2013
Հայցեք ձեր ուխտերի օրհնությունները
Նոյեմբեր 2013


Հայցեք ձեր ուխտերի օրհնությունները

Նկար

Նորացնելով և պատվելով մեր ուխտերը՝ մեր բեռը կթեթևանա, և մենք կարող ենք շարունակաբար մաքրվել և զորանալ:

Քույրեր, որքան հրաշալի է կրկին հանդիպել ձեզ:

Վերջերս հանդիպել եմ մի կնոջ, ով պատրաստվում էր մկրտվել: Այդ կիրակի օրը նա եկել էր եկեղեցի, մոտ 3կմ քայլելով ցեխի միջով: Նա անմիջապես գնաց և փոխեց իր ցեխոտ շորերը, լվացվելով և հագնելով կիրակնօրյա մաքուր հագուստը: Սփոփող Միության ժողովին նա պատմեց իր դարձի մասին: Ինձ հուզեց ապաշխարության և Փրկչի քավող զոհաբերության միջոցով մաքրվելու նրա անհագ ցանկությունը և իր «հին կյանքից» հրաժարվելու նրա պատրաստակամությունը, որպեսզի սուրբ ուխտեր կապեր մեր Երկնային Հոր հետ: Նա բաժանվել էր իր ընկերոջից, հաղթահարում էր հակումները, որպեսզի ապրեր Իմաստության Խոսքով, թողել էր իր կիրակնօրյա աշխատանքը և նրա կապը հարազատների հետ խզվել էր, երբ վերջիններս իմացել էին նրա մկրտվելու որոշման մասին: Նա ցանկանում էր թողնել իր բոլոր մեղքերը, որպեսզի մաքրվեր և զգար Փրկչի փրկագնող սերը: Ինձ ոգեշնչեց այդ առավոտ ֆիզիկապես և հոգեպես մաքվելու նրա փափագը:

Մենք գիտենք, որ ձեզանից շատերն են նման զոհաբերություններ կատարել՝ զգալով Սուրբ Հոգու վկայությունը և փափագելով ապաշխարել, մկրտվել և մաքրվել: Թերևս Փրկչի աստվածային սերն առատորեն զգում ենք միայն, երբ ապաշխարում ենք և զգում ենք Նրա սիրառատ ձեռքերը պարզած՝ պատրաստ գրկելու մեզ և արտահայտելու Իր սերն ու հավանությունը:

Մի քանի կիրակի առաջ, հաղորդության ժողովին, ես հուզվեցի, լսելով, թե ինչպես էր քահանան մեծ զգացմունքով արտասանում հաղորդության աղոթքի յուրաքանչյուր բառը: Ավելի ուշ զանգահարեցի այդ քահանային, որ շնորհակալություն հայտնեի հաղորդության ժամանակ ներկաներիս խորը հոգևոր զգացողություն պարգևելու համար: Նա տանը չէր, սակայն մայրը պատասխանեց. «Օ՜, նա շատ կուրախանա, երբ իմանա, որ դուք զանգահարել եք: Առաջին անգամ էր նա ասում հաղորդության աղոթքը, և մենք միասին ենք պատրաստվել՝ խոսելով հաղորդության կարևորության և Փրկչի հետ կապած մեր մկրտության ուխտերն արժանիորեն նորացնելու մասին»: Որքան եմ սիրում այդ թանկագին մորը, որ ուսուցանել է իր որդուն մկրտության ուխտերի զորության և այն հնարավորության մասին, որով նա կարող էր օգնել ծխի անդամներին զգալ այդ զորությունը:

Ճանաչում եմ մեկ այլ մոր, որը մի քանի տարի միայնակ է նստել եկեղեցում իր չորս փոքրիկների հետ: Հաղորդության ժողովներին հազվադեպ կարողանալով կենտրոնանալ Փրկչի վրա, նա որոշում կայացրեց: Այժմ, ամեն շաբաթ օր նա փորձում է ժամանակ հատկացնել՝ վերանայելով իր ողջ շաբաթը, խորհելով իր ուխտերի և այն մասին, թե ինչի համար պետք է ապաշխարի: «Ապա,- նա ասում է,- անկախ նրանից, թե կիրակի օրը ինչպես կպահեն իրենց երեխաները, ես պատրաստ եմ ճաշակել հաղորդությունը, նորացնել իմ ուխտերը և զգալ Քավության մաքրագործող զորությունը»:

Սիրելի քույրեր, ինչո՞ւ է Փրկիչն այդքան մեծ կարևորություն տալիս հաղորդությանը: Ի՞նչ կարևոր դեր է խաղում մեր մկրտության ուխտերի ամենշաբաթյա նորացումը մեր կյանքում: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Փրկիչն ի զորու է լիովին մաքրագործել մեզ ամեն շաբաթ, երբ մենք արժանիորեն և խոհուն ընդունում ենք հաղորդությունը: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը վկայել է. «Դա է Հիսուս Քրիստոսի և Քավության ավետարանի խոստումը. … որ [մեր կյանքի] վերջում վարագույրից այն կողմ անցնենք՝ մեր մեղքերից ապաշխարած և Քրիստոսի արյունով լվացված»:1

Մեր նախագահությունն անչափ ուրախանում է, երբ մեր քույրերն ու նրանց ընտանիքները կապում և պահում են ուխտերը, սակայն մեր սրտերը ցավում են նրանց համար, ովքեր մեծ նեղություն են կրում իրենց կյանքում ուխտերը դրժող սիրելիների պատճառով: Նեփիի եղբայր Հակոբ մարգարեին Տերը պատվիրել էր խոսել իր եղբայրների հետ իր օրերի արդարակյաց կանանց և երեխաների մասին: Ես վկայում եմ, որ նրա խոսքերը պահվել են հատուկ մեր օրերի համար: Նա խոսում է մեզ հետ այնպես, ասես Փրկիչն Ինքն է խոսում: Հակոբը նեղված և մտահոգ էր, երբ վկայեց ամուսիններին և հայրերին.

«Դա վշտացնում է ինձ, որ ես պետք է գործածեմ խոսքի այսքան շատ խստություն … ձեր կանանց և ձեր երեխաների առջև, որոնցից շատերի զգացմունքները չափազանց քնքուշ են, և մաքրաբարո ու նուրբ …

… Նրանց սրտերի հեկեկոցը բարձրանում է վեր՝ առ Աստված … Շատ սրտեր են մեռել՝ խոցված խորը վերքերով»:2

Ուխտ պահող կանանց, իր և մեր օրերի երեխաներին Հակոբը խոստանում է.

«Նայե՛ք առ Աստված մտքի կայունությամբ, և աղոթե՛ք նրան խիստ մեծ հավատքով, և նա կսփոփի ձեզ՝ ձեր չարչարանքների մեջ …

… Բարձրացրե՛ք ձեր գլուխները և ընդունե՛ք Աստծո հաճելի խոսքը և վայելե՛ք նրա սերը»:3

Քույրեր, ես վկայում եմ աղոթքի ուժի և զորության մասին, երբ հայտնում ենք մեր ամենախորը ցավերը և ցանկությունները մեր Երկնային Հորը, իսկ պատասխանները գալիս են, երբ մենք «վայելում ենք» սուրբ գրությունները և կենդանի մարգարեների խոսքերը:

Մոտ երեք տարի առաջ ավերիչ հրդեհից այրվեց սիրելի պատմական Թաբերնաքլը Պրովոյում, Յուտա: Թե համայնքը և թե Եկեղեցու անդամները մեծ ցավով ընդունեցին այդ փաստը: Շատերը զարմացան. «Ինչո՞ւ Տերը թույլ տվեց դա: Անշուշտ, Նա կարող էր կանխել հրդեհը կամ թույլ չտար այդ շինության կործանումը»:

Տաս ամիս անց, 2011թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին մի հիացական շշուկ տարածվեց, երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց, որ գրեթե ավերված թաբերնաքլը կդառնա սուրբ տաճար՝ Տիրոջ տուն: Հանկարծ մենք տեսանք այն, ինչ Տերը միշտ իմացել էր: Նա՛ չէր հրդեհ առաջացրել, բայց Նա թույլ էր տվել, որ հրդեհը կլաներ շենքի ողջ ներսի մասը: Նա տեսնում էր Թաբերնաքլը որպես հրաշագեղ տաճար՝ սուրբ, հավերժական ուխտեր կապելու մշտական տուն:4

Իմ սիրելի քույրեր, Տերը թույլ է տալիս, որ մենք փորձվենք և ստուգվենք, երբեմն մեր կարողության առավելագույն չափով: Մենք տեսել ենք՝ ինչպես է մեր սիրելիների և գուցե նաև մեր կյանքն «այրվել» մինչև վերջ և զարմացել ենք, թե ինչու է սիրող և հոգատար Երկնային Հայրը թույլ տալիս, որ դա տեղի ունենա: Սակայն Նա մեզ չի թողնում մոխիրների մեջ, Նա կանգնած է ձեռքերը պարզած՝ հրավիրելով մեզ՝ գալ Իր մոտ: Նա մեր կյանքը վերածում է հրաշակերտ տաճարի, որտեղ կարող է Իր Հոգին հավերժ բնակվել:

Վարդապետություն և Ուխտեր 58.3–4-ում Տերն ասում է մեզ.

«Ներկայումս, դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր Աստծո ծրագիրը, այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու, և փառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո:

Քանզի շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները: Ուստի գալիս է օրը, երբ դուք պիտի պսակվեք մեծ փառքով»:

Քույրեր, ես վկայում եմ, որ Տերը ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի կյանքի համար: Ոչինչ չի կարող ցնցել կամ զարմացնել Նրան: Նա ամենագետ է և սիրում է բոլորին: Նա փափագում է օգնել ու սփոփել մեզ, մեղմել մեր ցավերը, երբ մենք ապավինում ենք Քավության զորությանը և պատվում ենք մեր ուխտերը: Ես գիտեմ դա: Փորձություններն ու դժբախտությունները, որոնց միջով անցնում ենք, կարող են առաջնորդել մեզ դեպի Նա, և կառչելով մեր ուխտերից կարող ենք վերադառնալ Նրա ներկայություն և ստանալ այն ամենը, ինչ ունի Հայրը:

Անցյալ տարի ես ցանկանում էի ավելի խորը զգալ Տիրոջ սերը, ստանալ անձնական հայտնություն, ավելի խորը հասկանալ իմ տաճարային ուխտերը և թեթևացնել իմ բեռը: Հատկապես այդ օրհնությունների մասին աղոթելիս զգացի՝ Հոգին առաջնորդեց ինձ, որ գնամ տաճար և ավելի ուշադիր լսեմ ինձ համար արտասանված օրհնությունների յուրաքանչյուր բառը: Ես վկայում եմ, որ ավելի ուշադիր լսելով և փորձելով գործադրել իմ հավատքը, Տերը ողորմած գտնվեց իմ հանդեպ՝ օգնելով թեթևացնել իմ բեռը: Նա օգնեց ինձ մեծ խաղաղություն զգալ դեռևս չպատասխանված աղոթքների համար: Պահելով մեր ուխտերն ու գործադրելով մեր հավատքը, մենք կապում ենք Տիրոջը, որ պահի Իր խոստումները:5 Սիրելի քույրեր, եկեք տաճար և հայցեք ձեր օրհնությունները:

Ուզում եմ այս հարցին այլ կերպ անդրադառնալ, ինչը մեզ վստահություն և հավատք կներշնչի: Երբեմն, որպես կին, մենք միտված ենք քննադատել ինքներս մեզ: Այդ պահերին պետք է փնտրենք Հոգին և հարցնենք. «Արդյո՞ք Տերն է ցանկանում, որ ես այսպես մտածեմ իմ մասին, թե սատանան է փորձում ինձ հուսահատեցնել»: Հիշեք մեր Երկնային Հոր էությունը, որի սերը կատարյալ և անսահման է:6 Նա ցանկանում է մեզ զորացնել, ոչ թե՝ տապալել:

Որպես Եկեղեցու անդամներ գուցե երբեմն զգանք, որ Տիրոջ կողմից ընդունվելու համար պետք է «կատարյալ ՎՕՍ ընտանիքի» մասը լինենք: Երբեմն զգում ենք, որ «այնքան էլ» արժանի չենք կամ չենք համապատասխանում արքայությանը, երբ չենք բավարարում որոշ պայմանների: Սիրելի քույրեր, երբ ամեն ինչ ասված և արված է, մեր Երկնային Հայրը կնայի, թե արդյոք մենք պահել ենք մեր ուխտերը և որքանով ենք հետևել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակին:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչը և Քավիչն է: Նրա քավող զոհաբերության շնորհիվ, մենք կարող ենք մաքրվել ամեն շաբաթ՝ արժանիորեն ընդունելով Նրա հաղորդությունը: Նորացնելով և պատվելով մեր ուխտերը՝ մեր բեռը կթեթևանա, մենք շարունակաբար կմաքրվենք և կզորանանք, իսկ կյանքի վերջում կարժանանանք վեհացմանը և հավերժական կյանքին: Ես վկայում եմ այդ ամենի մասին մեր սիրելի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: