2010
Ամենակարևոր բաների մասին
Նոյեմբեր 2010


Ամենակարևոր բաների մասին

Եթե կյանքը և կյանքի բարձր արագությունը, բազմաթիվ ճնշումները չեն թողնում ձեզ ուրախանալ, ապա մի գուցե լավագույն ժամանակն է կենտրոնացնելու ձեր կյանքը այն բաների վրա, որոնք առավել կարևոր են:

Նկար
President Dieter F. Uchtdorf

Անհավատալի է, թե որքան մենք կարող ենք սովորել կյանքի մասին, ուսումնասիրելով բնությունը: Օրինակ, գիտնականները կարող են նայել ծառի բնի օղակներին և կռահել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ կլիմայի և բնական պայմանների մասին: Ծառերի աճն ուսումնասիրելիս մենք կարող ենք սովորել նաև, որ կատարյալ պայմաններ կրող եղանակներին ծառերը աճում են նորմալ արագությամբ: Իսկ այն ժամանակ, երբ աճի պայմանները կատարյալ չեն, ծառերի աճը դանդաղում է, քանի որ նրանք ծախսում են իրենց էներգիան գոյատևման համար անհրաժեշտ տարրական էլեմենտների վրա:

Այս պահին ձեզանից ոմանք կարող են մտածել. «Այդ ամենը շատ լավ է, բայց ի՞նչ կապ ունի թռչող օդանավի հետ»: Ես կասեմ ձեզ:

Դուք երբևէ նստե՞լ եք օդանավ և զգացել թափահարումը: Թափահարման հիմնական պատճառը օդային հոսանքի ուղղության կտրուկ փոփոխությունն է, որը ստիպում է անձնակազմին բարձրություն վերցնել, թեքվել և օրորվել: Թեև օդանավերը կառուցված են այնպես, որ կարող են դիմանալ շատ ավելի մեծ թափահարման, քան դուք կարող եք երբևէ զգալ սովորական թռիչքի ժամանակ, դա միևնույն է տհաճ է ուղևորներին:

Ի՞նչ են անում, ձեր կարծիքով, օդաչուները թափահարման ժամանակ: Ուսանող օդաչուն կարող է ենթադրել, որ արագության բարձրացումը լավ եղանակ է, քանի որ արագ կանցնի թափահարման միջով: Սակայն դա կարող է սխալ քայլ լինել: Արհեստավարժ օդաչուները հասկանում են, որ գոյություն ունի թափահարման ներթափանցման օպտիմալ արագություն, որը կարող է նվազագույնի հասցնել թափահարման բացասական ազդեցությունը: Եվ մեծ մասամբ դա նշանակում է իջեցնել արագությունը: Նույնը վերաբերում է նաև ճանապարհին տեղակայված արագությունը նվազեցնող հատվածներին:

Այսպիսով, դժվար իրավիճակներում լավ խորհուրդը մի փոքր արագությունը նվազեցնելն է, կայուն ուղու վրա մնալը և հիմնարար բաների վրա կենտրոնանալը:

Ժամանակակից կյանքի արագությունը

Սա հասարակ, բայց կարևոր դաս է: Ծառերի կամ թափահարման հարցում սա կարող է տրամաբանական թվալ, սակայն զարմանալի է, թե որքան հեշտությամբ այս դասը կարելի է անտեսել, երբ գործը հասնում է մեր առօրյա կյանքում այդ սկզբունքները կիրառելուն: Երբ սթրեսն ավելանում է, ճնշումը մեծանում է, երբ ողբերգությունը հարված է հասցնում, շատ հաճախ մենք փորձում ենք ընթանալ նույն ցայտնոտային արագությամբ, կամ անգամ ավելի արագ, մտածելով, թե որքան բարձր լինի մեր արագությունը, այնքան լավ կլինի մեր դրությունը:

Ժամանակակից կյանքի հատկանիշներից մեկը կարծես այն է, որ մենք շարժվում ենք անընդհատ աճող արագությամբ, անկախ ցնցումներից կամ խոչնդոտներից:

Եկեք ազնիվ լինենք, զբաղված լինելը հեշտ է: Մենք բոլորս կարող ենք ստեղծել գործերի մի ցուցակ, որը մեզ կծանրաբեռնի: Ոմանք անգամ մտածում են, որ իրենց ինքնագնահատականը կախված է իրենց գործերի ցուցակի մեծությունից: Նրանք լցնում են ժամանակի բաց տեղերը հանդիպումներով և միջոցառումներով, անգամ ճնշված և հոգնած պահերին: Քանի որ նրանք անիմաստ բարդացնում են իրենց կյանքը, հաճախ իրենց զգում են ավելի անհանգիստ, ունենում են ավելի քիչ ուրախություն և իմաստ կյանքում:

Ասում են, թե ցանկացած արժանիք, եթե հասնում է ծայրահեղության, կարող է դառնալ չարիք: Մեր օրերը չափից դուրս ծանրաբեռնելը անշուշտ դրա դրսևորումն է: Ապա գալիս է այն պահը, երբ նպատակները դառնում են բեռ և ամբիցիաներ, կանգնելով մեր կոկորդին:

Ո՞րն է լուծումը

Իմաստունները հասկանում և կիրառում են ծառերի օղակների և օդային հոսանքների դասերը: Նրանք դիմակայում են գայթակղությանը, որպեսզի կուլ չգնան առօրյա կյանքի խելահեղ ընթացքին: Նրանք հետևում են այս խորհրդին. «Կյանքում կա ավելին, քան դրա արագության բարձրացումը»:1 Կարճ ասած, նրանք կենտրոնանում են կարևոր բաների վրա:

Երեց Դալլին Հ. Օուքսը վերջերս գերագույն համաժողովին ուսուցանել է. «Մենք պետք է հրաժարվենք որոշ լավ բաներից, որպեսզի ընտրենք ավելի լավը կամ լավագույնը, որովհետև դրանք զարգացնում են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը և ամրացնում մեր ընտանիքները»:2

Լավագույն բաների որոնումները անխուսափելիորեն տանում են դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար սկզբունքները՝ հասարակ և սքանչելի ճշմարտությունները, որ հայտնվում են մեզ հոգատար, հավերժական և ամենինչ իմացող Երկնային Հոր կողմից: Այս առանցքային վարդապետությունները և սկզբունքները, թեև բավականին պարզ են, որ երեխան անգամ հասկանա, տալիս են կյանքի առավել բարդ հարցերի պատասխանը:

Պարզության մեջ կա գեղեցկություն և հստակություն, որը մենք երբեմն չենք գնահատում բարդ լուծումներ փնտրելիս:

Օրինակ, երկրի շուրջը տիեզերագնացների ուղևորություններից շատ ժամանակ չանցած պարզ դարձավ, որ գնդիկավոր գրիչները չեն աշխատում տիեզերքում: Խելացի մարդիկ սկսեցին աշխատել այդ խնդրի վրա: Հազարավոր ժամեր և միլիոնավոր դոլարներ պահանջվեցին, որպեսզի նրանք վերջապես ստեղծեին մի գրիչ, որը կարող էր գրել ցանկացած վայրում, ցանկացած ջերմաստիջանում և գրեթե ցանկացած մակերեսի վրա: Բայց ի՞նչ էին անում տիեզերագնացները, քանիդեռ խնդիրը լուծված չէր: Նրանք պարզապես մատիտ էին օգտագործում:

Լեոնարդո դա Վինչին ասել է, որ «պարզությունը բարդության վերջն է»:3 Երբ մենք դիտարկում ենք երջանկության ծրագրի, փրկության ծրագրի հիմնարար սկզբունքները, մենք դրա պարզության մեջ կարողանում ենք տեսնել և գնահատել մեր Երկնային Հոր իմաստության հմայքը և գեղեցկությունը: Նրա ճանապարհներով շարժվելը մեր իմաստության սկիզբն է դառնում:

Հիմունքների զորությունը

Ֆուտբոլի լեգենդար մարզիչ Վինս Լոմբադիի մասին պատմում են, որ մարզումների առաջին օրը նա մի ծես էր կատարում: Նա ձեռքի մեջ պահում էր գնդակը, ցույց տալով այն մարզիկներին, որոնք երկար տարիներ այդ սպորտով էին զբաղվում, և ասում էր. «Պարոնայք, սա ֆուտբորի գնդակ է»: Նա խոսում էր գնդակի չափսի և ձևի մասին, ինչպես պետք է դրան հարվածել, տանել դաշտով և փոխանցել: Նա թիմին հանում էր բաց դաշտ և ասում. «Սա ֆուտբոլի դաշտն է»: Նա նրանց հետ քայլում էր դաշտով, նկարագրելով դրա չափսերը, ձևը, կանոնները և ինչպես են խաղում այդ խաղը:4

Այդ մարզիչը գիտեր, որ անգամ այս փորձառու խաղացողները, որն իրականում թիմ էր, կարող էին վարպետներ դառնալ միայն հիմունքները կատարյալ տիրապետելուց հետո: Նրանք կարող էին ծախսել իրենց ժամանակը, վարժվելով կատարել խորամանկ հնարքներ, սակայն մինչև նրանք չսերտեին խաղի հիմունքները, երբեք չէին դառնա հաղթական թիմ:

Կարծում եմ, մեզանից շատերը բնազդաբար հասկանում են, թե որքան կարևոր են հիմունքները: Պարզապես մենք երբեմն շեղվում ենք ավելի հրապուրիչ բաներով:

Տպագրական նյութերը, լայն տարածում գտած լրատվամիջոցները, էլեկտրոնային գործիքները և հնարքները, բոլորը օգտակար են, եթե ճիշտ գործածվեն, սակայն կարող են դառնալ ցավալի շեղումներ կամ մեկուսացման անտարբեր վայրեր:

Ձայների և ընտրությունների բազմազանության մեջ, խոնարհ Գալիլեացին պարզում է իր ձեռքերը դեպի մեզ: Նրա ուղերձը հասարակ է. «Ինձ հետևիր»:5 Եվ Նա չի խոսում հզոր բարձրախոսով, այլ ցածր և մեղմ ձայնով:6 Այնքան հեշտ է, որ ավետարանի հիմնական ուղերձը կորչի տեղեկատվական հեղեղի մեջ, որ թափվում է մեզ վրա բոլոր կողմերից:

Սուրբ գրությունները և կենդանի մարգարեների խոսքերը շեշտում են ավետարանի հիմնարար սկզբունքները և վարդապետությունները: Մենք վերադառնում ենք այդ հիմնարար սկզբունքներին, մաքուր վարդապետություններին, որովհետև դրանք խորիմաստ ճշմարտությունների դարպասներ են: Դրանք դռներ են դեպի բարձրագույն կարևորություն ունեցող փորձառությունները, որոնք այլապես անհասանելի կլինեին մեր հասկացողության համար: Այս պարզ, հիմնարար սկզբունքները Աստծո և մարդու հետ ներդաշնակության մեջ ապրելու բանալին են: Դրանք երկնքի պատուհանները բացող բանալիներն են: Դրանք տանում են մեզ դեպի խաղաղություն, ուրախություն և հասկացողություն, որոնք Երկնային Հայրը խոստացել է Իր զավակներին, որոնք լսում և հնազանդվում են Իրեն:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մեզ համար լավ կլինի, եթե մի փոքր դանդաղենք, ընթանանք մեր հանգամանքների համար օպտիմալ արագությամբ, կենտրոնանանք կարևորի վրա, բարձրացնենք մեր աչքերը և իսկապես տեսնենք այն բաները, որոնք առավել կարևոր են: Եկեք ուշադիր լինենք Իր զավակներին տված մեր Երկնային Հոր հիմնարար սկզբունքների նկատմամբ, որոնք կհանդիսանան հարուստ և արդյունավետ մահկանացու կյանքի հիմքը՝ հավերժական երջանկության խոստման հետ միասին: «Նրանք կսովորեցնեն մեզ, որ բոլոր այս բաներն արվեն իմաստությամբ և կարգով. քանզի հարկավոր չէ, որ մարդ վազի ավելի արագ, քան ինքն ուժ ունի: Եվ բացի այդ, անհրաժեշտ է, որ նա ջանասեր լինի, որ այդպիսով նա կարողանա նվաճել մրցանակը»:7

Եղբայրներ և քույրեր, ջանասիրաբար անելով այն, ինչն առավել կարևոր է, մենք կգնանք դեպի աշխարհի Փրկիչը: Այդ պատճառով է, որ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, ուրախանում ենք Քրիստոսով, քարոզում ենք Քրիստոսի մասին, մարգարեանում են Քրիստոսի մասին, որպեսզի իմանանք թե ինչ աղբյուրի դիմենք մեր մեղքերի թողության համար:8 Ժամանակակից կյանքի բարդության, խառնաշփոթի և արագընթացի մեջ դա «էլ ավելի գերազանց ճանապարհ» է:9

Այսպիսով, որո՞նք են հիմունքները

Երբ մենք դիմում ենք Երկնային Հորը և փնտրում Նրա իմաստությունը առավել կարևոր բաների վերաբերյալ, մենք կրկին ու կրկին սովորում ենք չորս հիմնական հարաբերությունների կարևորության մասին՝ Մեր Աստծո, մեր ընտանիքների, մեր մերձավորների և ինքներս մեզ հետ: Գնահատելով մեր սեփական կյանքը պատրաստակամ մտքով, մենք կտեսնենք, թե որտեղ ենք շեղվել առավել հիանալի ճանապարհից: Մեր հասկացողության աչքերը կբացվեն և մենք կհասկանանք, թե ինչ պետք է արվի՝ մեր սիրտը մաքրելու և կյանքի կենտրոնացումը փոխելու համար:

Առաջին, Աստծո հետ մեր հարաբերությունները առավել սուրբ և կարևոր են: Մենք Նրա հոգևոր զավակներն ենք: Նա մեր Հայրն է: Նա ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Փնտրելով Նրան, սովորելով Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին, բացելով մեր սրտերը Սուրբ Հոգու ազդեցության համար, մենք մեր կյանքը ավելի կայուն և ապահով ենք դարձնում: Մենք ունենում ենք ավելի մեծ խաղաղություն, ուրախություն և նվաճումներ, երբ մեր լավագույնը տալիս ենք՝ ապրելու համար Աստծո հավերժական ծրագրին համաձայն և պահելով Նրա պատվիրանները:

Մենք բարելավում ենք մեր Երկնային Հոր հետ մեր հարաբերությունները, սովորելով Նրա մասին, հաղորդակցվելով Նրա հետ, ապաշխարելով մեր մեղքերը և ակտիվորեն հետևելով Հիսուս Քրիստոսին, քանզի «ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով»:10 Աստծո հետ մեր հարաբերությունները ամրացնելու համար մենք պետք է Նրա հետ առանձին որոշ իմաստալից ժամանակ անցկացնենք: Լուռ կենտրոնանալով օրվա անձնական աղոթքի և սուրբ գրությունները ուսումնասիրելու վրա, միշտ աշխատելով արժանի լինել գործող տաճարային երաշխավորագիր ունենալուն, մենք մեր ժամանակի և ջանքերի իմաստուն ներդրում կունենանք մեր Երկնային Հորը ավելի մոտենալու գործում: Եկեք ուշք դարձնենք Սաղմոսի հրավերին. «Դադարեցեք և ճանաչեցեք, որ ես եմ Աստուած»:11

Մեր երկրորդ կարևոր հարաբերությունը մեր ընտանիքի հետ է: Քանի որ այս հարցում անհաջողությունը չի կարող փոխհատուցվել ոչ մի այլ տեսակի հաջողությամբ12, մենք պետք է մեծ առաջնահերթություն տանք մեր ընտանիքներին: Մենք խորը և սիրող ընտանեկան հարաբերություններ ենք կառուցում, անելով հասարակ բաներ միասին, օրինակ՝ ընտանեկան ընթրիք. Ընտանեկան երեկո, կամ պարզապես միասին ուրախ ժամանց: Ընտանեկան հարաբերություններում սերը բառացիորեն նշանակում է ժա-մա-նակ: Միմյանց ժամանակ հատկացնելը տան ներդաշնակության հիմքն է: Մենք խոսում ենք մեկս մյուսի հետ, ոչ թե մեկս մյուսի մասին: Մենք սովորում ենք մեկս մյուսից և մենք գնահատում ենք մեր տարբերությունները՝ մեր նմանությունների հետ մեկտեղ: Մենք հիմնում ենք աստվածային կապ մեկս մյուսի հետ, միասին մոտենալով Աստծուն ընտանեկան աղոթքի, ավետարանի ուսումնասիրության և կիրակի օրվա երկրպագության միջոցով:

Երրորդ կարևոր հարաբերությունը մեր մերձավորի հետ է: Մենք հարաբերություններ ենք կառուցում մեկի հետ, հետո մյուսի, զգայուն լինելով մյուսների կարիքների նկատմամբ, ծառայելով նրանց և նվիրաբերելով մեր ժամանակը և տաղանդները: Ինձ խորապես տպավորել էր մի քույր, որը տարիքի և հիվանդության խնդիրներով էր ծանրաբեռնված, սակայն, հասկանալով, որ շատ բան չի կարող անել, որոշել էր պարզապես լսել: Եվ ամեն շաբաթ նա գտնում էր մարդկանց, ովքեր անհանգիստ կամ հուսահատ տեսք ունեին, և նրանց հետ ժամանակ էր անցկացնում՝ լսելով: Ինչպիսի օրհնություն էր նա շատերի կյանքում:

Չորրորդ կարևոր հարաբերությունը ինքներս մեզ հետ է: Կարող է տարօրինակ թվալ ինքներս մեզ հետ հարաբերություններ ունենալը, սակայն դա այդպես է: Որոշ մարդիկ չենք կարողանում իրենք իրենց հետ հաշտվել: Նրանք ամբողջ օրը քննադատում և թերագնահատում են իրենց, մինչև որ սկսում են ատել իրենց: Թույլ տվեք խորհուրդ տալ ձեզ՝ պակասեցնել իրարանցումը և ավելի շատ ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչելու համար: Զբոսնեք բնության մեջ, դիտեք արևածագը, վայելեք Աստծո ստեղծածները, խորհեք վերականգնված ավետարանի ճշմարտությունների շուրջ և բացահայտեք անձամբ ձեզ համար դրանց նշանակությունը: Սովորեք ձեզ նայել այնպես, ինչպես տեսնում է Երկնային Հայրը՝ որպես աստվածային ներուժ ունեցող Նրա թանկարժեք դստեր կամ որդու:

Ուրախացեք մաքուր ավետարանով

Եղբայրներ և քույրեր, եկեք լինենք իմաստուն: Եկեք շրջվենք դեպի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետական ջրերը: Եկեք ուրախությամբ ճաշակենք դրանք, օգտվելով պարզությունից և հստակությունից: Երկինքը կրկին բաց է: Հիսուս Քրիստոսի ավետարանը կրկին երկրի վրա է, իսկ նրա պարզ ճշմարտությունները ուրախության առատ աղբյուր են:

Եղբայրներ և քույրեր, մենք իսկապես ուրախանալու մեծ պատճառ ունենք: Եթե կյանքը և կյանքի բարձր արագությունը, բազմաթիվ ճնշումները չեն թողնում ձեզ ուրախանալ, ապա մի գուցե լավագույն ժամանակն է կենտրոնացնելու ձեր կյանքը այն բաների վրա, որոնք առավել կարևոր են:

Ուժը գալիս է ոչ թե եռանդուն գործունեությունից, այլ ճշմարտության և լույսի կայուն հիմքի վրա հաստատվելուց: Դա գալիս է մեր ուշադրությունը և ջանքերը դեպի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի հիմունքները ուղղելուց: Այն գալիս է առավել կարևոր աստվածային բաների վրա ուշադրություն դարձնելուց:

Եկեք մի փոքր պարզեցնենք մեր կյանքը: Եկեք կատարենք անհրաժեշտ փոփոխությունները՝ մեր կյանքը կենտրոնացնելով կրկին Քրիստոնյա աշակերտի պարզ, խոնարհ ուղու մեծագույն գեղեցկության վրա, որը միշտ տանում է դեպի իմաստալից, ուրախ և խաղաղ կյանք: Այս մասին ես աղոթում եմ և թողնում ձեզ հետ իմ օրհնությունը, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: