2013
Որոշումներ` հավերժության համար

Հավերժական որոշումներ

Հոգևոր աճի համար անչափ կարևոր է անձնական որոշումները կայացնելու ձեր ազատության խելամիտ օգտագործումը՝ այժմ և հավիտյան:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, յուրաքանչյուր օրը որոշում կայացնելու օր է: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է մեզ, որ «որոշումները բնորոշում են ճակատագիրը»:1 Հոգևոր աճի համար անչափ կարևոր է անձնական որոշումները կայացնելու ձեր ազատության խելամիտ օգտագործումը՝ այժմ և հավիտյան: Երբեք շատ երիտասարդ չեք սովորելու համար, երբեք շատ ծեր չեք փոխվելու համար: Սովորելու և փոխվելու ձեր փափագը՝ հավերժական առաջընթացի համար աստվածայնորեն ներշնչված ձգտման արդյունք է:2 Յուրաքանչյուր օրը հավերժական որոշումներ կայացնելու հնարավորություն է ընձեռում:

Մենք հավերժական էակներ ենք՝ երկնային ծնողների հոգևոր զավակներ: Աստվածաշնչում ասվում է, որ՝ «Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. … արու և էգ ստեղծեց նորանց»:3 Վերջերս երեխաների երգչախմբի կատարմամբ լսեցի «Աստծո զավակն եմ»4 սիրելի երգը: Ինձ հետաքրքիր էր՝ «Ինչո՞ւ չեմ լսել այդ երգն ավելի հաճախ մայրերի կամ հավատարիմ հայրերի կատարմամբ»: Արդյո՞ք մենք բոլորս էլ Աստծո զավակները չենք: Իրականում, մեզանից ոչ ոք երբեք չի դադարում Աստծո զավակը լինելուց:

Որպես Աստծո զավակներ, մենք պետք է սիրենք Նրան մեր ողջ սրտով և հոգով, անգամ ավելի, քան սիրում ենք մեր երկրային ծնողներին:5 Մենք պետք է սիրենք մեր մերձավորներին որպես եղբայրներ և քույրեր: Սրանից ավելի մեծ պատվիրան չկա:6 Եվ մենք պետք է միշտ հարգենք մարդկային կյանքի արժեքը՝ իր բոլոր փուլերում:

Սուրբ գրությունն ուսուցանում է, որ մարմինը և ոգին մարդու հոգին են:7 Որպես երկակի էակ ձեզանից յուրաքանչյուրը կարող է երախտապարտ լինել Աստծուն Իր անգին պարգևների՝ մարմնի և հոգու համար:

Մարդկային մարմինը

Որպես բժիշկ իմ մասնագիտական տարիները ինձ մոտ խորը հարգանք են առաջացրել մարդկային մարմնի հանդեպ: Որպես պարգև ձեզ համար Աստծո կողմից ստեղծված մարմինը հիասքանչ է: Ձեր աչքերը տեսնում են, ականջները լսում են, իսկ մատերը զգում են ձեր շուրջը գտնվող ամեն հրաշալի բան: Ձեր ուղեղն օգնում է սովորել, մտածել և կշռադատել: Ձեր սիրտն օր ու գիշեր անխոնջ աշխատում է անգամ առանց ձեր գիտակցության:8

Ձեր մարմինը պաշտպանում է ինքն իրեն: Ցավը գալիս է որպես զգուշացում, որ ինչ-որ բան այն չէ, և ուշադրության կարիք կա: Ժամանակ առ ժամանակ վարակիչ հիվանդություններ են գլուխ բարձրացնում, և այդ դեպքում հակամարմիններ են ձևավորվում, որոնք մեծացնում են ձեր դիմադրողականությունը՝ տվյալ վարակի դեմ:

Ձեր մարմինն ինքնիրեն վերականգնվում է: Կտրվածքներն ու կապտուկները բուժվում են: Կոտրված ոսկորները կրկին ամրանում են: Ես նշեցի ձեր մարմնի Աստվածատուր զարմանալի հատկություններից միայն մի քանիսը:

Նույնիսկ այդ դեպքում, եթե ոչ ամեն մարդու մեջ, առնվազն ամեն ընտանիքում կան որոշակի ֆիզիկական խնդիրներ, որոնց համար հատուկ հոգածություն է պահանջվում:9 Տերը տվել է նման խնդիրներ հաղթահարելու օրինակը: Նա ասել է. «Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. … քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց … և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»:10

Երբեմն հրաշալի հոգիներ են բնակվում անկատար մարմիններում:11 Նման մարմնի պարգևը կարող է ամրացնել ընտանիքը, երբ ծնողներն ու տան մյուս երեխաները պատրաստակամորեն հոգ են տանում հատուկ կարիքներով ծնված երեխայի համար:

Ծերացման ընթացքը, ինչպեսև՝ մահը պարգև են Աստծուց: Ի վերջո, ձեր մահկանացու մարմնի մահանալը կարևոր դեր է խաղում Աստծո երջանկության մեծ ծրագրում:12 Ինչո՞ւ: Որովհետև մահը թույլ է տալիս, որ ձեր հոգին վերադառնա Իր մոտ:13 Հավերժական տեսակետից մահը վաղահաս է լինում նրանց համար, ովքեր պատրաստ չեն հանդիպելու Աստծուն:

Քանի որ մարմինն այդքան կարևոր մասն է Աստծո հավերժական ծրագրի, զարմանալի չէ, որ Պողոս Առաքյալը բնութագրում է այն որպես «Աստծո տաճար»:14 Ամեն անգամ հայելու մեջ նայելիս՝ ձեր մարմնին նայեք որպես ձեր տաճար: Ամեն օր այդ ճշմարտությունը երախտագիտությամբ թարմացնելը կարող է դրական ազդեցություն թողնել ձեր մարմնի մասին հոգ տանելու և այն խելամտորեն օգտագործելու ձեր որոշումների վրա: Իսկ այդ որոշումները կբնորոշեն ձեր ճակատագիրը: Ինչպե՞ս կարող է դա լինել: Որովհետև ձեր մարմինը ձեր հոգու տաճարն է: Եվ այն, թե ինչպես կօգտագործեք ձեր մարմինը, կազդի ձեր հոգու վրա: Ձեր հավերժական ճակատագիրը բնորոշող որոշումներից են՝

  • Ինչպե՞ս եք որոշում հոգ տանել և օգտագործել ձեր մարմինը:

  • Ինչպիսի՞ հոգևոր հատկանիշներ եք ցանկանում զարգացնել:

Մարդկային հոգին

Ձեր հոգին հավերժական էություն է: Տերն ասաց Իր մարգարե Աբրահամին. «Դու սրանցից մեկն ես. դու ընտրվել էիր նախքան քո ծնվելը»:15 Տերը նման բան ասել է Երեմիայի16 և շատ-շատերի մասին:17 Նա նույնիսկ դա ասել է ձեր մասին:18

Ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ երկար ժամանակ: Դուք, որպես Նրա որդի կամ դուստր, ընտրվել եք Նրա կողմից, որ գաք երկիր այս ճշգրիտ պահին և լինեք ղեկավար Նրա մեծ աշխատանքում:19 Դուք ընտրվել եք ոչ թե ձեր մարմնական առանձնահատկությունների, այլ հոգևոր հատկանիշների համար, որոնք են՝ քաջությունը, համարձակությունը, սրտի մաքրությունը, ճշմարտության ծարավը, իմաստության քաղցը և մյուսներին ծառայելու ցանկությունը:

Նախքան ծնվելը դուք զարգացրել եք այդ գծերից մի քանիսը: Մյուսները կարող եք զարգացնել այստեղ երկրի վրա20 հաստատակամորեն ձգտելով դրան:21

Հոգևոր կարևոր հատկանիշը ինքնատիրապետումն է՝ դատողությունը ցանկությունից վեր դասելու ուժը: Ինքնատիրապետումը զարգացնում է ամուր խիղճ: Իսկ խիղճը որոշում է ձեր բարոյական արձագանքը դժվար, գայթակղիչ և փորձող իրավիճակներում: Ծոմապահությունն օգնում է, որ ձեր հոգին գերիշխանություն զարգացնի ձեր ֆիզիկական ցանկությունների վրա: Ծոմը նաև մեծացնում է երկնքի օգնությունը ստանալու հնարավորությունը, քանի որ այն ուժեղացնում է ձեր աղոթքները: Ինչո՞ւ ինքնատիրապետման կարիքն ունենք: Աստված ուժեղ ցանկություններ է դրել մեր մեջ սնուցման և սիրո համար, որը էական է մարդկային ընտանիքի գոյատևման համար:22 Երբ տիրապետում ենք մեր ցանկությունները Աստծո օրենքների սահմաններում, մենք կունենանք երկար կյանք, մեծ սեր և լիակատար ուրախություն:23

Զարմանալի չէ, որ հիմնականում Աստծո երջանկության ծրագրից շեղող գայթակղությունները գալիս են այդ կարևոր, Աստվածատուր ցանկությունները սխալ գործածելու պատճառով: Մեր ցանկությունները վերահսկելը միշտ չէ որ հեշտ է տրվում: Մեզանից ոչ ոք չի կարող կատարելապես կառավարել դրանք:24 Սխալներ են կատարվում: Մեղքեր են գործվում: Այդ դեպքում, ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք սովորել դրանցից: Եվ կարող ենք իսկապես ապաշխարել:25

Մենք կարող ենք փոխել մեր վարքը: Մեր բուն ցանկությունները կարող են փոխվել: Ինչպե՞ս: Կա միայն մեկ ելք: Իրական, այսինքն՝ մշտական փոփոխությունը կարող է գալ միայն Հիսուս Քրիստոսի Քավության բժշկող, մաքրագործող և օժանդակող զորությունից:26 Նա սիրում է ձեզ՝ յուրաքանչյուրիդ:27 Նա թույլ է տալիս ձեզ ստանալ Իր զորությունից, երբ պահում եք Նրա պատվիրանները՝ ձգտումով, անկեղծորեն և ճշգրտորեն: Դա այդքան պարզ ու հստակ է: Հիսուս Քրիստոսի ավետարանը փոփոխության ավետարան է:28

Մարմնի ցանկությունները զսպող ամուր հոգին դառնում է զգացմունքների և կրքերի կառավարիչը, ոչ թե՝ գերին: Նման ազատությունը հոգու համար այնքան կարևոր է, որքան թթվածինը՝մարմնի համար: Ինքն իրեն գերությունից ազատելը իրական ազատագրում է:29

Մենք «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ ընտրելու գերություն և մահ»:30 Երբ մենք ընտրում ենք դեպի ազատություն և հավերժական կյանք տանող վեհ ուղին, այն ներառում է ամուսնությունը:31 Վերջին Օրերի Սրբերը հայտարարում են, որ «տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»: Մենք նաև գիտենք, որ «սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»:32

Տղամարդու և կնոջ ամուսնությունն առանցքն է Տիրոջ վարդապետության և կարևոր դեր ունի Աստծո հավերժական ծրագրում: Տղամարդու և կնոջ ամուսնությունը երկրի վրա և երկնքում լիարժեք կյանքի Աստծո նախատեսած օրինակն է: Ամուսնության Աստծո օրինակը չի կարող չարաշահվել, սխալ ընկալվել կամ սխալ մեկնաբանվել,33 եթե փափագում եք լիարժեք ուրախություն: Աստծո ամուսնության օրինակը պաշտպանում է ծննդաստեղծ սուրբ զորությունը և ամուսնական կենակցության ուրախությունը:34 Մենք գիտենք, որ Ադամը և Եվան ամուսնացան Աստծո կողմից, նախքան կապրեին ամուսնուն և կնոջը միավորող ուրախությունը:35

Մեր օրերում քաղաքացիական կառավարությունները հատկապես հետաքրքրված են պաշտպանելու ամուսնությունը, քանի որ ամուր ընտանիքներն աճող սերնդի առողջության, կրթության, բարօրության և բարգավաճման լավագույն գրավականն են:36 Սակայն քաղաքացիական կառավարությունների վրա մեծապես ազդում են սոցիալական ուղղվածությունները և աշխարհիկ փիլիսոփայությունները, երբ նրանք գրում, վերարտադրում և գործադրում են օրենքները: Անկախ նրանից, թե ինչ քաղաքացիական օրենսդրություն է ընդունվում, ամուսնության և բարոյականության վերաբերյալ, Տիրոջ վարդապետությունը չի կարող փոխվել:37 Հիշեք՝մեղքը, եթե անգամ մարդու կողմից օրինականացվում է, դեռևս մեղք է Աստծո աչքում:

Ճիշտ է, մենք պետք է ընդօրինակենք մեր Փրկչի բարությունն ու կարեկցանքը և արժեվորենք Աստծո բոլոր զավակների իրավունքներն ու զգացմունքները, սակայն չենք կարող փոխել Նրա վարդապետությունը: Մենք ոչ թե պետք է փոխենք, այլ պետք է ուսումնասիրենք, հասկանանք և պաշտպանենք Նրա վարդապետությունը:

Կյանքի Փրկչի ուղին բարի է: Այն ընդգրկում է մաքրաբարոյություն՝ նախքան ամուսնությունը և լիարժեք հավատարմություն՝ ամունության ընթացքում:38 Տիրոջ ուղին մեզ համար՝ հարատև երջանկություն ունենալու միակ ուղին է: Այն պարգևում է երկարատև հանգստություն մեր հոգիներին և խաղաղություն՝ մեր տներին: Իսկ ամենակարևորը, Նրա ուղին տանում է մեզ տուն՝ Նրա և մեր Երկնային Հոր մոտ, դեպի հավերժական կյանք և վեհացում:39 Դա է Աստծո գործի և փառքի բուն էությունը:40

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, յուրաքանչյուր օրը որոշում կայացնելու օր է, և մեր որոշումները բնորոշում են մեր ապագան: Մի օր մենք կկանգնենք Տիրոջ առաջ՝ դատվելու:41 Մեզանից յուրաքանչյուրն անձնական հարցազրույց կանցնի Հիսուս Քրիստոսի հետ:42 Մենք հաշվետու կլինենք մեր որոշումների համար, որ կայացրել ենք մեր մարմնի, հոգևոր հատկանիշների և այն ամենի վերաբերյալ, թե ինչպես ենք պատվել ամուսնության և ընտանիքի Աստծո օրինակը: Իմ ջերմեռանդ աղոթքն է, որ մենք խելամտորեն կայացնենք մեր ամենօրյա որոշումները, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Thomas S. Monson, “Decisions Determine Destiny” (Church Educational System fireside, Nov. 6, 2005), 3; speeches.byu.edu.

  2. Հավերժական առաջընթացի գաղափարն է ներկայացնում Վ. Վ. Ֆելփսը «Եթե կարող եք շտապեք Քոլոբ» օրհներգում (Hymns, no. 284): 4-րդ տունն ասում է՝ «Անվերջ է առաքինությունը, / Անվերջ է ուժը, / Անվերջ է իմաստությունը, / Անվերջ է լույսը: / Անվերջ է միությունը, / Անվերջ է երիտասարդությունը, / Անվերջ է քահանայությունը, / Անվերջ է ճշմարտությունը»: 5-րդ տունն ամփոփում է՝ «Անվերջ է փառքը, / Անվերջ է սերը, / Անվերջ է գոյությունը,/ Մահ չկա երկնքում»:

  3. Ծննդոց 1.27; տես նաև Կողոսացիս 3.10; Ալմա 18.34; Եթեր 3.15; Մովսես 6.9:

  4. «Աստծո զավակն եմ», ՀՄԵ, էջ 58:

  5. Տես Մատթեոս 10.37:

  6. Տես Մարկոս 12.30–31:

  7. Տես Վարդապետություն և Ուխտեր 88.15:

  8. Այլ Աստվածատուր մեխանիզմներ ևս աշխատում են ձեր մարմնում: Մեր գոյատևման համար կարևոր են այնպիսի էլեմենտները, ինչպիսիք են՝ նատրիումը, կալիումը և կալցիումը, և այնպիսի միացությունները, ինչպիսիք են՝ ջուրը, գլյուկոզան և սպիտակուցները: Մարմինը գործ ունի այնպիսի գազերի հետ, ինչպիսիք են՝ թթվածինը և ածխաթթու գազը: Այնստեղծում է հորմոններ, ինչպիսիք են՝ ինսուլինը, ադրենալինը և տիրոքսինը: Դրանց և շատ այլ միացությունների մակարդակները մարմնում ինքնակարգավորվում են որոշակի սահմաններում: Ինքնակարգավորող կապեր գոյություն ունեն մարմնի գեղձերի միջև: Օրինակ, գլխուղեղի հիմքում ընկած մակուղեղը ստեղծում է մի հորմոն, որը խթանում է մակերիկամային գեղձի աշխատանքը, որի արդյունքում ստեղծվում է մակերիկամային կեղևային հորմոնը: Կեղևային հորմոնների մակարդակի բարձրացումը իր հերթին ճնշում է մակուղեղի հորմոնի արտադրությունը և ընդհակառակը: Ձեր մարմնի ջերմաստիճանը պահպանվում է իր նորմայի սահմաններում՝ 98.6˚F կամ 37˚C, լինեք դուք հասարակածի վրա, թե Հյուսիսային բևեռում:

  9. Որոշ պայմաններ հեշտությամբ են երևում, մյուսները կարող են թաքնվել: Որոշները ժառանգական են, որոշները՝ ոչ: Որոշ մարդիկ նախահակվածություն ունեն, քաղցկեղի հանդեպ, մյուսները՝ ալերգիաների և այլն: Մեզանից յուրաքանչյուրը կարող է զգոն լինել իր թուլության հանդեպ և խոնարհաբար սովորել այն, որ Տերը ուսուցանում է՝ թուլությունը կարող է ուժեղ կողմ դառնալ:

  10. Եթեր 12.27:

  11. Որոշ խնդիրներ լիովին չեն շտկվի մինչև Հարությունը, երբ «բոլոր բաները պիտի վերականգնվեն իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով» (Ալմա 40.23):

  12. Տես Ալմա 42.8:

  13. Սաղմոսողը գրել է. «Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը» (Սաղմոս 116.15): Մահը թանկ է, քանի որ դա Սրբերի համար «տունդարձ» է՝ Տիրոջ մոտ:

  14. Ա Կորնթացիս 3.16; 6.19; տես նաև 6.19:

  15. Աբրահամ 3.23

  16. Տես Երեմիայի 1.5:

  17. Տես Ալմա 13.2–3:

  18. Տես Վարդապետություն և Ուխտեր 138.55–56:

  19. Տես Ալմա 13.2–3; Վարդապետություն և Ուխտեր 138.38–57:

  20. «Հավատքի, առաքինության, գիտության, ժուժկալություն, համբերություն, եղբայրասիրության, աստվածայնության, գթության, խոնարհության [և] ջանասիրության» (Վարդապետություն և Ուխտեր 4.6) հատկանիշները այն հոգևոր պարգևներն են, որ կարող ենք զարգացնել: Երախտագիտությունը մեկ այլ հոգևոր հատկանիշ է, որ կարող ենք զարգացնել: Երախտագիտությունը ձևավորում է տրամադրություն և արդյունավետություն: Իսկ երբ «ծնվեք Աստծուց հոգեպես», դուք կարող եք երախտագիտությամբ ստանալ Նրա պատկերը ձեր դեմքին (տես Ալմա 5.14):

  21. Տես Ա Կորնթացիս 12.1–31; 14.1–12; Մորոնի 10.8–19; Վարդապետություն և Ուխտեր 46.10–29:

  22. Ոմանք հակված են շատակերությանը: «Գիրությունը հասել է համաճարակային չափերի աշխարհում, ամեն տարի առնվազն 2.8 մլն մարդ է մահանում ավելնորդ քաշի պատճառով» (“10 Facts on Obesity,” World Health Organization, Mar. 2013, www.who.int/features/factfiles/obesity/en): Մյուսները գայթակղվում են շատ քիչ ուտել: Անորեքսիան և բուլիմիան կործանում են շատ կյանքեր, ամուսնություններ և ընտանիքներ: Իսկ ոմանք էլ գայթակղվում են սեռական տենչանքներով, որոնք արգելված են մեր Արարչի կողմից: Ձեռնարկ 2. Եկեղեցու ղեկավարումը բաժնում տրվում է բարզաբանումը. «Տիրոջ ողջախոհության օրենքը դա օրինական ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններից զերծ մնալն է և հավատարմությունը ամությության մեջ: … Շնությունը, ապօրինի կենակցությունը, համասեռամոլությունը և նման այլ անսուրբ, անբնական կամ անպարկեշտ հարաբերությունները մեղսավոր են»: Շարունակենք մեջբերել ձեռնարկից. «Համասեռամոլ վարքը խախտում է Աստծո պատվիրանները, հակասում է մարդկային սեռական համակարգի նպատակներին, և մարդկանց զրկում է այն օրհնություններից, որոնք կարելի է ձեռք բերել ընտանեկան կյանքում և ավետարանի փրկող արարողություններում: … Համասեռամոլ վարքին դեմ արտահայտվելով՝ Եկեղեցին միևնույն ժամանակ ըմբռնումով և հարգանքով օգնության ձեռք է մեկնում համասեռամոլ հակումներ ունեցող անհատներին» ([2010], 21.4.5; 21.4.6):

  23. Տես Ա Կորնթացիս 6.9–20; Հակոբոս 1.25–27; Վարդապետություն և Ուխտեր 130.20–21: Եվ մենք պետք է միշտ հիշենք, որ «մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25):

  24. Մահկանացու կյանքը փորձնական ժամանակաշրջան է, ինչպես բացատրվում է սուրբ գրության մեջ. «Դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3.25):

  25. Տես Մոսիա 4.10; Ալմա 39.9; Հելաման 15.7: Ձեռնարկ 2-ում ներառում է այս ուղերձը. «Համասեռամոլ վարքը կարող է ներվել անկեղծ ապաշխարության շնորհիվ» (21.4.6):

  26. Հիսուս Քրիստոսի Քավության և ավետարանի սկզբունքներին հնազանդվելու շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել (տես Վարդապետություն և Ուխտեր 138.4; Հավատո Հանգանակ 1.3):

  27. Տես Եթեր 12.33–34; Մորոնի 8.17:

  28. Տես Մոսիա 5.2; Ալմա 5.12–14:

  29. Տես Հռովմայեցիս 8.13–17; Գաղատացիս 5.13–25; Վարդապետություն և Ուխտեր 88.86:

  30. 2 Նեփի 2.27:

  31. Տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4:

  32. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  33. Տես Մատթեոս 19.4–6; Մոսիա 29.26–27; Հելաման 5.2:

  34. Յուրաքանչյուր մարդ ծնվում է յուրահատուկ էությամբ, քրոմոսոմներով և ԴՆԹ-ով (Դեզօքսիռիբոնուկլեինային թթու): ԴՆԹ-ն մոլեկուլ է, որը կոդավորում է գենետիկական հրահանգներ, որոնք օգտագործվում են կենդանի բջիջների զարգացման և գործունեության համար: Յուրաքանչյուր մարդու ԴՆԹ-ն ստեղծվում է, երբ մոր և հոր ԴՆԹ-ն միավորվում է, ստեղծելով նոր մարմնի ԴՆԹ-ն՝ մոր, հոր և երեխայի միասնական գործընկերությունը:

  35. Տես Ծննդոց 2.24–25; 3.20–21; 4.1–2, 25:

  36. Դր. Պատրիկ Ֆ. Ֆագանը գրել է. «Անփոխարինելի հիմքը, որից կախված է տնտեսության ճակատագիրը ամուսնացած զույգի ընտանիքն է՝ հատկապես երեխաներով լի, ամեն շաբաթ երկրպագող ընտանիքր: Յուրաքանչյուր ամուսնություն ստեղծում է նոր տուն, անկախ տնտեսական միավոր, որն ունի եկամուտ, ծախսում է, խնայում և ներդնում» (“The Family GDP: How Marriage and Fertility Drive the Economy,” The Family in America, vol. 24, no. 2 [Spring 2010], 136):

  37. Տես Ելից 20.14; Ղևտացիս 18.22; 20.13; Երկրորդ Օրինաց 5.18; Մատթեոս 5.27–28; Մարկոս 10.19; Ղուկաս 18.20; Հռովմայեցիս 1.26–27; 13.9; Մոսիա 13.22; 3 Նեփի 12.27–28; Վարդապետություն և Ուխտեր 42.24; 59.6:

  38. Տես Gordon B. Hinckley, “This Thing Was Not Done in a Corner,” Ensign, Nov. 1996, 49:

  39. Տես Վարդապետություն և Ուխտեր 14.7:

  40. Տես Մովսես 1.39:

  41. Տես 2 Նեփի 9.41, 46; Մոսիա 16.10:

  42. Մենք կդատվենք ըստ մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների (տես Վարդապետություն և Ուխտեր 137.9; տես նաև Եբրայեցիս 4.12; Ալմա 18.32; Վարդապետություն և Ուխտեր 6.16; 88.109):