2016
Ծառայությունով հագեցած իմ կիրակիները
October 2016


Ծառայություն Եկեղեցում

Ծառայությունով հագեցած իմ կիրակիները

Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:

Իմ կիրակիները հագեցած են, բայց ես երախտապարտ եմ, որ կարող եմ ծառայել առանց այն դժվարությունների, որոնց բախվել էին Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարները` ինչպես օրինակ Երեց Փարլի Պ. Պրատը:

Նկար
Parley P. Pratt in the snow

Նկարազարդումը` Սիդի Վայն

Կիրակի առավոտ է: Առջևում ես ունեմ 12-ժամյա օրակարգ, որը կազմված է ժողովներից, հարցազրույցներից, հաստատումներից ու կարգումներից: Ես կսկսեմ մի ցցի կենտրոնից և կավարտեմ մի այլ ժողովատանը` քաղաքի մյուս ծայրում և ամբողջը մի շատ շոգ օրվա ընթացքում:

Ես անհամբեր սպասում եմ յուրաքանչյուր ժողովի, հարցազրույցի, հաստատման ու կարգման: Բայց երեկ, երբ մտածում էի, թե որքան զբաղված էի լինելու, ես մի փոքր ինքնախղճահարություն զգացի, մինչև որ բացեցի Փարլի Պ. Պրատի ինքնակենսագրությունը և սկսեցի կարդալ այնտեղից, որտեղ ես կանգ էի առել: Այն դժվար օրերին Ջոզեֆ և Հայրում Սմիթների հետ Երեց Պրատը բանտարկված էր Միսսուրիում: Ինդիփենդենս տանելուց հետո Եղբայրներին բանտարկեցին մի հյուրանոցում, որտեղ նրանք քնում էին հատակին, իսկ բարձի փոխարեն դրված էր փայտի կոճղ:

Մի ցուրտ, ձմեռային առավոտ Երեց Պրատը վեր կացավ ու աննկատ դուրս սահեց հյուրանոցից: Քաղաքի միջով նա ուղևորվեց դեպի մոտակա դաշտերը: Մեկ մղոն (1600 մետր) քայլելուց հետո Երեց Պրատը մտավ անտառ, թափվող ձյունը ծածկում էր նրա հետքերը, իսկ ծառերը թաքցնում էին նրան:

Նա անդրադառնում էր այն տհաճ դրությանը, որում ինքը գտնվում էր: Եթե նա շարունակեր դեպի արևելք, դա նշանակում էր, որ փախչելու էր դեպի մի այլ նահանգ, որտեղից կարող էր ուղարկել իր ընտանիքի ետևից: Հյուրանոց վերադառնալը կնշանակեր ազատազրկում և մեղադրանք լուրջ հանցագործությունների կատարման մեջ: Սակայն փախուստի գայթակղությունը Երեց Պրատին հիշեցրեց նաև «փորձանքների փոթորկի և նույնիսկ մահվան» մասին, որոնք ինքը կպատճառեր այլ բանտարկյալներին, եթե փախչեր:

Տարակուսանքների մեջ մի հոգևոր միտք ծագեց նրա գլխում. «Ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնե նորան, եվ ով իմ գործի համար, իմ անվան համար, վայր է դնում իր կյանքը, նա կգտնի այն կրկին, այսինքն՝ կյանք հավերժական» (տես Մարկոսի 8.35, ՎևՈւ 98.13):

Երեց Պրատը վերադարձավ հյուրանոց: Դրան հետևեցին ազատազրկման ծանր ամիսները` առանց ընտանիքի, Սրբերի ընկերակցության և իր առաքելական կոչման մեջ ծառայելու հնարավորության:1

Փակելով գիրքը, ես խորհում էի վաղ շրջանի Սրբերի, նաև իմ որոշ նախնիների կրած զրկանքների մասին: Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատի և ավետարանի մասին ունեցած իրենց վկայության պատճառով նրանք ենթարկվում էին դաժան հալածանքների: Նրանց տոկունության շնորհիվ այսօր ես կարող եմ ծառայել և անարգել երկրպագել, նրանց հետ կապված լինելով հավատով ու վկայությամբ:

Մինչ ես պատրաստվում եմ այս Հանգստության օրվան, իմ ընտանիքն ապահով ու անհամբեր սպասում է երկրպագության օրվան, որը տեղի կունենա հարմարավետ ժողովատանը: Սրբերի ընկերակցությունը պայծառ կդարձնի մեր օրը: Մենք կհրճվենք նրանց հետ, տեսնելով, թե ինչպես են կատարվում հաստատումները, կարգումները և պարտականությունները և ինչպես է ամրանում հավատը: Մենք կճաշակենք հաղորդությունը, կհիշենք մեր Փրկիչին և Նրա քավիչ զոհաբերությունը: Իսկ երեկոյան մենք կհավաքվենք մեր տանը` կարդալու Մորմոնի Գիրքը, աղոթելու միասին, նախքան կպառկենք հարմարավետ անկողիններում և կդնենք մեր գլուխները փափուկ բարձերի վրա:

Իմ կիրակիները շատ հագեցած են: Դրա համար ես շատ երախտապարտ եմ և օրհնված:

Հղում

  1. See Parley P. Pratt, Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1979), 194–97.