2016
Ուժ դիմանալու համար
October 2016


Ուժ դիմանալու համար

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Իմ ոտքը կոտրված էր, սիրտս` նույնպես, և ես կարիք ունեի բուժման: Ես լցվեցի հույսով:

Նկար
crashed car

Իմ ծննդյան 16-րդ տարեդարձից մոտ մեկ ամիս առաջ իմ ընտանիքը ավտոմեքենայով գնաց ուղևորության ողջ Միացյալ Նահանգներով՝ այցելելու Եկեղեցու մի քանի պատմական վայրեր: Ես դեմ չէի այդքան երկար ժամանակ մեքենայով ճամփորդելուն, որովհետև իմ ընտանիքը միշտ լավ ժամանակ էր անցկացնում: Հիշում եմ, թե ինչպես նստեցինք մեքենա Նեբրասկայում Վինթեր Քուորթերս այցելելուց հետո: Հորդառատ անձրև էր տեղում: Ես նստեցի ետևի նստելատեղին, վերցրի մի ծածկոց և կծկվեցի` լսելով անձրևի ձայնը, և քնեցի:

Հաջորդ բանը, որ հիշում եմ, անվերահսկելիորեն պտտվելու զգացումն էր: Հետագայում ես իմացա, որ մեր մեքենան սլացել էր մեծ արագությամբ և բախվել ցեմենտե արգելապատնեշին մի անցումի մոտ: Ես աղոտ հիշում եմ, թե ինչպես էր ինչ-որ մեկն ասում ինձ, որ կոտրվել էր ոտքս և գնում էինք վիրահատության:

Անմիջապես դրանից հետո, երբ ես ապաքինվում էի հիվանդանոցում, հայրս եկավ իմ սենյակը: Նա նստեց իմ կողքին և բռնեց ձեռքս: Ինչ-որ ձևով ես զգացի, որ արդեն գիտեմ, թե նա ինչ էր պատրաստվում ասել:

«Անուշիկս, -ասաց նա,- դու գիտե՞ս, թե որտեղ ես գտնվում»:

«Հիվանդանոցում»,- պատասխանեցի ես:

«Գիտե՞ս, թե ինչ է պատահել»:

«Մենք ավտովթարի ենք ենթարկվել»:

«Որևէ մեկը պատմե՞լ է քեզ ընտանիքի մնացած անդամների մասին»:

Ես կանգ առա և ապա պատասխանեցի` ոչ:

Նա ասաց, որ բոլորը լավ կլինեն, բացի իմ մայրիկից: Նա մահացավ:

Ես սպասում էի, որ կզգամ տխրության կսկիծ այդ պահին, բայց ես չզգացի: Իմ սկզբնական ցնցման մեջ, ինչ որ պատճառով, ես խաղաղություն զգացի, քաղցր մի զգացում, որ ես կարող էի վստահել Աստծուն, որ գործերը լավ կլինեն:

Հիվանդանոցում պառկած ես հիշեցի Եկեղեցու մի որոշակի պատմական վայր, որը մենք տեսել էինք վթարից երկու օր առաջ Մարտին Քոուվում (Վայոմինգ): Շատ ռահվիրաներ մահացան այնտեղ սովից, ձնից ու ցրտահարությունից: Ես հիշեցի քարերի կույտերով շարված գերեզմանները և մտածեցի այն մասին, թե որքան շատ հավատ պահանջվեց մնացած ռահվիրաներից վերցնել իրենց ձեռնասայլակները և շարունակել գնալ: Այդ պատմությունը տպավորություն գործեց ինձ վրա: Երբ ես մտածեցի այդ փորձառության մասին, ես գիտեի, որ ռահվիրաները դիմացան, և ես նույնպես պետք է դիմանայի ուժեղ լինեի իմ փոքր եղբայրների և քույրերի համար:

Իմ խաղաղության սկզբնական զգացումը մնաց ինձ հետ՝ ևս մեկ ու կես շաբաթ: Հուլիսի 4-ին ես նստած էի անվասայլակի վրա՝ դիտելով հրավառությունը հիվանդանոցի պատուհանից, երբ ինձ հարվածեց «մայրիկս չկա» միտքը: Նա չէր լինելու իմ ավագ դպրոցի ավարտականին: Նա այնտեղ չէր լինելու, երբ ես ստանայի իմ օժտումը տաճարում: Նա չէր լինելու իմ հարսանիքին: Նա մահացել էր:

Այդ ժամանակ էր, երբ գործերը սկսեցին իսկապես դժվարանալ: Ոտքիս ցավը սոսկալի էր, և ես ախորժակ չունեի: Ես հեռուստացույց էի նայում առանց տեսնելու այն և հիմնականում ուղղակի քնում էի: Ընտանիքս անհանգստանում էր ինձ համար, որովհետև ես շատ չէի արտասվում:

Արցունքներն ավելի շատ սկսեցին գալ, երբ մենք վերջապես գնացինք Օրեգանի մեր դատարկ տունը: Եվ հանկարծ ես ստիպված էի իմ վրա վերցնել մայրիկիս պարտականություններից մի քանիսը, իսկ իմ եղբայրներն ու քույրերը հաճախ ինձ էին նայում սփոփանքի համար: Ես փորձում էի ուժեղ լինել նրանց համար: Բայց դա հեշտ չէր:

Դպրոց վերադառնալը դժվար էր: Բոլորը լսել էին վթարի մասին և եթե նույնիսկ չէին լսել, նրանք լսում էին այդ մասին, երբ իմ ուսուցիչները ներկայացնում էին ինձ որպես այն աղջիկը, ով վթարի էր ենթարկվել: Ես մեկուսացած էի զգում:

Հատկապես դժվար էր, երբ հայրս նորից ամուսնացավ մայրիկիս մահից ինը ամիս հետո: Ես գիտեի, որ իմ խորթ մայրը լավ կլիներ մեր ընտանիքի համար, և մենք նրա կարիքն ունեինք, բայց դժվար էր հարմարվել:

Չնայած այդ ժամանակամեն ինչ չէ, որ խավար էր: Ես մեծ սեր էի զգում իմ Երկնային Հոր կողմից, իմ ընտանիքի և իմ Եկեղեցու ղեկավարների կողմից: Այն, ինչ օգնեց ինձ բուժվել և առաջ ընթանալ վթարից հետո, հասարակ բաներ էին, որոնք զորացրին հավատս: Ամեն օր մինչև անկողին մտնելս ես մեկ ժամ էի անցկացնում իմ առանձնասենյակում` կարդալով սուրբ գրությունները, աղոթելով և գրելով իմ օրագրում: Իմ առանձնասենյակի մենության մեջ ես ստիպված չէի ուժեղ լինել իմ եղբայրների և քույրերի համար: Ես կարող էի արտասվել, որքան սիրտս ուզեր և սիրտս բացել Աստծո առաջ: Ես Նրան ճշգրտությամբ պատմում էի, թե ինչ էի զգում և թե որքան էի կարոտում մայրիկիս: Ես գիտեի, որ Նա լսում էր ինձ, այն գորովագութ ողորմածությունների պատճառով, որ ես զգում էի: Այդ առանձնասենյակի տարածքը սուրբ դարձավ ինձ համար:

Այս հասարակ բաներն օգնեցին ինձ կապված մնալ Աստծո հետ, Նրան ինձանից հեռու վանելու և դառնանալու փոխարեն: Ես վթարը չէի տեսնում որպես Աստծո կողմից ընտանիքիս պատճառած ցավ: Ես ավելի շատ ուժ զգացի, որ լինեմ համբերատար և ենթարկվեմ Նրա կամքին ու շարունակեմ առաջ շարժվել իմ դժվար օրերում : Եվ իսկապես կային դժվար օրեր:

Հայրիկիս ամուսնանալուց հետո ես կամեցա լավ օրինակ լինել իմ եղբայրների և քույրերի համար և բացարձակապես չէի ուզում վատ զգացումներ ունենալ խորթ մորս հանդեպ, ուստի ես շարունակում էի իմ հույսը դնել Աստծո վրա: Իմ անձնական զարգացման գրքում գործունեություններից մեկը կենտրոնացած էր իմ ընտանեկան կյանքը բարելավելու վրա՝ զորացնելով իմ փոխհարաբերությունը ընտանիքի որևէ անդամի հետ երկու շաբաթվա ընթացքում: Հիմնականում նպատակն էր փորձել Քրիստոսանման լինել և սեր ցույց տալ գործողությունների միջոցով: Ես որոշեցի փորձել դա և ծառայել իմ խորթ մորը:

Նկար
helping with the dishes

Մեր համակցված ընտանիքներում շատ ամաններ կային լվանալու: Այսպիսով դա այն տեղն էր, որտեղից ես սկսեցի: Երբ ես ծառայեցի նրան հաջորդ երկու շաբաթների ընթացքում, ես հնարավորություն ունեցա սիրելու իմ խորթ մորը և համբերատար լինելու, չնայած դեռ երջանիկ չէի այդ իրավիճակում: Պարզապես նրան ծառայելու վրա կենտրոնացումն օգնեց ինձ հաղթահարել դժվար ժամանակները, որովհետև ես զգում էի` Հոգին ինձ հետ էր:

Ես դեռևս չեմ հասկանում ամեն ինչ, թե ինչու պատահեց այդ վթարը իմ ընտանիքի հետ և դեռ կլինեն դժվար օրեր: Բայց ռահվիրաների նման, ես վստահությունս դրել եմ Աստծո վրա և ինձ տրվել է ուժ դիմանալու համար: