2010
Հավատք՝ ընտրությունը ձերն է
Նոյեմբեր 2010


Հավատք՝ ընտրությունը ձերն է

Ընտրեք հավատքը կասկածի փոխարեն, ընտրեք հավատքը վախի փոխարեն, ընտրեք հավատքը անհայտի և անտեսանելիի փոխարեն, և ընտրեք հավատքը հոռետեսության փոխարեն:

Նկար
Bishop Richard C. Edgley

Մենք ապրում ենք բոլոր ժամանակների մեծագույն տնտեսությունում՝ մի ժամանակահատվածում, որին նախկին մարգարեները անհամբերությամբ էին սպասում, որի մասին մարգարեանում էին և, կարծում եմ, որի համար փափագում էին: Ինչևէ, մեզ շնորհված բոլոր երկնային օրհնությունների հետ միասին, սատանան, որն իրական է, շատ ավելի ակտիվ է, և մենք բոլորս մշտապես ռմբակոծվում ենք հակասական ուղերձներով: Մորոնի հրեշտակը զգուշացրեց երիտասարդ Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ նրա անունը՝ բարի և չար հայտնի կլինի ողջ աշխարհում (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.33), և երբեք մարգարեության կատարումը ավելի ակնհայտ չի եղել: Մարգարեն իր կյանքը տվեց իր վկայության համար, և այսօր շարունակվում են հարձակումները Եկեղեցու և հենց Իր՝ Փրկչի դեմ: Փրկչի, Նրա քավող զոհաբերության իրականությունը և դրա համընդհանուր կիրառումը բոլորիս համար առարկելի է դարձել և հաճախ անտեսվում է որպես թույլ և անուսում մտքի առասպել կամ անհիմն հույս: Ավելին, այս վերջին օրերին ավետարանի Վերականգնման իրականությունը շարունակ առարկության է հանդիպում: Նման ուղերձների շարունակ ռմբակոծումը կարող է շփոթվածության, կասկածի և հոռետեսության պատճառ դառնալ, յուրաքանչյուրը հարձակում գործելով մեր ընդունած գլխավոր ճշմարտությունների, առ Աստված մեր հավատքի և ապագայի հանդեպ մեր հույսի վրա:

Հնարավոր է, սա է մեր աշխարհի իրականությունը, սակայն մենք կարող ենք դեռևս ընտրել, թե ինչպես ենք վերաբերվում դրան: Երբ հարցականի տակ են դրվում մեր սուրբ վարդապետությունն ու հավատամքը, մենք հնարավորություն ունենք Աստծո հետ ծանոթանալ ամենաանձնական և մտերմիկ ձևով: Սա է մեր ընտրելու հնարավորությունը:

Այսօրվա աշխարհում մեր դեմ ծառացած հակասությունների և մարտահրավերների պատճառով ես ցանկանում եմ առաջարկել մեկ ընտրություն՝ խաղաղության և պաշտպանվածության ընտրություն, և ընտրություն, որն առանձնահատուկ է բոլորի համար: Այդ ընտրությունը հավատքն է: Իմացեք, որ հավատքն անվճար նվեր չէ՝ առանց մտքի, ցանկության կամ ջանքի: Այն չի գալիս, ինչպես շաղն է իջնում երկնքից: Փրկիչն ասել է. «Ինձ մոտ եկեք» (Մատթեոս 11.28) և «Թակեք և կբացվի ձեզ» (Մատթեոս 7.7): Դրանք գործողություն ներկայացնող բայեր են՝ եկեք, թակեք: Դրանք ընտրություններ են: Այսպիսով, ես ասում եմ՝ ընտրեք հավատքը: Ընտրեք հավատքը կասկածի փոխարեն, ընտրեք հավատքը վախի փոխարեն, ընտրեք հավատքը անհայտի և անտեսանելիի փոխարեն, և ընտրեք հավատքը հոռետեսության փոխարեն:

Մորմոնի Գրքում Ալմայի 32-րդ գլխում արձանագրված հավատքի վերաբերյալ դասական քարոզը ընտրությունների շարք է՝ մեր հավատքի զարգացման և պահպանման մեջ հավաստիանալու համար: Ալման մեզ ընտրելու հրահանգ է տվել: Նրա խոսքերը ընտրությամբ պայմանավորված գործողություն են պարունակում: Նա օգտագործել է արթնանալ, զարթնել, փորձարկում, գործադրել, ցանկանալ, գործել և ցանել: Այնուհետև Ալման բացատրել է, որ եթե մենք կատարենք այդ ընտրությունները և սերմը դուրս չգցենք մեր անհավատությամբ, ահա «այն կսկսի ուռչել [մեր] կրծքում» (Ալմա 32.28):

Այո, հավատքը ընտրություն է, և այն պետք է փնտրել և զարգացնել: Ուստի, մենք պատասխանատու ենք մեր անձնական հավատքի համար: Մենք պատասխանատու ենք մեր հավատքի պակասի համար: Ընտրությունը՝ ձերն է:

Կա շատ բան, որ ես չգիտեմ: Ես չգիտեմ մատերիայի կառուցվածքի մանրամասները, որից կազմված է այս գեղեցիկ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Ես չեմ հասկանում Քավության բարդությունը, թե ինչպես է Փրկչի զոհաբերությունը մաքրագործում բոլոր ապաշխարող մարդկանց, կամ ինչպես Փրկիչը կարող էր կրել «բոլոր մարդկանց ցավը» (ՎևՈւ 18.11): Ես չգիտեմ, թե որտեղ է գտնվել Զարահեմլան, ըստ Մորմոնի Գրքի նկարագրության: Ես չգիտեմ, թե ինչու են իմ համոզմունքները երբեմն հակասում ընդունված գիտական կամ աշխարհիկ գիտելիքին: Միգուցե դրանք բաներ են, որ մեր Երկնային Հայրը նկարագրել է որպես «երկնքի գաղտնիքներ» (ՎևՈւ 107.19), որոնք ավելի ուշ կհայտնվեն:

Թեպետ ամեն ինչ չի, որ ես գիտեմ, ես գիտեմ կարևորը: Ես գիտեմ ավետարանի պարզ և հասարակ ճշմարտությունները, որ տանում են դեպի փրկություն և վեհացում: Ես գիտեմ, որ Փրկիչը կրեց բոլոր մարդկանց ցավը և բոլոր նրանք, ովքեր կապաշխարեն, կմաքրվեն մեղքից: Իսկ այն, ինչ չգիտեմ կամ ամբողջությամբ չեմ հասկանում, լրացնում եմ իմ հավատքի զորավոր օգնությամբ և առաջ եմ գնում, ճաշակելով ավետարանի խոստումները և օրհնությունները: Եվ ապա, ինչպես Ալման է ուսուցանում, մեր հավատքը մեզ հանգեցնում է կատարյալ գիտելիքի (տես Ալմա 32.34): Միայն հույսով և ցանկությամբ զինված դեպի անհայտը առաջ գնալով մենք դրսևորում ենք մեր հավատքի և Տիրոջը մեր նվիրվածության ապացույցը:

Ուրեմն, հետևելով Ալմայի բանաձևին, եկեք ընտրենք: Եկեք ընտրենք հավատքը:

  • Եթե ձեր մտքում գերակշռում են շփոթվածությունն ու հուսահատությունը, ընտրեք արթնացնել և վեր հանել ձեր ընդունակությունները (Ալմա 32.27): Կոտրված սրտով և փշրված հոգով խոնարհ Տիրոջը մոտենալը տանում է ճշմարտության և Տիրոջ լույսի, գիտելիքի ու խաղաղության ճանապարհով:

  • Եթե ձեր վկայությունը հասունացած, փորձված և հաստատուն չէ, ընտրեք «գործադրել հավատքի մի մասնիկ», ընտրեք «փորձարկել Նրա խոսքը» (Ալմա 32.27): Փրկիչը բացատրել է. «Եթե մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստուածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես Է.17):

  • Եթե տրամաբանությունը, դատողությունը կամ անձնական բանականությունը հակասում են սուրբ ուսմունքներին և վարդապետությանը, կամ հակասական ուղերձները հարձակում են գործում ձեր համոզմունքների վրա կրակոտ նետերի պես, ինչպես Պողոս Առաքյալն է նկարագրել (տես Եփեսացիս 6.16), ընտրեք սերմը ձեր սրտից անհավատությամբ դուրս չգցելը: Հիշեք, մինչև որ մեր հավատքը չի փորձվում, մենք վկայություն չենք ստանում (տես Եթեր 12.6):

  • Եթե ձեր հավատքը ստուգված և հասուն է, ընտրեք մեծ հոգածությամբ սնուցել այն (Ալմա 32.37): Թեպետ մեր հավատքը ամուր է, բոլոր խառը ուղերձների հարձակման հետ միասին, այն կարող է նաև փխրուն դառնալ: Այն մշտական սնուցման կարիք ունի սուրբ գրությունների շարունակ ուսումնասիրությամբ, աղոթքով և Նրա խոսքը կիրառելով:

Երբ աշակերտները տեսան, թե ինչպես է Փրկիչը դևին դուրս հանում, նրանք հարցրեցին Նրան, թե ինչու իրենք չկարողացան դևին դուրս հանել: Հիսուսը պատասխանեց. «Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք՝ փոխադրվիր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի» (Մատթեոս 17.20): Ես երբեք իրական սարի փոխադրվելու ականատեսը չեմ եղել: Սակայն հավատքի շնորհիվ ես տեսել եմ, ինչպես է կասկածի և հուսալքության սարը փոխադրվել և փոխարինվել հույսով և լավատեսությամբ: Հավատքի շնորհիվ ես անձնապես ականտես եմ եղել, թե ինչպես է մեղքի սարը տեղափոխվում, փոխարինվելով ապաշխարությամբ և ներմամբ: Եվ հավատքի շնորհիվ ես անձնապես ականատես եմ եղել ցավի սարի տեղափոխվելուն, որի տեղը գրավել են խաղաղությունը, հույսն ու երախտագիտությունը: Այո, ես տեսել եմ ինչպես են սարեր տեղափոխվել:

  • Իմ հավատքի շնորհիվ ես ակտիվացրել եմ քահանայության իշխանությունը, որն ես կրում եմ, եղել եմ ավետարանի քաղցրության ճաշակողը և ընդունել եմ փրկող արարողությունները:

  • Իմ հավատքի շնորհիվ ես խաղաղ և վստահ եմ անցնում կյանքի մաքառումների և դժվարությունների միջով:

  • Իմ հավատքի շնորհիվ ես կարողացել եմ հարցերն ու անգամ կասկածները վերածել հավաստիացումների և հասկացողության:

  • Իմ հավատքի շնորհիվ անհայտ, անտեսանելի և անբացատրելի բաներին ես մոտենում եմ անտարակույս վստահությամբ:

  • Եվ իմ հավատքի շնորհիվ, անգամ արտաքուստ թվացող վատ ժամանակներում, ես խաղաղությամբ և երախտագիտությամբ գիտակցում եմ, որ իրականում դրանք լավագույն ժամանակներն են:

Եվ երբ մենք ընտրում ենք հավատքը, և ապա զարգացնում այդ հավատքը հասցնելով Տիրոջ բաների մասին կատարյալ գիտելիքի, ապա օգտագործում ենք «ես վկայում եմ» կամ «ես գիտեմ» խոսքերը: Ես ինքս եմ սերմը դրել իմ սրտում և իմ կյանքի ընթացքում փորձել եմ աճեցնել այդ սերմը հասցնելով այն «կատարյալ գիտելիքի»: Եվ այսօր, այս ամբիոնի մոտ կանգնած, ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, աշխարհի Քավիչը: Բացի այդ, ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր և Տիրոջ կենդանի գործիքը, որն օգտագործվեց երկրին վերադարձնելու Հիսուս Քրիստոսի ամբողջական և ճշմարիտ ավետարանը: Ես վկայում եմ, որ Թոմաս Ս. Մոնսոնը այսօր Տիրոջ մարգարեն է: Նմանապես, հավատքի ընտրությունը ձերն է, իմն է: Ընտրեք հավատքը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: