2010
Կայուն ու հաստատուն
նախորդ հաջորդ

Կայուն ու հաստատուն

Եթե մենք հավատարիմ լինենք և համբերենք մինչև վերջ, մենք կստանանք Երկնային Հոր բոլոր օրհնությունները, նույնիսկ հավերժական կյանքը ու վեհացումը:

Silvia H. Allred

Ես շնորհակալ եմ աշխարհով մեկ հավատարիմ կանանց այս հանդիպման մասը լինելու համար: Տարբեր երկրներում ես հանդիպել եմ ձեզանից հազարավորներին: Ձեր հավատարմությունն ու նվիրվածությունը ամրացրել են ինձ: Ձեր բարության օրինակներն ու ավետարանի հանդեպ պարտավորությունը ոգեշնչել են ինձ: Ձեր անձնվեր ծառայության անխոս գործերը և ձեր վկայության բառերն ու վստահությունը խոնարհեցրել են ինձ:

Այս երեկո ես ձեզանից յուրաքանչյուրին կտամ այն նույն հարցերը, որոնք տվել եմ ձեզանից շատերին մեր զրույցների ընթացքում:

  1. Ի՞նչն է ձեզ օգնում կայուն ու հաստատուն լինել, երբ դուք հանդիպում եք դժվարությունների, որոնք փորձում են ձեր հավատը:

  2. Ի՞նչն է ձեզ հուսադրում փորձության ու դժբախտության ընթացքում:

  3. Ի՞նչն է ձեզ օգնում համբերել և դառնալ Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:

Ձեր տված պատասխաններից մի քանիսը ներառում են.

  1. Ձեր գիտելիքը, որ Երկնային Հայրը սիրում է ձեզ ու հոգում է ձեզ համար:

  2. Ձեր հույսը, որ Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության միջոցով հավատարիմներին խոստացված բոլոր օրհնությունները կիրագործվեն:

  3. Ձեր գիտելիքները փրկության ծրագրի վերաբերյալ:

Իմ այսօրվա ուղերձը կծավալվի այս պնդումների շուրջ, որոնք բխել են ձեր սրտից:

Հռովմայեցիս 8.16-ում ասվում է. «Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք»:1 Առաջին անգամ ես հիշում եմ ամենայն համոզվածությամբ զգացել եմ, որ Երկնային Հայրը գիտի ինձ, սիրում է ինձ և հոգում է իմ մասին 15 տարեկան հասակում մկրտության ջրերը մտնելիս: Մինչ այդ ես գիտեի, որ Աստված գոյություն ուներ և Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն էր: Ես հավատում և սիրում էի Նրանց, բայց երբեք չէի զգացել Նրանց սերն ու հոգատարությունը իմ հանդեպ անհատապես, մինչ այդ օրը, երբ ես հրճվում էի մկրտության ուխտ կապելու հնարավորությամբ:

Ես հասկանում էի, թե ինչ մեծ հրաշք էր, որ միսիոներները գտան ու սովորեցրեցին ինձ, հատկապես ունենալով մի բուռ միսիոներներ երկու միլիոն մարդկանց մեջ: Այդ ժամանակ ես հասկացա, որ Երկնային Հայրը գիտի ինձ և այնքան հատուկ ձևով է ինձ սիրում, որ առաջնորդեց միսիոներներին իմ տուն:

Այժմ ես գիտեմ, որ Աստված սիրո Աստված է: Սա ճշմարիտ է, որովհետև մենք Նրա զավակներն ենք և Նա ցանկանում է, որ մենք բոլորս ունենանք ուրախություն և հավերժական երջանկություն: Նրա գործը և Նրա փառքը կայանում են նրանում, որ մենք կարողանանք ունենալ անմահություն և հավերժական կյանք:1 Ահա, թե ինչու Նա մեզ համար նախապատրաստեց հավերժական երջանկության ծրագիրը: Մեր կյանքի նպատակն է հասնել հավերժական կյանքին, վեհաանալ և օգնել ուրիշներին նույնն անել: Նա ստեղծեց այս աշխարհը մեզ համար, որ մենք ստանանք ֆիզիկական մարմիններ և մեր հավատքը փորձվի: Նա մեզ տվեց ազատ ընտրության թանկարժեք պարգևը, որի միջոցով մենք կարող ենք ընտրել հավերժական երջանկության տանող արահետը: Երկնային Հոր փրկագնման ծրագիրը ձեր և իմ համար է: Այն Նրա բոլոր զավակների համար է:

«Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. Արու եւ էգ ստեղծեց նորանց:

Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը»:2

«Եվ նա պատվիրաններ տվեց նրանց, որ նրանք պետք է երկրպագեն Տիրոջը՝ իրենց Աստծուն: … Եվ Ադամը հնազանդ էր Տիրոջ պատվիրաններին»:3

Ադամն ու Եվան երեխաներ բերեցին և ծրագիրը շարունակվեց իրագործվել:

Ես գիտեմ, որ մեզանից յուրաքանչյուրը որպես Աստծո դուստր էական ու կարևոր նշանակություն ունի: Նա Իր դուստրերին շնորհել է աստվածային հատկանիշներ Իր աշխատանքն առաջ տանելու նպատակով: Աստված կանանց է վստահել երեխաներ ունենալու և նրանց խնամելու սուրբ աշխատանքը: Ուրիշ ոչ մի աշխատանք ավելի կարևոր չի: Այն սուրբ կոչում է: Կնոջ վեհ գործը հավերժական ընտանիքներ ստեղծելու սուրբ աշխատանքն է՝ իր ամուսնու լավագույն ընկերակցությամբ:

Ես գիտեմ, որ մեր որոշ քույրեր դեռևս չեն ստացել ամուսնության և երեխաներ ունենալու օրհնությունները: Ես հավատացնում եմ ձեզ, որ իր ժամանակին դուք կստանաք հավատարիմներին խոստացված բոլոր օրհնությունները: Դուք պետք է «առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն և համբերեք մինչև վերջ հավերժական կյանք ունենալու համար»:4 Հավերժության տեսանկյունից օրհնությունների բացակայությունը «կտևի միայն մի փոքր պահ»:5

Բացի դրանից, պարտադիր չէ ամուսնացած լինել պատվիրանները պահելու և ընտանիքների, ընկերների ու հարևանների հանդեպ հոգատար լինելու համար: Ձեր պարգևները, տաղանդները, հմտությունները և հոգևոր ուժերը շատ անհրաժեշտ են արքայությունը կառուցելու համար: Այս կարևոր պարտականությունների կատարման հարցում Տերը վստահում է ձեր պատրաստակամությանը:

Տերն ասում է.

«Ես քեզ չեմ մոռանալ:

Ահա ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ»:6

Տերը սիրում է ձեզ: Նա գիտի ձեր հույսերն ու ձեր հիասթափությունները: Նա ձեզ չի մոռանա, որովհետև ձեր ցավերն ու ձեր տառապանքները մշտապես Նրա առջև են:

Մեր հանդեպ Աստծո սիրո մեծագույն արտահայտումը Նրա պատրաստակամությունն էր ուղարկել Իր սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեր մեղքերը քավելու համար, մեր Փրկիչն ու Քավիչը լինելու համար:

Հովհաննես 3.16 -ում մենք կարդում ենք. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»:

Փրկիչն ասում է. «Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի»:7

Զոհաբերվող գառը լինելու Հիսուս Քրիստոսի պատրաստակամությունը Հոր հանդեպ Նրա սիրո և մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Նրա անսահման սիրո արտահայտումն էր:

Եսայիան նկարագրում է Փրկչի տառապանքը.

«Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ …

Նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցավ … եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք»:8

Տերն Ինքը հայտարարել է. «Ես, Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն»:9

Նա կոտրեց մահվան կապանքները և ամբողջ մարդկության համար հարությունը հնարավոր դարձրեց: Նա մեզ տվեց անմահության պարգևը:

Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց մեր մեղքերը, տառապեց և մահացավ արդարության պահանջները բավարարելու համար, որպեսզի մենք չտառապենք, եթե ապաշխարենք:

Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկիչ ընդունելը մենք ցուցադրում ենք, երբ դնում ենք մեր հավատը Նրա վրա, ապաշխարում ենք մեր մեղքերից և ստանում ենք Աստծո ներկայության մեջ մտնելու համար պահանջվող փրկող արարողությունները: Այս փրկող արարողությունները մեր կապած ուխտերի խորհրդանիշներն են: Նրա օրենքներին ու պատվիրաններին հնազանդվելու ուխտերը կապում են մեզ Աստծո հետ և ուժեղացնում մեր հավատքը: Քրիստոսում մեր հավատքն ու կայունությունը մեզ կտան անհրաժեշտ քաջություն և վստահություն կյանքի դժվարություններին դիմակայելու համար, որոնք մեր մահկանացու փորձառության մասն են:

1992 թ. որպես Պարագվայ Ասունսիոն Միսիայի նախագահ ամուսնուս կանչվելուց կարճ ժամանակ անց մենք այցելեցինք ճյուղի համաժողովին Պարագվայ Չակոյում՝ մեկուսի հասարակության մեջ:10 Մենք ճամփորդում էինք չորս ժամ սալարկված ճանապարհով և ևս յոթ ժամ հին ճանապարհով: Երկար ճամփորդության վտանգներն ու անհարմարությունները շուտով մոռացվեցին, երբ մենք ողջունեցինք Միստորալի ուրախ ու հյուրընկալ անդամներին:

Ջուլիո Յեգրոսը՝ ճյուղի երիտասարդ նախագահը և նրա կինը՝ Մարգարիտան, մի քանի ընտանիքներից մեկն էին, ովքեր կնքված էին տաճարում: Ես խնդրեցի նրանց կիսվել իրենց դեպի տաճար ճանապարհորդության փորձառությամբ:

Այդ ժամանակ ամենամոտ տաճարը Արգենտինայի Բուենոս Այրես Տաճարն էր: Միստորալից դեպի տաճար ուղևորությունը պահանջում էր 27 ժամ և նրանք գնացել էին իրենց երկու փոքր երեխաների հետ: Ցուրտ ձմեռ էր, սակայն մեծ զոհաբերությամբ նրանք հասան տաճար և կնքվեցին միասին որպես հավերժական ընտանիք: Հետադարձի ճանապարհին նրանց երկու երեխաները ծանր հիվանդացան ու մահացան: Նրանք ճանապարհին թաղեցին իրենց երեխաներին և դատարկաձեռն վերադարձան տուն: Նրանք տխուր ու միայնակ էին, սակայն, զարմանալիորեն, մխիթարություն ու խաղաղություն զգացին: Այս փորձառության մասին նրանք ասել են. «Մեր երեխաները կնքվել էին մեզ հետ Տիրոջ տանը: Մենք գիտեինք, որ նրանք կրկին մեր հետ կլինեին ամբողջ հավերժության մեջ: Այս գիտելիքը մեզ խաղաղություն ու մխիթարություն տվեց: Մենք պետք է արժանի ու հավատարիմ մնանք տաճարում կապած ուխտերին և այդ ժամանակ մենք կրկին կմիանանք նրանց հետ»:

Ինչպե՞ս ենք մենք մեծացնում մեր հավատն ու հույսը՝ Պարագվայի այս հավատարիմ անդամներին նմանվելու համար:

Ինչպե՞ս ենք մենք ամրացնում մեր համոզմունքը նրանում, ինչ ես լսում եմ կրկին ու կրկին ձեզանից շատերից, որ դուք հավատում եք, որ Աստված սիրում է ձեզ, որ դուք վստահում եք, որ կստանաք Նրա օրհնությունները, և որ դուք հասկանում եք Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագնման ծրագիրը և ձեր կարևոր մասը Նրա ծրագրում:

Ես չորս խորհուրդ կտամ, որոնք օգնել են ինձ. աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն, հնազանդություն և ծառայություն:

Աղոթք

Աղոթքը Երկնային Հոր հետ հաղորդակցվելու գործողություն է: Երբ մենք աղոթում ենք, մենք հաստատում ենք մեր հավատքն առ Նա և մեզ օրհնելու Նրա զորությունը:

Ալմա 37.37 -ում մենք կարդում ենք. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար. այո, երբ դու պառկես գիշերը, պառկիր ի Տերը, որ նա կարողանա հսկել քեզ քնիդ մեջ, և երբ դու վեր կենաս առավոտյան, թող քո սիրտը լի լինի գոհությամբ առ Աստված. և եթե դու անես այս բաները, դու պիտի բարձրացվես վերջին օրը»:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Երկնային Հոր ծրագրի գիտելիքն ու հասկացողությունը, օգնում են մեզ իմանալ, թե ով ենք մենք և ինչ պիտի դառնանք:

Տերը պատվիրել է. «Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են»:11

Յուրաքանչյուր կնոջ համար խիստ անհրաժեշտ է, որ ուսումնասիրի սուրբ գրությունները: Երբ մենք ավելի լավ ենք ծանոթանում սուրբ գրությունների ճշմարտություններին, մենք հնարավորություն ենք ունենում կիրառելու դրանք մեր կյանքում և ավելի մեծ զորություն ենք ունենում իրականացնելու Աստծո նպատակները: Ամենօրյա անձնական աղոթքն ու սուրբ գրությունների ուսումնասիրությունը նույնպես հրավիրում են Սուրբ Հոգու ազդեցությունն ու զորությունը մեր կյանք:

Հնազանդություն

Տերն ասում է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատուիրանքները պահեցէք»:12 Մեր հավատարիմ հնազանդությունը կօգնի մեզ զարգացնել աստվածային հատկանիշներ և փոխել մեր սրտերը:

Վարդապետություններ և Ուխտերում մեզ խորհուրդ է տրվում.

«Ուստի, բարձրացրու սիրտդ և ցնծա: …

Հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես»:13

Ավետարանով ապրելու մեր պարտավորվածությունը սնում է մեր հավատն ու հույսը առ Հիսուս Քրիստոս:

Ծառայություն

Մենք Նրան ծառայելու բազմաթիվ հնարավորություններ ունենք: Յուրաքանչյուր քրոջ խնդրել են գտնել և օգնել մեր մեջ և շուրջը աղքատին ու կարիքավորին: «Աղքատն ու կարիքավորը» ընդգրկում են նաև հոգևոր և հուզական կարիքները: Յուրաքանչյուրը պարտավորվել է նաև «ծառայել մեր մահացածներին», ինչը կարող է արվել ընտանեկան պատմության կամ տաճարային աշխատանք կատարելով: Մեզ պատվիրվել է ուրիշների հետ կիսվել ավետարանով և շատ ճանապարհներ կան միսիոներական աշխատանքին մասնակցելու համար: Այս ամենը ճանապարհներ են, որոնցով մենք կարող ենք ծառայել Տիրոջը: Մեր Երկնային Հայրն ակնկալում է, որ նրանք, ովքեր ուժեղ են, ամրացնեն թույլերին: Եվ ձեր իսկ հավատը կամրանա՝ մինչ դուք կամրացնեք և կհոգաք Իր զավակների համար:

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կատարելապես, անհատապես և մշտապես սիրում է Իր յուրաքանչյուր զավակին: Ես գիտեմ, որ որպես կանայք մենք երջանկության ծրագրի էական մասն ենք կազմում: Մեր լավագույն ջանքերն այն ամենն են, ինչ Նա պահանջում է մեզանից և ինչի կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրը թագավորությունը կառուցելու համար: Քավությունն իրական է: Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է: Ես վկայում եմ, որ եթե մենք հավատարիմ լինենք և համբերենք մինչև վերջ, մենք կստանանք Երկնային Հոր բոլոր օրհնությունները, նույնիսկ հավերժական կյանքը ու վեհացումը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: