2008
Փորձություն
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Փորձություն

Ոչ ամբոխները, ոչ էլ զինվորները չկարողացան Սրբերին շեղել այն ամենից, ինչ նրանք գիտեին, որ ճշմարիտ է:

Նկար
Boyd K. Packer

Իմ նպատակն է ցույց տալ, որ անհանգիստ ժամանակ Տերը միշտ ապահով ճանապարհ է պատարստում: Մենք ապրում ենք այն «վտանգավոր ժամանակներում»,1 որ մեր օրերի մասին մարգարեացել է Պողոս Առաքյալը: Եթե ուզում ենք լինել ապահով` անհատապես, որպես ընտանիք և պաշտպանված որպես եկեղեցի, պետք է «հնազանդվենք Ավետարանի օրենքներին և արարողություններին»:2

1849թ. հուլիսի 24-ին Սրբերն արդեն ուղիղ երկու տարի ապրում էին այս հովտում: Ի վերջո, ետևում էին մնացել հարձակումների և հալածանքների տարիները: Դա մեծ տոնակատարության առիթ էր:

Մի քանի տարի առաջ էր, որ զարհուրելի պայմաններում, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ամիսներ շարունակ չարչարանքներ կրեց Լիբերթի բանտում, այն ժամանակ, երբ ամբոխը Սրբերին քշում էր իրենց տներից: Լիբերթի, որ նշանակում է ազատություն և բանտ բառերը ամենևին չեն համապատասխանում միմյանց:

Ջոզեֆն աղաղակեց.

«Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու: Եվ որտե՞ղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը:

Որքա՞ն պիտի քո ձեռքը ետ պահվի, և քո աչքը, այո՛, քո մաքուր աչքը հավերժական երկինքներից նայի քո ժողովրդի և քո ծառաների հանդեպ անարդարություններին, քո ականջը թափանցեն նրանց աղաղակները»:3

Ավելի վաղ Մարգարե Ջոզեֆ Սմիթը խորհուրդ էր փնտրել, և Տերը Սրբերին պատվիրել էր փոխհատուցում պահանջել դատավորներից, նահանգապետից և ապա երկրի նախագահից:4

Դատավորներին ուղղված նրանց հայցերը չէին բավարարվում: Իր կյանքի ընթացքում Ջոզեֆ Սմիթը դատարան է դիմել ավելի քան 200 անգամ` բողոքարկելով կեղծ մեղադրանքները: Նա երբեք չդատապարտվեց:

Երբ նրանք փոխհատուցում էին պահանջում, Միսսուրիի Նահանգապետ Բոգսը, հռչակագիր հրապարակեց. «Մորմոններին պետք է վերաբերվել որպես թշնամի և նրանց պետք է բնաջնջել կամ քշել նահանգից, եթե դա անհրաժեշտ է հօգուտ հասարակության»:5 Դրան հետևեց անասելի բռնությունն ու չարությունը:

Նրանք դիմեցին Միացյալ Նահանգների Նախագահ Մարտին Վան Բյուրենին, որը պատասխանեց. «Ձեր պահանջն արդարացի է, սակայն ես չեմ կարող ձեզ համար ոչինչ անել»:6

Ես կկարդամ Միացյալ Նահանգների Կոնգրեսին ուղղված նրանց երրորդ խնդրանքի վերջին կետը.

«Ներքոհիշյալներիս չարչարանքներն արդեն անտանելի են, և անցնում են մարդասիրության սահմանները, Ամերիկայի քաղաքացիների համար առանց բողոքարկելու դիմանալու սահմանը: Մենք այսքան տարի տնքում ենք բռնակալի երկաթե ձեռքի և ճնշումների ներքո: Երկու միլիոն դոլարի արժողությամբ մեր ունեցվածքը հափշտակվել է: Մեր դեմ որս են անում, ինչպես անտառի գազաների դեմ: Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես են Հեղափոխության ժամանակ պայքար մղած մեր տարեց հայրերը և մեր անմեղ երեխաները սպանվում մեր հալածողների կողմից: Մենք ականատեսն ենք, թե ինչպես են Ամերիկայի քաղաքացիների գեղեցիկ դուստրերին վիրավորում և նրանց բռնանում ամենաանմարդկային ձևով և, ի վերջո, մենք ականատեսն ենք, թե ինչպես են հազար հինգ հարյուր հոգի` տղամարդ, կին և երեխա, սաստիկ ձմեռանը զինված ուժերի կողմից բռնությամբ քշվում իրենց սուրբ տներից և օջախներից, դեպի օտար հողեր` առանց կոպեկի և անպաշտպան: Այս պայմաններում մենք աղերսանքով մեր ձեռքն ենք պարզում դեպի մեր պետության բարձրագույն ատյանները, և խոնարհ դիմում ենք մեծ ու ազատ ժողովրդի մեծանուն Սենատորներին և Ներկայացուցիչներին փոխհատուցման և պաշտպանության համար:

«Լսե՜ք, Օ՜, լսեք Ամերիկայի հազարավոր տարագիր քաղաքացիների թախանձող հառաչանքը: … Լս՜ք, Օ՜, լսեք այրիների և որբերի լացն ու ողբը, որոնց ամուսիններն ու հայրերը դաժանաբար նահատակվել են մի երկրում, որտեղ հպարտ արծիվն է … սավառնում: Թող որ դա չարձանագրվի այս պետության պահուստային գրառումներում, որ … աքսորյալներ պաշտպանություն և փոխհատուցում էին աղերսում ձեզանից, սակայն զուր էր նրանց պահանջը: Ձեր իշխանությունն է` պաշտպանել մեզ, մեր կանանց և երեխաներին, որպեսզի Միսուրիի արյունահեղությունները չկրկնվեն, և մեծապես փարատվեն հալածված ու վիրավոր մարդկանց վախը, և ձեր հայցվորները միշտ կաղոթեն»:7

Ոչ մի խղճմտանք չդրսևորվեց, և նրանց ետ դարձրեցին:

1844թ. գտնվելով Իլինոյսի Նահանգապետ Թոմաս Ֆորդի այսպես կոչված պաշտպանության ներքո, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը սպանվեցին Քարթեջի բանտում: Բառերը չեն կարող արտահայտել այն բռնությունն ու տառապանքը, որ կրեցին Սրբերը:

Այժմ, 1849թ. հուլիսի 24-ին, վերջապես լինելով հարձակումներից ազատ, նրանք տոնակատարություն էին ծրագրում:8

Սրբերի ունեցվածքն այն էր, ինչ բերել էին ձեռնասայլակներով կամ կառքերով հազարավոր մղոններ (1,600 կմ.) կտրելով: 20 տարի հետո միայն երկաթգիծը մոտեցավ Սոլթ Լեյք Սիթիին: Չունենալով գրեթե աշխատանքային գործիքներ, նրանք որոշեցին, որ իրենց զգացումները կարտահայտեն տոնակատարությամբ:

Նրանք ծառապատ վայր պատարստեցին Տաճարային Հրապարակում: Նրանք մոտ 32 մետր բարձրությամբ դրոշի ձող պատրաստեցին: Մի մեծ ազգային դրոշ կարեցին մոտ 20 մետր երկարությամբ և ամրացրեցին այդ ազատության ձողի ծայրին:

Տարակուսանք կառաջացնի, գրեթե անհավանական կթվա, որ որպես այդ առաջին տոնակատարության թեմա նրանք ընտրեցին հայրենասիրությունն ու հավատարմությունն այդ նույն կառավորությանը, որը հրաժարվել էր նրանց օգնել: Ինչի՞ մասին էին նրանք մտածում: Եթե կարողանաք հասկանալ, թե ինչու, ապա կհասկանաք Քրիստոսի ուսմունքների զորությունը:

Նրանց փողային նվագախումբը նվագում էր, երբ Նախագահ Բրիգամ Յանգը առաջնորդում էր մեծ շքերթը դեպի Տաճարային Հրապարակ: Նրա ետևից գնում էին Տասներկու Աառքյալներն ու Յոթանասունականները:

Նրանցից հետո գնում էին 24 երիտասարդներ հագած սպիտակ տաբատներ, իրենց ուսերին գցած սպիտակ կաշնե, պսակներ կամ թագեր իրենց գլխին, և պատյանի մեջ սուր կախված իրենց ձախ կողմից: Իրենց աջ ձեռքում նրանք տանում էին Անկախության հռչակագիրը և Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Երիտասարդներից մեկը կարդում էր Անկախության հռչակագիրը:

Ապա գնում էին 24 երիտասարդ աղջիկներ սպիտակ հագած, երկնագույն կաշնե իրենց աջ ուսին և սպիտակ վարդեր իրենց ձեռքում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին կար Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը:

Հայրենասիրական թեմայի ընտրությունից պակաս ապշեցուցիչ չէր հաջորդը. այնուհետև գալիս էին 24 տարեցներ (ինչպես կանչվել էին) հայրապետ Իսահակ Մորլիի գլխավորությամբ: Նրանք հայտնի էին որպես «Սպիտակահերներ», բոլորն էլ 60 տարեկան էին կամ ավելի մեծ: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին կարմիր ներկած գավազան` ծայրին սպիտակ ժապավեն կապված: Նրանցից մեկը տանում էր Աստղեր և Շերտեր: Այդ տղամարդիկ խորհրդանիշն էին քահանայության, որը եղել է «ի սկզբանե` աշխարհի հիմնադրումից առաջ»,9 և վերականգնվել էր այս տնտեսության մեջ:

Սրբերը գիտեին, որ Տերն իրենց պատվիրել էր «հպատակվել թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին, օրենքին հնազանդվելով, հարգելով և պաշտպանելով օրենքը»:10 Այն ժամանակ հայտնված այդ պատվիրանն այսօր էլ պահում են բոլոր երկրների մեր անդամները: Մենք պետք է լինենք օրինապահ, արժանի քաղաքացիներ:

Տերն ասել է. «Ես հաստատել եմ այս երկրի Սահմանադրությունը, իմաստուն մարդկանց ձեռքով, որոնց ես բարձրացրել եմ հենց այդ նպատակի համար»:11

Մեկ այլ հատվածում, Տերը պատվիրել է նրանց, որ «արդարացի չէ, որ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ լինի»:12 Հետևաբար, նրանք ստրկության դեմ էին: Դա շատ զգայուն հարց էր Միսսուրիի նորաբնակների շրջանում:

Եվ 1849թ. տոնակատարության այդ օրը «Երեց Ֆինիս Ռիչարդս առաջ եկավ և բոլոր քսանչորս տարեցների անունից կարդաց իրենց հավատարիմ և հայրենասիրական ուղերձը»:13 Նա ասաց, որ իրենց երեխաներին պետք է ուսուցանել հայրենասիրություն և սեր ու հարգանք ազատության հանդեպ: Իրենց կրած տառապանքների մասին հակիրճ խոսելուց հետո, նա ասաց.

«Եղբայրներ և ընկերներ, մենք, որ ապրել ենք վաթսուն տարի, տեսել ենք Միացյալ Նահանգների կառավարությանը իր փառքի մեջ, և գիտենք, որ կատաղի վայրագությունները, որոնցից տառապել ենք մենք, արդյունքն են կաշառված և այլասերված վարչախմբի, մինչ դեռ մեր պանծալի Սահմանադրությունը անփոփոխ է մնում …

«Մենք ազատության ոգի և հայրենասիրական կրակ ենք ժառանգել մեր հայրերից, ուրեմն թող դրանք [անեղծ] անցնեն մեր սերունդներին»:14

Մարդկային էությունից ելնելով, ոմանք կմտածեին, որ Սրբերը կձգտեն վրեժխնդրության, սակայն մարդկային էությունից շատ ավելի ուժեղ բան էր գերիշխում:

Պողոս Առաքյալը բացատրել է Տիմոթեոսին.

«Շնչավոր մարդը Աստծո Հոգու բաները չէ ընդունում. որովհետև նրանք հիմարություն են նրա համար. և չի կարող էլ գիտենալ` որովհետև հոգևոր կերպով են քննվում …

«… Մենք Քրիստոսի միտքն ունինք»:15

Այդ Հոգին բնորոշ էր որպես Քրիստոսի հետևորդներ Եկեղեցու այդ վաղ անդամներին:

Եթե դուք կարողանաք հասկանալ, որ մի ժողովուրդ այդքան երկայնամիտ է, այդքան հանդուրժող, այդքան ներող, այդքան Քրիստոնյա, այն ամենից հետո, ինչ նրանք կրել են, ուրեմն գտել եք բանալին, թե ով է Վերջին Օրերի Սուրբը: Վրեժխնդրությամբ լցվելու փոխարեն, նրանք կցվեցին հայտնությանը: Նրանց ուղին հաստատվեց ուսմունքներով, որոնք մինչ այսօր կարելի է գտնել Հին և Նոր Կտակարաններում, Մորմոնի Գրքում, Վարդապետություն և Ուխտերում, և Թանկագին Մարգարիտում:

Եթե կարողանաք հասկանալ, թե ինչու նրանք այդպես տոնեցին, դուք կհասկանաք, թե ինչու ենք մենք հավատում Տեր Հիսուս Քրիստոսին և ավետարանի սկզբունքներին:

Մորմոնի Գիրքը սովորեցնում է. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:16

Եվ այդպես է այսօր, այս տարօրինակ վտանգավոր ժամանակներում, Հիսուս Քրիստոսի17 ճշմարիտ Եկեղեցում մենք ուսուցանում և ապրում ենք Նրա ավետարանի սկզբունքներով:

1849թ. այդ տոնակատարության մեջ երեք բան խորհրդանշական ու մարգարեական էր. առաջինը, որ երիտասարդ տղաները տանում էին Սահմանադրությունն ու Անկախության Հռչակագիրը, հաջորդը, որ երիտասարդ աղջիկները տանում էին Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը, և երրորդը, որ տարեց տղամարդիկ, Սպիտակահերները, այդ շքերթի ժամանակ հարգանքի արժանացան:

Ծրագրից հետո, նրանք խնջույքի սեղաններ էին գցել: Հազարավոր ոսկի փնտրող ճամփորդներ և 60 հնդկացիներ էին հրավիրվեցին միանալու իրենց:

Այնուհետև նրանք նորից գործի լծվեցին:

Նախագահ Յանգն ասել էր. «Եթե Միացյալ Նահանգների մարդիկ մեզ տաս տարի հանգիստ թողնեն, մենք նրանցից ոչինչ առավել չենք ուզի»:18

1849թ. տոնակատարությունից ութ տարի հետո Սրբերը Բիգ Քաթնվուդ Կիրճում էին, որպեսզի տոնեին մեկ այլ հուլիսի 24: Չորս ձիավորներ շտապեցին տեղեկացնելու, որ 2,500 զինվորներից բաղկացած բանակը ճանապարհին էր: Միացյալ Նահանգների բանակը, Գնդապետ Ալբերտ Սիդնի Ջոնսոնի գլխավորությամբ, Նախագահ Ջեյմս Բաչանանաի կողմից հրաման էր ստացել, ջախջախել գոյություն չունեցող Մորմոնական ապստամբությունը:

Սրբերը հանեցին վրանը և շտապեցին տուն` պատրաստվելով պաշտպանության: Փախչելու փոխարեն այս անգամ Նախագահ Յանգը հայտարարեց. «Մենք ոչ մի օրենք չենք խախտել և ոչ մի առիթ չի եղել դրա համար, ոչ էլ այդպիսի նպատակ ունենք, սակայն եթե որևէ պետություն գալիս է կործանելու այս ժողովրդին, Ամենազոր Աստվածը թող լինի իմ օգնականը, նրանք չեն կարող այստեղ գալ»:19

Իմ նախատատիկը թաղել է զավակներից մեկին Հեռու արևմուտքի ճանապարհին, երբ նրանց քշել են Նավուից, և մեկ այլ զավակի Վինթեր Քուորթերսում, երբ նրանց քշել են դեպի արևմուտք:

Մեկ այլ նախատատիկ, մի դեռահաս աղջնակ, հրում էր ձեռնասայլակը Փլաթ գետի հարավային ափով: Նրանք երգում էին.

Աստծու նշած տեղը կգտնենք մենք

Հեռու արևմուտքում,

Ուր չար մարդուց հեռու կլինենք մենք,

Օրհնված այս կյանքում:20

Գետի մյուս կողմում նրանք կարողացան տեսնել արևի տակ առկայծող զինվորների սվինները:21

Ոչ ամբոխները, ոչ էլ զինվորները չկարողացան Սրբերին շեղել այն ամենից, ինչ նրանք գիտեին, որ ճշմարիտ է: Տեղանքի համար բանակցություններ տարվեցին և Յուտայի պատերազմն (որն ավելի ուշ կոչվեց Բաչանանի սխալ) ավարտվեց: Սենթ Լուիսում իմ նախատատը Ամերիկյան դրոշի համար փոքրիկ մի նշան գնեց: Նա այն կրեց իր զգեստի վրա ողջ կյանքի ընթացքում:

Մենք առաջնորդվում ենք նույն հայտնություններով և ղեկավարվում մարգարեի կողմից: Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը մահացավ, մեկ ուրիշը գրավեց նրա տեղը: Հաջորդական այդ կարգը շարունակվում է այսօր ևս:

Վեց ամիս առաջ գերագույն համաժողովին Թոմաս Ս. Մոնսոնը հաստատվեց որպես Եկեղեցու 16-րդ Նախագահ, իր 81-րդ տարեդարձից հինգ ամիս առաջ: Նա հաջորդեց Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին, որը մահացավ 98 տարեկան հասակում:

Եկեղեցու տարեց ղեկավարները գրեթե միշտ կլինեն փորձառու` անցնելով տասնամյակների պատրաստվածություն:

Նախագահ Մոնսոնը կատարյալ ձևով համապատասխանում է այօրվա խնդիրներին: Նրան աջակցում են երկու խորհրդականներն ու Տասներկու Առաքյալների Քվորումը, բոլորն էլ` մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Այդ նույն Լյուցիֆերը, որը դուրս էր գցվել մեր Հոր ներկայությունից, դեռևս գործում է: Նա և իր ետևից գնացած հրեշտակները, կդժվարացնեն Տիրոջ աշխատանքը և, եթե կարողանան, կկարծանեն:

Սակայն մենք կմնանք մեր ուղու վրա: Մենք, որպես ընտանիքներ և որպես Եկեղեցի, կխարսխվենք այս սկզբունքներով և արարողություններով: Ինչպիսի փորձություններ էլ գան, իսկ դրանք շատ կլինեն, մենք պետք է հավատարիմ և ճշմարիտ մնանք:

Ես վկայում եմ Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին, որ Նրանք ապրում են, որ Թոմաս Ս. Մոնսոնն է կանչվել է Աստծո կողմից մարգարեությամբ:

Ճշմարտության չափանիշը բարձրացվել է, և ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել այս աշխատանքի ընթացքը (տես History of the Church, 4:540): Այսօր արևը երբեք չի մարում Վերջին օրերի Սրբերի համայքների վրա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Տես Բ. Տիմոթեոս Գ.1-7:

  2. Հավատո Հանգանակ 1.3:

  3. ՎևՈւ 121.1–2:

  4. Տես ՎևՈՒ 101.86–88:

  5. Տես History of the Church, 3:175:

  6. Martin Van Buren, quoted in Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 77.

  7. Quoted in Biography, 152–53.

  8. Տես Biography, 95–107:

  9. ՎևՈւ 76.13:

  10. Հավատո Հանգանակ 1.12:

  11. ՎևՈւ 101.80:

  12. ՎևՈւ 101.79:

  13. Biography, 100.

  14. Phineas Richards, in Biography, 102–4.

  15. Ա Կորնթացիս Բ.14, 16:

  16. 2 Նեփի 25.26:

  17. Տես ՎևՈւ 1.30:

  18. Brigham Young, “Remarks,” Deseret News, Sept. 23, 1857, 228.

  19. Deseret News, Sept. 23, 1857, 228.

  20. Եկեք Սրբեր, Հիմներ և մանկական երգեր, էջ 2:

  21. Sես “By Handcart to Utah: The Account of C. C. A. Christensen,” Nebraska History, winter 1985, 342: