2010
Եղեք քաջարի ծնողներ
նախորդ հաջորդ

Եղեք քաջարի ծնողներ

Այս վերջին օրերին աշխարհին, իրոք, պետք են քաջարի ծնողներ, որոնք չեն վախենում իրենց խոսքն ասել և իրենց դիրքորոշումն արտահայտել:

Elder Larry R. Lawrence

Այսօր ես կուզենայի խոսել դեռահասների ծնողների հետ: Ձեր պայծառ ու եռանդուն երիտասարդները Եկեղեցու ապագան են, և այդ իսկ պատճառով նրանք հակառակորդի գլխավոր թիրախն են հանդիսանում: Հավատարիմ մայրեր և հայրեր, ձեզանից շատերն այսօր լսում են համաժողովը, աղոթում են պատասխանների համար, որոնք կօգնեն ձեզ առաջնորդել ձեր երեխաներին իրենց կյանքի այս կարևոր տարիներին: Իմ մեծ թոռները վերջերս են դեռահաս դարձել, այնպես որ այս թեման իմ սրտին մոտ է: Չկան կատարյալ ծնողներ և հեշտ պատասխաններ, սակայն կան ճշմարիտ սկզբունքներ, որոնց մենք կարող ենք ապավինել:

2010թ. Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց Միացյալի թեման վերցված է Հեսուի գրքից: Այն ասում է՝ «Զորացիր և քաջ եղիր. մի վախենար» (Հեսու Ա.9): Սուրբ գրության այդ արտահայտությունը լավ թեմա կլինի նաև ծնողների համար: Այս վերջին օրերին աշխարհին, իրոք, պետք են քաջարի ծնողներ, որոնք չեն վախենում իրենց խոսքն ասել և իրենց դիրքորոշումն արտահայտել:

Մի պահ պատկերացրեք ձեր դուստրը նստած է գնացքի գծերի վրա, իսկ դուք լսում եք մոտեցող գնացքի սուլոցը: Դուք կզգուշացնեք նրան, որ հեռանա գնացքի գծերից, թե՞ կտատանվեք, մտահոգվելով, որ նա կմտածի, թե դուք չափից շատ պաշտպանող եք: Եթե նա անտեսի ձեր զգուշացումը, արդյո՞ք նրան արագ չեք հեռացնի մի ապահով վայր: Իհարկե, կհեռացնեք: Դստեր հանդեպ ձեր սերը կհաղթի մյուս բոլոր ենթադրություններին: Դուք նրա կյանքը ավելի վեր կդասեք, քան ձեր հանդեպ նրա ժամանակավոր բարյացակամությունը:

Դժվարություններն ու գայթակղությունները գալիս են մեր դեռահասների մոտ բեռնատար գնացքի արագությամբ և ուժգնությամբ: Ինչպես մեզ հիշեցվում է ընտանիքի մասին հայտարարության մեջ, ծնողները պարտավոր են պաշտպանելու իրենց երեխաներին:1 Դա նշանակում է պաշտպանել հոգևոր և ֆիզիկական առումով:

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Ալմա Կրտսերի խորհուրդը իր կամակոր որդուն: Կորիանթոնը շատ լուրջ սխալներ էր գործել Զորամացիների մեջ միսիայում ծառայելիս: Ալման սիրում էր նրան այնքան, որ ուղղակիորեն խոսեց այդ խնդրի մասին: Նա իր խորը հիասթափությունն արտահայտեց, որ որդին անբարոյական էր գտվել, և նրան բացատրեց մեղքի լուրջ հետևանքների մասին:

Ես ոգեշնչվում եմ ամեն անգամ, կարդալով Ալմայի այդ խիզախ խոսքերը. «Եվ այժմ Տիրոջ Հոգին ասում է ինձ. Պատվիրի՛ր քո զավակներին բարիք անել, … հետևաբար, ես պատվիրում եմ քեզ, որդի՛ս, Աստծո երկյուղով, որ դու ետ կանգնես քո անօրինություններից» (Ալմա 39.12): Հոր կողմից այդ վաղ միջամտությունը շրջադարձային կետ դարձավ Կորիանթոնի համար: Նա ապաշխարեց և դրանից հետո հավատարմորեն ծառայեց (տես Ալմա 42.31; 43.1–2):

Ալմայի օրինակի հակապատկերն է սուրբ գրություններից մեկ ուրիշ հայր՝ Հեղին, Հին Կտակարանից: Հեղին ծառայում էր քահանայապետ Իսրայելում այն օրերին, երբ Սամուելը մարգարե էր: Սուրբ գրությունները բացատրում են, որ Տերը նրան խստորեն նախատեց, «որ նրա որդիքը իրանց վրա անեծք են բերում, և նա չհանդիմանեց նրանց» (Ա Թագավորաց Գ.13): Հեղիի որդիները երբեք չապաշխարեցին, և ողջ Իսրայելը տառապեց նրանց քմահաճ անմտության պատճառով: Հեղիի պատմությունն ուսուցանում է մեզ, որ իրենց զավակներին սիրող ծնողները չեն հանդուրժի, որ վախենան նրանցից:

Մի քանի տարի առաջ գերագույն համաժողովին Երեց Ջո Ջ. Քրիսչենսենը հիշեցրեց մեզ, որ «ծնող լինելը սիրելի դառնալու մրցույթ չէ»:2 Նույն ոգով Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը նկատել է. «Երբեմն մենք վախենում ենք մեր երեխաներից, վախենում ենք խորհուրդ տալ նրանց, չլինի թե վիրավորենք նրանց»3

Տարիներ առաջ, մեր 17-ամյա որդին ցանկացավ իր ընկերների հետ, որոնք բոլորն էլ լավ տղաներ էին, հանգստյան օրերին գնալ կարճ ճամփորդության: Նա թույլտվություն խնդրեց գնալու: Ես ցանկանում էի ասել այո, սակայն ինչ-որ պատճառով այդ ճամփորդության հետ կապված անհանգստություն զգացի: Ես իմ զգացողություններով կիսվեցի կնոջս հետ, որը շատ աջակցող էր: «Մենք պետք է լսենք այդ զգուշացնող ձայնին», - ասաց նա:

Իհարկե, մեր որդին շատ հիասթափված էր և հարցրեց, թե ինչու չենք ուզում, որ նա գնար: Ես ազնվորեն պատասխանեցի, որ չգիտեմ ինչու: «Ես ուղղակի լավ չեմ զգում դրա համար, - բացատրեցի ես,- և ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ չեմ կարող անտեսել այդ ներքին զգացողությունը»: Ես շատ զարմացա, երբ նա ասաց. «Շատ լավ, հայրիկ, ես հասկանում եմ»:

Երիտասարդներն ավելի շատ են հասկանում, քան մենք պատկերացնում ենք, որովհետև նրանք ևս ունեն Սուրբ Հոգու պարգևը: Նրանք փորձում են ընկալել Հոգին, երբ այն խոսում է, և նրանք հետևում են մեր օրինակին: Նրանք մեզանից սովորում են ուշադրություն դարձնել իրենց հուշումներին, որ եթե նրանք «լավ չեն զգում ինչ-որ բանի համար», ավելի լավ է չկառչել դրանից:

Ամուսնինների և կանանց համար անչափ կարևոր է ծնողական որոշումներ կայացնելիս միաբան լինելը: Եթե ծնողներից մեկը լավ չի զգում ինչ-որ բանի համար, ապա թույլատրություն չպետք է տրվի: Եթե մեկը անհանգիստ է զգում կինոնկարի, հեռուստածրագրի, տեսախաղի, հավաքույթի, հագուստի, լողազգեստի կամ ինտերնետային միջոցառման վերաբերյալ, քաջություն ունեցեք աջակցել միմյանց և ասել՝ ոչ:

Կուզենայի ձեզ հետ կիսվել մի վշտահար մոր նամակով: Նրա դեռահաս որդին աստիճանաբար կորցրել էր Հոգին և Եկեղեցու ակտիվությունից հեռացել: Նա բացատրում է, թե ինչպես է դա տեղի ունեցել. «Որդուս պատանեկության տարիներին ես անհանգստանում էի և փորձում նրան թույլ չտալ խաղալ դաժան տեսախաղեր: Ես խոսեցի ամուսնուս հետ, և ցույց տվեցի Ensign-ի և օրաթերթի հոդվածները, որոնք զգուշացնում էին այդ խաղերի համար: Սակայն ամուսինս կարծում էր, դա նորմալ է: Նա ասում էր, որ մեր որդին թմրանյութեր չի օգտագործում, և չարժե այլևս անհանգստանալ: Եղել են ժամանակներ, երբ ես պահել եմ այդ խաղերի վահանակները, իսկ ամուսինս դրանք ետ է տվել: Ինձ համար ավելի հեշտ դարձավ անձնատուր լինել, քան պայքարել: Ես իրոք զգում եմ, որ այդ խաղերը թմրանյութերի պես հակում առաջացնող են: Ես ամեն ինչ կանեի, որպեսզի մյուս ծնողները չանցնեին այդ նույն փորձառության միջով»:

Եղբայրներ և քույրեր, եթե ձեր կողակիցը լավ չի զգում ինչ-որ բանի համար, հարգանքով վերաբերվեք այդ զգացողություններին: Եթե դուք բռնեք հեշտ ճանապարհը, ոչինչ չասելով և չանելով, հնարավոր է խրախուսեք կործանարար վարքը:

Ծնողները կարող են շատ գլխացավանք կանխել իրենց երեխաներին սովորեցնելով հետաձգել ռոմանտիկ հարաբերությունները, մինչև այն ժամանակը, երբ նրանք պատրաստ կլինեն ամուսնությանը: Վաղահաս տարիքում ընկեր կամ ընկերուհու հետ զույգ կազմելը վտանգավոր է: «Զույգ» կազմելը ստեղծում է էմոցիոնալ մտերմություն, որը շատ հաճախ հանգեցնում է ֆիզիկական մտերմության: Սատանան գիտի այդ հաջորդականությունը, և դա իր օգտին է ծառայեցնում: Նա կանի ամեն ինչ, որ երիտասարդ տղաներին ետ պահի միսիա ծառայելուց և կանխի տաճարային ամուսնությունները:

Կարևոր է, որ ծնողները քաջություն ունենան իրենց խոսքն ասելու և միջամտեն նախքան սատանան հաջողության կհասնի: Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ուսուցանել է. «Երբ հարցը վերաբերում է բարոյականությանը, մենք իրավունք ունենք և պարտավոր ենք մեր զգուշացնող ձայնը բարձրացնել»:4

Ես միշտ հավատացել եմ, որ իրականում ոչ մի լավ բան տեղի չի ունենում ուշ գիշերին և երիտասարդներին պետք է զգուշացնել, թե որ ժամին իրենք պետք է տուն գան:

Մեծ իմաստություն են դրսևորում այն ծնողները, ովքեր արթուն են մնում և սպասում իրենց երեխաներին, որ տուն վերադառնան: Երիտասարդ տղաներն ու աղջիկները շատ ավելի ճիշտ ընտրություններ են կատարում իմանալով, որ իրենց ծնողները սպասում են, որ լսեն ինչպես են իրենց երեկոն անցկացրել և համբուրեն բարի գիշեր ասելիս:

Թույլ տվեք անձնապես զգուշացնել շատ մշակույթներում տարածված սովորույթի դեմ: Ես ի նկատի ունեմ ընկերոջ տանը «գիեշերելը» կամ «գիշերն անցկացնելը»: Որպես եպիսկոպոս ես հայտնաբերել եմ, որ շատ երիտասարդներ առաջին անգամ խախտել են Իմաստության Խոսքը կամ ողջախոհության օրենքը որպես «գիշերելու» մի մաս: Շատ հաճախ պոռնոգրաֆիային ծանոթանալը և անգամ ոստիկանության հետ իրենց առաջին հանդիպումը տեղի է ունենում, երբ նրանք գիշերը տնից դուրս են անցկացնում:

Հասակակիցների ճնշումն ավելի է սաստկանում, երբ մեր երեխաները մեր ազդեցության գոտուց դուրս են լինում և երբ իրենց պաշտպանունակությունը թուլանում է ուշ գիշերին: Եթե երբևէ անհանգիստ զգացողություն եք ունեցել գիշերելու հետ կապված, մի վախեցեք արձագանքել այդ ներքին զգուշացնող ձայնին: Միշտ աղոթեք, երբ հարցը վերաբերում է ձեր թանկագին երեխաներին պաշտպանելուն:

Քաջարի ծնող լինելը միշտ չի որ պահանջում է «ոչ» ասել: Ծնողները նաև քաջություն պետք է ունենան ասելու «այո» այսօրվա մարգարեների խորհրդին: Մեր Եկեղեցու ղեկավարները խորհուրդ են տվել մեզ արդարակյաց օրինակ հաստատել մեր տներում: Մտածեք հինգ կարևոր սկզբունքների մասին, որոնք զորություն ունեն ամրացնելու մեր երիտասարդներին՝ ընտանեկան աղոթքը, ընտանիքով սուրբ գրություններն ուսումնասիրելը, ընտանեկան երեկոները, ընտանիքով միասին ընթրելը և մշտական առանձնազրույցները յուրաքանչյուր երեխայի հետ:

Քաջություն է պահանջվում երեխաներին հավաքել, կտրելով իրենց զբաղմունքից, և միասին ծնկի իջնել ամբողջ ընտանիքով: Քաջություն է պահանջվում հեռուստացույցն ու համակարգիչն անջատելու և ձեր ընտանիքին ամեն օր սուրբ գրության էջերով առաջնորդելու համար: Քաջություն է պահանջվում երկուշաբթի երեկոյան այլ հրավերները մերժելու համար, որպեսզի այդ երեկոն պահեք ձեր ընտանիքի համար: Քաջություն և կամքի ուժ է պահանջվում այլ չնախատեսված միջոցառումներն անտեսելու համար, որպեսզի ձեր ընտանիքը կարողանա լինել տանը՝ ճաշի սեղանի շուրջ:

Որդու կամ դստեր վրա ազդելու առավել արդյունավետ եղանակներից մեկը առանձնազրույցի ժամանակ նրանց հետ խորհրդակցելն է: Ուշադիր լսելով, մենք կարող ենք հայտնաբերել նրանց սրտի ցանկությունները, օգնել նրանց արդարակյաց նպատակներ դնել, և նաև նրանց հետ կիսվել այն հոգևոր տպավորություններով, որ ստացել ենք իրենց համար: Խորհրդակցելու համար քաջություն է պահանջվում:

Փորձեք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ աճող սերունդը, եթե այդ հինգ արդարակյաց սկզբունքները մշտապես պահվեին յուրաքանչյուր տանը: Մեր երիտասարդները կարող էին լինել Հելամանի զինվորների պես՝ անպարտելի (տես Ալմա 57.25–26):

Վերջին օրերին դեռահասների ծնող լինելը շատ խոնարհեցնող հանձնարարություն է: Սատանան և նրա հետևորդները ձգտում են տապալել այս սերունդը. Տիրոջ հույսը քաջարի ծնողներն են, որոնք պետք է նրանց դաստիարակեն: Ծնողներ, «զորացեք և քաջ եղեք, մի վախեցեք» (Հեսու Ա.9): Ես գիտեմ, որ Աստված լսում է և կպատասխանի ձեր աղոթքներին: Ես վկայում եմ, որ Տերը աջակցում և օրհնում է քաջարի ծնողներին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Տես «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  2. Joe J. Christensen, “Rearing Children in a Polluted Environment,” Ensign, Nov. 1993, 11.

  3. Robert D. Hales, “With All the Feeling of a Tender Parent: A Message of Hope to Families,” Liahona, May 2004, 90.

  4. Boyd K. Packer, “Our Moral Environment,” Ensign, May 1992, 67.