2010
Հավատի և բնավորության վերափոխող զորությունը
նախորդ հաջորդ

Հավատի և բնավորության վերափոխող զորությունը

Հետևողական արդարակյաց կյանքը տալիս է ներքին զորություն և ուժ, որոնք մշտական կայություն են ապահովում մեղքի դեմ:

Elder Richard G. Scott

Եթե հավատը ճիշտ հասկացվի և գործածվի, այն հեռու գնացող էական արդյունքներ է տալիս: Այդպիսի հավատը կարող է փոխել անձի կյանքը, առօրյա ձանձրալի ընդհանոր գործողություններից վերածելով այն ուրախության և երջանկության սիմֆոնիայի: Հավատի գործածումը էական է Երկնային Հոր երջանկության ծրագրում: Բայց իսկական հավատը, փրկության հավատը, կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա, հավատ Նրա վարդապետությունների և ուսմունքների հանդեպ, հավատ Տիրոջ օծյալի մարգարեական առաջնորդության հանդեպ, հավատ կյանքը փոխող թաքնված բնավորության գծեր և հատկանիշներ բացահայտելու ունակության հանդեպ: Իսկապես, հավատը գործողության և զորության սկզբունք է:

Հավատը արարման կառուցման հիմքն է: Ես վստահ եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը օգտագործում է Երկնային Հոր ղեկավարութամբ գործելու Իր ունակության հանդեպ հավատը: Վարդապետը այն օգտագործելով ստեղծեց առավել հեռավոր համաստեղությունները, ինչպես նաև կվարկերը՝ այսօր հայտնի նյութի փոքրագույն տարրերը: Բայց ես հավատում եմ, որ արարման հրաշքը պարունակում է անգամ ավելի փոքր կառուցող տարրեր:

Ապագայի հանդեպ հավատը երևում է տաճարում կնքվող զույգի օրինակով: Նրանք հասկանում են, որ հնազանդվելով Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և մեր Երկնային Հոր երջանկության ծրագրին, իրենք կարող են միասին ուրախ կյանքով ապրել: Նրանք հասկանում են, որ երբ դժվարությունները գալիս են որպես աճելու հնարավորություններ, իրենք կարող են ուղիներ գտնել Սուրբ Հոգու հուշումների օգնությամբ՝ հաղթահարելով դրանք արդյունավետ և բնավորությունը զարգացնող եղանակներով:

Հավատը և բնավորությունը սերտորեն կապակցված են: Աստծո պատվիրաններին հնազանդվելու զորության հանդեպ հավատը թույլ կտա ամրացնել բնավորության գծերը, որոնք անհրաժեշտ կլինեն ծայրահեղ կարիքի դեպքում: Այդ բնավորությունը չի ձևավորվում մեծ դժվարության կամ փորձության պահին: Դա այն ժամանակն է, երբ այն պետք է օգտագործվի: Ճշմարիտ սկզբունքների հանդեպ հավատի օգտագործումը կառուցում է բնավորություն. ամրացած բնավորությունը մեծացնում է ավելի մեծ հավատ գործածելու ձեր ունակությունը: Արդյունքում կյանքի փորձությունները հաղթահարելու ձեր ունակությունը և վստահությունը աճում է: Որքան շատ է ամրանում ձեր բնավորությունը, այնքան ավելի շատ եք դուք ունակ օգուտ քաղելու հավատի գործածման զորությունից: Դուք կհայտնաբերեք, թե ինչպես են հավատը և բնավորությունը համագործակցում՝ միմյանց զորացնելու համար: Բնավորությունը համբերատարությամբ գործվում է կիրառվող սկզբունքների, վարդապետության և հնազանդության թելերից:

Նախագահ Հյու Բ. Բրաունն ասել է. «Կյանքում երբ էլ որ մեծագույն հոգևոր արժեքները որդեգրման կարիք ունենան, միայն հավատը կարող է դրանք որդեգրել: Մարդը չի կարող ապրել առանց հավատի, քանի որ կյանքի արկածի մեջ կենտրոնական խնդիրը բնավորությունը զարգացնելն էմ որը ոչ թե տրամաբանության արդյունք է, այլ գաղափարների հանդեպ հավատի և դրանց զոհաբերության աստիճանի նվիրվելու»: Մենք գործածում ենք հավատը, գործելով: Ջոզեֆ Սմիթն ասել է, որ հավատը գործողության և զորության սկզբունք է (Lectures on Faith [1985], 72):

Մենք դառնում ենք այն, ինչ ցանկանում ենք դառնալ, շարունակաբար լինելով այնպիսին, ինչպիսին ուզում ենք լինել ամենօր: Արդար բնավորությունը արժեքավոր արտահայտումն է նրա, ինչ դուք դառնում եք: Արդար բնավորությունը ավելի արժեքավոր է, քան որևէ նյութական առարկա, որ ունեք, ցանկացած գիտելիք, որ ձեռք եք բերել, կամ նպատակներ, որոնց հասել եք անկախ նրանից, թե որքան մեծ գնահատանքի են արժանացել մարդկության կողմից: Հաջորդ կյանքում ձեր արդար բնավորությունը կգնահատվի՝ որոշելու, թե որքան լավ եք դուք օգտագործել մահկանացու կյանքի արտոնությունները:

Ոչ Սատանան, ոչ էլ որևէ այլ ուժ, չի կարող ենթարկել կամ կործանել ձեր աճող բնավորությունը: Միայն դուք կարող եք դա անել անհնազանդության միջոցով: Իսկական բնավորությունը վերածվում է անպետք մոխիրների, երբ քայքայվում է ստերով կամ մեղքերով:

Բարոյական ամուր բնավորությունը կյանքի փորձությունների և քննությունների ընթացքում կատարած շարունակ ճիշտ ընտրությունների արդյունք է: Նման ընտրությունները կատարվում են հույս տածելով բաների հանդեպ, որոնց հավատում եք, և ըստ դրանց գործելու դեպքում, դրանք հաստատվում են:

Որո՞նք են այն զորացնող սկզբունքները, որոնց վրա հիմնված է հավատը:

  • Վստահությունը Աստծո և անհրաժեշտության պահին մեզ օգնելու Նրա պատրաստակամության հանդեպ, անկախ նրանից, թե որքան բարդ է իրավիճակը:

  • Հնազանդությունը Նրա պատվիրաններին և ապրելաձևը, որն ապացուցում է, որ Նա կարող է մեզ վստահել:

  • Զգայունությունը Սուրբ Հոգու լուռ հուշումների նկատմամբ:

  • Այդ հուշումների քաջարի իրականացումը:

  • Համբերատարությունը և հասկացողությունը, երբ Աստված թույլ է տալիս ձեզ պայքարել, որ աճեք, և երբ պատասխանները երկար ժամանակ անց են ստացվում:

«Հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չեն տեսնում. ուստի, մի վիճեք, եթե դուք չեք տեսնում, քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» (Եսթեր 12.6): Այսպիսով, ամեն անգամ, երբ դուք «փորձում եք ձեր հավատքը», այսինքն՝ արժանավոր կերպով գործում եք ստացած տպավորության հիման վրա, դուք կստանաք Հոգու հաստատող ապացույցը: Երբ հասնում եք ձեր հասկացողության սահմանին և մտնում անորոշության խավարի մեջ, հավատը գործածելով դուք կգտնեք լուծումներ, որոնք այլապես չէիք ունենա: Անգամ, եթե ունեք ամենաամուր հավատը, Աստված միշտ չէ, որ անմիջապես կարձագանքի ըստ ձեր ցանկության: Ավելի շուտ, Աստված կարձագանքի ըստ նրա, ինչ Նրա հավերժական ծրագրում լավագույն ձևով է նախատեսված ձեզ համար, որպեսզի հնարավոր լավագույն օգուտը ստանաք: Շնորհակալ եղեք, երբ երբեմն Աստված թույլ է տալիս ձեզ երկարատև պայքարել՝ պատասխանը ստանալուց առաջ: Դա ստիպում է, որ ձեր հավատը աճի և բնավորությունը ամրանա:

Բնավորության հիմքը ամբողջականությունն է: Արժանավոր բնավորությունը կամրացնի Հոգու ուղղությունը հասկանալու և դրան հնազանդվելու ձեր ունակությունը: Հավատի շարունակ գործածումը կառուցում է ամուր բնավորություն: Ձեր բնավորության աճի ապահով հիմքը դրվել է, երբ Հիսուս Քրիստոսը և Նրա ուսմունքները դարձել են ձեր կյանքի առանցքը:

Երկրի վրա ձեր երջանկությունը, ինչպես նաև ձեր հավերժական փրկությունը, պահանջում են բազմաթիվ ճիշտ որոշումներ, որոնցից ոչ մեկը դժվար չէ կատարել: Այդ որոշումները միասին կերտում են մի բնավորություն, որը դիմակայում է մեղքի ու սխալի քայքայիչ ազդեցություններին: Ազնվաբարո բնավորությունը նման է արժեքավոր ճենապակու, որը պատրաստված է ընտիր նյութից՝ հավատքից, նրբորերն ձևավորված շարունակ արդար գործերով, որի մակերեսը թրծված է վեհացնող փորձի կրակով: Դա մեծագույն գեղեցկություն ունեցող անգին մի բան է: Սակայն այն կարող է վնասվել մի ակնթարթում մեղսագործության հետևանքով, պահանջելով ցավագին երկարատև վերականգնման ջանքեր: Ինքնատիրապետման պաշտպանության ներքո արդար բնավորությունը հավերժ կլինի:

Նյութական իրերը իրենք իրենցով երկրի վրա երջանկություն, բավարարվածություն և նվաճման ուրախություն չեն պարգևում: Ոչ էլ տանում են մեզ դեպի վեհացում: Դա բնավորության ազնվությունն է, ներքին ուժի և համոզմունքի համաձուլումն է, կազմված անթիվ արդար որոշումներից, որ կյանքին ուղղություն է հաղորդում: Հետևողական արդարակյաց կյանքը տալիս է ներքին զորություն և ուժ, որոնք մշտական կայություն են ապահովում մեղքի դեմ: Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատը և Նրա պատվիրաններին հնազանդությունը կամրացնեն ձեր բնավորությունը: Ձեր բնավորությունը չափանիշ է նրա, ինչ դուք դառնում եք: Դա ապացույց է նրա, թե որքան լավ եք դուք օգտագործում ձեր ժամանակը երկրի վրա մահկանացու փորձության այս ժամանակահատվածում:

Մենք բոլորս հասկանում ենք այս կանոնը՝ դու ստանում ես այն, ինչի համար վճարում ես: Դա ճշմարիտ է նաև հոգևոր առումով: Դու ստանում ես այն, ինչի համար վճարում ես հնազանդությամբ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով, քո սովորած ճշմարտությունները ջանասիրաբար կիրառելով: Դուք ստանում եք բնավորության ձևավորում, ունակության աճ և ձեր մահկանացու նպատակի՝ փորձվելու և ուրախություն ունենալու բարեհաջող իրականացումը:

Դուք չեք կարող կյանքում պասիվ լինել, այլապես ժամանակի ընթացքում բնական մարդը կտապալի արժանի ապրելու ձեր ջանքերը: Դուք դառնում եք այն, ինչ անում եք և ինչի մասին մտածում եք: Բնավորության պակասը բերում է նրան, որ մարդ մտածում է միայն ախորժակը բավարարելու կամ անձնական շահ հետապնդելու մասին: Դուք չեք կարող թույլ բնավորությունը ծածկել խաբկանքի շապկով:

Ժամանակի ընթացքում, նա, ով որոշումներ է կայացնում ըստ իրավիճակի, ապահովում է լուրջ մեղք գործելու հավանականությունը: Այդ անձնավորությանը ճիշտ ուղու վրա պահելու համար երկաթե ձող չկա: Նա շարունակաբար կհանդիպի պատվիրաններից շեղվելու բազմաթիվ խորամանկ գայթակղությունների: Այդ ընտրությունները արդարացվում են նրանով, որ այդքան էլ վատը չեն, որ սոցիալապես ավելի ընդունելի են և ապահովում են ընկերների ավելի լայն շրջապատ: Առանց հիմնարար սկզբունքների խելացի անձը կարող է ժամանակավոր տպավորիչ նվաճումներ ունենալ: Սակայն այդ նվաճումները նման են ավազե դղյակի: Երբ գալիս է բնավորության ստուգարքի ժամանակը, այն փլուզվում է, հաճախ իր հետ տանելով ուրիշներին: Անկախ նրանից թե որքան հմուտ է մեղսագործը փորձում թաքցնել պատվիրանները խախտելու փաստերը, ժամանակի հետ դրանք միշտ հայտնի են դառնում հանրությանը: Սատանան ինքն է նպաստում դրան: Նա և նրա գաղափարակիրները վճռել են հասցնել առավելագույն հնարավոր վնասը Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրին: Անհնազանդության կամ վստահության կորստի մեկ լուրջ գործողությունը անխուսափելիորեն բարձրացնում է ուրիշների ներգրավված լինելու հարցը: Այդ անձի բնավորության հանդեպ մյուսների հավատը և վստահությունը կորչում է:

Այս մահկանացու կյանքը ապացուցող հիմք է: Այն, թե որքան ճիշտ եք դուք դիմակայում դժվարություններին, որոշում է, թե որքան ամուր կլինի ձեր բնավորությունը: Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների հանդեպ ձեր հավատը ամրացնում է ձեր բնավորությունը:

Ես անձամբ համոզվել եմ, որ նման կոնցեպցիաներ, ինչպիսին են՝ հավատը, աղոթքը, սերը և խոնարհությունը, մեծ նշանակություն չեն ունենում և հրաշքներ չեն գործում, եթե չեն դառնում մեր ապրելակերպի կենդանի մասը՝ մեր անձնական փորձի միջոցով, որը լրացվում է Սուրբ Հոգու քաղցր հուշումներով: Դեռ վաղ հասակում ես հասկացա, որ կարող եմ սովորել ավետարանի ուսմունքները խելքով, և տրամաբանության ու վերլուծության զորությամբ հասկանալ, որ դրանք մեծ արժեք են կրում: Սակայն իմ երևակայության և ընդունակության սահմանները անվերջ լայնացնելու դրանց ահռելի զորությունը և ունակությունը իրականություն չի դառնում, մինչև որ համբերությամբ և հետևողականությամբ զարգացրած սովորույթը չի թույլ տալիս, որ Սուրբ Հոգին պարզաբանի և հաղորդի դրանց նշանակությունը իմ սրտին: Ես հասկացել եմ, որ երբ անկեղծ ծառայում եմ ուրիշներին, Աստված ամրացնում է իմ անձնական բնավորությունը: Նա շնորհում է Հոգու առաջնորդությունը ճանաչելու ավելի մեծ ունակություն: Ավետարանի ծրագրի հանճարը նրանում է, որ անելով այն, ինչ խորհուրդ է տալիս Տերը, մենք հասկացողություն և ունակություն ենք ստանում, որոնք անհրաժեշտ են այս կյանքում խաղաղություն և լիարժեքության զգացում ունենալու համար: Նմանապես, մենք ստանում ենք այն նախապատրաստությունը, որն անհրաժեշտ է Տիրոջ ներկայության մեջ հավերժական երջանկության համար:

Վկայությունը ամրանում է հոգևոր տպավորություններով, որոնք հաստատում են ուսուցման կամ արդար գործողության վավերականությունը: Հաճախ այդ առաջնորդությունը ուղեկցվում է զորեղ զգացմունքներով, որոնք արցունքներ են առաջացնում աչքերին և դժվարեցնում խոսելը: Բայց վկայությունը զգացմունք չէ: Դա բնավորության էությունն է, որ գործված է անհամար ճիշտ որոշումների թելերով: Այդ ընտրությունները կատարվում են վստահելի հավատով նրա հանդեպ, ինչին հավատում են, և, առնվազն սկզբում, անտեսանելի են: Ամուր վկայությունը խաղաղություն, մխիթարություն և վստահություն է պարգևում: Այն առաջ է բերում համոզմունք, որ եթե մշտապես հետևես Փրկչի ուսմունքներին, կյանքը սքանչելի կլինի, ապագան ապահով, իսկ ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու համար ունակություն կտրվի: Վկայությունը աճում է ճշմարտությունը հասկանալու, աղոթելու և սուրբ գրքերի վարդապետության շուրջ խորհելու արդյունքում: Այն սնուցվում է, եթե ապրում ես այդ ճշմարտություններով, ամուր վստահություն ունենալով, որ խոստացված նպատակները կիրականանան:

Ձեր վկայությունը կամրանա, եթե պատրաստակամ հնազանդվեք տասանորդի օրենքին, և կատարեք ծոմի նվիրատվությունները, և Տերը մեծապես կօրհնի ձեզ դրա դիմաց: Ձեր բնավորության ամրացման հետ մեկտեղ Սատանան կաշխատի ավելի մեծ ջանքեր գործադրել՝ ձեզ գայթակղելու համար: Դիմակայեք նրա ջանքերին: Դուք կդառնաք ավելի ամուր, իսկ նրա ազդեցությունը ձեզ վրա կթուլանա:

Աշխարհում Սատանայի աճող ազդեցությունը թույլ է տրվում, որպեսզի միջավայր ստեղծվի, որտեղ մենք կարող ենք դրսևորել մեզ: Թեև այսօր նա խառնաշփոթ է ստեղծում, Սատանայի վերջնական ճակատագիրը որոշված է Հիսուս Քրիստոսի միջոցով՝ Նրա Քավության և Հարության շնորհիվ: Դևը հաղթանակ չի տոնի: Անգամ հիմա նա ստիպված է գործել այն սահմանների մեջ, որոնք դրել է Տերը: Նա չի կարող վերցնել որևէ օրհնություն, որը վաստակվել է: Նա չի կարող փոփոխել այն բնավորությունը, որը ձուլվել է ճիշտ որոշումներից: Նա զորություն չունի կործանելու ամուսնու, կնոջ և երեխաների միջև սուրբ տաճարում ստեղծած հավերժական կապերը: Նա չի կարող հանգցնել իսկական հավատը: Նա չի կարող վերցնել ձեր վկայությունը: Այո, այս ամենը կարելի է կորցնել, կուլ գնալով նրա գայթակղություններին: Բայց նա ինքնուրույն չունի դրանք կործանելու զորությունը:

Որպես ամփոփում.

  • Աստված օգտագործում է ձեր հավատը ձեր բնավորությունը ձևավորելու համար:

  • Բնավորությունը նրա արտացոլումն է, ինչ դուք դառնում եք:

  • Ամուր բնավորությունը կերտվում է հետևողական ճիշտ ընտրությունների արդյունքում:

  • Բնավորության հիմքը ամբողջականությունն է:

  • Որքան շատ է ձեր բնավորությունն ամրանում, այնքան մեծ ունակություն եք դուք ունենում գործածելու հավատի զորությունը:

Խոնարհությունը այն հատկանիշն է, որը թույլ է տալիս մեզ ուսուցանվել ի վերուստ՝ Հոգու միջոցով, կամ այն աղբյուրներից, որոնք ներշնչված են Տիրոջ կողմից, ինչպիսին են՝ սսուրբ գրությունները և մարգարեների խոսքերը: Խոնարհությունը արժեքավոր պարարտ հող է արդար բնավորության համար: Դրանում աճում են անձնական զարգացման սերմերը: Եթե այդ սերմերը սնվեն գործնական հավատով, ապաշխարությամբ և ամրացվեն հնազանդությամբ և բարի գործերով, ապա առաջ կբերեն հոգևոր ուղղության բաղձալի պտուղը: Ապա հետևում են աստվածային ոգեշնչումը և զորությունը՝ ոգեշնչումը՝ իմանալու Տիրոջ կամքը, զորությունը՝ ունակություն ունենալու իրականացնելու այդ ոգեշնչված կամքը:

Թույլ տվեք կիսվել չորս սկզբունքներով, որոնք խաղաղության և երջանկության խորագույն զգացումներն են պարգևել ինձ կյանքում: Տերը սահմանել է այդ անկյունաքարերը Իր հավերժական ծրագրում, և յուրաքանչյուրը կարևոր է: Բոլորը միասին և ներդաշնակ են գործում, ամրացնելով մեկմեկու: Երբ դրանք կիրառվում են ջանասիրությամբ և հետևողականությամբ, ապա ուժ են հաղորդում բնավորությանը, մեծացնում են կյանքի դժվարությունները երջանկության քայլերի վերածելու ունակությունը, այժմ և հավիտյան: Դրանք են.

  • Հավատը Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա ծրագրի հանդեպ, որը պարգևում է նվաճելու զորություն:

  • Ապաշխարությունը՝ կատարելու կամ չկատարելու դեպքում սխալների հետևանքները ուղղելու համար:

  • Հնազանդությունը Տիրոջ պատվիրաններին՝ մեր կյանքում ուժ և ուղղություն ապահովելու համար:

  • Անձնատուր ծառայությունը՝ ուրիշների կյանքը հարստացնելու համար:

Եթե դուք որոշել եք արդար կյանքով ապրել, մի վհատվեք: Կյանքը այժմ կարող է դժվար թվալ, բայց ամուր բռնեք ճշմարտության երկաթե ձողից: Դուք ավելի մեծ առաջընթաց եք ապրում, քան պատկերացնում եք: Ձեր պայքարը ձևավորում է բնավորություն, կարգապահություն և վստահություն ձեր Երկնային Հոր և Փրկչի խոստումների նկատմամբ, եթե դուք շարունակ հետևեք Նրանց պատվիրաններին: Թող Սուրբ Հոգին հուշի ձեզ միշտ կատարել այնպիսի որոշումներ, որոնք կամրացնեն ձեր բնավորությունը և մեծ ուրախություն և երջանկություն կպարգևեն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: