2013
Գերագույն համաժողով. Ամրացնել հավատքը և վկայությունը
նախորդ հաջորդ

Գերագույն համաժողով. Ամրացնել հավատքը և վկայությունը

Օ՜, որքան մեծ է գերագույն համաժողովի մեր կարիքը: Համաժողովների միջոցով մեր հավատքն ամրանում է և մեր վկայությունները խորանում են:

Շնորհակալություն, Նախագահ Մոնսոն, ձեր ուսուցանման, Քրիստոսանման ծառայության օրինակի և մեզ ոգևորելու համար, որ լինենք միսիոներներ: Մենք միշտ աղոթում ենք Ձեզ համար:

Մեր տնտեսությունում Փրկիչ Հիսուս Քրիստոսը կոչել է Սրբերի հավաքը «իմ գերագույն համաժողով»:1

Որտեղ էլ որ մենք լինենք այս աշխարհում, ինչպես էլ ստանանք այս նյութերը, ես վկայում եմ, որ մենք հավաքվել ենք Նրա համաժողովին: Ես վկայում եմ նաև, որ մենք կլսենք Նրա խոսքը, քանզի Նա ասել է. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»:2

Համաժողովները միշտ եղել են Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու մասը: Ադամը հավաքեց իր սերունդներին և մարգարեացավ գալիք բաների մասին: Մովսեսը հավաքեց Իսրայելի զավակներին և ուսուցանեց նրանց իր ստացած պատվիրանները: Փրկիչն ուսուցանեց բազմություններին, որ հավաքվել էին և Սուրբ Հողում, և Ամերիկյան մայր ցամաքում: Պետրոսը հավաքեց հավատացյալներին Երուսաղեմում: Այս վերջին օրերի առաջին գերագույն համաժողովը կայացավ Եկեղեցու կազմավորումից երկու ամիս անց, և համաժողովները շարունակվում են կայանալ մինչ օրս:

Այս համաժողովները միշտ Տիրոջ ղեկավարության տակ են և առաջնորդվում են Սուրբ Հոգով:3 Մեզ չի հանձնարարվում որոշակի թեմա: Շաբաթների և ամիսների ընթացքում, հաճախ անքուն գիշերների արդյունքում, մենք սպասում ենք Տիրոջը: Ծոմի, աղոթքի, ուսումնասիրության և խորհելու միջոցով մենք իմանում ենք, թե ինչ ուղերձ է Նա ցանկանում, որ մենք հղենք:

Ոմանք կարող են հարցնել. «Ինչո՞ւ ոգեշնչումը ավելի հեշտ և արագ չի գալիս»: Տերն ուսուցանել է Օլիվեր Քաուդերիին. «Դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է»:4 Համաժողովի ուղերձները գալիս են մեզ Սուրբ Հոգու միջոցով աղոթքով նախապատրաստվելու միջոցով:

Այս սկզբունքը ճշմարիտ է Եկեղեցու բոլոր անդամների համար, երբ մենք պատրաստվում ենք մասնակցելու ծխի, ցցի կամ գերագույն համաժողովներին: Մենք ուսումնասիրում ենք մեր մտքում, թե ինչի կարիք ունենք և ինչ ենք ցանկանում Երկնային Հորից, և մենք աղոթում ենք, որպեսզի հասկանանք և կիրառենք այն, ինչ մեզ ուսուցանում են: Երբ մոտենում է համաժողովի ժամանակը, մենք զոհաբերում ենք այլ միջոցառումներ՝ «մի կողմ դնելով այս աշխարհի բաները, և ավելի լավ բաների ձգտելով»:5 Այնուհետև մենք հավաքվում ենք մեր ընտանիքներով՝ լսելու Տիրոջ խոսքը, ինչպես անում էր Բենիամին թագավորի ժողովուրդը:6

Երեխաները և երիտասարդները սիրում են ներգրավված լինել: Մենք լուրջ սխալ ենք կատարում, եթե ենթադրում ենք, որ համաժողովը վեր է նրանց ինտելեկտից և հոգևոր զգայունությունից: Եկեղեցու երիտասարդ անդամներին ես խոստանում եմ՝ եթե դուք լսեք, դուք ուժգնությամբ կզգաք Հոգին ձեր մեջ: Տերը կասի ձեզ, թե ինչ է ուզում, որ անեք ձեր կյանքում:

Համաժողովների ժամանակ մենք կարող ենք ստանալ Տիրոջ խոսքը ուղղված հենց ձեզ: Մի անդամ վկայել է. «Երբ ես լսեցի ձեր ուղերձը, ես ապշեցի: … Ձեր ելույթը անձնական հայտնություն էր Տիրոջից անմիջապես իմ ընտանիքին: Ես երբեք իմ հոգում չէի զգացել Հոգու նման ամուր արտահայտում, ինչպես այդ րոպեներին, երբ Սուրբ Հոգին ուղղակիորեն խոսեց ինձ հետ»:

Մեկ այլ անդամ ասել է. «Ես երբեք նախկինում այդքան խորը չէի զգացել, որ ելույթն ուղղված լիներ հենց ինձ»:

Սա հնարավոր է, որովհետև Սուրբ Հոգին հասցնում է Տիրոջ խոսքը մեր սրտերին այնպիսի արտահայտություններով, որոնք մենք կարող ենք հասկանալ:7 Երբ ես համաժողովի ժամանակ գրառումներ եմ անում, ես միշտ չեմ գրում ճշգրտորեն այն, ինչ ասում է խոսնակը. ես գրի եմ առնում անձնականացված ուղղորդումը, որը Հոգին տալիս է ինձ:

Այն, ինչ ասվում է, այդքան կարևոր չէ, որքան այն, ինչ մենք լսում ենք և զգում:8 Այդ պատճառով ենք մենք ջանում լսել համաժողովը այնպիսի մթնոլորտում, որտեղ Հոգու ցածր մեղմ ձայնը կարող է հստակ լսվել, զգացվել և հասկացվել:

Օ՜, որքան շատ է մեզ հարկավոր գերագույն համաժողովը: Համաժողովների միջոցով մեր հավատքն ամրանում է և մեր վկայությունները խորանում են: Եվ երբ մենք դարձի ենք գալիս, մենք ամրացնում ենք միմյանց, որպեսզի ամուր կանգնենք այս վերջին օրերի կատաղի գրոհների պայմաններում:9

Վերջին տասնամյակներում Եկեղեցին մեծապես պաշտպանված է եղել սաստիկ անհասկացողություններից և հալածանքներից, որոնք կրել են վաղ օրերի Սրբերը: Միշտ այդպես չի լինելու: Աշխարհը հեռանում է Տիրոջից ավելի արագ և ավելի հեռու, քան երբևէ նախկինում: Թշնամին ազատ է արձակվել երկրի վրա: Մենք տեսնում ենք, լսում ենք, կարդում ենք, ուսումնասիրում ենք և կիսվում ենք մարգարեների խոսքերով, որպեսզի նախազգուշացված և պաշտպանված լինենք: Օրինակ, «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» տրվեց դեռ նրանից առաջ, երբ մենք սկսեցինք տեսնել այն դժվարությունները, որոնք ունեն ընտանիքներն այսօր: «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների Վկայությունը» պատրաստ էր արդեն այն ժամանակ, երբ մենք ունեինք դրա կարիքն առավել շատ:

Մենք, հնարավոր է, չիմանանք բոլոր այն պատճառները, որոնցով մարգարեները և համաժողովի խոսնակները որոշակի թեմաներով են խոսում համաժողովին, սակայն Տերը գիտի: Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Միակ ապահովությունը, որը մենք ունենք որպես այս եկեղեցու անդամներ, դա … լսելն է Տիրոջ խոսքերին և պատվիրաններին, որոնք Տերը տալիս է Իր մարգարեի միջոցով: Կլինեն բաներ, որոնք համբերություն և հավատք են պահանջում: Ձեզ կարող է դուր չգալ այն, ինչ գալիս է Եկեղեցու իշխանության կողմից: Շատ դեպքերում դա կարող է հակասել ձեր [անձնական] տեսակետներին: Դա կարող է հակասել ձեր հասարակական տեսակետներին: Դա կարող է խանգարել ձեր հասարակական կյանքի որոշ բնագավառներին: Սակայն, եթե դուք լսեք այդ բաներին այնպես, կարծես այն գալիս է հենց Տիրոջ բերանից, համբերությամբ և հավատքով, խոստումն այն է, որ «դժոխքի դարբասները չեն հաղթի քեզ, … և Տեր Աստված կցրի խավարի ուժերը քո առաջից և երկիքները կցնցվեն քո բարիքի համար և նրա անվան փառքով» (ՎևՈւ 21.6)»:10

Ինչպե՞ս Նախագահ Լին գիտեր, թե ինչի ենք մենք հանդիպելու մեր օրերում: Նա գիտեր, որովհետև մարգարե էր, տեսանող և հայտնող: Եվ եթե մենք լսենք և հնազանդվենք մարգարեներին այժմ, ներառյալ նրանց, ովքեր խոսում են հենց այս համաժողովին, մենք կուժեղանանք և պաշտպանված կլինենք:

Գերագույն համաժողովի մեծագույն օրհնությունները գալիս են, երբ համաժողովն ավարտվում է: Հիշեք սուրբ գրություններում հաճախ կրկնվող ուղին. մենք հավաքվում ենք լսելու Տիրոջ խոսքը և վերադառնում ենք մեր տները՝ դրանցով ապրելու համար:

Նրանից հետո, երբ Բենիամին թագավորն ուսուցանեց իր ժողովրդին, «նա արձակեց բազմությունը, և նրանք վերադարձան իրենց սեփական տները՝ ամեն ոք ըստ իր ընտանիքի»:11 Իր օրերում Լիմքի թագավորը արեց նույնը:12 Մարդկանց ուսուցանելուց և սպասավորելուց հետո Բաունթիֆուլ տաճարում, Փրկիչը կոչ արեց մարդկանց. «Գնացեք ձեր տները, և խորհեք այն բաների վրա, որոնք ես ասացի, և հարցրեք Հորը իմ անունով, որպեսզի դուք կարողանաք հասկանալ, և պատրաստել ձեր մտքերը էգուցվա համար, և ես գալու եմ ձեզ մոտ կրկին»:13

Մենք ընդունում ենք Փրկչի հրավերը, երբ խորհում և աղոթում ենք, որպեսզի հասկանանք այն, ինչ ուսուցանվել է, ապա գնալով և կատարելով Նրա կամքը: Հիշեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի խոսքերը. «Ես որոշում եմ կայացրել, որ երբ գնամ տուն այս [գերագույն] համաժողովից հետո, … կլինեն շատ ու շատ բնագավառներ իմ կյանքում, որոնցում ես կարող եմ կատարելագործվել: Ես կազմել եմ այդ բաների մտավոր ցուցակը և ակնկալում եմ անմիջապես սկսել աշխատել դրանց վրա»:14 Նախագահ Մոնսոնը վերջերս ասել է. «Ես խրախուսում եմ ձեզ … կարդալ ելույթները և խորհել դրանց մեջ պարունակվող ուղերձների մասին: Իմ անձնական կյանքում ես հասկացել եմ, որ ավելին եմ քաղում այս ոգեշնչված քարոզներից, երբ ուսումնասիրում եմ դրանք ավելի մեծ խորությամբ»:15

Սուրբ գրություններն անհատապես և ընտանիքով ուսումնասիրելու կոչ անելուց բացի, Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք կանոնավոր ուսումնասիրենք և կիրառենք այն, ինչ սովորել ենք գերագույն համաժողովին: Ես վկայում եմ, որ նրանք, ովքեր ապավինում են Տիրոջը և լսում նրա խորհուրդը հավատքով, կստանան մեծ ուժ՝ օրհնելու իրենց և իրենց ընտանիքները սերունդներ շարունակ:

Երկնային Հայրը տվել է ճանապարհը: Այս համաժողովին Եկեղեցու 97 տոկոսը կարող է լսել այս ուղերձները իրենց մայրենի լեզվով: Միլիոնավոր անդամներ 197 երկրներում կդիտեն այս համաժողովը 95 լեզուներով: Միայն երկու կամ երեք օր անց ուղերձները կհայտնվեն LDS.org-ում անգլերեն լեզվով, իսկ մեկ շաբաթվա ընթացքում դրանք մատչելի կլինեն 52 լեզուներով: Այսօր մենք ստանում ենք Եկեղեցու տպագիր ամսագրերը գերագույն համաժողովից հետո երեք շաբաթ անց: Այլևս մենք չպետք է ամիսներ սպասենք, որպեսզի ելույթները հասնեն փոստով: Համակարգչով, հեռախոսով և էլեկտրոնային այլ սարքերով մենք կարող ենք կարդալ, լսել և դիտել մարգարեների ուսմունքները և կիսվել դրանցով: Ցանկացած պահի, ցանկացած վայրում մենք կարող ենք խորացնել մեր գիտելիքը, ամրացնել մեր հավատքը և վկայությունը, պաշտպանել մեր ընտանիքներին և տանել նրանց անվտանգ դեպի տուն:

Այս համաժողովի ուղերձները կընդգրկվեն նաև երիտասարդների առցանց ուսումնական ծրագրի մեջ: Ծնողներ, դուք կարող եք գտնել երիտասարդների համար նախատեսված դասերը LDS.org-ում: Տեսեք, թե ինչ են սովորում ձեր երեխաները, և դարձրեք դա ձեր ուսումնասիրության, ընտանեկան քննարկումների, ընտանեկան երեկոների, ընտանեկան խորհուրդների և ձեր երեխաներից յուրաքանչյուրի հետ առանձնազրույցների առարկան:

Ես խրախուսում եմ բոլոր անդամներին օգտագործել Եկեղեցու վեբկայքերի և շարժական սարքերի ծրագրային ռեսուրսները: Դրանք շարունակ կատարելագործվում են, որպեսզի ավելի հեշտ դառնան օգտագործման մեջ և ավելի շատ համապատասխանեն մեր կյանքին: LDS.org-ում դուք կգտնեք նյութեր, որոնք կօգնեն ձեզ ուսումնասիրել ավետարանը, ամրացնել ձեր տունը և ընտանիքը և ծառայել ձեր կոչումներում: Դուք կարող եք նաև գտնել ձեր նախնիներին, ովքեր տաճարային ծեսերի կարիքն ունեն, և ռեսուրսներ, որոնք կօգնեն ձեզ փրկության աշխատանքում, ներառյալ՝ ավետարանով կիսվելու հարցում: Ծնողները կարող են նախաձեռնություն ցուցաբերել, պատրաստելով իրենց երեխաներին մկրտությանը, քահանայությանը, լիաժամեկտ միսիաներին և տաճարին: Նրանք կարող են օգնել մեզ քայլել տաճարային ծեսերի և ուխտերի ուղիղ և նեղ ճանապարհով և արժանանալ հավերժական կյանքի օրհնությանը:

Վերջին ապրիլյան համաժողովի քահանայության գերագույն ժողովին ես պատմեցի, թե ինչպես էր հայրս նկարում զինված ասպետ, որպեսզի ուսուցաներ ինձ Աստծո սպառազինության և հոգևոր պաշտպանության մասին, որ այն բերում էր:

Այդ նիստից հետո մի հայր պատմեց իր ընտանիքին, թե ինչ էր սովորել: Ոգեշնչված, նրա փոքր տղա Ջեյսոնը զննեց LDS.org կայքը, որպեսզի լսեր ուղերձը: Մի քանի օր անց ընտանեկան երեկոյին նա կիսվեց այդ դասով իր եղբայրների և քույրերի հետ: Ահա նա:

Համաժողովի հասարակ ուղերձ, ոգեշնչված Տիրոջ կողմից, ստացված երեխայի կողմից, ով ուսուցանեց այն իր ընտանիքն անձնական և զորեղ եղանակով: Ես սիրում եմ նրա արդարակեցության վահանը: Ես սիրում եմ հավատքի նրա վահանը՝ հակառակորդի կատաղի նետերը ետ մղելու համար: Սրանք են համաժողովի օրհնությունները:

Իմ եղբայրներ և քույրեր, ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ Տեր Հիսուս Քրիստոսն ապրում է և կանգնած է այս Եկեղեցու գլխավերևում: Սա Նրա գերագույն համաժողովն է: Ես խոստանում եմ ձեզ Նրա անունով, որ եթե դուք աղոթեք անկեղծ ցանկությամբ լսելու համար ձեր Երկնային Հոր ձայնը այս համաժողովի ուղերձների մեջ, դուք կհայտնաբերեք, որ Նա խոսում է ձեզ հետ, որպեսզի օգնի ձեզ, ամրացնի ձեզ և տանի ձեզ տուն՝ Իր ներկայությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: