2010
Խուսափել մեղքի ծուղակից
նախորդ հաջորդ

Խուսափել մեղքի ծուղակից

Ամուր մնացեք և լավ ընտրություններ կատարեք, որոնք ձեզ թույլ կտան ճաշակել կենաց ծառից:

Elder Jairo Mazzagardi

Մի գեղեցիկ արևոտ առավոտ ես իմ համարյա ութամյա թոռնուհուս հրավիրեցի զբոսանքի լճի ափով, որն իրականում մեր սքանչելի քաղաքի ջրամբարն էր:

Մենք հաճույքով զբոսնում էինք, ականջ դնելով մեր կողքով հոսող բյուրեղյա առվակի մեղմ ձայնին: Ճանապարհը շրջապատված էր սքանչելի կանաչ ծառերով և անուշահոտ ծաղիկներով: Մենք լսում էինք թռչունների ճռվողյունը:

Ես իմ կապուտաչյա զվարթ և անմեղ թոռնուհուն հարցրեցի, թե ինչպես էր նա պատրաստվում մկրտությանը:

Նա պատասխանեց հարցով. «Պապիկ, իսկ ի՞նչ է մեղքը»:

Ես մտքում աղոթեցի ոգեշնչման համար և փորձեցի պատասխանել որքան հնարավոր էր պարզ. «Մեղքը Աստծո պատվիրաններին մտադրված չհնազանդվելն է: Դա տխրեցնում է Երկնային Հորը, իսկ արդյունքում տառապանք և վիշտ է առաջանում»:

Իսկապես մտահոգված նա ինձ հարցրեց. «Իսկ ինչպե՞ս ենք մենք ընկնում մեղքի մեջ»:

Հարցը նախ բացահայտում է մաքրությունը, ինչպես նաև մեղքից խուսափելու մտահոգությունը:

Որպեսզի նա ավելի հստակ հասկանար, ես պատկերացման համար օգտագործեցի մեր շուրջը գտնվող բնական առարկաները: Շարունակելով մեր ճանապարհը, սուր լարերով ցանկապատի կողքին մենք գտանք մի մեծ քարի սյուն. դա ծանր կառույց էր, շրջապատված ծաղիկներով, թփերով և ցածր ծառերով: Ժամանակի ընթացքում այդ բույսերը սյունից բարձր կլինեն:

Ես հիշեցի, որ մի փոքր հեռու մենք կգտնեինք մեկ այլ սյուն, որը արդեն չէր երևում, քանի որ աստիճանաբար, գրեթե աննկատ, ծածկվել էր շուրջը աճող բուսականությամբ: Ես մտածեցի, որ սյունը, չնայած իր ամրությանը, չէր հասկանում, որ կարող էր շրջապատվել և կործանվել նուրբ բույսերով: Սյունը երևիթե մտածում էր. «Խնդիր չկա: Ես ուժեղ և մեծ եմ, իսկ այս փոքր բույսը ինձ չի կարող վնասել»:

Եվ երբ կողքի ծառը մեծանում է, սյունը սկզբում դա չի նկատում, հետո նա սկսում է վայելել ծառի ստվերի հովը: Բայց ծառը շարունակում է աճել և պարուրում է սյունը իր երկու ճյուղերով, որոնք սկզբում փխրուն են թվում, սակայն ժամանակի ընթացքում փաթաթվում և սեղմում են սյունը:

Սակայն սյունը չի գիտակցում այն, ինչ կատարվում է:

Փոքր անց մենք գտանք այդ սյունը: Այն հողից դուրս էր եկել: Իմ փոքրիկ թոռնուհին տպավորված հարցրեց. «Պապիկ, սա մեղքի ծա՞ռ է»:

Այդ ժամանակ ես նրան բացատրեցի, որ դա միայն խորհրդանիշ էր, կամ օրինակ նրա, թե ինչպես է մեղքը հաղթում մեզ:

Ես չգիտեմ, թե ինչ ազդեցություն կթողնի մեր զրույցը նրա վրա, սակայն ինձ այն ստիպեց մտածել մեղքի բազմաթիվ դրսևորումների մասին և թե ինչպես է այն ներխուժում մեր կյանք, եթե մենք թույլ ենք տալիս:

Մենք պետք է զգոն լինենք, որովհետև փոքր որոշումները, ինչպիսին են՝ վաղ անկողին մտնելը և առավոտյան վաղ արթնանալը, մեծ հետևանքներ են ունենում: Վարդապետություն և Ուխտեր 88.124 հատվածը մեզ ուսուցանում է. «Վաղ վեր կացեք, որ ձեր մարմինն ու միտքն առույգ լինեն»: Նրանք, ովքեր վաղ են քնում, արթնանում են հանգստացած, առույգ մարմնով և մտքով, և օրհնված Տիրոջ կողմից իրենց հնազանդության համար:

Այն, ինչ կարող է քիչ կարևոր թվալ, օրինակ՝ ուշ քնելը, օրվա ընթացքում չաղոթելը, ծոմը բացթողելը կամ կիրակին սուրբ չպահելը, լինելով փոքր սայթակումներ, կարող են պատճառ դառնալ, որ մենք աստիճանաբար կորցնենք մեր զգոնությունը և սկսենք վատ արարքներ գործել:

Դեռահաս տարիքում ես պետք է տանը լինեի երեկոյան ժամը 10-ին: Այսօր այդ ժամին մարդիկ դուրս են գալիս տնից զվարճանալու: Իսկ մենք գիտենք, որ վատ բաները երբեմն գիշերն են կատարվում: Մութ ժամերին է, որ երիտասարդները գնում են ոչպատշաճ միջավայրով վայրեր, որտեղ երաժշտությունը և խոքերը թույլ չեն տալիս, որ Սուրբ Հոգին նրանց հետ լինի: Այդ պայմաններում նրանք դառնում են մեղքի հեշտ զոհեր:

Հաճախ մեղքի զոհ դառնալը սկիզբ է առնում, երբ ընտրում ես այնպիսի ընկերներ, ում չափանիշները չեն համապատասխանում ավետարանին, և հասակակիցների կողմից ընդունված և ճանաչված դառնալու համար խախտում ես ավետարանի սկզբունքները և օրենքները, գնալով այնպիսի մի ուղով, որը տանում է միայն դեպի ցավ և տխրություն՝ անձի և նրա սիրելի մարդկանց համար:

Մենք պետք է զգոն լինենք, որպեսզի մեղքը չաճի մեր շուրջը: Մեղքի տարբեր ձևերը ամենուր են, անգամ, օրինակ համակարգչի կամ բջջային հեռախոսի մեջ: Այս սարքերը օգտակար են և կարող են մեծ օգուտ տալ մեզ: Սակայն դրանց սխալ օգտագործումը, օրինակ ժամանակը վատնող խաղերով, նյութական հաճույքների տանող ծրագրերով կամ, շատ ավելի վատ, պոռնոգրաֆիայով տարվելը, կործանարար է: Պոռնոգրաֆիան ոչնչացնում է բնավորությունը և ստիպում է իրենով տարվողին սուզվել կեղտի ճահիճը, որից կարելի է փախչել միայն մեծ օգնությամբ:

Այս զարհուրելի հրեշը ցավ և տառապանք է բերում և օգտվողին, և նրա անմեղ երեխաներին, ամուսնուն կամ կնոջը, հորը և մորը: Ֆիզիկական հաճույքի պտուղը դառնությունն ու տխրությունն է: Հնազանդության և զոհաբերության պտուղը քաղցրությունն ու հավերժական ուրախությունն է:

Չափանիշներին հետևելու որոշումները պետք է նախօրոք արվեն, ոչ թե այն պահին, երբ գայթակղությունը վրա է հասնում: Մեր չափման միավորները պետք է լինեն.

  • Սա ես կանեմ, որովհետև դա ճիշտ է, գալիս է Տիրոջից և ինձ երջանկություն կբերի:

  • Սա ես չեմ անի, որովհետև դա ինձ կհեռացնի ճշմարտությունից, Տիրոջից և հավերժական երջանկությունից, որը Նա խոստացել է հավատարիմներին և հնազանդներին:

Քանի որ Հայրը գիտեր, որ մենք սխալ որոշումներ կկայացնենք, սիրո իր զարմանալի ծրագրով Նա տվեց մեզ աշխարհի Փրկիչ, որը պետք է քավեր բոլոր նրանց մեղքերը, ովքեր կապաշխարեին, ովքեր կգային Նրա մոտ օգնություն, սփոփանք և ներում ստանալու համար և ովքեր պատրաստ կլինեին իրենց վրա վերցնելու Նրա՝ Հիսուս Քրիստոսի անունը:

Երբ մենք մեղք ենք գործում, մենք պետք է արագ դիմենք օգնության, քանի որ միայնակ մենք չենք կարող շրջանցել մեղքի ծուղակը, ինչպես այն ցանկապատի սյունը չէր կարող ազատել ինքն իրեն: Մեկը պետք է օգնի մեզ ազատվել մահացու գրկից:

Ծնողները կարող են օգնել, իսկ եպիսկոպոսը կանչվում է Աստծո կողմից մեզ օգնելու համար: Նրա առաջ մենք պետք է գնան և բացենք մեր սրտերը:

Վարդապետություն և Ուխտեր 58.42–43-ը բացատրում է.

«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք:

Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,- ահա նա կխոստովանի և կթողնի դրանք»:

Լճի զբոսանքից մի քանի ամիս անց իմ թոռնուհին մկրտության հարցազրույց անցավ իր եպիսկոպոսի, այսինքն՝ հոր կողմից: Հարցազրույցից հետո ես հարցրեցի, թե ինչպես այն անցավ: Նա պատասխանեց, գրեթե ինձ նախատելով. «Պապիկ, հարցազրույցը գաղտնի է: Դու գիտես դա»:

Եպիսկոպոսներ, ես հուսով եմ, որ դուք այդ պատասխանը լուրջ կընդունեք: Ինձ թվում է, որ թոռնուհիս շատ է մեծացել՝ հասկանալով դա շատ կարճ ժամանակում:

Ինչպես իմ նկարագրած ծառը կարող է տխրություն, ցավ, տառապանք և կապանքներ առաջ բերել, մեկ այլ ծառ կարող է տալ հակառակը: Դրա մասին նշվում է 1 Նեփի 8.10–12-ում:

«Եվ եղավ այնպես, որ ես տեսա մի ծառ, որի պտուղը բաղձալի էր մարդուն երջանիկ դարձնելու համար:

Եվ եղավ այնպես, որ ես առաջ գնացի և ճաշակեցի դրա պտղից. և տեսա, որ այն ամենաքաղցրն էր բոլորից, որ ես նախկինում երբևիցե փորձել էի: Այո, և ես նկատեցի, որ դրա պտուղը ճերմակ է գերազանցելով ամեն ճերմակություն, որ ես երբևէ տեսել էի:

Եվ, երբ ես ճաշակեցի դրա պտղից, այն լցրեց իմ հոգին չափազանց մեծ ուրախությամբ»:

Սիրելի եղբայրներ և քույրեր, ամուր մնացեք և լավ ընտրություններ կատարեք, որոնք ձեզ թույլ կտան ճաշակել կենաց ծառից: Եթե ինչ-որ պատճառով դուք սխալվել կամ հեռացել եք ուղուց, մեր ձեռքերը պարզած են դեպի ձեզ, և մենք ասում ենք ձեզ. «Եկեք: Կա հույս: Մենք սիրում ենք ձեզ և մենք ուզում ենք օգնել ձեզ երջանիկ լինել»:

Երկնային Հայրը մեզ այնքան է սիրում, որ տվել է Իր միակ Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Հիսուս Քրիստոսը մեզ այնքան է սիրում, որ տվել է Իր կյանքը՝ ի ապաշխարություն մեր մեղքերի:

Ի՞նչ ենք մենք պատրաստ տալու՝ մաքուր լինելու և այդ ուրախությունը ստանալու համար:

Այս ճշմարտությունների մասին ես թողնում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: