2010
Նա սովորեցնում է մեզ հանել բնական մարդուն
Նոյեմբեր 2010


Նա սովորեցնում է մեզ հանել բնական մարդուն

Ես վկայում եմ Փրկչի Քավության իրականության համար, որը մաքրում, զտում և սրբացնում է մեզ ու մեր տները:

Նկար
Elder Juan A. Uceda

Մի առավոտ, ինչպես միշտ, մի ընտանիք հավաքվեց ուսումնասիրելու սուրբ գրությունները: Երբ նրանք հավաքվեցին, հայրը բացասական հոգի զգաց. ընտանիքի որոշ անդամներ ուրախ չէին մասնակցության համար: Նրանք աղոթեցին ընտանիքով, և երբ սկսեցին կարդալ, հայրը նկատեց, որ երեխաներից մեկը իր հետ չուներ իր անձնական սուրբ գրությունները: Նա հրավիրեց նրան գնալ իր սենյակ և բերել իր սուրբ գրությունները: Նա դժկամորեն արեց դա և որոշ ժամանակ անց, որը հավերժություն թվաց, նա վերադարձավ, նստեց և ասաց. «Մենք իսկապես պիտի սա հիմա՞ անենք»:

Հայրն ինքն իրեն մտածեց, որ ամեն արդարության թշնամին ուզում էր խնդիրներ առաջացնել, որպեսզի նրանք չուսումնասիրեին սուրբ գրությունները: Հայրը, փորձելով անվրդով մնալ, ասաց. «Այո, մենք պետք է հիմա սա անենք. որովհետև սա այն է, ինչ Տերն ուզում է, որ մենք անենք»:

Նա պատասխանեց. «Ես իրոք չեմ ուզում հիմա սա անել»:

Այնուհետև հայրը կորցրեց իր համբերությունը, բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Սա իմ տունն է և մենք միշտ կկարդանք սուրբ գրությունները իմ տանը»:

Նրա ձայնի տոնն ու բարձրությունը վիրավորեցին աղջկան և իր սուրբ գրությունները ձեռքին նա հեռացավ ընտանեկան շրջանից, վազեց իր ննջասենյակ և շրխկացնելով փակեց դուռը: Այսպիսով ավարտվեց սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը. տանը չէր զգացվում ոչ ներդաշնակություն, ոչ էլ մի փոքր սեր:

Հայրը գիտեր, որ սխալ էր վարվել, ուստի նա գնաց իր իսկ ննջասենյակը և ծնկի իջավ աղոթելու: Նա օգնություն էր աղերսում Տիրոջից՝ իմանալով, որ վիրավորել էր Նրա զավակներից մեկին, դստերը, որին նա իրոք սիրում էր: Նա աղաչում էր Տիրոջը տանը վերականգնել սիրո ու ներդաշնակության հոգին և հնարավորություն տալ նրանց շարունակել ընտանիքով սուրբ գրությունների ուսումնասիրությունըք: Մինչ նա աղոթում էր, մի միտք ծագեց նրա մեջ. «Գնա և ասա՝ ներողություն»: Նա շարունակում էր անկեղծորեն աղոթել, խնդրելով, որ Տիրոջ Հոգին վերադառնար իր տուն: Կրկին անգամ միտքը եկավ. «Գնա և ասա՝ ներողություն»:

Նա իրոք ուզում էր լինել լավ հայր և անել այն, ինչը ճիշտ էր, ուստի նա կանգնեց ու գնաց իր դստեր ննջասենյակ: Նա զգուշությամբ թակեց դուռը մի քանի անգամ: Պատասխան չկար: Ուստի, նա դանդաղ բացեց դուռը և գտավ իր աղջկան, հեկեկալիս ու լալիս իր մահճակալի վրա: Նա ծնկի իջավ նրա կողքին և ասաց մեղմ ու քնքուշ ձայնով. «Ներիր ինձ, ես ներողություն եմ խնդրում իմ արածի համար»: Նա կրկնեց. «Ներիր ինձ, ես սիրում եմ քեզ, և ես չեմ ուզում քեզ նեղացնել»: Եվ այնուհետև երեխայի բերանից հնչեց այն դասը, որը Տերը ուզում էր նրան սովորեցնել:

Նա դադարեց լաց լինել և կարճատև լռությունից հետո նա վերցրեց իր սուրբ գրությունները իր ձեռքերի մեջ և սկսեց փնտրել որոշ հատվածներ: Հայրը դիտում էր, մինչ այդ անմեղ ու նուրբ ձեռքերը էջ առ էջ թերթում էին սուրբ գրությունները: Նա հասավ իր փնտրած հատվածներին և մեղմ ձայնով սկսեց շատ դանդաղ կարդալ. «Քանզի բնական մարդը Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին որոնք տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:1

Մահճակալի կողքին ծնկի իջած, նա զգաց, ինչպես խոնարհությունը պատեց իրեն և նա մտածեց. «Այդ սուրբ գրությունը գրված է ինձ համար: Նա մեծ դաս սովորեցրեց ինձ»:

Այնուհետև նա նայեց նրան ու ասց. «Ներիր ինձ, ներիր ինձ, հայրիկ»:

Այդ պահին հայրը հասկացավ, որ աղջիկը այդ հատվածը կարդաց ոչ թե հոր, այլ իր վերաբերյալ: Նա պարզեց իր ձեռքերը ու գրկեց աղջկան: Սերն ու ներդաշնակությունը վերականգնվեցին հաշտության այդ քաղցր պահին՝ ծնված Աստծո խոսքից ու Սուրբ Հոգուց: Այդ սուրբ գրությունը, որը նրա դուստրը հիշել էր սուրբ գրությունների իր անձնական ուսումնասիրություններից, դիպավ նրա սրտին Սուրբ Հոգու կրակով:

Իմ սիրելի եղբայրներ, մեր տունը պիտի այնպիսի վայրեր լինեն, որտեղ Սուրբ Հոգին կարող է բնակվել. «Միայն տունը կարող է իր սրբությամբ համեմատվել տաճարի հետ»:2 Մեր տներում տեղ չկա բնական մարդու համար: Բնական մարդը հակված է «քողարկել [իր] մեղքերը կամ գոհացնել [իր] հպարտությունը, [իր] ունայն փառասիրությունը կամ իշխանությունը, տիրապետություն կամ էլ հարկադրանք է գործադրում մարդկանց զավակների հոգիների վրա, [և երբ նա գործում է] անիրավության որևէ աստիճանով, ահա, երկինքները ետ են քաշվում. Տիրոջ Հոգին տրտմում է. և երբ այն ետ է քաշվում, Ամե՛ն այդ մարդու քահանայությանը կամ իշխանությանը»:3

Մենք, որ կրում ենք Ահարոնյան ու Մելքիսեդեկյան Քահանայություն, պետք է միշտ հիշենք, որ «ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ, միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով. բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության»:4

Վիճաբանությունները հեռանում են մեր տներից ու մեր կյանքից, երբ մենք ջանում ենք ապրել քրիստոսանման հատկանիշներով: «Եվ դուք նույնպես պետք է ներեք մեկդ մյուսին ձեր զանցանքները, քանզի, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ նա, որ չի ներում իր մերձավորի զանցանքները, երբ նա ասում է, որ ինքն ապաշխարում է, նույնը դատապարտության տակ է բերում իրեն»:5 «Ներիր ինձ, ներիր ինձ, հայրիկ»:

Տեր Հիսուս Քրիստոսը, որ Խաղաղության Իշխանն է, սովորեցնում է մեզ ինչպես հաստատել խաղաղություն մեր տներում:

Նա սովորեցնում է մեզ հնազանդ լինել, կամ այլ կերպ ասած, տեղի տալ Տիրոջ կամքին ու զորությանը: «Գնա և ասա՝ ներիր ինձ»:

Նա սովորեցնում է մեզ հեզ լինել, կամ այլ կերպ ասած, լինել «մեղմ. քնքուշ. նուրբ. հեշտորեն չգրգռվող կամ բորբոքվող. Զիջող. վիրավորանքները տանող»:6

Նա սովորեցնում է մեզ լինել խոնարհ, կամ, այլ կերպ ասած, «սիրալիր. պարկեշտ. հնազանդ. չլինել հպարտ, գոռոզ, ամբարտավան կամ ենթադրող»:7

«Ներիր ինձ, ես ներողություն եմ խնդրում իմ արածի համար»:

Նա սովորեցնում է մեզ լինել համբերատար, կամ, այլ կերպ ասած, «կարողանալ դիմակայել չարին՝ առանց տրտնջալու կամ նեղսրտվելու» կամ «հանգիստ լինել՝ տանելով վիրավորանքներ կամ անարգանքներ»:8

Նա սովորեցնում է մեզ լցված լինել սիրով: «Ես սիրում եմ քեզ, և ես չեմ ուզում քեզ նեղացնել»:

Այո, իմ սիրելի եղբայրներ, Նա սովորեցնում է մեզ հանել բնական մարդուն, ինչպես այս պատմության մեջ հայրը, ով օգնություն էր աղերսում Տիրոջից: Այո, ճիշտ ինչպես հայրը գրկեց իր դստերը իր սիրո բազուկներով, նույն ձևով Փրկիչն է պարզում իր բազուկները մեզ գրկելու համար մեր ճշմարիտ ապաշխարության ժամանակ:

Նա սովորեցնում է մեզ սուրբ դառնալ Տեր Քրիստոսի Քավության միջոցով: Եվ հետո մենք կհաշտվենք Աստծո հետ և կդառնանք ընկերներ Աստծո համար: Ես վկայում եմ Փրկչի Քավության իրականության համար, որը մաքրում, զտում և սրբացնում է մեզ ու մեր տները, երբ մենք ջանում ենք հանել բնական մարդուն և հետևել Նրան:

Նա «Աստծո Գառն է»,9 Նա է «Սուրբն ու արդարը»,10 «եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան Իշխան»:11 Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: