2016
Ընտանեկան պատմություն. խաղաղություն, պաշտպանություն և խոստումներ
October 2016


Ընտանեկան պատմություն. խաղաղություն, պաշտպանություն և խոստումներ

2015 թվականի փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիում տեղի ունեցած «RootsTech» Ընտանեկան պատմության համաժողովում «Ընտանիքների հավաքումը, բժշկումը և կնքումը» թեմայով տրված ելույթից:

Երբ ձեր ընտանիքը մասնակցում է արձանագրությունների հավաքմանը, սրտերի բժշկմանը և ընտանիքի անդամների կնքմանը, դուք և ձեր սերունդներըը կօրհնվեք հավիտյանս հավիտենից:

Նկար
family tree chart

Նկարազարդումը` Քարոլին Վիբերթի

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը պատմություն է ընտանիքների մասին: Երբ ես ասում եմ ընտանիքներ, ես նկատի չունեմ մոր, հոր և երեխաների մեր ժամանակակից գաղափարը:

Ես օգտագործում եմ այս եզրույթն այն ձևով, ինչպես Տերն է օգտագործում որպես հոմանիշ տոհմ կամ բազմասերունդ ընտանիքներ բառերին, որովհետև ամեն մեկն ընտանիք ունի: Մեր Երկնային Հոր ծրագիրը Իր երեխաների համար կենտրոնացած է այս տեսակի ընտանիքի վրա՝ երեխաներով, ովքեր ուժ են ստանում շատ սերունդներ առաջ ապրած իրենց նախնիներից և ծնողներից, ովքեր ձգտում են օրհնել իրենց գալիք հետնորդների եկող սերունդներին:

Այս իմաստով Մորմոնի Գիրքը նույնպես պատմում է պատմություններ ընտանիքների մասին: Երբ մենք կարդում ենք այս պատմությունները, մենք պարզում ենք, որ ընտանիքներն այնքան էլ չեն փոխվել դարերի ընթացքում: Նույնիսկ նրանք, ովքեր ապրել են այլ ժամանակում և վայրում, շատ նման են մեզ. Աստծո ցանկությունը` Իր զավակների համար, որ նրանք ապրեն երջանիկ, հավերժական ընտանիքներում, չի փոխվել:

Ինչո՞ւ է Տերը պահպանել հիշատակարան՝ այդ պատմությունների մասին: Ի՞նչ է նա կամեցել սովորեցնել մեզ դրանց միջոցով: Արդյոք դրանք պարունակո՞ւմ են դասեր, որոնք կարող են օգնել մեզ մեր ջանքերում՝ հավաքելու, բժշկելու և կնքելու մեր ընտանիքները:

Դաս Լեքիից

Հավատում եմ, որ Մորմոնի Գրքում առաջին ընտանիքը՝ Լեքիի ընտանիքը, հզոր դաս է մեզ համար, որը մենք գուցե չենք նկատել: Լեքիի ընտանիքը մեզ կարող է ուսուցանել շատ բան ընտանեկան հիշատակարանների մասին, թե ինչու են դրանք կարևոր Տիրոջ համար, և ինչու դրանք պետք է կարևոր լինեն մեզ համար:

Պատմության սկզբում Լեքին և Սարիան Երուսաղեմում մեծացնում են իրենց դուստրերին և չորս որդիներին` համեմատաբար հարմարավետ կյանքով ապրելով այդ մեծ քաղաքում: Նրանց կյանքն ընդմիշտ փոխվեց, երբ Տերը պատվիրեց Լեքիին անապատ տանել իր ընտանիքը:

Լեքին հնազանդվեց, և նա իր ընտանիքի հետ թողեցին նյութական ունեցվածքը իրենց ետևում և խիզախեցին՝ գնալով անապատ: Որոշ ժամանակ ճանապարհորդելուց հետո Լեքին ասաց իր որդի Նեփիին.

«Ահա, ես մի երազ տեսա, որով Տերը պատվիրեց ինձ, որ դու և քո եղբայրները պետք է վերադառնաք Երուսաղեմ:

Քանզի ահա, Լաբանն ունի հրեաների հիշատակարանը և նաև իմ նախահայրերի տոհմաբանությունը, և դրանք փորագրված են արույրե թիթեղների վրա (1 Նեփի 3.2–3, շեշտադրումն ավելացված է):

Այս պատվիրանի շնորհիվ մեր ընտանիքներն օրհնվել են Նեփիի կողմից հավատի և հնազանդության հրաշալի հայտարարությամբ. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց»: (1 Նեփի 3.7):

Արույրե թիթեղները հիշատակարան էին: Դրանք պարունակում էին սուրբ գրություններ, բայց դրանք նաև պարունակում էին Լեքիի ընտանիքի պատմությունը: Տերը գիտեր, թե որքան կարևոր էր պահպանել այդ հիշատակարանը հետագա շատ սերունդների համար:

Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչու Տերը պատվիրեց ոչ թե Լեքիին, այլ ավելի շուտ նրա որդիներին` ետ գնալ այդ հիշատակարանների համար: Նա իր ընտանիքի հայրապետն էր: Տերը նրան տվել էր կանխատեսություն: Արդյո՞ք Լեքին ավելի մեծ ազդեցություն չէր ունենա Լաբանի վրա, քան նրա որդիները:

Մենք չգիտենք, թե ինչու Տերը հրամայեց Լեքիի որդիներին վերադառնալ Երուսաղեմ, բայց մենք գիտենք, որ նրանք մաքառեցին իրականացնելու այն, ինչ Տերը խնդրել էր իրենց անել: Հանձնարարությունը դժվար էր, և այն ստուգում էր նրանց հավատը: Նրանք սովորեցին արժեքավոր դասեր, որ կծառայեր իրենց` անապատում ճամփորդությունների ժամանակ: Երևի ամենակարևորը, որը նրանք սովորեցին, այն էր, որ երբ Տերը պատվիրում է, Նա իսկապես ապահովում է ուղի:

Մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ, թե Տերն ի՞նչ է ուզում, որ մեր որդիներն ու դուստրերը սովորեն, երբ նրանք «վերադառնան» վերականգնելու մեր ընտանեկան արձանագրությունները: Ինչպե՞ս է Նա ուղի ապահովում նրանց համար: Արդյոք կա՞ն փորձառություններ, որոնք Նա կամենում է, որ նրանք ունենան: Արդյոք մենք հրավիրո՞ւմ ենք նրանց ունենալ այդ փորձառությունները: Ի՞նչ օրհնություններ է Նա հույս տածում տալ ձեր որդիներին և դուստրերին տաճարային և ընտանեկան պատմության ծառայության միջոցով:

Երբ Նեփին և նրա եղբայրները վերադարձան իրենց հոր վրանը, Լեքին «վերցրեց հիշատակարանները, որոնք փորագրված էին արույրե թիթեղների վրա և ուսումնասիրեց դրանք սկզբից: Այնտեղ նա գտավ «Մովսեսի հինգ գրքերը», «սուրբ մարգարեների մարգարեությունները» և «իր հայրերի տոհմաբանությունը, ուստի, նա իմացավ, որ ինքը Հովսեփի հետնորդն էր … որը վաճառվել էր Եգիպտոս»: Եվ երբ Լեքին «տեսավ բոլոր այս բաները, նա լցվեց Հոգով» (1 Նեփի 5.10, 11, 13, 14, 17):

Հետո Լեքին ուսուցանեց իր ընտանիքին այն, ինչ նա իմացել էր թիթեղներից: Դուք կարող է ասել, որ նրա վրանը դարձել էր ընտանեկան պատմության և ուսման կենտրոն, ճիշտ` ինչպես մեր տները պետք է լինեն:

Հեշտ է տեսնել, թե ինչու էր Տերը կամենում, որ Լեքիի ընտանիքը ունենար այդ հիշատակարանները: Դրանք տվեցին նրա հետնորդներին ինքնության զգացում, կապելով նրանց անցյալի հավատարիմ հայրապետերի հետ և սերմանելով նրանց սրտերում «հայրերին տված խոստումները» (ՎևՈւ 2.2, Ջոզեֆ Սմիթ — Պատմություն 1.39): Այս հիշատակարններն այնքան կարևոր էին չծնված սերունդների հավատքի համար, որ Հոգին նախազգուշացրեց Նեփիին, որ առանց դրանց, մի ողջ «ազգ անհավատության մեջ կընկնի ու կկորչի» (1 Նեփի 4.13):

Մորմոնի Գրքի մեկ այլ ժողովրդի փորձառությունը ցույց է տվել, թե որքան ճշմարիտ է դա, որ երբ հիշատակարանները կորչում են, ճշմարտությունը կորչում է և արդյունքները ապագա սերունդների համար կարող են աղետաբեր լինել:

Մուղեկացիները թողել էին Երուսաղեմը գրեթե նույն ժամանակ, ինչպես Լեքիի ընտանիքը: Բայց ի տարբերություն Լեքիի ընտանիքի, «նրանք հիշատակարաններ չէին բերել իրենց հետ»: Մինչև Մոսիայի կողմից դրանց հայտնաբերումը 400 տարի հետո, «նրանց լեզուն դարձել էր ապականված, … և նրանք ուրացել էին իրենց ստեղծողի գոյությունը» (Օմնի 1.17): Նրանք կորցրել էին իրենց ինքնությունը որպես ուխտի ժողովուրդ:

Մոսիան ուսուցանեց Մուղեկացիներին իր լեզուն, որպեսզի նրանք սովորեին հիշատակարններից, որոնք նա ուներ: Արդյունքում Մուղեկացիները ենթարկվեցին կերպարանափոխության՝ անհանգիստ, անաստված հասարակությունից դեպի մի հասարակություն, որը հասկանում էր Աստծո փրկության ծրագիրն իրենց և իրենց ընտանիքների համար:

Վերադարձեք ձեր ընտանիքի հետ

Նկար
family going to the temple

Գիտելիքը, թե ովքեր ենք մենք՝ Աստծո և միմյանց հետ կապված, փոխում է մեր մտածելակերպը, գործելակերպը և վերաբերմունքն ուրիշների հանդեպ: Հիշատակարանները կենսական մասն են կազմում մեր ինքնության և հեռանկարի: Ետ նայելը նախապատրաստում է մեզ առաջ գնալ:

Ծնողներ, դուք արդյոք հրավիրե՞լ եք ձեր ընտանիքներին «վերադառնալ»: Արդյո՞ք ձեր ընտանիքները առանձնացվել էին իրենց հիշատակարաններից կամ միմյանցից այս կամ այն կերպ: Արդյո՞ք ձեր ընտանիքի կապը ներկայի և անցյալի միջև խզվել է: Ի՞նչ է տեղի ունեցել ձեր ընտանեկան պատմության հետ, որն առաջ է բերել այս անջատումը: Արդյո՞ք դա արտագաղթն էր, ընտանեկան կոնֆլիկտը, դարձը դեպի ավետարան, թե պարզապես ժամանակահատվածը: Արդյոք դուք վերջերս ջանացե՞լ եք գտնել ձեր նախնիներին FamilySearch.org-ում:

Իսրայելի տունը ցրվել է և շատ ուղիներով դա ներառում է մեր ընտանիքների և հիշատակարանների ցրումը: Մեր պարտականությունն է հավաքել դրանք, և որտեղ անհրաժեշտ է` բժշկել բաժանման վերքերը: Երբ մենք ջանասիրաբար շրջում ենք մեր երեխաների սրտերը դեպի իրենց հայրերը, մեր սրտերը նույնպես կդառնան դեպի մեր երեխաները1 և մենք կբացահայտենք միասին այն խաղաղությունն ու բժշկումը, որը գալիս է այս աշխատանքից (տես ՎևՈւ 98.16):

Ճիշտ` ինչպես Լեքին ետ ուղարկեց իր որդիներին Երուսաղեմ սրբազան հիշատակարանների համար, եկեք ուղարկենք մեր երեխաներին ետ՝ մեր ընտանեկան հիշատակարանների համար: Ճիշտ` ինչպես Տերն ապահովեց մի ուղի Նեփիի համար, Նա ապահովել է համացանց և այլ տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան մեր երեխաներին հավաքելու և բժշկելու մեր ընտանիքները: Եվ նա ապահովել է տաճարներ, որտեղ մենք կարող ենք տանել անունները, որոնք մենք գտնում ենք և դարձնում ենք մեր կուտակումը մշտական՝ կնքող արարողությունների միջոցով:

Ուրախություն անապատում

Երբ կինս՝ Շարոլը, և ես ամուսնացանք, մենք որոշեցինք, որ կունենանք չորս որդի: Տերն ուրիշ ծրագիր ուներ: Նա տվեց մեզ չորս դուստր:

Մենք ճանապարհորդել ենք մեր դուստրերի հետ անապատով: Այժմ նրանք ամուսնացած են և ունեն երեխաներ և ճանապարհորդում են իրենց իսկ անապատի միջով: Արդյո՞ք ամեն ինչ հեշտ է եղել ճանապարհին: Ոչ: Մենք ունեցել ենք մեր բաժին դժգոհությունը և եղել են շատ մաքառումներ:

Կյանքի անապատը կարող է խիստ լինել ընտանիքների համար: Երբ մարդիկ հարցնում են. «Ինչպե՞ս եք դուք և ձեր ընտանիքը»: Ես հաճախ պատասխանում եմ. «Մենք հենց հիմա ճգնաժամի մեջ ենք: Շնորհակալություն հարցնելու համար»:

Բայց կան նաև ճշմարիտ ուրախության պահեր ճանապարհին: Որպես հայրապետներ և որպես մայրապետներ մենք շատ ժամանակ ենք ծախսում մեր երեխաներին անապատի համար ամրացնելու վրա: Մարգարեները մեր օրերում խոստացել են, որ ընտանեկան պատմության աշխատանքն ապահովում է «պաշտպանություն հակառակորդի ազդեցությունից»2 և «խորը և մնայուն» դարձ դեպի Փրկիչը:3 Ինչպիսի՜ հզոր ուղի մեր ընտանիքները հավաքելու, բժշկելու և կնքելու համար:

Որպես մեր ընտանիքի հայրապետ ես խնդրել եմ իմ դուստրերին «վերադառնալ»` գտնելու հիշատակարանները, տանելու անունները տաճար և ուսուցանելու մեր թոռներին: Ես խնդրել եմ նրանց ճանաչել, թե ովքեր են իրենք և ումից են իրենք սերվում՝ մասնակցելով մեր ընտանեկան պատմությանը:

Խոստում

Ես խոստանում եմ, որ երբ դուք հրավիրեք ձեր երեխաներին «վերադառնալ» և գտնել ձեր ընտանեկան հիշատակարանները, դուք միասին «չափազանց կուրախանաք» Լեքիի և Սարիայի նման և «շնորհակալություն կհայտնեք Իսրայելի Աստծուն»: Երբ դուք որոնեք ձեր հիշատակարանները, դուք «կլցվեք Հոգով», քանի որ դուք կգտնեք «որ դրանք ցանկալի [են], այո, նույնիսկ, մեծ արժեքի»: Եվ դուք կիմանաք, որ «Տիրոջ իմաստությամբ էր, որ [դուք] պետք է տանեինք դրանք [ձեզ] հետ», երբ ճանապարհորդում եք «անապատով դեպի խոստումի երկիրը» (1 Նեփի 5.9, 17, 21–22):

Եկեղեցին այստեղ է` աջակցելու և զորացնելու ձեր ընտանիքը այս ճանապարհորդության ժամանակ: Ես խոստանում եմ, որ երբ ձեր ընտանիքը մասնակցի հիշատակարանների հավաքմանը, սրտերի բժշկմանը և ընտանիքի անդամների կնքմանը, դուք և ձեր հետնորդները` ձեր ընտանիքը, կօրհնվի հավիտյանս հավիտենից:

Հղումներ

  1. Օրինակներ, թե ինչպես արձանագրությունները, որոնք պարունակվում էին արույրե թիթեղների վրա, բժշկում բերեցին Լեքիի հետնորդներին, տես Ալմա 37.8–10:

  2. Ռիչարդ Գ․ Սքոթ, «Մահացածներին փրկագնելու ուրախությունը», Լիահոնա, նոյ․ 2012, 94–95։

  3. Դեյվիդ Ա. Բեդնար, «Զավակների սրտերը կդառնան», Լիահոնա, նոյեմբեր 2011, 26, 27: