2010
Երախտագիտության աստվածային պարգևը
Նոյեմբեր 2010


Երախտագիտության աստվածային պարգևը

Երախտապարտ սիրտ … ունենում ենք, երբ երախտագիտություն ենք հայտնում մեր Երկնային Հորը Իր օրհնությունների համար և մեր շրջապատի մարդկանց՝ այն ամենի համար, որ նրանք բերում են մեր կյանք:

Նկար
President Thomas S. Monson

Սա հրաշալի նիստ էր: Երբ նշանակվեցի Եկեղեցու Նախագահ, ես ասացի. «Ես մի հանձնարարություն կվերցնեմ ինձ: Ես կլինեմ Թաբերնաքլի Երգչախմբի խորհրդատուն»: Ես շատ հպարտ եմ իմ երգչախմբով:

Մայրս մի անգամ ինձ ասաց. «Թոմի, ես շատ հպարտ եմ այն ամենով, ինչ դու արել ես: Սակայն քեզ մի դիտողություն պետք է անեմ: Դու պետք է դաշնամուրը չթողնեիր»:

Ես մոտեցա դաշնամուրին և մի համար նվագեցի նրա համար. «Ահա մենք գնում ենք, [ահա մենք գնում ենք] ծննդյան տոնի»:1 Ապա ես համբուրեցի նրա ճակատը, իսկ նա փաթաթվեց ինձ:

Ես մտածում եմ նրա մասին: Ես մտածում եմ հայրիկիս մասին: Ես մտածում եմ բոլոր այն Գերագույն Իշխանավորների մասին, ովքեր ներգործել են ինձ վրա, և մտածում եմ մյուսների մասին, ներառյալ այն 85 այրիներին, որոնց ես այցելում էի փռի համար հավով, իսկ երբեմն էլ մի փոքր գումար նրանց գրպանը դնելով:

Մի գիշեր ես այցելեցի նրանցից մեկին: Կեսգիշեր էր, և ես գնացի ծերանոց, ընդունարանում ինձ ասացին. «Նա պետք է որ քնած լինի, սակայն զգուշացրել է, որ իրեն արթնացնենք, քանի որ ասաց. «Ես գիտեմ, նա կգա»:

Ես բռնեցի նրա ձեռքը. նա տվեց իմ անունը: Նա լրիվ արթուն էր: Նա սեղմեց իմ ձեռքը իր շրթունքներին և ասաց. «Ես գիտեի, որ դու կգաս»: Ինչպե՞ս կարող էի չգալ:

Գեղեցիկ երաժշտությունը դիպչում է ինձ այդ ձևով:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք ոգեշնչված ելույթներ լսեցինք ճշմարտության, հույսի և սիրո մասին: Մեր մտքերը դարձան դեպի Նա, ով քավեց մեր մեղքերը, ով ցույց տվեց ինչպես ապրել և ինչպես աղոթել, և ով Իր իսկ գործերով ցույց տվեց ծառայության օրհնությունները. Նա մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է:

Ղուկասի գրքի 17-րդ գլխում մենք կարդում ենք Նրա մասին.

«Եվ եղավ՝ երբոր նա Երուսաղեմ էր գնում, ինքը Սամարիայի և Գալիլեայի միջովն էր անցնում:

Եվ նա մի գյուղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նրան, որ հեռվանց կանգնեցին,

Եվ իրանց ձայնը բարձրացրին և ասեցին. Հիսուս՝ Վարդապետ, մեզ ողորմիր:

Եվ երբոր տեսավ՝ ասեց նորանց. Գնացեք ձեր անձերը քահանաներին ցույց տվեք. և եղավ, որ նրանք գնալիս՝ սրբուեցան:

Եվ նրանցից մեկն, երբ որ տեսավ թե բժշկուեցավ, ետ դառավ՝ բարձր ձայնով փառավորում էր Աստուծուն:

Եվ իր երեսի վրա ընկավ նրա ոտների առաջին, և գոհանում էր նորանից. և ինքը Սամարացի էր:

Հիսուսն էլ պատասխանեց և ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբուեցան. ապա այն ինն ո՞ւր են:

Ետ դառնողներ չգտնուեցան, որ Աստուծուն փառք տան, բացի այս այլազգին:

Եվ ասեց նորան. Վեր կաց՝ գնա. քո հավատքն ապրեցրեց քեզ»:2

Աստվածային միջամտությամբ այդ բորոտները ազատվեցին դաժան ու դանդաղ մահից, և նրանց նոր կյանք շնորհվեց: Մեկ մարդու կողմից արտահայտված երախտագիտությունը արժանացավ Վարդապետի օրհնությանը, իսկ ինը հոգու անշնորհակալ վերաբերմունքը Նրան հիասթափություն պատճառեց:

Իմ եղբայրներ և քույրեր, արդյո՞ք հիշում ենք, որ շնորհակալություն հայտնենք մեր ստացած օրհնությունների համար: Անկեղծորեն հայտնված շնորհակալությունը ոչ միայն օգնում է մեզ տեսնել մեր օրհնությունները, այլև բացում է երկնքի դռները և օգնում է մեզ զգալ Աստծո սերը:

Իմ սիրելի ընկերը՝ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Երբ երախտագիտությամբ լի եք, դուք չեք լինի մեծամիտ, ինքնահավան և եսասեր. դուք կապրեք ձեզ վայել երախտագիտության ոգով, որը կօրհնի ձեր կյանքը»:3

Աստվածաշնչի Մատթեոսի գրքում մենք երախտագիտության մեկ այլ պատմություն ունենք՝ այս անգամ Փրկչի կողմից դրսևորված երախտագիտության: Երբ Նա երեք օր ճամփորդում էր անապատով, ավելի քան 4 000 մարդ էր հետևում նրան և ճամփորդում Նրա հետ: Նա գթաց նրանց, քանի որ նրանք հնարավոր է երեք օր ոչինչ չէին կերել: Իսկ Նրա աշակերտները հարցրեցին. «Որտեղի՞ց է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք»: Մեզանից շատերի պես, աշակերտները տեսան միայն այն, ինչ չկար:

«Եվ Հիսուսը նորանց ասեց. Քանի՞ հաց ունիք: Նորանք էլ ասեցին, Յոթը, և մի քանի փոքր ձկներ:

Եվ [Հիսուսը] հրամայեց ժողովրդին, որ նստեն:

Եվ այն յոթն հացը և ձկներն առավ, գոհացավ, կտրեց և իր աշակերտներին տվավ, և աշակերտները ժողովրդին»:

Ուշադրություն դարձրեք, որ Փրկիչը շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, ինչ իրենք ունեին, և հրաշք տեղի ունեցավ: «Եվ ամենքը կերան և կշտացան. և կտորների ավելացածը յոթը զամբյուղ լիքը վեր առան»:4

Մենք բոլորս էլ ունեցել ենք ժամանակներ, երբ կենտրոնացել ենք ոչ թե մեր օրհնությունների, այլ այն ամենի վրա, ինչ չունենք: Հույն փիլիսոփա Էպիկտիտուսն ասել է. «Իմաստուն մարդը նա է, ով չի վշտանում այն բաների համար, որ չունի, այլ ուրախանում է այն ամենով, ինչ ունի»:5

Երախտագիտությունը աստվածային սկզբունք է: Տերը հայտարարել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին տված հայտնության միջոցով.

«Գոհություն հայտնիր Տիրոջը՝ քո Աստծուն, բոլոր բաներում …

Եվ ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն կամ ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում»:6

Մորմոնի Գրքում մեզ ասվում է. «Ապրեք գոհություն հայտնելով ամեն օր, ա՛յն բազում ողորմածությունների և օրհնությունների համար, որոնք [Աստված] շնորհում է ձեզ»:7

Անկախ մեր հանգամանքներից, եթե դադար առնենք և խորհենք մեր օրհնությունների մասին, մեզանից յուրաքանչյուրը կտեսնի, թե երախտապարտ լինելու որքան շատ բան ունի:

Սա երկրի վրա ապրելու համար հրաշալի ժամանակ է: Չնայած որ շատ վատ բաներ կան այսօր աշխարհում, սակայն շատ արդար ու լավ բաներ էլ կան: Կան հաջողակ ամուսնություններ, իրենց զավակներին սիրող և նրանց համար զոհաբերող ծնողներ, մեր մասին հոգ տանող և մեզ օգնող ընկերներ, ուսուցիչներ, որ սովորեցնում են: Մեր կյանքն օրհնված է անհամար ուղիներով:

Մենք կարող ենք բարձրանալ և մյուսներին էլ բարձրացնել, երբ մերժում ենք մնալ բացասական մտքի տիրույթում, և փոխարենը մեր սրտերում երախտագիտություն ենք զարգացնում: Եթե անշնորհակալ լինելը համարվում է լուրջ մեղքերի թվում, ապա երախտագիտությունը իր կարևոր տեղն է գրավում ազնվագույն արժանիքների շարքում: Ինչ-որ մեկն ասել է. «Երախտագիտությունը ոչ միայն մեծագույն արժանիքն է, այլև մյուս արժանիքների ծնողն է»:8

Ինչպե՞ս կարող ենք մեր սրտերում երախտագիտություն զարգացնել: Եկեղեցու վեցերորդ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տվել է պատասխանն՝ ասելով. «Երախտապարտ մարդը շնորհակալ լինելու անչափ շատ բան է գտնում աշխարհում, և նրա համար բարին գերազանցում է չարին: Սերը նախանձից ավելի զորեղ է, և լույսը ցրում է խավարը նրա կյանքից»: Նա շարունակել է. «Հպարտությունը կործանում է մեր երախտագիտությունը և այն փոխարինում է եսասիրությամբ: Որքան երջանիկ ենք մենք լինում երախտապարտ և սիրող հոգու ներկայությամբ, և որքան զգույշ պետք է լինենք, որպեսզի աղոթքով լի կյանքի միջոցով երախտագիտություն զարգացնենք Աստծո և մարդու հանդեպ»:9

Նախագահ Սմիթը մեզ ասում է, որ աղոթքով լի կյանքը երախտագիտություն ունենալու բանալին է:

Արդյո՞ք նյութական ունեցվածքը մեզ երջանիկ և երախտապարտ է դարձնում: Հավանաբար, մի պահ: Ինչևէ, փողով չես գնի այն, ինչը խորը և հարատև երջանկություն և երախտագիտություն է բերում. դրանք են՝ մեր ընտանիքները, ավետարանը, լավ ընկերները, մեր առողջությունը, մեր ունակությունները, սերը, որ ստանում ենք մեր մերձավորներից: Դժբախտաբար, սրանք մի քանիսն են այն բաներից, որոնք մենք համարում ենք, որ այդպես էլ պիտի լիներ:

Անգլիացի գրող Ալդուս Հաքսլին գրել է. «Մարդկանց մեծ մասը գրեթե անսահման ունակություն ունի իրերին նայելու այնպես, ասես այդպես էլ պետք է լիներ»:10

Մենք հաճախ հենց այդպես էլ նայում ենք այն մարդկանց, ովքեր ամենաշատն են արժանի մեր երախտագիտությանը: Եկեք չսպասենք այնքան, որ շատ ուշ լինի այդ երախտագիտությունը հայտնելու համար: Մի մարդ խոսելով իր կորցրած սիրելիների մասին, իր ափսոսանքը հայտնեց այսպես. «Ես հիշում եմ այն երջանիկ օրերը, և հաճախ ցանկանում եմ, որ կարողանայի մահացածների ականջին ասել այն երախտագիտության մասին, որին նրանք այնքան արժանի էին և որն այնքան քիչ էին ստանում կյանքում»:11

Սիրելիների կորուստը գրեթե միշտ անխուսափելիորեն ափսոսանք է առաջացնում մեր սրտում: Եկեք հնարավորինս նվազեցնենք նման զգացողությունները՝ հաճախ մեր սերն ու երախտագիտությունը հայտնելով նրանց: Երբեք չգիտենք, թե որքան շուտ կլինի այդ շատ ուշը:

Արդ, երախտապարտ սիրտ ունենում ենք, երբ երախտագիտություն ենք հայտնում մեր Երկնային Հորը Իր օրհնությունների համար և մեր շրջապատի մարդկանց՝ այն ամենի համար, որ նրանք բերում են մեր կյանք: Սա գիտակցված ջանքեր է պահանջում, առնվազն մինչև որ մենք իսկապես սովորում և երախտագիտություն ենք զարգացնում: Հաճախ մենք երախտապարտ ենք լինում և մտադրվում ենք մեր շնորհակալությունը հայտնել, սակայն մոռանում ենք այդ մասին կամ դրան ժամանակ չենք տրամադրում: Ինչ-որ մեկն ասել է. «Երախտագիտություն զգալն ու չարտահայտելը նման է նվերը փաթեթավորելուն և այն չտալուն»:12

Երբ մենք դժվարություններ և խնդիրներ ենք ունենում մեր կյանքում, հաճախ մեզ համար դժվար է կենտրոնանալ մեր օրհնությունների վրա: Սակայն եթե խորը քննենք և ջանասիրաբար փնտրենք, մենք կկարողանանք զգալ և գիտակցել, թե որքան շատ է մեզ տրված:

Ես ձեզ կպատմեմ մի ընտանիքի մասին, որը օրհնություններ գտավ իրենց համար դժվարին ժամանակներում: Այս պատմությունը ես կարդացել եմ տարիներ առաջ և պահել եմ իր մեջ կրող ուղերձի համար: Այն գրվել է Գորդոն Գրինի կողմից և տպվել է ամերիկյան մի ամսագրում ավելի քան 50 տարի առաջ:

Գորդոնը պատմում է, թե ինչպես է մեծացել Կանադայի մի ագարակում, որտեղ ընտանիքի երեխաները դպրոցից տուն էին շտապում, մինչդեռ մյուս երեխաները գնդակ էին խաղում և գնում լողանալու: Նրանց հայրը կարողացել էր երեխաներին հասկացնել, որ իրենց աշխատանքը իրենից արժեք էր ներկայացնում: Դա հատկապես տեղի էր ունենում բերքահավաքից հետո, երբ ընտանիքը տոնում էր Գոհության տոնը, քանի որ այդ օրը հայրը նրանց մեծ նվեր էր տալիս: Նա գրանցում էր այն ամենը, ինչ իրենք ունեին:

Գոհության տոնի առավոտյան նա տանում էր երեխաներին մառան, որտեղ գտնվում էին խնձորի տակառները, ճակնդեղով լի արկղերը, ավազի մեջ հորված գազարը և կարտոֆիլի հսկա կույտերը, այնտեղ էր պահվում նաև ոլոռը, եգիպտացորենը, լոբին, ելակի մուրաբաները և այլ պահածոներ՝ դասավորված դարակների վրա: Նա խնդրում էր, որպեսզի երեխաները դրանք ուշադիր հաշվեին: Այնուհետև նրանք գնում էին ամբար և պարզում, թե քանի տոննա խոտ կա հավաքած և քանի պարկ հացահատիկ ունեն: Նրանք հաշվում էին կովերին, խոզերին, հավերին, հնդուհավերին և սագերին: Նրանց հայրը ասում էր, որ ցանկանում էր պարզել, թե ինչպես են պատրաստված իրենք, սակայն երեխաները գիտեին, որ նա իրականում ցանկանում էր այդ տոնական օրը իրենք գիտակցեին, թե որքան առատորեն է Աստված օրհնել իրենց և բարեհաճորեն նայել իրենց աշխատած ժամերին: Ի վերջո, երբ նրանք նստում էին ճաշի սեղանի շուրջ, որ իրենց մայրն էր պատրաստել, նրանք զգում էին, թե որքան օրհնված են:

Ինչևէ, Գորդոնը նշել էր, որ մեծագույն երախտագիտությամբ է հիշում այն տարվա Գոհության տոնը, երբ կարծես թե ոչինչ չունեին շնորհակալություն հայտնելու համար:

Տարին լավ էր սկսվել՝ նրանք ավելացած խոտ ունեին, շատ սերմ, չորս խոճկորներ, և նրանց հայրը խնայած մի փոքր գումար ուներ, որով կարող էր խոտի ամբարձիչ գնել. դա հրաշալի մեքենա էր, որը շատ ագարակատերեր ուղղակի երազում էին ունենալ: Նաև այդ տարի էլեկտրական հոսանք էր բերվել իրենց քաղաք, չնայած որ իրենք բավարար միջոցներ չունեին իրենց տուն հոսանք բերելու համար:

Մի գիշեր, երբ Գորդոնի մայրը մեծ լվացք էր անում, նրա հայրը ներս մտավ և ինքը ցանկացավ շարունակել լվացքը, խնդրելով, որ կինը հանգստանա և իր գործվածքով զբաղվի: Նա ասաց. «Դու ավելի շատ լվացք ես անում, քան քնում ես: Չե՞ս կարծում, որ արժե տեղի տալ և էլեկտրականություն քաշել»: Այդ հեռանկարից ոգևորված մայրս մի երկու արցունք թափեց հիշելով խոտի ամբարձիչի մասին, որն այդ դեպքում չէին կարող գնել:

Այսպիսով, այդ տարի էլեկտրական լարը նրանց տուն մտավ: Թեպետ դա ինչ-որ անիրական բան չէր, նրանք գնեցին լվացքի մեքենա, որը ամբողջ օրը աշխատում էր, և փայլուն էլեկտրական լամպեր, որոնք կախված էին ամեն սենյակի առաստաղից: Այլևս պետք չէր լամպերի մեջ յուղ լցնել, լամպի պատրույգը կտրել և լամպի մրոտ ապակին լվանալ: Լամպերը մշտապես իրենց տեղը գրավեցին ձեղնահարկում:

Իրենց ագարակ էլեկտրական հոսանք քաշելը գրեթե վերջին լավ բանն էր, որ տեղի ունեցավ այդ տարի: Հացահատիկը նոր էր սկսել աճել, երբ անձրևներ սկսեցին: Երբ ջուրը ի վերջո ետ քաշվեց, ոչ մի ցողուն չէր մնացել: Նրանք կրկին ցանեցին, սակայն նորից անձրևները հարվածեցին բերքին: Նրանց կարտոֆիլը փտել էր հողի մեջ: Նրանք մի քանի կով, բոլոր խոզերը և ևս մի քանի անասուններ, որոնց ցանկանում էին պահել, վաճառեցին շատ ցածր գնով, քանի որ բոլորն էլ ստիպված նույնն էին անում: Այդ տարի նրանց բերքը կազմված էր մի կապ շաղգամից, որը ինչ-որ կերպ դիմացել էր փոթորիկներին:

Կրկին Գոհության տոնն էր: Մայրն ասաց. «Միգուցե այս տարի մոռանանք տոնի մասին: Մենք նույնիսկ սագ չունենք»:

Սակայն Գոհության տոնի առավոտյան Գորդոնի հայրը եկավ մի նապաստակ ձեռքին և խնդրեց իր կնոջը, որ պատրաստի այն: Դժկամորեն նա սկսեց իր գործը՝ ցույց տալով, որ շատ ժամանակ կպահանջվի այդ դժվար եփվող միսը պատրաստելու համար: Երբ այն ի վերջո դրվեց սեղանին մի քանի շաղգամների հետ, երեխաները հրաժարվեցին ուտել: Գորդոնի մայրն արտասվեց, և այդ ժամանակ հայրը մի արտասովոր բան արեց: Նա գնաց և ձեղնահարկից հանեց լամպը, բերեց դրեց սեղանին և վառեց այն: Նա ասաց, որ երեխաները անջատեն էլեկտրական լույսը: Երբ միայն լամպն էր կրկին վառվում, նրանք դժվարությամբ հավատացին, որ առաջ այդքան մութ էր եղել: Նրանք զարմացան, թե ինչպես էին ինչ-որ բան տեսել առանց էլեկտրական պայծառ լույսի:

Ուտելիքը օրհնվեց և բոլորը կերան: Ճաշելուց հետո բոլորը լուռ նստել էին: Գորդոնը գրել է.

«Հին լամպի աղոտ լույսի ներքո մենք կրկին սկսեցինք պարզորոշ տեսնել …

Դա հրաշալի ճաշ էր: Նապաստակը հնդուհավի համ ուներ, իսկ շաղգամը մեր համտեսած ամենահամեղ կերակուրն էր …

… Չնայած շատ պակաս բաներին, մեր տունը այնքան հարուստ էր մեզ համար»:13

Իմ եղբայրներ և քույրեր, երախտագիտություն հայտնելը հաճելի և պատվավոր է. երախտագիտությամբ գործելը մեծահոգություն և ազնվահոգություն է. իսկ մշտապես մեր սրտերում երախտագիտությամբ ապրել նշանակում է երկնքին դիպչել:

Այս առավոտ եզրափակելով իմ խոսքը ես աղոթում եմ, որ այն ամենից բացի, ինչի համար երախտապարտ ենք, մենք մեր երախտագիտությունը հայտնենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Նրա փառահեղ ավետարանը պատասխանում է կյանքի մեծագույն հարցերին՝ որտեղի՞ց ենք մենք գալիս: Ինչո՞ւ ենք այստեղ: Մահանալուց հետո ո՞ւր է գնում մեր հոգին: Այդ ավետարանը խավարի մեջ ապրողներին հանում է դեպի աստվածային ճշմարտության լույսը:

Նա սովորեցրեց մեզ, ինչպես պետք է աղոթել: Նա սովորեցրեց մեզ, ինչպես պետք է ապրել: Նա սովորեցրեց մեզ, ինչպես պետք է մեռնել: Նրա կյանքը սիրո ժառանգություն է: Նա բժշկեց հիվանդներին, Նա բարձրացրեց հարստահարվածներին, Նա փրկեց մեղավորներին:

Ի վերջո, նա միայնակ մնաց: Առաքյալներից ոմանք կասկածեցին, մեկը դավաճանեց Նրան: Հռոմեացի զինվորները խոցեցին Նրա կողը: Կատաղի ամբոխը խլեց Նրա կյանքը: Դեռևս Գողգոթայի բլրից հնչում են Նրա կարեկցող խոսքերը. «Հայր, թողիր դորանց, որովհետև չգիտեն թե ի՛նչ են անում»:14

Ո՞վ էր «հարվածների տեր և ցավի տեղեակ» այս Մարդը:15 «Ո՞վ է այդ փառաց Թագավորը»,16 այս տերերի Տերը: Նա մեր Վարդապետն է: Նա մեր Փրկիչն է: Նա է Աստծո Որդին: Նա է Մեր Փրկության հեղինակը: Նա կանչում է՝ «Իմ ետևից եկեք»:17 Նա հրահանգում է. «Գնա, դու էլ այնպես արա»:18 Նա աղերսում է. «Իմ պատվիրանքները պահեցեք»:19

Եկեք հետևենք Նրան: Եկեք ընդունենք Նրա օրինակը: Եկեք հնազանդվենք Նրա խոսքերին: Այդ դեպքում, մենք նրան կտանք երախտագիտության աստվածային նվերը:

Իմ անկեղծ, սրտառուչ աղոթքն է, որ մենք մեր անձնական կյանքում արտացոլենք երախտագիտության այդ զարմանահրաշ արժանիքը: Թող այն ներթափանցի մեր հոգու խորքը՝ այժմ և ընդմիշտ: Մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: