2013
Անձնական զորություն` Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով
Նոյեմբեր 2013


Անձնական զորություն՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով

Նկար

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կարող է մաքրվել և մեր ըմբոստության բեռը կվերցվի:

Վերջերս ես օրհնվեցի, հանդիպելով երիտասարդների անչափ տպավորիչ մի խմբի՝ Այդահո նահանգից: Մի պարկեշտ երիտասարդ աղջիկ հարցրեց ինձ, թե որն է ամենակարևոր բանը, որ կարող են անել իրենց կյանքի այդ փուլում: Ես առաջարկեցի, որ սովորեն ընկալել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունն իրենց կյանքում: Այսօր ես կմեկնաբանեմ այդ զորության մեկ կողմը. դա անձնական ուժն է, որ կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Ամմոնի և նրա եղբայրների մասին, ովքեր Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանում էին «վայրենի, կարծրացած և կատաղած մի ժողովրդի»:1 Այդ ժողովրդից շատերը դարձի եկան և հրաժարվեցին իրենց մեղսավոր վարքից: Այնքան լիարժեք էր նրանց դարձը, որ նրանք թաղեցին իրենց զենքերը և ուխտեցին Տիրոջը, որ իրենք այլևս երբեք չեն օգտագործի դրանք:2

Ավելի ուշ, իրենց դարձի չեկած եղբայրներից շատերը հարձակվեցին նրանց վրա և սկսեցին սպանել նրանց: Այդ հավատարիմ մարդիկ ընտրեցին սրի քաշվել, քան վերցնելով զենքերը վտանգել իրենց հոգևոր կյանքը: Նրանց արդար օրինակը նպաստեց, որ նույնիսկ ավելի շատ մարդիկ դարձի գային և վայր դնեին իրենց ապստամբության զենքերը:3

Ամմոնի միջոցով Տերն առաջնորդեց նրանց ապաստան գտնել նեփիացիների մեջ, և նրանք հայտնի դարձան որպես Ամմոնի ժողովուրդ:4 Նեփիացիները պաշտպանեցին նրանց երկար տարիներ, սակայն, ի վերջո, նեփիացիների բանակը սկսեց թուլանալ և հարկավոր էր ամրացնել այն:5

Ամմոնի ժողովրդի հոգևոր կյանքում վճռորոշ պահ էր: Նրանք հավատարիմ էին մնացել այլևս զենք չվերցնելու իրենց ուխտին: Սակայն նրանք հասկացան, որ հայրերը պատասխանատվություն են կրում՝ պաշտապանելու իրենց ընտանիքներին:6 Դա այնքան մեծ անհրաժեշտություն էր, որ վերանայվեց իրենց ուխտը դրժելու հարցը:7

Նրանց քահանայության իմաստուն ղեկավարը՝ Հելամանը գիտեր, որ Տիրոջ հետ կապած ուխտը դրժելը երբեք չի արդարացվում: Նա ոգեշնչված այլընտրանք առաջարկեց: Նա հիշեցրեց նրանց, որ իրենց որդիները երբեք նույն մեղքերը չէին գործել և, ուստի, նույն ուխտը կապելու անհրաժեշտությունը չէր եղել:8 Թեպետ նրանց որդիները շատ երիտասարդ էին, նրանք ֆիզիկապես ամուր և, որ ամենակարևորն է, առաքինի և մաքուր էին: Նրանց որդիները կոփվել էին իրենց մայրերի հավատքով:9 Իրենց մարգարե-ղեկավարի առաջնորդությամբ այդ երիտասարդները զբաղեցրեցին իրենց հայրերի տեղը՝ ի պաշտպանություն իրենց ընտանիքների և տների:10

Այդ կարևոր որոշման հետ կապված իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը անձնական զորություն բերում Աստծո զավակների կյանք: Հաշվի առեք այդ հայրերի գորովագութ զգացմունքները: Ինչպես էին նրանք զգում իրենց, իմանալով, որ իրենց ըմբոստ արարքների պատճառով չեն կարողանում կարիքի պահին պաշտպանել իրենց կանանց և երեխաներին: Հավանաբար, նրանք ծածուկ արտասվել են, իմանալով, թե ինչպիսի վայրագությունների էին հանդիպելու իրենց որդիները: Ոչ թե զավակները, այլ հայրերը պետք է պաշտպանեն իրենց ընտանիքներին:11 Անշուշտ, խորն էր նրանց վիշտը:

Ինչո՞ւ էր իրենց ոգեշնչված քահանայության ղեկավարը վախենում, որ նրանք կրկին կվերցնեին իրենց զենքերը, «չլիներ, թե … նրանք կորցնեին իրենց հոգիները»:12 Տերը հայտարարել է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:13 Այդ հավատարիմ հայրերը վաղուց ապաշխարել էին իրենց մեղքերից և մաքրվել Հիսուս Քրիստոսի Քավությամբ, ուրեմն ինչո՞ւ նրանք որոշեցին չպաշտպանել իրենց ընտանիքներին:

Հիմնարար ճշմարտություն է այն, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մաքրագործվել: Մենք կարող ենք դառնալ առաքինի և մաքուր: Սակայն երբեմն մեր սխալ ընտրությունները երկարատև հետևանքներ են ունենում: Ապաշխարությունն ավարտին հասցնելու կարևոր քայլերից է՝կրել անցյալում կատարած մեր մեղքերի կարճատև և երկարատև հետևանքները: Իրենց անցյալի ընտրությունների պատճառով այդ ամմոնացի հայրերը տրվել էին մարմնական ցանկություններին, որը կարող էր կրկին դառնալ խոցելի տեղ, և սատանան կփորձեր օգտագործել դա:

Սատանան կփորձի օգտագործել մեր նախկին մեղքերի հիշողությունը՝ մեզ կրկին իրեն ենթարկելու համար: Մենք պետք է զգոն լինենք և խուսափենք նրա գայթակղություններից: Այդպես էր նաև ամմոնացի հավատարիմ հայրերի դեպքում: Երկար տարիների հավատարիմ ապրելակերպից հետո անգամ խիստ կարևոր էր նրանց համար ձերբազատվել հոգևոր նախկին մեղքերի հիշողությունից:

Բազում ճակատամարտերի մեջտեղում հրամանատար Մորոնին ղեկավարեց ամենաթույլ քաղաքների ամրացումը: «Նա կարգադրեց, որ նրանք հեծաններից մի ցցապատ շինեն՝ խանդակի ներսի թմբի վրա. և նրանք խանդակից ցեխ էին դուրս գցում, հեծաններից՝ ցցապատին … մինչև որ նրանք օղակեցին … քաղաքի շուրջբոլորը չափազանց մեծ բարձրության հեծաններով ու հողե մի ամուր պատով»:14 Հրամանատար Մորոնին հասկանում էր թույլ մասերն ամրացնելով հզորանալու կարևորությունը:15

Նույնը վերաբերում էր նաև այդ ամմոնացի հայրերին: Նրանց անհրաժեշտ էր, որ ավելի բարձր և լայն ամրություններ վեր խորանային իրենց հավատարիմ կյանքի և անցյալի անօրեն վարքի միջև: Նրանց որդիները, որոնք օրհնվել էին արդարակյաց ավանդույթներով, այդքան խոցելի չէին նույն գայթակղությունների հանդեպ: Նրանք կարողացան հավատարմորեն պաշտպանել իրենց ընտանիքները՝ չվտանգելով իրենց հոգևոր բարօրությունը:

Ուրախ ավետիքը նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել անցյալի սխալ ընտրությունների հետևանքներից, այն է, որ Տերը տարբեր կերպ է նայում թուլություններին և ըմբոստությանը: Տերը զգուշացնում է, որ չապաշխարող ըմբոստությունը կբերի պատիժ,16 մինչդեռ Նա միշտ ողորմածությամբ է խոսում թուլությունների մասին:17

Անկասկած, որոշ ներողամտություն պետք է ցուցաբերվի ամմոնացի հայրերի նկատմամբ, քանի որ նրանք ուսուցանվել էին իրենց ծնողների կեղծ ավանդույթներով, սակայն Երկնային Հոր բոլոր զավակները գալիս են մահկանացու կյանք Քրիստոսի Լույսով: Անկախ նրանից, թե ինչն էր եղել նրանց մեղսավոր գործերի պատճառը, արդյունքում զարգացել էր հոգևոր խոցելիություն, որը սատանան փորձելու էր օգտագործել:

Բարեբախտաբար, ուսուցանվելով ավետարանը, նրանք ապաշխարել էին, և Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ դարձել հոգեպես ավելի ամուր՝ սատանայի գայթակղությունների դեմ: Ամենայն հավանականությամբ նրանք չէին զգում իրենց վայրենի անցյալին վերադառնալու գայթակղությունը և, հետևելով իրենց մարգարե-ղեկավարին, սատանային հնարավորություն չտվեցին «խաբել իրենց հոգիները և զգուշորեն առաջնորդել հեռու՝ վար դեպի դժոխք»:18 Փրկչի Քավությունը ոչ միայն մաքրագործել էր նրանց մեղքից, այլ իրենց քահանայության ղեկավարի խորհրդին հնազանդվելու շնորհիվ Փրկիչը կարողացավ պաշտպանել նրանց իրենց թուլություններից և զորացնել նրանց: Մեղքերը թողնելու խոնարհ, ողջ կյանքի պարտավորվածությամբ նրանք ավելի լավ պաշտպանեցին իրենց ընտանիքներին, քան եթե գնային ճակատամարտի դաշտ: Նրանց հնազանդությունը չզրկեց նրանց օրհնություններից, այլ ամրացրեց նրանց և օրհնեց ապագա բազում սերունդներին:

Այս պատմության ավարտը պարզաբանում է, թե ինչպես Տիրոջ ողորմությունը «թույլ կողմերը դարձրեց ուժեղ»:19 Այդ հավատարիմ հայրերն ուղարկեցին իրենց որդիներին Հելամանի հոգատարության ներքո: Թեպետ այդ տղաները կռվեցին ահարկու ճակատամարտերում, որտեղ բոլորը ինչ-որ չափով վիրավորվել էին, սակայն ոչ մի կյանք չկորսվեց:20 Երիտասարդ տղաները ապացուցեցին, որ իրենք կենսական խթան դարձան նեփիացիների թուլացած բանակի համար: Նրանք վերադարձան տուն հավատքով լի և հոգով ամուր: Նրանց ընտանիքներն օրհնված էին, պաշտպանված և ամրացած:21 Մեր օրերում Մորմոնի Գրքի անթիվ ուսումնասիրողները կրթվել են այդ մաքուր և արդարակյաց տղաների օրինակով:

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում եղել են ժամանակներ, երբ սխալ ընտրություններ ենք կատարել: Մենք բոլորս էլ Հիսուս Քրիստոսի Քավության փրկագնող զորության կարիքն ունենք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ապաշխարի իր ցանկացած ըմբոստությունից: «Քանզի, ես՝ Տերս, չեմ կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել»:22 Նա չի կարող, քանի որ գիտի, թե ինչ է հարկավոր Իր նման դառնալու համար:

Մեզանից շատերը թույլ են տվել, որ թուլությունն արմատավորվի մեր բնավորության մեջ: Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, ամմոնացիների պես, մենք կարող ենք հոգևոր ամրություններ կառուցել մեր և անցյալի ցանկացած սխալի միջև, որ սատանան փորձում է օգտագործել: Ամմոնացի հայրերի շուրջ կառուցված հոգևոր պաշտպանություններն օրհնել և ամրացրել էին իրենց, իրենց ընտանիքներին, իրենց երկիրը և ապագա սերունդներին: Նույնկերպ կարող է լինել նաև մեզ հետ:

Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք կառուցել այդ հավերժական ամրությունները: Առաջին քայլը պետք է լինի անկեղծ, համակողմանի և լիարժեք ապաշխարությունը: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կարող է մաքրվել և մեր ըմբոստության բեռը կվերցվի: Հիշեք, ապաշխարությունը պատիժ չէ. այն դեպի փառահեղ ապագա տանող հույսով լի ուղի է:

Երկնային Հայրը տվել է մեզ գործիքներ, որոնք օգնում են ամրություններ կառուցել մեր խոցելիության և մեր հավատարմության միջև: Դիտարկենք հետևյալ առաջարկությունները.

  • Ուխտեր կապեք և ծեսեր ստացեք ձեզ համար: Ապա հաստատակամորեն և հետևողականորեն աշխատեք տաճարային ծեսեր կատարել ձեր նախնիների համար:

  • Կիսվեք ավետարանով ոչ անդամի, ընտանիքի քիչ ակտիվ անդամների կամ ընկերների հետ: Այս ճշմարտություններով կիսվելը կարող է նոր եռանդ բերել ձեր կյանք:

  • Հավատարմորեն ծառայեք եկեղեցական բոլոր կոչումներում, հատկապես տնային ուսուցման և այցելող ուսուցիչների հանձնարարություններում: Մի եղեք լոկ 15-րոպեանոց տնային կամ այցելող ուսուցիչ: Օգնության ձեռք մեկնեք ընտանիքի յուրաքանչյուր անդամին: Անձնապես ճանաչեք նրանց: Եղեք իսկական ընկեր: Բարի գործերով ցույց տվեք, թե որքան շատ եք հոգում նրանցից յուրաքանչյուրի համար:

  • Ամենակարևորը՝ ծառայեք ձեր ընտանիքի անդամներին: Առաջնահերթություն համարեք ձեր ամուսնու և երեխաների հոգևոր զարգացումը: Ուշադիր եղեք, որ օգնեք յուրաքանչյուրին: Առատորեն նվիրեք ձեր ժամանակն ու ուշադրությունը:

Այս բոլոր առաջարկություններում մի ընդհանուր բան կա՝ ձեր կյանքը լցրեք ծառայությամբ: Եթե ձեր կյանքը նվիրեք Երկնային Հոր զավակներին ծառայելուն,23 սատանայի գայթակղությունները կկորցնեն իրենց ուժը ձեր կյանքում:

Քանի որ ձեր Երկնային Հայրը անչափ սիրում է ձեզ, Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր է դարձնում այդ ուժը: Հրաշալի է, այնպես չէ՞: Ձեզանից շատերը զգացել են սխալ ընտրությունների բեռը, և յուրաքանչյուրդ կարող եք զգալ Տիրոջ ներողամտության, ողորմության և ուժի վեհացնող զորությունը: Ես զգացել եմ դա, և վկայում եմ, որ դա հասու է ձեզանից յուրաքանչյուրին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: