2013
Եղեք հեզ ու սրտով խոնարհ

Եղեք հեզ ու սրտով խոնարհ

Հեզ լինելը չի նշանակում լինել թույլ, այլ նշանակում է վարվել առաքինությամբ և բարությամբ

Մորմոնն ուսուցանել է, որ մարդը «չի կարող ունենալ հավատք և հույս, եթե նա չլինի հեզ և սրտով խոնարհ»:1 Նա ավելացրել է, որ առանց այդ հատկանիշների «հավատքը և հույսը զուր են, քանզի ոչ մեկն ընդունելի չէ Աստծո առաջ, բացի հեզից և սրտով խոնարհից»:2

Հեզությունը դա նրանց հատկանիշն է, ովքեր «Աստվածավախ, արդարակյաց, խոնարհ, ուսումնասեր և չարչարանքների մեջ համբերատար»3 են: Նրանք, ովքեր ունեն այդ հատկանիշները, պատրաստակամ են հետևելու Հիսուս Քրիտսոսին, և և նրանց բնավորությունը հանգիստ է, հլու, հանդուրժող և ենթարկվող:

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ հեզությունը Հոգու պտուղ է:4 Հետևաբար այն հեշտությամբ կարելի է ձեռք բերել, եթե մենք «Հոգով ենք ապրում»:5 Իսկ Հոգով ապրելու համար մեր կենսակերպը Տիրոջ առաջ պետք է արտահայտի արդարակեցություն:

Երբ մենք վերցնում ենք Քրիստոսի անունը մեզ վրա, մեզանից ակնկալվում է, որ մենք ձգտենք ընդօրինակել Նրա հատկանիշները և փոխել մեր բնավորությունը, որպեսզի ավելի շատ նմանվենք Նրան ամեն օր: Փրկիչը խրատել է իր աշակերտներին, ասելով. «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է»:6 Եթե մենք «գանք դեպի Քրիստոսը, … հրաժարվենք ամեն անաստվածությունից … և սիրենք Աստծուն», ապա Քրիստոսի շնորհով այն օրը կգա, երբ մենք կատարյալ կլինենք Նրանում:7

«Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են Աստծուց: [Այդ հատկանիշները] գալիս են, երբ [մենք] արդար ձևով ենք օգտագործում [մեր] ազատ կամքը: … Աստծուն գոհացնելու ցանկությամբ [մենք պետք է] ընդունենք [մեր] թուլությունները և լինենք հոժար ու ձգտենք կատարելագործվել»:8

Հեզությունը կենսական նշանակություն ունի մեզ համար, որպեսզի ավելի նմանվենքւ Քրիստոսին: Առանց դրա մենք չենք կարող զարգացնել այլ կարևոր արժանիքներ: Հեզ լինելը չի նշանակում լինել թույլ, այլ նշանակում է վարվել առաքինությամբ և բարությամբ, ցույց տալ ուժ, պարզություն, առողջ ինքնագնահատական և ինքնակառավարում:

Հեզությունը Փրկչի կյանքում ամենահարուստ հատկանիշներից մեկն էր: Նա ուսուցանեց Իր աշակերտներին. «Ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ»:9

Մենք օրհնված ենք, ծնված լինելով հեզության սերմը մեր սրտում: Մենք պետք է հասկանանք, որ հնարավոր չէ աճել ու զարգացնել այդ սերմը մի ակնթարթում. դրա համար ժամանակ է պահանջվում: Քրիստոսը մեզ խնդրել է «ամեն օր [մեր] խաչն առն[ենք]»10, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի չընդհատվող կենտրոնացում և ցանկություն:

Նախագահ Լորենսո Սնոուն, մեր տնտեսության հինգերորդ մարգարեն, ուսուցանել է. «Մեր պարտականությունն է ձգտել լինել կատարյալ, … զարգանալ ամեն օր և նայել ետ՝ մեր անցած շաբաթվան, և այս շաբաթ անել ավելի լավ գործեր, արեք այսօր ավելի լավ գործեր, քան երեկ»:11 Այսպիսով, հեզության առաջին քայլը, դա ամենօրյա կատարելագործումն է: Ամեն օր մենք պետք է ձգտենք լինել ավելի լավը, քան նախորդ օրը, առաջ քայլելով այս գործընթացում:

Նախագահ Սնոուն ավելացրել է.

«Մենք ունենք մեր փոքրիկ քմահաճույքներն ու մեր թուլությունները, մենք պետք է փորձենք հաղթահարել դրանք, որքան հնարավոր է շուտ, և … պետք է [սերմանենք] այդ զգացումը մեր երեխաների սրտերում, … որպեսզի նրանք սովորեն բոլոր հանգամանքներում [վարվել] պատշաճ Նրա առաջ:

Եթե ամուսինը իր կնոջ հետ մեկ օր կարողանա ապրել առանց վեճի կամ առանց որևէ մեկին անբարեհաճ վերաբերմունք ցուցաբերելու կամ առանց վշտացնելու Աստծո Հոգուն, … ապա մինչ այդ պահը նա կատարյալ է: Այնուհետև, թողեք, որպեսզի հաջորդ օրը նա ձգտի լինել նույն կերպ: Բայց ենթադրենք, որ նա իր հաջորդ օրվա փորձերում ձախողել է, ապա որևէ պատճառ չկա, որ նա չկարողանա հաջողել անել դա երրորդ օրը»:12

Ընդունելով մեր նվիրվածությունն ու պատրաստակամությունը, Տերը կտա մեզ այն, ինչին մենք ունակ չենք հասնելու մեր անկատարությունների և մարդկային թուլությունների պատճառով:

Մեկ այլ կարևոր քայլ հեզ դառնալու համար՝ սովորելն է վերահսկել մեր բնավորությունը: Քանի որ բնական մարդը բնակվում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, և քանի որ մենք ապրում ենք մի աշխարհում, որը լի է լարվածությամբ, մեր բնավորության վերահսկումը կարող է դառնալ մեր կյանքի ամենամեծ փորձություններից մեկը: Մի քանի վայրկյան մտածեք, թե ինչպես եք վարվում, երբ ինչ-որ մեկը չի համաձայնվում ձեր ցանկությունների հետ, երբ դուք ուզում եք ինչ-որ բան: Ի՞նչ եք անում, երբ մարդիկ չեն համաձայնվում ձեր գաղափարների հետ, նույնիսկ եթե, ձեր կարծիքով, դրանք ներկայացնում են խնդրի ճիշտ լուծումը: Ո՞րն է ձեր պատասխանը, երբ ինչ-որ մեկը վիրավորում է ձեզ, քննադատում է ձեր ջանքերը կամ ուղղակի անբարյացակամ է, քանի որ նա վատ տրամադրության մեջ է: Այդ րոպեներին, կամ այլ դժվարին իրավիճակներում, մենք պետք է սովորենք վերահսկել մեր բնավորությունը և արտահայտել մեր զգացմունքները համբերությամբ ու մեղմ համոզումով: Դա այնչափ կարևոր է մեր տներում և մեր հարաբերություններում մեր հավերժական զուգընկերոջ հետ: 31 տարի շարունակ ես ամուսնացած եմ իմ սիրելիի հետ, նա միշտ ինձ «մեղմիկ» հիշեցրել է այս մասին, երբ մենք բախվել ենք կյանքի մտահոգիչ դժվարություններին:

Տիմոթեոսի Երկրորդ Թղթում տրված ցուցումներում Պողոս Առաքյալն ասում է.

«Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող.

Հակառակողներին հեզությունով խրատել թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար.

Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու»:13

Մեր պատասխանները վերահսկելով, լինելով խաղաղ ու մեղմ և մրցակցությունից խուսափելով, մենք կսկսենք արժանի լինել հեզության պարգևը ստանալու համար: Նախագահ Հենրի Բ. Այրինգը մի առիթով ասել է. «Երբ մենք հավատքով վերահսկում ենք մեր բնավորությունները և զսպում մեր հպարտությունը, Սուրբ Հոգին տալիս է Իր հավանությունը և սուրբ խոստումներն ու ուխտերը դառնում են իրական»:14

Հեզությանը հասնելու ևս մեկ քայլ է խոնարհ լինելը: Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով հրահանգել է Թոմաս Բ. Մարշին, ասելով. «Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին»:15

Ես հավատում եմ, եղբայրներ և քույրեր, որ միայն նրանք, ովքեր խոնարհ են, ի վիճակի են ըմբռնել և հասկանալ իրենց աղոթքներին Տիրոջ պատասխանները: Խոնարհները ուսուցանվող են, գիտակցում են, թե որքան կախված են Աստծուց, և ցանկանում են ենթարկվել Նրա կամքին: Խոնարհները հեզ են և ունակ են իրենց ազդեցության շնորհիվ ներազդել ուրիշների վրա, որպեսզի նրանք անեն նույնը: Աստծո խոստումը խոնարհներին այն է, որ Նա ձեռքը բռնած կառաջնորդի նրանց: Ես իսկապես հավատում եմ, որ մենք կխուսափենք զարտուղի ճանապարհներից և տխրությունից, քանի դեռ քայլում ենք Տիրոջ ձեռքը բռնած:

Մեր օրերի ամենագեղեցիկ հեզության օրինակներից մեկը, որի մասին ես տեղյակ եմ, դա Եղբայր Մովսես Մահլանգուն է: Նրա դարձի գալը սկսվում է 1964թ., երբ նա ստացավ Մորմոնի Գրքի օրինակը: Նա հիացած էր այս գիրքը կարդալուց, բայց միայն 70-ականների սկզբում նա տեսավ ՎՕՍ Եկեղեցու ցուցանակը շենքի վրա Յոհանեսբուրգում, Հարավային Աֆրիկա, երբ քայլում էր փողոցով: Եղբայր Մահլանգուն հետաքրքրվեց և ներս մտավ շինություն՝ Եկեղեցու մասին ավելի շատ իմանալու համար: Նրան սիրով բացատրեցին, որ նա չի կարող մասնակցել ծառայություններին կամ մկրտվել, քանի որ այդ ժամանակ երկրի օրենքները չէին թույլատրում դա:

Եղբայր Մահլանգուն ընդունեց այդ որոշումը հեզությամբ, խոնարհությամբ և առանց վրդովմունքի, սակայն նա շարունակում էր ունենալ զորեղ ցանկություն ավելի շատ բան իմանալու Եկեղեցու մասին: Նա խնդրեց Եկեղեցու ղեկավարներին, որպեսզի նրանք ժողովատան պատուհաններից մեկը բաց թողնեին Կիրակնօրյա ժողովների ժամանակ, որպեսզի նա կարողանար նստել դրսում և լսել ժողովները: Մի քանի տարի շարունակ Եղբայր Մահլանգուի ընտանիքն ու ընկերները պարբերաբար հաճախում էին Եկեղեցի «պատուհանի միջոցով»: Մի օր 1980թ. նրանց ասացին, որ նրանք կարող են հաճախել եկեղեցի և մկրտվել: Ինչպիսի փառավոր օր էր եղբայր Մահլանգուի համար:

Հետագայում Եկեղեցին կազմավորեց ճյուղ Սովենտոյում: Դա միայն հնարավոր էր վճռական, քաջ ու հավատարիմ մարդկանց շնորհիվ, ինչպիսին էր եղբայր Մահլանգուն, ով դժվարին իրավիճակներում մնաց հավատարիմ այդքան երկար տարիներ:

Եղբայր Մահլանգուի ընկերներից մեկը, ով Եկեղեցուն միացավ միևնույն ժամանակ, պատմեց ինձ այս պատմությունը, երբ ես այցելեցի Սովենտո ցից: Մեր զրույցի վերջում նա գրկեց ինձ: Այդ պահին, եղբայրներ և քույրեր, ես զգացի, կարծես, օղակված էի Փրկչի սիրող ձեռքերում: Հեզությունը դուրս էր բխում այդ բարի եղբոր աչքերից: Բարությամբ լեցուն սրտով և խորին երախտագիտությամբ նա հարցրեց ինձ, թե արդյոք կարող եմ փոխանցել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, թե որքան է նա և շատ այլ մարդիկ երախտապարտ և օրհնված, որ ունեն ավետարանը իրենց կյանքում: Եղբայր Մահլանգուի և նրա ընկերների հեզության օրինակն իսկապես բարի կերպով է ազդել բազմաթիվ մարդկանց վրա՝ հատկապես ինձ վրա:

Քույրեր և եղբայրներ, ես հավատում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը հեզության մեծագույն օրինակ է: Նույնիսկ իր մահկանացու կյանքի վերջին րոպեներին, լինելով անարդար մեղադրված և դատապարտված, ցավագին կերպով իր խաչը կրելով դեպի Գողգոթա, լինելով ծաղրի ենթարկված ու հայհոյված Իր թշնամիների կողմից, լինելով լքված շատերի կողմից, ովքեր Նրան ճանաչում էին և տեսել էին Նրա կատարած հրաշքները, Նա գամվեց խաչին:

Նույնիսկ ամենաուժգին ֆիզիկական տանջանքների մեջ Տերը շրջվեց դեպի Իր հայրը և խոսեց Իր հեզ ու խոնարհ սրտի խորքից. «Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում»:16 Քրիստոսը տարավ ֆիզիկական և հոգեկան ծայրահեղ տանջանքներ, տալով մեզ հնարավորություն փոխելու մեր հոգեկան բնույթը և դառնալու հեզ՝ ինչպես Ինքն էր:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Ես վկայում եմ ձեզ, որ Նրա սիրո շնորհիվ, հնարավոր է փոխվել: Հնարավոր է մեր ետևում թողնել մեր թույլությունները: Հնարավոր է մերժել չարի ազդեցությությունները մեր կյանքում, վերահսկել մեր զայրույթը, դառնալ հեզ և զարգացնել մեր Փրկչի հատկանիշները: Նա ցույց է տվել մեզ ուղին: Նա տվել է մեզ կատարյալ օրինակ և պատվիրել է յուրաքանչյուրիս դառնալ այնպիսին, ինչպիսին Ինքն է: Նրա հրավիրում է մեզ հետևել Իրեն, հետևել Իր օրինակին և դառնալ Իր նման: Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Նրա սուրբ անունով՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: