Գլուխ 8
Վերջին օրերին Տերը կմխիթարի Սիոնը և կհավաքի Իսրայելը – Փրկագնվածները, մեծ ուրախությամբ, կգան Սիոն – Համեմատեք Եսայիայի ԾԱ և ԾԲ.1–2: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:
1 Լսեք ինձ, դո՛ւք, որ հետամուտ եք արդարության: Նայեք վեմին, որից դուք պոկված եք և հորի անցքին, որից դուք փորված եք:
2 Նայեք Աբրահամին՝ ձեր հորը, և Սարրային՝ նրան, որ բերել է ձեզ. քանզի ես միայն նրան կանչեցի և օրհնեցի նրան:
3 Քանզի Տերը կմխիթարի Սիոնը, նա կմխիթարի նրա բոլոր լքված տեղերը. և նա կդարձնի նրա անապատը Եդեմի նման, և նրա ամայի վայրերը՝ Տիրոջ պարտեզի նման: Ցնծությունն ու բերկրանքը կտիրի այնտեղ, գոհաբանությունն ու մեղեդու ձայնը:
4 Լսիր ինձ, իմ ժողովո՛ւրդ և ականջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ. քանզի օրենք է դուրս գալու ինձանից, և ես կանեմ այնպես, որ իմ դատաստանը դրվի իբրև մի լույս մարդկանց համար:
5 Իմ արդարությունը մոտ է. իմ փրկությունը՝ առաջ գնացած, և իմ բազուկը կդատի մարդկանց: Կղզիները կսպասեն ինձ և իմ բազկին կապավինեն:
6 Բարձրացրեք ձեր աչքերը դեպի երկինքները, և նայեք երկրի վրա՝ դեպի ցած. քանզի երկինքները կանհետանան, ինչպես ծուխ, և երկիրը կմաշվի, ինչպես հանդերձը. և նրանք, ովքեր բնակվում են նրա մեջ, կմեռնեն նույն ձևով: Բայց իմ փրկությունը կլինի հավիտյան, և իմ արդարությունը չի վերանա:
7 Լսեք ինձ, դո՛ւք, որ գիտեք արդարություն, մարդիկ, որոնց սրտում ես գրել եմ իմ օրենքը, մի վախեցեք մարդկանց նախատինքից, ոչ էլ վախեցեք նրանց հայհոյանքներից:
8 Քանզի ցեցը կուտի նրանց, ինչպես հանդերձը, և որդը կուտի նրանց, ինչպես բուրդը: Բայց իմ արդարությունը կլինի հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդե-սերունդ:
9 Զարթնիր, զարթնիր: Զորություն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ. զարթնիր, ինչպես հնադարյան օրերում: Մի՞թե դու նա չես, որ կտոր-կտոր արեցիր Ռահաբին և խոցեցիր վիշապին:
10 Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը՝ մեծ անդունդի ջրերը. որ ծովի խորքերը ճանապարհ շինեցիր՝ փրկվածների անցնելու համար:
11 Հետևաբար, Տիրոջ փրկագնվածները կվերադառնան և երգելով կգան Սիոն. և հավիտենական ուրախություն ու սրբություն կլինի նրանց գլուխների վրա. և նրանք ձեռք կբերեն բերկրանք և ուրախություն. վիշտը և սուգը հեռու կփախչեն:
12 Ես նա եմ. այո՛, ես նա եմ, որ մխիթարում է ձեզ: Ահա, ո՞վ ես դու, որ վախենում ես մարդուց, որը պիտի մեռնի, և մարդու որդուց, որը պիտի դառնա խոտի պես:
13 Եվ մոռանո՞ւմ ես Տիրոջը՝ քո արարչին, որ տարածել է երկինքները, և դրել է երկրի հիմքերը, և ամեն օր, շարունակ վախենում ես բռնակալի կատաղությունից, կարծես թե նա պատրաստ էր՝ կործանելու: Եվ ո՞ւր է բռնակալի կատաղությունը:
14 Գերի աքսորյալը շտապում է, որպեսզի կարողանա արձակվել, և որպեսզի չմեռնի հորում, ոչ էլ որպեսզի նրա հացը պակասի:
15 Բայց ես եմ Տերը՝ քո Աստվածը, որի ալիքները շառաչում են. Զորաց Տեր է իմ անունը:
16 Եվ ես դրել եմ իմ խոսքերը քո բերանում, և ծածկել եմ քեզ իմ ձեռքի ստվերում, որպեսզի կարողանամ տնկել երկինքները և դնել երկրի հիմքերը, և ասել Սիոնին. Ահա, դո՛ւ ես իմ ժողովուրդը:
17 Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ո՛վ Երուսաղեմ, որ խմել ես Տիրոջ ձեռքից նրա բարկության բաժակը, դու խմել ես, պարպելով մրուրը դողացնող բաժակի,
18 Եվ չունի ոչ մեկը, իր բերած որդիների միջից, առաջնորդելու իրեն. ոչ էլ, որպեսզի բռնի նրա ձեռքը, բոլոր որդիներից, որ նա մեծացրել է:
19 Այս երկու որդիներն են քեզ մոտ եկած, որոնք կխղճան քեզ՝ քո լքվածությանը և ավերվածությանը և սովին և սրին, և ո՞ւմ ձեռքով ես պետք է մխիթարեմ քեզ:
20 Քո որդիները նվաղել են, բացի այս երկուսից. նրանք պառկած են բոլոր փողոցների գլխին. ինչպես վայրի ցուլը ցանցի մեջ, նրանք լի են Տիրոջ կատաղությամբ, քո Աստծո կշտամբանքով:
21 Ուրեմն, լսիր այժմ սա, ո՛վ չարչարված և հարբած, բայց ոչ թե գինով.
22 Այսպես է ասում քո Տերը. Տերը և քո Աստվածը պաշտպանում է իր ժողովրդի դատը. ահա, ես քո ձեռքից վերցրել եմ դողացնող բաժակը, իմ կատաղության բաժակի մրուրը. դու այլևս չպիտի խմես այն նորից:
23 Այլ ես կդնեմ այն նրանց ձեռքում, ովքեր չարչարում են քեզ, ովքեր ասում էին քո հոգուն. Վա՛ր կռացիր, որ մենք կարողանանք անցնել վրայովդ, և դու քո մարմինը դրեցիր, որպես գետին և որպես փողոց, նրանց համար, որոնք անցան վրայովդ:
24 Զարթնիր, զարթնիր, հագիր զորությունդ, ո՜վ Սիոն, հագիր գեղեցիկ հանդերձներդ, ո՜վ Երուսաղեմ, սո՛ւրբ քաղաք. քանզի այսուհետև այլևս քո մեջ չի մտնի անթլպատը և անմաքուրը:
25 Թափ տուր փոշին քեզանից. ելիր, նստիր, ո՜վ Երուսաղեմ. արձակիր պարանոցիդ կապերը, ո՜վ Սիոնի գերի աղջիկ: