկվի, նախքան Տիրոջ գալստյան մեծ և ահեղ օրը,–
15 Հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար, և զավակներինը՝ դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով,–
16 Հետևաբար, այս տնտեսության բանալիները հանձնվում են ձեր ձեռքը. և դրանով դուք կարող եք իմանալ, որ Տիրոջ մեծ և ահեղ օրը մոտ է, նույնիսկ դռների մոտ: