2013
Հոգևոր պաշտպանության բանալին

Հոգևոր պաշտպանության բանալին

Խաղաղություն կարող է հաստատվել յուրաքանչյուրի սրտում, ով դառնում է դեպի սուրբ գրությունները և բացահայտում է պաշտպանության և քավության խոստումները:

Վերջերս ես մի երիտասարդ զույգ կնքեցի տաճարում: Այս զույգն իրեն արժանի էր պահել հասնելու համար այն հրաշալի օրվան, երբ որդին ու դուստրը թողնում են իրենց պատանեկության տունը և դառնում են ամուսին և կին: Այս սուրբ իրադարձությանը նրանք անբիծ էին և մաքուր: Ժամանակի ընթացքում նրանք կսկսեն մեծացնել իրենց սեփական երեխաներին՝ համաձայն այն օրինակի, որը հաստատել է մեր Երկնային Հայրը: Նրանց երջանկությունը և գալիք սերունդների երջանկությունը կախված է Փրկչի կողմից հաստատված և Նրա սուրբ գրություններում տրված չափանիշներով ապրելուց:

Ծնողներն այսօր մտածում են, թե որտեղ կա ապահով վայր իրենց երեխաներին մեծացնելու համար: Կա ապահով վայր: Դա ավետարանի վրա հիմնված տունն է: Մենք կենտրոնանում ենք ընտանիքի վրա Եկեղեցում և մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին ամենուր մեծացնել իրենց երեխաներին արդարության մեջ:

Պողոս Առաքյալը մարգարեացել և նախազգուշացրել է, որ «յետի օրերումը չար ժամանակներ կգան:

Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ,

Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր,

Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր:

Որ աստուածապաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր»:1

Պողոսը նաև մարգարեացել է. «Չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կգնան չարութեան մեջ, մոլորեցնելով եւ մոլորելով»:2

Այս հատվածները ծառայում են որպես նախազգուշացում, ցույց տալով, թե որ օրինակներից խուսափենք: Մենք պետք է միշտ ուշադիր լինենք և ջանասեր: Մենք կարող ենք վերանայել այս մարգարեություններից յուրաքանչյուրը և ստուգանիշ դնել, որ դրանք առկա են այսօր աշխարհում և անհանգստության պատճառ են.

Չար ժամանակներ՝ առկա է: Մենք ապրում ենք շատ չար ժամանակներում:

Արծաթասեր, ամբարտավան, հպարտ, – բոլորն էլ առկա է և մեր մեջ է:

Հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, – այս ամենի մասին մենք քաջատեղյակ ենք:

Անհաշտ, բանսարկու, և այլն, – այս ամենն էլ լայնորեն տարածված է մեր շուրջ բոլորը:

Մորոնին նույնպես խոսել է մեր օրերի ամբարշտության մասին, երբ նա նախազգուշացրել է.

«Երբ դուք տեսնեք այս բաները ձեր մեջ առաջանալիս … դուք զարթնեք՝ ի զգացումն ձեր սոսկալի դրության …

Ուստի, ինձ՝ Մորոնիիս, պատվիրվել է գրել այս բաները, որպեսզի չարիքը վերանա, և որպեսզի գա ժամանակը, երբ Սատանան իշխանություն չի ունենա մարդկանց զավակների սրտերի վրա, այլ որպեսզի նրանք համոզվեն բարիք անել շարունակ, որպեսզի գան դեպի բոլոր արդարության ակունքը և փրկվեն»:3

Մեր օրերի մասին տված Պողոսի և Մորոնիի նկարագրություններն այնքան ճշգրիտ են, որ չեն կարող չնկատվել: Շատերի համար դա կարող է բավականաչափ տագնապալի լինել, նույնիսկ հուսալքող: Այնուամենայնիվ, երբ ես մտածում եմ ապագայի մասին, ես լցվում եմ դրական լավատեսության զգացումներով:

Պողոսի հայտնության մեջ, ի լրումն դժվարությունների և խնդիրների ցանկին, նա ասում է մեզ, թե ինչ կարող ենք մենք անել, որ պաշտպանենք մեզ.

«Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. եւ գիտենալով թէ ումից սովորեցիր.

Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է»:4

Սուրբ գրությունները կրում են հոգևոր պաշտպանության բանալիները: Դրանք պարունակում են վարդապետությունը և օրենքը և արարողությունները, որ Աստծո յուրաքանչյուր զավակի կտան վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, որպես Փրկիչ և Քավիչ:

Նախապատրաստվելով տարիների ընթացքում՝ հսկայական ջանքեր են գործադրվել, որ սուրբ գրությունները հրատարակվեն ամեն լեզվով՝ տողատակի ծանոթագրություններով և հղումներով: Մենք ջանում ենք դրանք մատչելի դարձնել բոլորի համար, ովքեր ցանկանում են սովորել: Դրանք սովորեցնում են մեզ, թե ուր գնալ և ինչ անել: Դրանք առաջարկում են հույս և գիտելիք:

Տարիներ առաջ, Յոթանասունի քվորումից Երեց Ս. Դիլվորթ Յանգը տվել է ինձ մի դաս սուրբ գրությունները կարդալու մասին: Ցցում անդամների միջև կային տարաձայնություններ ու դժվարություններ և խորհուրդ տալու կարիք կար:

Ես հարցրեցի Նախագահ Յանգին. «Ինչ պետք է ես ասեմ»:

Նա պարզապես պատասխանեց. «Ասեք նրանց, որ կարդան սուրբ գրությունները»:

Ես հարցրեցի. «Ո՞ր սուրբ գրությունները»:

Նա ասաց. «Իրականում դա կարևոր չէ: Ասեք նրանց, որ բացեն Մորմոնի Գրքի պատահական մի էջ և սկսեն կարդալ: Շուտով կգա խաղաղության և ոգեշնչման զգացումը և կգտնվի լուծումը»:

Սուրբ գրությունների ընթերցումը դարձրեք ձեր առօրյայի մի մասը և օրհնություններ կհետևեն դրան: Սուրբ գրություններում կա նախազգուշացնող ձայն, սակայն այնտեղ նաև կա մեծ ուժ:

Եթե սուրբ գրությունների լեզուն նախ ձեզ խիստ թվա, շարունակեք կարդալ: Շուտով դուք կսկսեք տեսնել այդ էջերում գտնվող գեղեցկությունը և զորությունը:

Պողոսն ասել է. «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝ վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար»:5

Դուք կարող եք ինքներդ փորձել այս խոստումը:

Մենք ապրում ենք չար ժամանակներում. այնուամենայնիվ, մենք կարող ենք հույս և խաղաղություն գտնել մեր և մեր ընտանիքների համար: Նրանք, ովքեր ապրում են վշտի մեջ, հույս չունեն, որ հնարավոր կլինի փրկել երեխաներին այնտեղից, որտեղ աշխարհը հասցրել է նրան, երբեք չպետք է հուսալքվեն: «Մի վախենար, բայց միայն հաւատա»:6 Արդարությունն ավելի զորավոր է, քան ամբարշտությունը:

Երեխաները, որոնց կյանքի վաղ շրջանում ուսուցանում են հասկանալ սուրբ գրությունները, կիմանան, թե որ ճանապարհով պիտի քայլեն և ավելի հակված կլինեն մնալու այդ ճանապարհին: Նրանք, ովքեր շեղվեն, հնարավորություն կունենան վերադառնալ, և օգնություն ստանալով, կկարողանան գտնել վերադարձի ճամփան:

Մոսիայի որդիները մի առ ժամանակ պայքարում էին Եկեղեցու դեմ, սակայն հետագայում ապաշխարեցին և զորեղ փոփոխության փորձառություն ունեցան: Ալմայում մենք կարդում ենք. «Մոսիայի այս որդիները … դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ. քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը»:7

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հինգ տարեկան էր, երբ նրա հայրը՝ Հայրումը, սպանվեց Քարթեջի բանտում: Ավելի ուշ Ջոզեֆը տափաստաններ անցավ իր այրի մոր հետ:

15 տարեկանում նա կանչվեց միսիայի Հավայան Կղզիներում: Նա իրեն մոլորված և միայնակ էր զգում և ասել է. «Ես շատ ճնշված էի … Ես այնքան նվաստ էի զգում իմ աղքատության, ընդունակության և գիտելիքի պակասի պատճառով, ընդամենը մի տղա, որ չէի համարձակվում նայել [որևէ մեկի] դեմքին»:

Մի գիշեր, մինչ խորհում էր իր դժվար կացության մասին, պատանի Ջոզեֆը երազ տեսավ, որտեղ նա ճամփորդում էր՝ սլանալով այնքան արագ, որքան կարող էր: Նա իր հետ տանում էր մի փոքրիկ կապոց: Ի վերջո, նա հասավ մի հրաշալի ապարանքների, որը նրա ճամփորդության վերջնակետն էր: Երբ նա մոտեցավ, նա տեսավ մի նշան, որի վրա կարդաց՝ «Լոգարան»: Նա արագ ներս մտավ և լոգանք ընդունեց: Նա բացեց իր փոքրիկ կապոցը և գտավ մաքուր, սպիտակ հանդերձներ: «Մի բան,– ասել է նա,– «ինչ ես չէի տեսել երկար ժամանակ»: Նա հագավ դրանք և սլացավ դեպի ապարանքների դուռը:

«Ես թակեցի դուռը, – ասաց նա,– և դուռը բացվեց, և մարդը, ով կանգնած էր այնտեղ, Մարգարե Ջոզեֆ Սմիթն էր: Նա նայեց ինձ մի փոքր հանդիմանությամբ, և առաջին բառերը, որ ասաց, [հետևյալն էին]. «Ջոզե՛ֆ, դու ուշացել ես»: Սակայն, ես վստահություն հավաքեցի և ասացի.

«Այո՛, սակայն ես մաքուր եմ. ես մաքո՜ւր եմ»»:8

Եվ այսպես, դա կարող է պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ:

Եթե դուք բռնել եք հավատքի և Եկեղեցում ակտիվ լինելու ուղին, մնացեք ուղու վրա և պահեք ձեր ուխտերը: Շարունակեք առաջ գնալ, մինչև կգա ժամանակը, երբ դուք կստանաք Տիրոջ օրհնությունները և Սուրբ Հոգին կտրվի որպես ձեր կյանքի առաջնորդող ուժ:

Եթե դուք այժմ բռնել եք մի ուղի, որը ձեզ հեռու է տանում սուրբ գրություններում նշված ուղուց, թույլ տվեք ինձ հավաստիացնել ձեզ, որ կա վերադարձի ճանապարհ:

Հիսուս Քրիստոսը տվել է շատ պարզ միջոց մեզ համար, որ ապաշխարենք և գտնենք բուժում մեր կյանքում: Շատ սխալների համար դեղամիջոց կարող է հանդիսանալ ներում փնտրելը անձնական աղոթքի միջոցով: Այնուամենայնիվ, կան որոշակի հոգևոր հիվանդություններ, հատկապես այն դեպքերում, երբ դրանք կապված են բարոյական օրենքի խախտումների հետ, որոնք միանշանակ պահանջում են որակված հոգևոր բժշկի աջակցությունն ու բուժումը:

Տարիներ առաջ իմ գրասենյակ եկան մի երիտասարդ կին և նրա տարիքով հայրը: Աղջիկը հորը հարյուրավոր մղոններ էր բերել, որպեսզի նա սպեղանի գտներ իր մեղքի զգացումից: Երիտասարդ տարիքում նա գործել էր մի լուրջ սխալ, և իր ծեր տարիքում այդ հիշողությունը կրկին վերադառնում էր: Նա չէր կարողանում ազատվել մեղքի զգացումից: Նա չէր կարող վերադառնալ և լուծել իր երիտասարդության խնդիրն ինքնուրույն, սակայն նա կարող էր սկսել այնտեղից, որտեղ գտնվում էր այժմ, և օգնություն ստանալով, ջնջել մեղքի զգացումը, որը հետևել էր նրան այդ բոլոր տարիների ընթացքում:

Ես երախտապարտ էի, որ ուսուցանելով նրան սկզբունքներ Մորմոնի Գրքից, կարծես թե մեծ բեռ վերցվեց նրա ուսերից: Երբ նա և նրա աղջիկը ետ վերադարձան տուն, անցնելով այդ հարյուրավոր մղոնները, ծեր տղամարդը հետևում թողեց նախկին օրինազանցության մեղքի զգացումը:

Եթե դուք «զարթնեք՝ ի զգացումն ձեր սոսկալի դրության»9 և ցանկանաք վերականգնել ձեր լիարժեք հոգևոր առողջությունը, այցելեք ձեր եպիսկոպոսին: Նա կրում է բանալիները և կարող է օգնել ձեզ անցնելու ապաշխարության ուղին:

Ապաշխարությունը անհատական է, և ներումը նույնպես: Տերը միայն պահանջում է, որ մարդիկ ետ դառնան իրենց մեղքից, և «[Նա] կների նրանց անօրինությունը, և նրանց մեղքերը այլևս պիտի չհիշի»:10

Երբ ապաշխարության գործընթացն ամբողջությամբ է կատարվում, դուք կսկսեք հասկանալ Քավության մասին Եսայիայի խոստման իմաստը. «Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան»:11

Ճիշտ ինչպես կավիճը կարող է մաքրվել գրատախտակից, անկեղծ ապաշխարության միջոցով մեր օրինազանցության ազդեցությունները կարող են ջնջվել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Այդ խոստումը վերաբերում է յուրաքանչյուր դեպքի:

Ավետարանը սովորեցնում է մեզ լինել երջանիկ, ունենալ հավատք, և ոչ թե վախենալ, գտնել հույս և հաղթահարել հուսահատությունը, թողնել խավարը և դառնալ դեպի հավիտենական ավետարանի լույսը:

Պողոսը և այլոք նախազգուշացրել են մեր ժամանակների և դեռևս գալիք օրերի դժվարությունների մասին: Սակայն խաղաղություն կարող է հաստատվել յուրաքանչյուրի սրտում, ով դառնում է դեպի սուրբ գրությունները և բացահայտում է պաշտպանության և քավության խոստումները, որոնք ուսուցանվում են դրանցում: Մենք հրավիրում ենք բոլորին դառնալ դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսը, դեպի Նրա ուսմունքները, ինչպես տրված են Հին Կտակարանում, Նոր Կտակարանում, Մորմոնի Գրքում, Վարդապետություններ և Ուխտերում և Թանկագին Մարգարիտում:

Ես բերում եմ հավաստի վկայություն սուրբ գրությունների վերաբերյալ՝ որպես մեր հոգևոր պաշտպանության բանալի: Ես նաև վկայում եմ Հիսուս Քրիստոսի Քավության բուժող զորության մասին, «որ նրա միջոցով կարողանան փրկվել բոլորը»12, ովքեր պիտի փրկվեն: Տիրոջ Եկեղեցին ևս մեկ անգամ հաստատվել է երկրի վրա: Ես վկայում եմ ավետարանի ճշմարտության մասին: Ես վկայում եմ Նրա մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: