2013
Վերև նայեք

Վերև նայեք

Այսօր է ժամանակը, որ նայենք դեպի ճշմարտության Աղբյուրը և հավաստիանանք, որ մեր վկայություններն ամուր են:

Երբ ես ութ տարեկան էի, ինձ և իմ հորաքրոջ ու հորեղբոր երկու որդիներին ուղարկեցին մոտակա քաղաք հաջորդ 15 օրվա համար նպարեղեն գնելու: Երբ հիշում եմ այս փորձառության մասին, զարմանում եմ, թե որքան շատ վստահություն ունեին իմ տատիկը, հորաքույրն ու հորեղբայրը մեր նկատմամբ: Առավոտյան երկինքը պայծառ էր և արևոտ, երբ նստելով մեր երեք ձիերից բաղկացած քարավանը մենք ճանապարհ ընկանք:

Մարգագետնի մեջտեղում մեզ մոտ հիանալի միտք առաջացավ, որ պետք է ցած իջնենք և գնդակախաղ խաղանք: Եվ մենք երկար խաղացինք: Մենք այնքան էինք կլանված մեր խաղով, որ չնկատեցինք «ժամանակների նշանները» մեր գլխավերևում, երբ մութ ամպերը ծածկեցին երկինքը: Այն պահին, երբ հասկացանք, թե ինչ է կատարվում, մենք նույնիսկ մեր ձիերը նստելու ժամանակ չունեցանք: Ուժեղ անձրևն ու կարկուտը մեզ այնքան ուժեղ էին հարվածում, որ միակ բանը, որ մտածում էինք անել, ձիերի թամբերը հանելն ու թամբերի փոքր կտորներից բաղկացած ծածկի տակ մտնելն էր:

Առանց ձիերի, թրջված և մրսած՝ մենք շարունակում էինք մեր ճանապարհը որքան կարող էինք արագ: Երբ մենք հասանք մեր նպատակատեղին, տեսանք, որ քաղաք մտնող լայն փողոցը հեղեղված էր և նման էր գետի, որը գալիս էր դեպի մեր կողմ: Այժմ, միակ ընտրությունը, որ ունեինք, մեր ծածկերը թողնելն ու քաղաքը շրջապատող մետաղյա փշալարե ցանկապատը մագլցելն էր: Ուշ գիշեր էր, երբ հոգնած, մրսած և թրջված ապաստան էինք փնտրում առաջին տանը, որը տեսանք քաղաք մտնելիս: Բարի երիտասարդ ընտանիքը մեզ չորացրեց, կերակրեց համեղ բակլա և բլիթներ, և այնուհետև անկողին պատրաստեց մեզ համար առանձին սենյակում: Շուտով մենք պարզեցինք, որ սենյակի հատակը հարթ է, և ևս մի հիանալի միտք առաջացավ մեզ մոտ: Մենք շրջան գծեցինք հատակի վրա և շարունակեցինք մեր գնդակախաղը, մինչև որ գետնին ընկանք և քնեցինք:

Երբ երեխա էինք, մենք մտածում էինք միայն մեր մասին: Մենք ամենևին չէինք մտածում մեր սիրելիների մասին, ովքեր հուսահատորեն փնտրում էին մեզ. եթե մտածեինք, մենք երբեք չէինք ուշացնի մեր ճամփորդությունն այդքան անօգուտ զբաղմունքի պատճառով: Եվ եթե ավելի իմաստուն լինեինք, մենք կնայեինք երկնքին, կտեսնեինք ամպերի ձևավորումը, և կարագացնեինք մեր ընթացքը, որպեսզի փոթորկից հեռու մնայինք: Այժմ, երբ ավելի շատ փորձառություն ունեմ, ես միշտ հիշեցնում եմ ինքս ինձ. «Մի՛ մոռացիր վերև նայել»:

Իմ փորձառությունը հորաքրոջս և հորեղբորս որդիների հետ ուսուցանեց ինձ ուշադրություն դարձնել մեր ժամանակների նշաններին: Մենք ապրում ենք փոթորկոտ, վտանգավոր օրերում, որոնց մասին նկարագրել է Պողոսը. «Մարդիկ կլինին ինքնասէր, … ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, … բանսարկու, անժուժկալ, … ավելի ցանկասէր, քան թէ աստուածասէր» (2 Տիմոթէոս Բ 3.2–4):

Խոսելով այս ժամանակների մասին՝ Երեց Դալլին Հ. Օուքսն ասել է. «Մեզ անհրաժեշտ է և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր նախապատրաստություն: … Եվ ավելի հեշտ է անուշադրության մատնել ավելի քիչ նկատելին և ավելի դժվարը՝ հոգևորը»: («Նախապատրաստում երկրորդ գալստին», Լիահոնա, Մայիս 2004, 9): Այլ կերպ ասած՝ մի մոռացեք վերև նայել:

Հաշվի առնելով հոգևոր նախապատրաստվածության հրատապ անհրաժեշտությունը նման վտանգի ժամանակ, ես ուզում եմ մի նախազգուշացում անել ժամանակների մի շատ կարևոր նշանի վերաբերյալ: Իմ մասնագիտական կյանքի շնորհիվ ես շատ եմ առնչվել տեխնոլոգիայի հետ, այնպես որ, ես գնահատում եմ դրա արժեքը, հատկապես հաղորդակցման մեջ: Այսպիսով, մարդկանց մասին տեղեկություններն արագ և հեշտ հասանելի են: Բայց համացանցը նաև լի է անարգ և ապակողմնորոշող բաներով: Տեխնոլոգիան մեծացրել է մեր խոսքի ազատությունը, բայց այն նաև համացանցում ինչ-որ բան գրող անվերապահ անձի գրվածքին տալիս է անարդար հավաստիություն՝ըստ այն կարդացողների թվի: Սա է պատճառը, որ այժմ, ավելի քան երբևէ, մենք պետք է հիշենք այս հավերժական սկզբունքը. «Իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց» (Մատթէոս 7.20):

Ես ձեզ հատկապես զգուշացնում եմ չդիտել անարգ նկարներ, ուշադրություն չդարձնել Քրիստոսի կամ Մարգարե Ջոզեֆ Սմիթի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնողներին: Երկու գործողություններն էլ հանգեցնում են նույն հետևանքին. Սուրբ Հոգու և Նրա պաշտպանության, աջակցող զորության հեռացմանը: Դրան միշտ հետևում է մեղքը և դժբախտությունը:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, եթե դուք երբևէ ինչ-որ բանի հանդիպեք, որը կասկածի կենթարկի ավետարանի մասին ձեր վկայությունը, խնդրում եմ ձեզ, վերև նայեք: Նայեք ողջ իմաստության և ճշմարտության Աղբյուրին: Սնուցեք ձեր հավատքն ու վկայությունը Աստծո խոսքով: Աշխարհում կան այնպիսիններն, ովքեր ձգտում են թուլացնել ձեր հավատքը՝ կեղծիքներն ու կիսատ ճշմարտություններն իրար խառնելով: Այս պատճառով բացարձակապես կարևոր է, որ դուք մշտապես մնաք Սուրբ Հոգուն արժանի: Սուրբ Հոգու ընկերակցությունը պարզապես հաճելի հարմարավետություն չէ. այն անհրաժեշտ է ձեր հոգևոր գոյատևման համար: Եթե դուք չգանձեք Քրիստոսի խոսքերը և ուշադիր չլսեք Հոգու հուշումները, դուք կմոլորվեք (տես Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.37): Մենք պետք է կատարենք այդ ամենը:

Հիսուս Քրիստոսը, ով կատարյալ էր, և Ջոզեֆ Սմիթը, ով ընդունել էր, որ ինքը կատարյալ չէր, երկուսն էլ սպանվեցին բանսարկուների կողմից, ովքեր չէին ընդունում իրենց վկայությունը: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ նրանց վկայությունը ճշմարիտ է. որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, և Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է:

«Իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց»: Կարո՞ղ է լավ պտուղ աճել վատ ծառից: Ես գիտեմ, որ իմ Քավիչը ներել է իմ մեղքերը և ազատել է ինձ իմ անձնական լծից՝ բերելով ինձ երջանկության մի վիճակի, որի մասին ես նույնիսկ չգիտեի, որ գոյություն ուներ: Եվ ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է եղել, որովհետև ես հետևել եմ Մորմոնի Գրքի պարզ խոստումին. «[Հարցրեք] Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով» (Մորոնի 10.4): Պարզ բառերով ասած՝ վերև նայեք:

Կան մարդիկ, ովքեր ենթադրում են, որ դուք պետք է ունենաք ֆիզիկական ապացույց, որպեսզի հավատաք Քրիստոսի Հարությանը կամ Նրա վերականգնված ավետարանի ճշմարտացիությանը: Նրանց համար ես մեջբերում կկատարեմ Ալմայի խոսքերից ուղղված Կորիհորին, ով փորձում էր ուրիշներին համոզել չհավատալ. «Դու ունեցել ես բավականաչափ նշաններ, մի՞թե դու փորձում ես քո Աստծուն: Մի՞թե դու կասես՝ ցույց տուր ինձ մի նշան, երբ դու ունես վկայությունը բոլոր այս քո եղբայրների և նաև բոլոր սուրբ մարգարեների: սուրբ գրքերը դրված են քո առջև» (Ալմա 30.44):

Դուք և ես Փրկչի քավության զորության կենդանի ապացույցն ենք: Մենք կենդանի ապացույցն ենք Մարգարե Ջոզեֆի ծառայության և վաղ շրջանում ապրող Սրբերի հավատարմության, ովքեր ամուր մնացին իրենց վկայության մեջ: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այժմ տարածվել է ամբողջ աշխարհում և աճում է, ինչպես երբեք՝ընդունվելով, ինչպես Քրիստոսի ժամանակ, հնազանդ մարդկանց կողմից, ովքեր հավատում են առանց տեսնելու և ձեռք տալու:

Ոչ ոք չգիտի, երբ է Տերը կրկին գալու: Բայց ներկայումս մենք ապրում ենք վտանգավոր ժամանակաշրջանում: Այսօր է ժամանակը, որ նայենք դեպի ճշմարտության Աղբյուրը և հավաստիանանք, որ մեր վկայություններն ամուր են:

Վերադառնալով իմ պատմությանը՝ հորաքրոջս և հորեղբորս տղաներն ու ես առավոտյան արթնացանք, երբ արևը պայծառ էր և երկնքը գեղեցիկ: Մի մարդ թակեց դուռը, ով փնտրում էր երեք կորած տղայի: Նա մեզ ձիեր տրամադրեց և մենք նույն մարգագետնով տուն վերադարձանք: Ես երբեք չեմ մոռանա այն ամենն, ինչ մենք տեսանք տուն վերադառնալու մեր ճանապարհին. մարդկանց բազմություն, ովքեր ողջ գիշեր մեզ են փնտրել՝ իրենց տրակտորներն ու բեռնատարները խրված ցեխի մեջ: Նրանք գտել էին մի թամբ այստեղ, մի ձի այնտեղ, և երբ տեսան մեզ տուն վերադառնալիս՝ ես զգացի նրանց հանգստությունն ու սերը: Երբ մտանք քաղաք, շատ մարդիկ էին սպասում մեզ, և նրանց առջև իմ սիրառատ տատիկը, հորեղբայրն ու հորաքույրն էին: Նրանք գրկեցին մեզ և արտասվեցին՝ անչափ ուրախ լինելով, որ գտել են իրենց կորած երեխաներին: Ինչպիսի հրաշալի հիշեցում է սա ինձ համար, որ մեր սիրառատ Երկնային Հայրը հոգ է տանում մեր մասին: Նա անհամբեր սպասում է մեր դեպի տուն վերադարձին:

Անշուշտ, մեր բոլորի շուրջ կան ձևավորվող փոթորկի նշաններ: Եկեք վերև նայենք և պատրաստվենք: Ամուր վկայության մեջ ապահովություն կա: Եկեք ամեն օր սնուցենք և ամրացնենք մեր վկայությունները:

Ես գիտեմ, որ մենք կարող ենք հավերժ ապրել միասին, որպես ընտանիքներ, որ մեր սիրառատ Երկնային Հայրը գրկաբաց սպասում է մեզ՝ Իր զավակներին: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը՝ մեր Փրկիչը, ապրում է: Ինչպես Պետրոսին, մարմինը և արյունը չհայտնեց ինձ, բայց իմ Հայրը, որ երկնքում է (տես Մատթէոս 16.15–19): Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: