2010
«Իմ արքայության դուստրերը». Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը
նախորդ հաջորդ

«Իմ արքայության դուստրերը». Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը

Սփոփող Միության պատմության ուսումնասիրությունը տալիս է որպես մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներ և հետևորդներ մեր ով լինելու սահմանումը և արտահայտումը:

Julie B. Beck

Այս ժողովը պարգև է Երկնային Հոր բոլոր դուստրերի համար, ովքեր ցանկություն ունեն իմանալ Նրա միտքը և կամքը, և հասկանալ Նրա ծրագրում իրենց պարտականությունները: Անցած տարի ես այցելեցի ձեզանից շատերին և սիրտս հուզվում էր, երբ նայում էի ձեր աչքերին, գրկում էի ձեզ, ծիծաղում և լալիս էի ձեզ հետ, լսում էի ձեր վշտերի, ուրախությունների և հաղթանակների մասին: Յուրաքանչյուրդ աննկարագրելի արժեք ունեք և ճանաչված եք մեր Երկնային Հոր կողմից: Որպես Աստծո դուստրեր դուք պատրաստվում եք հավերժական նպատակի համար և յուրաքանչյուրդ ունեք կանացի ինքնություն, էություն և պատասխանատվություն: Ընտանիքների, համայնքների, այս Եկեղեցու և փրկության անգին ծրագրի հաջողությունը կախված է ձեր հավատարմությունից: Օհ, սիրելի քույրեր: Որքան ենք մենք ձեզ սիրում և աղոթում ձեր համար:

Մենք բոլորս մահկանացու անձնական մեր փորձառության մեջտեղում ենք գտնվում: Երկու քույրեր, որոնց ես վերջերս հանդիպեցի, ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հավատով ապրել տարբեր իրավիճակներում: Քույրերից մեկն ապրում է կենտրոնական Բրազիլիայում, սքանչելի մի տան մեջ: Նրա գեղեցիկ կարմիր աղյուսներով կառուցված տունը, կարմիր հողով ծածկված բակով և շրջապատված կարմիր քարե պատով, դրախտ է և ապաստարան արտաքին աշխարհից: Նրա պայծառ աչքերով երեխաները կարողանում են երգել Երեխաների Միության երգերը, իսկ տան պատերին կախված են Փրկչի, տաճարների և Աստծո մարգարեների նկարները՝ կտրատված Լիահոնա ամսագրից: Նա և նրա ամուսինը անձնական զոհաբերությունների շնորհիվ կնքվել են տաճարում, որպեսզի երեխաները ծնվեին ուխտի մեջ: Նա ինձ ասաց, որ շարունակ աղոթում է Տիրոջը, որ Նա բավական ուժ և ոգեշնչում տա իրեն՝ իր երեխաներին ավետարանի լույսի, ճշմարտության և զորության մեջ մեծացնելու համար:

Մեկ այլ քույր ապրում է Հոնգ Կոնգում, մի փոքրիկ բնակարանում, շենքի 80-րդ հարկում: Նա ֆիզիկական որոշ դժվարություններ ունի, սակայն չի վհատվում և անկախ է մնում: Նա իր ընտանիքում Եկեղեցու միակ անդամն է: Փոքրիկ գրադարակի վրա տեղավորվում են նրա սուրբ գրքերը, Սփոփող Միության դասագրքերը և Եկեղեցու այլ գրքերը: Նա իր տանը ստեղծել է Հոգով լցված դրախտավայր և լույս է հանդիսանում իր ճյուղում բոլորի համար:

Նախազգուշացումներ

Մենք գիտենք, որ շատ քույրեր ապրում են ճնշող կամ վտանգավոր պայմաններում: Ոմանք մշտապես սոված են, մյուսները պետք է հավաքեն իրենց ողջ քաջությունը, որ օրեցօր շարունակեն հավատով ապրել, չնայած հիասթափություններին և ուրիշների կողմից դավաճանված լինելուն: Քանի որ մենք ապրում ենք երկրագնդի վերջին օրերում, ամենուր երևում են պայքարի նշաններ: Ամենուր տարածված են Վերջին օրերի Սրբերի Եկեղեցու կանանց զորության, նպատակի և դիրքի մասին առասպելները և աղավաղված պատկերցումը: Առավել տարածված կարծիքն այն է, որ մենք ավելի քիչ կարևոր ենք, քան տղամարդիկ, որ մենք սովորաբար լավն ենք, բայց ավելի քիչ ենք տեղեկացված, և որ անկախ նրանից, թե ինչ ենք անում, երբեք բավարար չենք անի մեր Երկնային Հոր կողմից ընդունվելու համար: Ինչպես ասել է Պետրոս Առաքյալը, կան «սուտ մարգարեներ ձեր մեջ, որ ներս կմտցնեն կորստական հերձուածողություններ. ուրանալով այն Տիոջը, որ իրանց գնեց»:1

Մորմոնի Գիրքը նկարագրում է այն, ինչ տեղի է ունենում.

«Քանզի, ահա, այն օրը [Սատանան] կմոլեգնի մարդկանց զավակների սրտերում և կդրդի նրանց բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է:

Իսկ մյուսներին կխաղաղեցնի և կհանդարտեցնի՝ տանելով դեպի մարմնական ապահովություն, այնպես որ նրանք կասեն. Ամեն ինչ լավ է Սիոնում. այո, Սիոնը բարգավաճում է, ամեն ինչ լավ է, և այդպես դևը խաբում է նրանց հոգիները և զգուշորեն հեռացնում նրանց՝ իջեցնելով դժոխք:

Եվ ահա, մյուսներին նա շողոքորդում է, հեռու տանելով, և ասում է նրանց, որ դժոխք չկա, և ասում է նրանց. Ես դև չեմ, քանզի այդպիսին չկա. և այսպես նա շշնջում է նրանց ականջին, միչև հափշտակում է նրանց իր սարսափելի շղթաներով, որտեղից չկա ազատում»:2

Արտոնության, արդարացում գտնելու, անտարբերության և գայթակղության աճող միջավայրում Աստծո դուստրերը, եթե զգոն չեն, չեն աղոթում և ոգեշնչվում, մշտապես վտանգվում են դառնալու սուրբ գրություններում նկարագրվող «հիմար կանայք»3, որոնք երկրպագում են «տարբեր տարօրինակ աստվածների»:4 Դժբախտաբար, կյանքի դժվարությունների և աշխարհում տարածված կեղծ պատկերացումների հետևանքով, շատերը հավատում են ավելի շուտ առասպելների, քան ճշմարտությանը: Աստծո ծրագրի հետ այս անհամաձայնությունը դրսևորվում է նրանով, որ շատ քույրեր չեն անում այն հիմնարար բաները, օրինակ աղոթելը և սուրբ գրություններ կարդալը: Տերն Ինքն է ասել, որ «սա զգուշացման օր է, և ոչ թե շատ խոսքերի օր»:5

Սփոփող Միությունը հիմնվել է պաշտպանություն և ապաստարան լինելու համար

Այս խառը ժամանակ Իր դուստրերին հսկելու, ուսուցանելու և ոգեշնչելու համար Աստված լիազորեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին կազմակերպել Եկեղեցու կանանց: Այս աստվածատուր և քահանայութամբ առաջնորդվող կազմակերպությունը կոչվեց Սփոփող Միություն:

Սփոփող Միության նպատակն է պատրաստել Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնություններին, մեծացնելով նրանց հավատը և անձնական արդարակեցությունը, ամրացնելով ընտանիքները և տները և գտնելով ու օգնելով կարիքի մեջ գտնվողներին:

Սփոփող Միությունը հստակեցնում է մեր աշխատանքը և միավորում մեզ՝ Աստծո դուստրերին՝ Նրա ծրագիրը պաշտպանելիս: Սխալ նույնականացման, շփոթության և ապակողմնորոշման այս օրերին, Սփոփող Միությունը կողմնացույց և առաջնորդություն պետք է հանդիսանա հավատարիմ կանանց ճշմարտությունը ուսուցանելու համար: Այսօր արդար կանայք հայտնության աղբյուր են փնտրում՝ խառնաշփոթին դիմակայելու, չարի և հոգևոր ոչնչացման դեմ պայքարելու և անձնական աղետներից բարձր կանգնելու համար, իրենց հավատը խորացնելով, իրենց ընտանիքները ամրացնելով և ուրիշներին օգնելով:

Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը

Մեր Նախագահությունը աղոթել է, ծոմ ենք պահել, խորհել ենք, խորհրդակցել ենք մարգարեների, տեսանողների և հայտնողների հետ՝ իմանալու համար այն, թե ինչպես է Աստված ուզում, որ մենք օգնենք Նրա դուստրերին՝ լինելու ամուր «այն աղետի» դիմաց, «որը պիտի գա երկրի բնակիչների վրա»:6 Պատասխանն այն էր, որ Եկեղեցու քույրերը պետք է իմանան և սովորեն Սփոփող Միության պատմությունը: Սփոփող Միության պատմությունը հասկանալը ամրացնում է հավատարիմ կանանց ինքնության և արժեքի հիմքը:

Որպես արդյունք, ավարտվում է Եկեղեցու Սփոփող Միության պատմության մշակումը և այն մատչելի կլինի մեզ հաջորդ տարի: Այդ ակնկալիքով, Սփոփող Միության պատմությունը ավելի մեծ ուշադրության կարժանանա Լիահոնա ամսագրի այցելող ուսուցիչների էջում: Պատմության պատրաստումը ոգեշնչված և հայտնությամբ ստացված փորձառություն է:

Ուսումնասիրելով Սփոփող Միության պատմությունը, մենք սովորում ենք, որ Սփոփող Միության վերաբերյալ Տիրոջ տեսիլքը և նպատակը կիրակի օրը ձանձրալի ժողով անցկացնելը չէ: Նրա մտադրությունը շատ ավելի լուրջ էր, քան կանանց ակումբ կամ հատուկ հետաքրքրությունների զվարճության խումբ ստեղծելը:

Նրա նպատակն էր, որ Սփոփող Միությունը օգներ զարգացնել Իր ժողովրդին և պատրաստել նրանց տաճարի օրհնություններին: Նա հիմնեց այս կազմակերպությունը՝ Իր դուստրերին Իր աշխատանքին համապատասխան դարձնելու համար և ներգրավվելու նրանց Իր արքայությունը կառուցելու և Սիոնի տները ամրացնելու գործում:

Պատմությունը մեզ սովորեցնում է, թե ով ենք մենք

Մենք ուսումնասիրում ենք մեր պատմությունը, որ ապրենք ըստ նրա, թե ով ենք: Աշխարհում լավ կանայք մեծ փափագ ունեն իմանալու իրենց ինքնությունը, արժեքը և կարևորությունը: Սփոփող Միության պատմության ուսումնասիրությունը և կիրառումը տալիս է որպես մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներ և հետևորդներ մեր ով լինելու սահմանումը և արտահայտումը: Մեր հավատարմությունը և ծառայությունը մեր դարձի և Նրան հիշելու և հետևելու պարտավորվածության նշաններն են: 1830թ. հուլիսին, Իր Եկեղեցու Վերականգնման սկզբին, Տերը ընտրեց այս տնտեսության Իր առաջին կին ղեկավարին և հայտնությամբ ասաց նրան. «Ես խոսում եմ քեզ հետ, Էմմա Սմիթ, իմ դուստր. քանզի ճշմարիտ ասում եմ քեզ, որ բոլոր նրանք, ովքեր ընդունում են իմ ավետարանը, որդիներ և դուստրեր են իմ արքայությունում»:7

Սփոփող Միության պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեր Երկնային Հայրը ճանաչում է Իր դուստրերին: Նա սիրում է նրանց, Նա հատուկ պարտականություններ է տվել նրանց, և Նա խոսել է նրանց հետ և առաջնորդել մահկանացու առաքելությունների ընթացքում: Բացի դա, Սփոփող Միության պատմությունը բարձրացնում և արժեքավորում է կանանց դիրքը և ցույց է տալիս, թե ինչպես են նրանք աշխատում հավատարիմ քահանայության ղեկավարների հետ համագործակցելով:

Պատմությունը մեզ սովորեցնում է, թե ինչ մենք պետք է անենք

Մենք ուսումնասիրում ենք մեր պատմությունը, որ ապրենք ըստ նրա, թե ով ենք: Մեր պատմության ընթացքում մենք սովորում ենք, թե ինչ մենք պետք է անենք՝ պատրաստվելու համար հավերժական կյանքի օրհնություններին: Սփոփող Միությունը որպես կազմակերպություն միշտ պարտավորություն է ունեցել կազմակերպելու կանանց եռանդը Սիոնի ծխերում և ճյուղերում: Սփոփող Միության ժողովների, այցելող ուսուցիչների ծառայության և նրանց միասնական աշխատանքի միջոցով Աստծո դուստրերը ուսուցանվում են, հսկվում են և ոգեշնչվում Տիրոջ աշխատանքի և արքայության հետ կապված իրենց պարտականություններում: Ծխի և ճյուղի Սփոփող Միության նախագահները կարգվում են այս աշխատանքը ղեկավարելու համար:

Մեկ տարի առաջ, այս ժողովին հայտարարվեց Սփոփող Միության ժողովների վերաբերյալ քաղաքականությունը: Մենք ուրախությամբ զեկուցում ենք, որ աշխարհով մեկ ծխերի և ճյուղերի մեծ մասում Սփոփող Միության նախագահությունները և քույրերը ըմբռնեցին այդ քաղաքականությունը և դրա ոգին: Ուրախալի էր տեսնել Սփոփող Միության պատմական նպատակի և աշխատանքի վերակառուցումը: Մենք տեսանք նաև, ինչպես աճեցին Սփոփող Միության արժանապատվությունը, ինքնությունը և համապատասխանությունը, քանի որ քույրերի բոլոր հավաքները այժմ պարզապես անվանվում և հայտարարվում են որպես Սփոփող Միության ժողովներ, ինչպես որ դրանք կան: Մենք տեսնում ենք հավատի և անձնական արդարակեցության աճ, ընտանիքների և տների ամրապնդում և ավելի շատ օգնություն, որ առաջարկվում է Սփոփող Միության քույրերի կողմից Սփոփող Միության ժողովների ճիշտ օգտագործման միջոցով: Սփոփող Միության ժողովների, այցելող ուսուցման և Սփոփող Միության մնացած աշխատանքի վերաբերյալ քաղաքականությունը հիմնվում է Սփոփող Միության պատմության վրա և հաստատված է Առաջին Նախագահության կողմից

Փրկության աշխատանքին մասնակցելը միշտ եղել է Սփոփող Միության պարտականությունը: Վերականգնված Եկեղեցու սկզբից քույրերը եղել են առաջինը, վերջինը և միշտ արձագանքել են առօրյա կյանքի իրադարձություններին: Սփոփող Միությունից նրանք անցնում են ծառայելու Երեխաների Խմբում, Երիտասարդ Կանանց Միությունում, Կիրակնօրյա Դպրոցում և այլ ջանքեր գործադրում, լինելով լույսի և առաքինության փարոս աճող սերնդի համար: Անձնական ծառայությունը զարգացնում է յուրաքանչյուր քրոջ, իսկ միլիոնավոր հավատարիմ կանանց միասնական ծառայությունը Տիրոջ գործի հանդեպ հավատի ահռելի ուժ է հանդիսանում: Պատմությունը ցույց է տալիս, որ Վերականգնման սկզբից քույրերը եղել են ավետարանը քարոզելու առաջին շարքերում և նրանք շարունակում են այդ ջանքը, ծառայելով միսիաներում, պատրաստելով երիտասարդ տղամարդկանց ու կանանց ծառայել միսիաներում, և հրավիրելով իրենց ընկերներին, հարևաններին և ընտանիքի անդամներին կիսվել ավետարանի օրհնություններով: Պատմությունից մենք նաև սովորում ենք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Սփոփող Միության ժողովների միջոցով ուսուցանել է քույրերին տաճարին նախապատրաստվելիս: Այսօր, ընտանեկան պատմությունը և տաճարային աշխատանքը շարունակում են լինել Սփոփող Միության հիմնական պարտականությունները:

Մեր պատմական նպատակը հասկանալը օգնում է կանանց սովորել առաջնահերթություններ սահմանել, որպեսզի փող չծախսեն «այն բանի համար, ինչն արժեք չունի, ոչ էլ … աշխատանքն այն բանի համար, որ չի կարող բավարարել»:8 Սփոփող Միությունը միշտ պարտականություն է կրել, ինչպես սովորեցրել է Պողոս Առաքյալը, ուսուցանելու երիտասարդ կանանց լինել խոհեմ, մաքուր և անարատ, իսկ ամուսնացածներին ուսուցանելու լինել իրենց մարդկանց հնազանդ, սիրել իրենց զավակներին և ամրացնել իրենց տները:9 Սփոփող Միության պատմությունը մեզ սովորեցնում է մտահոգվել կարևոր բաների շուրջ, որոնք կփրկեն և կսրբացնեն մեզ, և որոնք անհրաժեշտ են, որ մենք անձնապես ինքնապահովող և օգտակար լինենք Տիրոջ արքայությունում:

Մեր պատմության ընթացքում մշտական թեմա է հանդիսացել այն, որ Սուրբ Հոգու զորությունն օգտագործող քույրերը միշտ գործեն Տիրոջ ոգեշնչմամբ իրենց կյանքում և հայտնություններ ստանան իրենց պարտականությունների վերաբերյալ:

Պատմությունը միավորում է հավատարիմ կանանց

Մենք ուսումնասիրում ենք մեր պատմությունը, որովհետև այն միավորում է հավատարիմ կանանց: Սփոփող Միության պատմությունը Հոգով լցված պատմություն է ամուր, հավատարիմ, նպատակասլաց կանանց մասին: Որպես Տիրոջ վերականգնված Եկեղեցու մաս, Սփոփող Միությունը այսօր ներկա է մոտ 170 երկրներում: Ամենուր աշխարհում Տիրոջ Եկեղեցում չափահաս կանայք կարող են լուրջ և կարևոր պարտականություններ ստանալ:

Եկեղեցու երիտասարդ աղջիկները և կանայք սովորում են նպատակներ դնել Հավատք Աստծո հանդեպ և Անձնական Զարգացման ծրագրերի միջոցով, որոնք կենտրոնացած են տաճարի և նրանց ապագա պարտականությունների շուրջ: Սփոփող Միությունում նրանք շարունակում են առաջանալ դեպի տաճարի օրհնությունները և հավերժական կյանքը, մեծացնելով իրենց հավատը և անձնական արդարակեցությունը, ամրացնելով իրենց ընտանիքները և տները, և գտնելով ու օգնելով նրանց, ովքեր կարիքի մեջ են: Հավատարիմ կանայք սովորում են դա անել առանց ավելորդ գովասանքի կամ ճանաչման: Սփոփող Միությունը հիմնվում է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքի վրա այն մասին, որ երբ մենք մեր զոհաբերությունը գաղտնի ենք կատարում, մեր Երկնային Հայրը, որ տեսնում է ծածկապես, կհատուցի հայտնապես:10

Սփոփող Միության պատմության և աշխատանքի միջոցով մենք միացած ենք քույրերին ողջ աշխարհում՝ երիտասարդ և ծեր, հարուստ և աղքատ, կրթված և չկրթված, միայնակ և ամուսնացած, ամուր և անսասան Աստծո դուստրերի հետ:

Պատմության իմացությունը կարող է օգնել մեզ փոխվել

Մենք ուսումնասիրում ենք մեր պատմությունը, որովհետև այն օգնում է մեզ փոխվել: Ի վերջո, պատմության արժեքը ոչ թե տարեթվերի, ժամանակների կամ վայրերի մեջ է: Այն արժեքավոր է, քանի որ սովորեցնում է մեզ այն սկզբունքները, նպատակները և ուղիները. Որոնց մենք պետք է հետևենք, և օգնում է մեզ իմանալ, թե ով ենք մենք և ինչ պետք է անենք, նաև միավորում է մեզ երկրի վրա Սիոնի տները ամրացնելու և Աստծո արքայությունը կառուցելու գործում: Սփոփող Միությունը, երբ գործում է ոգեշնչման եղանակով, կարող է փոխարինել վախը, կասկածը և եսասիրությունը հավատով, հույսով և գթությամբ: Մինչ մենք առաջ ենք տանում Տիրոջ աշխատանքը, Սփոփող Միության պատմությունը կշարունակվի գրվել աշխարհի հավատարիմ քույրերի կողմից: Տերը ամրացնում է Սփոփող Միությունը ներկա կյանքում և Իր դուստրերին փառավոր ապագային պատրաստելիս:

Ես բերում եմ իմ վկայությունը մեր Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի իրականության մասին: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանը, մեր ինքնության և նպատակի բարի լուրը, վերականգնվեց երկրի վրա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: