2010
Ծառայեք Հոգով

Ծառայեք Հոգով

Եկեք անենք այն, ինչ պահանջվում է՝ արժանանալու Սուրբ Հոգուն որպես մեր ընկերակից:

President Henry B. Eyring

Ես երախտապարտ եմ այս հնարավորության համար մեկ լինելու ձեզ հետ, ովքեր Աստծո կողմից պատվի են արժանացել կրելու քահանայությունը: Մենք կանչվել ենք օգտագործելու աստվածային զորությունը՝ ծառայելով մեր Երկնային Հոր զավակներին: Թե որքան լավ ենք կատարում այդ պարտականությունը հավերժական հետևանքներ կունենա նրանց համար, ում կանչվել ենք ծառայելու, մեզ համար և դեռ չծնված սերունդների համար:

Ես սուրբ հուշեր ունեմ քահանայություն երկուկրողների մասին, ովքեր արժանացել էին Աստծո Հոգուն, երբ գնացել էին կատարելու մի հանձնարարություն, որին Տերը կանչել էր նրանց: Նրանք իրենք էին գտել վերականգված ավետարանը Ամերիկայում: Նրանք Տիրոջ ծառաներն էին, ովքեր առաջին անգամ խոսեցին այդ ավետարանի մասին իմ երկու նախնիների հետ:

Այդ նախնիներից մեկը երիտասարդ աղջիկ էր, որն ապրում էր Շվեյցարիայի մի փոքրիկ ագարակում: Մյուսը երիտասարդ տղամարդ էր, որը որբ էր և ներգաղթել էր Միացյալ Նահանգներ Գերմանիայից, և ապրում էր Սենթ Լյուիսում, Միսսուրի:

Երկուսն էլ լսեցին քահանայություն կրողի վկայությունը վերականգնված ավետարանի մասին, աղջիկը՝ նստած բուխարու կողքին իրենց փոքրիկ տանը Շվեյցարիայում, իսկ տղան՝ նստած վարձով սենյակի պատշգամբում, Ամերիկայում: Երկուսն էլ Հոգու օգնությամբ իմացան, որ այդ երեցների ուղերձը ճշմարիտ էր:

Տղան և աղջիկը որոշեցին մկրտվել: Տարիներ անց նրանք երկուսով առաջին անգամ միմյանց հանդիպեցին փոշոտ ճանապարհին, քայլելով հարյուրավոր մղոններ դեպի Հյուսիսային Ամերիկայի լեռները: Նրանք զրուցում էին, երբ քայլում էին: Նրանք խոսում էին այն մասին, թե ինչպիսի հրաշալի օրհնություն էր, որ այդ մեծ աշխարհում Աստծո ծառաները գտել էին իրենց: Եվ նույնիսկ ավելի զարմանալի էր այն, որ նրանք իմացան, որ այդ ուղերձը ճշմարիտ էր:

Նրանք սիրահարվեցին և ամուսնացան: Եվ Հոգու վկայության շնորհիվ, որը սկիզբ առավ, երբ նրանք լսեցին քահանայություն կրողների խոսքերը Սուրբ Հոգու ազդեցության ներքո, նրանք կնքվեցին հավերժության համար՝ քահանայության իշխանության միջոցով: Ես այդ տղայի և աղջկա տասնյակ հազարավոր հետնորդների շարքում եմ, ովքեր օրհնում են երկու քահանայություն կրողների անունները, ովքեր բերեցին Աստծո Հոգու սպասավորումներն իրենց հետ, երբ նրանք մագլցում էին բլուրը Շվեյցարիայում և բարձրանում՝ խոսելու այն հանդիպման ժամանակ Սուրբ Լյուիսում:

Այդ երջանիկ պատմությունը և դրա նման միլիոնավոր պատմություններ կարելի է գտնել ողջ աշխարհով մեկ և դրանք կկրկնվեն սերունդներ շարունակ: Ոմանց համար դա կլինի երիտասարդ տնային ուսուցչի պատմությունը, որն ասաց այն խոսքերը, որոնք ցանկություն ձեր պապիկի մոտ Եկեղեցի վերադառնալու ցանկություն առաջացրեցին: Ոմանց համար դա կլինի սփոփանքի և օրհնության խոսքեր հայրապետից, որը հաստատեց ձեր մայրիկին, երբ ողբերգությունը նրան գրեթե տապալել էր:

Այդ պատմությունների մեջ կլինի մի ընդհանուր թեմա: Այն կլինի Սուրբ Հոգու ուժով զորացած քահանյություն կրողի ծառայելու և օրհնելու իշխանության մասին:

Եվ այսպիսով իմ ուղերձը մեզ համար սա է. Եկեք անենք այն, ինչ պահանջվում է՝ արժանանալու Սուրբ Հոգուն որպես մեր ընկերակից, իսկ հետո եկեք խիզախորեն առաջ գնանք, որպեսզի մեզ տրվի զորություններ՝ անելու այն, ինչ Տերը կանչում է մեզ անել: Զորությամբ ծառայելու այդ աճը կարող է գալ դանդաղ, այն կարող է գալ փոքրիկ քայլերով, որոնք դժվար տեսանելի են ձեզ համար, բայց դրանք կգան:

Այսօր ես մի քանի խորհուրդ կտամ՝ ձեր քահանայության ծառայության ժամանակ Սուրբ Հոգու ընկերակցությանն արժանանալու համար: Ապա ես կբերեմ մի քանի օրինակ քահանյության ծառայությունից, և դուք հնարավորություն կունենաք տեսնել, թե ինչպես են Հոգու ազդեցության միջոցով ձեր ծառայելու զորություններն ուժեղանում:

Մենք գիտենք, որ հաստատումը մեզ տալիս է Սուրբ Հոգու պարգևը Եկեղեցում: Բայց Սուրբ Հոգու ընկերակցությունը, դրա դրսևորումները մեր կյանքում և ծառայության մեջ, մեզանից պահանջում են մեր կյանքը կարգի բերել՝ դրանց արժանի դառնալու համար:

Մենք մշակում ենք հոգևոր պարգևները՝ պատվիրանները պահելով և փորձելով ապրել անարատ կյանքով: Դա պահանջում է հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ապաշխարելով և մաքրագործվելով Նրա Քավության միջոցով: Այսպիսով, որպես քահանայություն կրողներ, մենք երբեք չպետք է բաց թողնենք ամեն հաղորդության ժողովին մեր ողջ սրտով վերականգված Եկեղեցու անդամներին տրվող խոստմանը մասնակից լինելու հնարավորությունը. «Իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց, որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»:1

Ճիշտ ինչպես մենք պետք է մաքրվենք մեղքից՝ Հոգին մեզ հետ ունենալու համար, մենք պետք է լինենք բավականաչափ խոնարհ Աստծո առջև, որպեսզի ընդունենք մեզ համար դրա անհրաժեշտությունը: Հարություն առած Փրկչի աշակերտները ցույց տվեցին այդ խոնարհությունը, ինչպես գրված է Մորմոնի Գրքում:

Փրկիչը պատրաստում էր նրանց ծառայության: Նրանք ծնկի իջան գետնին աղոթելու: Ահա պատմությունը. «Եվ նրանք աղոթեցին նրա համար, ինչն իրենք ամենաշատն էին փափագում. և նրանք փափագում էին, որ Սուրբ Հոգին շնորհվեր իրենց»:2 Նրանք մկրտված էին, ինչպես դուք: Եվ հիշատակարանն ասում է, որ ի պատասխան նրանց աղաչանքի, նրանք լցվեցին Սուրբ Հոգով և կրակով:

Փրկիչն աղոթեց, բարձրաձայն շնորհակալություն հայտնելով Իր Հորը՝ Սուրբ Հոգին նրանց տալու համար, ում Նա ընտրել էր Իր հանդեպ նրանց հավատքի շնորհիվ: Իսկ հետո Փրկիչն աղոթեց նրանց հոգևոր օրհնության համար, ում նրանք ծառայում էին: Տերն աղաչեց Իր Հորը. «Հայր, ես աղաչում եմ, որ դու Սուրբ հոգին շնորհես բոլոր նրանց, ովքեր կհավատան նրանց խոսքերին»:3

Որպես Փրկչի խոնարհ ծառաներ, մեք պետք է աղոթենք Սուրբ Հոգու դրսևորումների համար, որ տրվեն մեզ մեր ծառայության ժամանակ և նրանց, ում մենք ծառայում ենք: Խոնարհ աղոթքը մեր Երկնային Հորը, Հիսուս Քրիստոսի հանդեպ խորը հավատքով, կարևոր է Սուրբ Հոգու ընկերակցությանը արժանի դառնալու համար:

Մեր խոնարհությունը և մեր հավատքը, որոնք հրավիրում են հոգևոր պարգևներ, աճում են կարդալու, ուսումնասիրելու և սուրբ գրությունների մասին խորհրդածելու միջոցով: Մենք բոլորս լսել ենք այդ խոսքերը: Սակայն մենք կարող ենք ամեն օր կարդալ սուրբ գրության մի քանի տող կամ էջ և հուսալ, որ դա բավական կլինի:

Բայց կարդալը, ուսումնասիրելը և խորհրդածելը նույնը չեն: Մենք կարդում ենք խոսքեր և կարող ենք գաղափարներ ստանալ: Մենք ուսումնասիրում ենք և հայտնաբերում օրինակներ և կապեր սուրբ գրքերում: Բայց երբ մենք խորհրդածում ենք, մենք հրավիրում ենք հայտնություն Հոգու միջոցով: Խորհրդածելն ինձ համար մտածելն է և աղոթելը, որոնք ես անում եմ կարդալուց և ուշադիր սուրբ գրությունները ուսումնասիրելուց հետո:

Ինձ համար Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն օրինակ հանդիսացավ, թե ինչպես խորհրդածելը կարող է լույս հրավիրել Աստծո կողմից: Այն արձանագրված է Վարդապետություն և Ուխտերի 138-րդ բաժնում: Նա կարդում և ուսումնասիրում էր շատ սուրբ գրություններ, փորձելով հասկանալ, թե ինչպես էին Փրկչի Քավության ազդեցությունները հասնելու նրանց, ովքեր մահացել էին, երբեք լսած չլինելով Նրա ուղերձը: Ահա նրա պատմությունը այդ հայտնության մասին. «Մինչ ես խորհում էի այս գրված բաների մասին, իմ հասկացողության աչքերը բացվեցին, և Տիրոջ Հոգին հանգչեց ինձ վրա, և ես տեսա մեռելների բազմությունը՝ և փոքր, և մեծ»:4

Ապաշախարությունը, աղոթքը և սուրբ գրությունների խորհրդածությունը կարևոր դեր են խաղում՝ մեր քահանայության ծառայության մեջ Հոգու պարգևներին աչժանանալու համար: Ծառայելու մեր ուժի հետագա հզորացումը տեղի կունենա, երբ մենք հավատքով արձագանքենք և առաջ գնանք մեր կոչումներում՝ ունենալով մեզ հետ Սուրբ Հոգին որպես օգնական:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը դա բացատրել է այս ձևով. «Ի՞նչ է նշանակում մեծարել [ձեր] կոչումները: Դա նշանակում է մեծացնել ձեր կոչման արժանապատվությունը մեծացնել … և ուժեղացնել այն՝ թողնելով, որ երկնքի լույսը փայլի նրանում՝ այլ մարդկանց տեսանելի լինելու համար: Իսկ ինչպե՞ս է մարդ մեծարում կոչումը: Ուղղակի կատարելով այն ծառայությունը, որը կապված է դրա հետ»:5

Ես կառաջարկեմ երկու ծառայություն, որոնց մենք բոլորս ենք կանչված: Հոգու ազդեցության ներքո դրանք կատարելով, դուք և ուրիշները ձեր ծառայելու ուժը զորացված և մեծարված կտեսնեք:

Առաջինը, որպես Նրա գործակալներ ուրիշներին Նրա մասին ուսուցանելն ու վկայելն է: Տերը ներառեց ամենաերիտասարդներին և ամենաանփորձառուներին Ահարոնյան Քահանայություն կրողներից՝ այդ կոչման մեջ ծառայելու համար: Ահարոնյան Քահանայության քահանաների պարտականությունները նկարագրելուց հետո, նա ասաց.

«Սակայն ոչ ուսուցիչները, ոչ էլ սարկավագները մկրտելու, հաղորդությունը սպասավորելու կամ ձեռնադրելու իշխանություն չունեն,

Այնուամենայնիվ, նրանք պետք է զգուշացնեն, մեկնաբանեն, հորդորեն և ուսուցանեն և բոլորին հրավիրեն գալ Քրիստոսի մոտ»:6

Այս շաբաթ աշխարհի որևէ մասում, գուցե լինի մի սարկավագ, որին իր քվորումի նախագահը կխնդրի ժողովի հրավիրել իրենց քվորումի մի անդամի, որին նրանք երբևէ չեն տեսել: Տասներեքամյա նախագահը հավանաբար չի օգտագործի «զգուշացնել, հորդորել և ուսուցանել» բառերը այն տղայի հետ, որին նա ուղարկում է հրավիրելու: Բայց դա այն է, ինչ Տերը սպասում է սարկավագից, որին հանձնարարվել է գնալ օգնության:

Սարկավագին, որը ստանում է իր քվորումի անդամին այցելելու կոչը, ես երեք խոստում կտամ: Առաջինը, երբ աղոթեք օգնության համար, Հոգին կհանգստացնի ձեր երկյուղները: Երկրորդ, դուք կզարմանաք, տեսնելով, որ գիտեք, թե ինչ պիտի խոսեք, երբ հասնեք նրա տուն և դեպի Եկեղեցի նրա հետ քայլելու ընթացքում: Այն ինչ կխոսեք, կարող է ձեզ անիմաստ թվալ: Բայց դուք կզգաք, որ խոսքերը տրվել էին ձեզ այն պահին, երբ դուք դրանց կարիքն ունեիք: Եվ երրորդ, ինչպիսին էլ որ լինի արդյունքը, դուք կզգաք Տիրոջ հավանությունը, որը կանչեց ձեզ ձեր նախագահի միջոցով:

Ես չեմ կարող ասել, թե ինչ հաջողություն կգա, քանի որ ամեն մարդ ազատ է ընտրելու, թե ինչպես պատասխանի Աստծո ծառային: Բայց սարկավագը, որի հետ դուք կխոսեք Տիրոջ համար, կհիշի, որ դուք եկել եք իր մոտ: Ես գիտեմ մի տղայի, որն այժմ տղամարդ է՝ դեռ Եկեղեցու գործունեությունից հեռու, որը պատմել է իր պապիկին քսան տարի առաջ այդպիսի մի այցելության մասին: Եվ նա նույնիսկ տվեց սարկավագի անունը, որը եկել էր: Պապիկը խնդրեց գտնել և շնորհակալություն հայտնել սարկավագին, որը կանչվել էր հրավիրելու, հորդորելու և ուսուցանելու: Դա ընդամենը մեկ օր էր տղայի կյանքում, բայց պապիկը և Տերը հիշում են խոսքերը, որոնք այդ տղան ոգեշնչվել էր խոսել, և [նաև] նրա անունը:

Ես հորդորում եմ ձեզ բոլորիդ, երիտասարդ ,թե ծեր, ովքեր կանչվել եք խոսելու որևէ ժողովում Տիրոջ անունով, հեռու վանել ինքնակասկածանքի և անհամապատասխանության զգացումները:Մենք չպետք է օգտագործենք պերճախոս ոճ կամ արտահայտենք խորը ներըմբռնում: Վկայության պարզ խոսքերը բավարար են: Հոգին կտա ձեզ խոսքեր խոսելու համար և կտանի դրանք դեպի խոնարհ մարդկանց սրտերը, ովքեր որոնում են Աստծո ճշմարտությունը: Եթե շարունակենք փորձել խոսել Տիրոջ համար, մի օր մենք կզարմանանք, իմանալով, որ մեր սեփական ուժերից վեր մենք նախազգուշացրել ենք, հորդորել, ուսուցանել և հրավիրել ենք Հոգու օգնությունը՝ կյանքեր օրհնելու համար:

Բացի ուսուցանելու կանչվելուց, մենք բոլորս Տիրոջ կողմից կուղարկվենք օգնության հասնելու կարիքավորներին: Դա մեկ այլ քահանայության ծառայություն է, որում մենք կզգանք, թե Հոգու ազդեցությունն ինչպես է մեծացնում մեր ծառայելու ուժը: Դուք կարող եք ինքներդ ձեզ ավելի ընդունակ զգալ մարդկանց դեմքին ցավն ու անհանգստությունը նկատելիս: Ձեր միտքը կգան ձեր քվորումի անդամների անունները կամ մարդկանց դեմքերը, և դուք կզգաք, որ նրանք կարիքի մեջ են:

Եպիսկոպոսներն այդ զգացումն ունենում են գիշերվա ընթացքում և ամեն անգամ, երբ նրանք նստում են ամբիոնում, նայելով իրենց ծխի անդամներին կամ մտածում նրանց մասին, ովքեր այնտեղ չեն: Դա կարող է պատահել նրանց հետ, երբ իրենք գտնվում են հիվանդանոցին կամ բուժսպասարկման կենտրոնին մոտ: Բազմաթիվ անգամ եմ ես լսել այս խոսքերը, երբ հիվանդանոցի դռնից ներս եմ մտել. «Օհ, ես գիտեի որ դուք կգաք»:

Մենք չպետք է անհանգստանանք այն մասին, որ իմանանք, թե ինչն է ճիշտ ասել կամ անել, երբ այնտեղ հասնենք: Աստծո սերը և Սուրբ Հոգին կարող են բավարար լինել: Երբ երիտասարդ էի, ես վախենում էի, որ չիմանամ ինչ անել կամ ասել մեծ կարիքի պահին՝ մարդկանց օգնելու համար:

Մի անգամ ես հիվանդանոցում էի նստած հայրիկիս մահճակալի կողքին, երբ նա թվում է մոտ էր մահվան: Ես լսեցի միջանցքում իրարանցում բուժքույրերի մեջ: Հանկարծ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը սենյակ ներս մտավ և նստեց աթոռին իմ դիմաց՝ մահճակալի հակառակ կողմից: Ես մտքում մտածեցի. «Այժմ ես հնարավորություն կունենամ տեսնելու և լսելու իր գործի մի վարպետի, երբ նա այցելության է գնում ցավի և տառապանքի մեջ գտնվողներին»:

Նախագահ Քիմբալն ասաց ողջյունի մի քանի խոսք, հարցրեց հայրիկիս, թե քահանայության օրհնություն ստացել էր, թե ոչ, և հետո, երբ հայրիկս ասաց, որ ստացել էր, մարգարեն ետ նստեց իր աթոռին:

Ես սպասում էի հմուտ մխիթարության դրսևորման, որն ինձ մատո բացակայում էր և որի կարիքը ես այդ պահին շատ էի զգում: Մոտ հինգ կամ տասը րոպե երկուսով միմյանց լուռ ժպտալուց հետո, Նախագահ Քիմբալը վեր կացավ և ասաց. «Հենրի, կարծում եմ ավելի լավ է գնամ, նախքան քեզ հոգնեցնելը»:

Ես կարծեցի, թե բաց թողեցի դասը, բայց այն եկավ հետո: Հայրիկիս հետ մի խաղաղ զրույցի ժամանակ, երբ արդեն բավականաչափ ապաքինվել էր տուն գնալու համար, խոսք եղավ Նախագահ Քիմբալի այցելության մասին: Հայրս ասաց մեղմորեն. «Ինձ արված բոլոր այցելություններից ամենաշատը նրա այցելությունից հոգիս բարձարցավ»:

Նախագահ Քիմբալը կարիք չուներ խոսելու սփոփանքի շատ խոսքեր, այնպես որ ես կարողանայի լսել: Նա եկել էր Տիրոջ Հոգու հետ սփոփանք տալու համար: Այժմ ես հասկանում եմ, որ նա ցույց էր տալիս դասը, որ Նախագահ Մոնսոնը սովորեցրեց. «Ինչպե՞ս է մարդ մեծարում կոչումը: Ուղղակի կատարելով ծառայությունը, որը կապված է դրա հետ»:

Սա ճիշտ է, լինի դա Հոգու միջոցով ավետարանը ուսուցանելու կանչված լինելիս, թե Սուրբ Հոգու հետ նրանց մոտ գնալիս, ովքեր թուլացած ծնկներով և կախ ընկած ձեռքերով են:7 Մեր քահանայության ծառայությունը կզորացվի, մարդիկ կօրհնվեն, և երկնքի լույսը կլինի այնտեղ: Երկնքի լույսը կլինի այնտեղ մեզ համար նույնպես, ինչպես որ նրանց համար է, ում մենք ծառայում ենք: Մենք գուցե հոգնած լինենք: Մեր իսկ և մեր ընտանիքի դժվարությունները կարող են մեծ երևալ: Բայց կա քաջալերման օրհնություն նրանց համար, ովքեր ծառայում են Հոգու ազդեցության ներքո:

Նախագահ Ջորջ Ք. Քենոնը իրեն հասնող արդար բաժնից ավելի շատ վիշտ, հակառակություն և փորձություններ կրեց քահանայության իր ծառայության տարիներին: Նա նաև Սուրբ Հոգին որպես իր ընկերակից ունենալու փորձառությունն ուներ դժվարին ժամանակներում և ծանր ծառայության ընթացքում: Սա նրա հավաստիացումն է մեզ՝ մեր քահանյության ծառայության մեջ Եկեղեցում և մեր ընտանիքներում: Ինձ համար խոստումը ճշմարիտ է եղել, երբ ես զգացել եմ Հոգին քահանայության իմ ծառայության ժամանակ: «Երբ խավարը լցվում է մեր միտքը, մենք կարող ենք իմանալ, որ մենք համակված չենք Աստծո Հոգով: … Երբ մենք լցված ենք Աստծո Հոգով, մենք լցված ենք ուրախութամբ, խաղաղությամբ և երջանկությամբ, անկախ նրանից թե ինչպիսին կարող են լինել մեր հանգամանքները, քանի որ դա զվարթության և երջանկության հոգի է: Տերը տվել է մեզ Սուրբ Հոգու պարգևը: Մեր արտոնությունն է ունենալ Սուրբ Հոգին , որ այն իշխի մեր ներսում, այնպես որ առավոտից մինչև գիշեր և գիշերից մինչև առավոտ մենք ունենանք ուրախություն, լույս և հայտնություն»:8

Մենք կարող ենք սպասել, որ երջանկության և ուրախության այդ օրհնությունը գա, երբ մենք դրա կարիքն ունենանք քահանայության մեր հավատարիմ ծառայության դժվարին ժամանակներում:

Ես վկայում եմ, որ մենք կանչված ենք Աստծո կողմից մարգարեության միջոցով: Սա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Աստված ապրում է և լսում է մեր յուրաքանչյուր աղոթքը: Հիսուսը հարություն առած Քրիստոսն է և մեր Փրկիչը: Դուք կարող եք իմանալ, որ այս բաները ճշմարիտ են Սուրբ Հոգու զորությամբ, որը կգա ձեզ մոտ ձեր ծառայության ժամանակ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: