2008
Անգամ երեխան կարող է հասկանալ
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Անգամ երեխան կարող է հասկանալ

Աստված … ապահովում է, որ Աստծո մասին ճշմարտությունները հասկանալի լինեն Նրա բոլոր զավակներին, ինչպիսին էլ որ լինեն կրթության նրանց մակարդակը կամ մտավոր ունակությունները:

Նկար
Elder Gérald Caussé

Ծնողները հաճախ անակնկալի են գալիս, լսելով իրենց երեխաների պատասխանները մեծահասակների հարցերին: Մի երեկո, երբ ես և կինս տանը չէինք, մեր երեխաների դայակը հետաքրքրասիրություն ցուցաբերելով նրանց աղոթքը լսելիս, այս հարցը տվեց. «Իսկ ո՞րն է տարբերությունը ձեր և իմ կրոնի մեջ»: Մեր ութ տարեկան դստեր պատասխանը ակնթարթային էր. «Գրեթե նույնը, բացի այն, որ մենք ավելի շատ ենք սովորում, քան դուք»: Առանց ցանկանալու վիրավորել իր դայակին, իմ փոքր դուստրը միայն ուզում էր շեշտել իր ձևով, թե ինչ կարևորություն են Վերջին Օրերի Սրբերը հատկացնում գիտելիքի ձեռքբերմանը:

Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Անհնար է, որ մարդ փրկվի անգիտության մեջ» (ՎևՈւ 131.6): Նա ավելացրել է. «Գիտելիքի սկզբունքը փրկության սկզբունքն է: … և յուրաքանչյուրը, ով փրկվելու համար բավական գիտելիք ձեռք չի բերում, կդատապարտվի» (History of the Church, 5:387): Այս գիտելիքը հիմնված է Աստծո և Հիսուս Քրիստոսի էությունը և փրկության ծրագիրը հասկանալու վրա, որը Նրանք պատրաստել են, որ մենք կարողանանք վերադառնալ Իրենց ներկայություն. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. և նորան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես ԺԷ.3):

Գիտելիքի սկզբունքը հաճախ սխալ է մեկնաբանվում մարդկանց կողմից: Աստծո փառքը բանականությունն է (ՎևՈւ 93.36): Դա վեր է այն ամենից, ինչy մենք երբևէ կարող ենք հասկանալ մեր խելքով: Աստծուն փնտրող մարդիկ երբեմն մտածում են, թե պետք է փնտրեն Նրան բարդ խելամիտ գաղափարների մեջ:

Ինչևէ, մեր Երկնային Հայրը միշտ հասանելի է մեզ համար: Նա հարմարվում է հասկացողության մեր մակարդակին: «Եթե Նա գալիս է փոքր երեխայի մոտ, Նա հարմարվում է փոքր երեխայի լեզվին և ունակություններին» (Joseph Smith, in History of the Church, 3:392):

Աստված իրականում անարդար կլիներ, եթե ավետարանը հասանելի լիներ միայն խելացի վերնախավին: Իր բարությամբ Նա ապահովում է, որ Աստծո մասին ճշմարտությունները հասկանալի լինեն Նրա բոլոր զավակներին, ինչպիսին էլ որ լինեն կրթության նրանց մակարդակը կամ մտավոր ունակությունները:

Իրականում, այն փաստը, որ սկզբունքը կարող է հասկանալի լինել անգամ երեխային, զորության ապացույց է: Նախագահ Ջոն Թեյլորն ասել է. «Մարդու իսկական խելացիությունը նրանում է, որ նա կարող է զարմանալի և մեծ մի թեմա բացել և պարզեցնել այնպես, որ անգամ երեխան կարողանա հասկանալ այն» (“Discourse,” Deseret News, Sept. 30, 1857, 238): Առանց նվազեցնելու արտահայտության ազդեցությունը, մաքրությունը և պարզությունը, Սուրբ Հոգին ավելի մեծ վստահությամբ է վկայում մարդկանց սրտերին:

Իր երկրային ծառայության ժամանակ Հիսուսը անընդհատ համեմատում էր Իր ուսմունքների պարզությունն ու անկեղծությունը Փարիսեցիների և իրավագետների տանջահար տրամաբանության հետ: Նրանք կրկին ու կրկին փորձում էին Նրան բարդ հարցերով, բայց Նրա պատասխանները միշտ եղել են բյուրեղի պես մաքուր և մանկական իրենց պարզությամբ:

Մի օր Հիսուսի աշակերտները Իրեն տվեցին հետևյալ հարցը. «Ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»: Հիսուսը, կանչելով փոքր երեխային իր մոտ, կանգնեցրեց նրան նրանց մեջ և ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթե դարձ չգաք և չլինիք երեխաների նման, չեք մտնիլ երկնքի արքայությունը: Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայության մեջ» (Մատթեոս ԺԸ. 1, 2-4):

Մեկ այլ առիթով, Հիսուսն ասաց. «Գոհանում եմ քեզանից, Հայր, երկնքի և երկրի Տեր, որ իմաստուններից և գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկների հայտնեցիր» (Ղուկաս Ժ.21):

Աստվածաշունչը, հավանաբար, ավելի քան որևէ այլ գիրք, բազմաթիվ մեկնաբանությունների և փիլիսոփայական վիճաբանությունների առարկա է հանդիսանում: Սակայն, առաջին անգամ այդ գիրքը կարդացող երեխան վարդապետությունը հասկանալու նույնքան հնարավորություն կունենա, եթե ոչ ավել, որքան սուրբ գրությունների այդ գիտակների մեծ մասը: Փրկչի ուսմունքները հարմարեցված են յուրաքանչյուրին: Ութ տարեկանում երեխան կարող է բավական հասկացողություն ունենալ՝ մտնելու համար մկրտության ջրերը և ուխտ կապելու Աստծո հետ լիարժեք հասկացողությամբ:

Ի՞նչ կարող է հասկանալ երեխան, կարդալով Հիսուսի մկրտության պատմությունը: Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից: Սուրբ Հոգին իջավ Նրա վրա աղավնու տեսքով: Ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանեցի» (Ղուկաս Գ.22): Երեխան պարզ կտեսնի, թե ինչ է Աստվածագլուխը՝ երեք առանձին անձեր լիարժեք միասնության մեջ, Հայր Աստված, Նրա Որդի Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին:

Պարզության և հասարակության սկզբունքը մերժելը ինչպես խմբային, այնպես էլ անհատական շատ ուրացությունների աղբյուր է հանդիսացել: Մորմոնի Գրքում Հակոբ մարգարեն դատապարտում է այդ հին ժամանակների այն անձանց, ովքեր «արհամարեցին պարզության խոսքերը, և սպանեցին մարգարեներին, և փնտրեցին բաներ, որոնք չէին կարող հասկանալ: Ուստի, նրանց կուրության պատճառով, կուրություն, որը եկել էր նշանակետից այն կողմ նայելուց, նրանք պետք է անպայման ընկնեին. Քանզի Աստված վերցրել է նրանցից իր պարզությունը և հանձնել նրանց շատ բաներ , որոնք նրանք չեն կարող հասկանալ, քանի որ նրանք ցանկանում էին դա» (Հակոբ 4. 14):

Երբեմն մենք կարող ենք մտածել. «Դա շատ հեշտ է»: Ինչպես Նէեմանը, այդ պարսիկ հրամանատարը, որը, իր հպարտության պատճառով, վարանեց հետևելու Եղիսեյի խորհրդին, քանի որ այն շատ հեշտ էր նրա աչքում բորոտությունը բուժելու համար:

Նրա ծառաները մոտեցան ու ասացին.

«Ով հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէ՞իր անիլ. Ուր մնաց որ քեզ ասեց. Լվացվիր և կմաքրվիս: Եվ նա վայր իջավ և յոթն անգամ թաղվեցավ Հորդանանի մեջ Աստծո մարդի խոսքին համեմատ. և նորա մարմինը ետ դառավ իբրև մի փոքր տղայի մարմին, և նա մաքրվեցավ» (Դ Թագավորաց Ե.13-14):

Նրա մաքրումը միայն ֆիզիկական չէր. Նրա հոգևոր մարմինը նույնպես մաքրվեց, երբ նա ընդունեց հնազանդության այդ գեղեցիկ դասը:

Փոքր երեխաները սովորելու զարմանալի ունակություն ունեն: Նրանք լիարժեք վստահություն ունեն ուսուցչի հանդեպ, մաքուր հոգի և մեծ հնազանդություն, այլ խոսքերով, նույն հատկանիշները, որոնք բացում են դուռը Սուրբ Հոգու համար: Նա է այն ալիքը, որի միջոցով մենք գիտելիք ենք ստանում հոգու բաների մասին: Պողոսը գրել է Կորնթացիներին. «Աստծո բաներն ոչ ով չգիտէ, եթե ոչ Աստծո Հոգին» (Ա Կորնթացիս Բ.11):

Ապա նա ավելացրել է. «Բայց շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չէ ընդունում. որովհետև նորանք հիմարություն են նորա համար. և չէ կարող էլ գիտենալ՝ որովհետև հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս Բ.14):

Մենք գիտենք, որ ֆիզիկական կամ բնական մարդը «Աստծո մի թշնամի է,… մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին»: Դրա համար նա պետք է դառնա «ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը» (Մոսիա 3.19):

«Փոքրիկ իշխանը» իր փիլիսոփայական կարճ պատմվածքի մեջ Անտուան դը Սենտ Էկզյուպերին նկարագրում է փոքրիկ տղայի շփոթմունքը, որը, բացահայտելով վարդերի մի դաշտ, հասկանում է, որ ծաղիկը, որը նա ունի, և որը փայփայում էր այդքան մեծ սիրով, առանձնահատուկ չէ, այլ շատ սովորական: Ապա նա սկսում է հասկանալ, որ այն, ինչ իր վարդը առանձնահատուկ էր դարձնում, ոչ թե դրա արտաքին տեսքն էր, այլ այն ժամանակը և սերը, որը նա նվիրաբերել էր ծաղիկը խնամելիս: Նա բացականչում է.

«Մարդիկ … աճեցնում են հինգ հազար վարդ նույն այգում, … և նրանք չեն գտնում այն, ինչ փնտրում են:…

«Իսկ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել մեկ վարդի և մի քիչ ջրի մեջ: …

« Սակայն նրանց աչքերը կույր են: Դուք պետք է փնտրեք ձեր սրտով» ([1943], 79):

Նմանապես, Աստծո մասին մեր գիտելիքը կախված չէ այն տեղեկության քանակից, որը մենք կուտակում ենք: Ի վերջո, ավետարանի ողջ գիտելիքը, որը կարևոր է մեր փրկության համար, կարելի է ամփոփել վարդապետության, սկզբունքների և հիմնական պատվիրանների մի քանի կետերով, որոնք արդեն պարունակվում են միսիոներական այն դասերի մեջ, որոնք մենք ստանում ենք մկրտությունից առաջ: Աստծուն իմանալ նշանակում է բացել մեր սրտերը՝ ստանալու համար հոգևոր հասկացողություն և վառ վկայություն վարդապետության այդ մի քանի հիմնական կետերի ճշմարտության մասին: Իմանալ Աստծուն նշանակում է ունենալ վկայություն Նրա գոյության մասին և զգալ սրտով, որ Նա սիրում է մեզ: Դա նշանակում է ընդունել Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկիչ և մեծ ցանկություն ունենալ հետևելու Նրա օրինակին: Ծառայելով Աստծուն և մեր մերձավորին, մենք վկայում ենք Քրիստոսի մասին և թույլ տալիս մեր կողքիններին ավելի լավ ճանաչել Նրան:

Այս սկզբունքները հստակ կիրառում են գտնում այն ուսմունքներում, որոնք տրվում են մեր ծխերում և ճյուղերում: Ձեզ համար՝ Եկեղեցու ուսուցիչներ, ձեր դասի հիմնական նպատակն է սրտերը դարձի բերելը: Դասի որակը չի չափվում տեղեկության նոր մասերի քանակով, որ տալիս եք ձեր ուսանողներին: Այն գալիս է ձեր ունակությունից՝ հրավիրել Հոգին և ոգեշնչել ձեր ուսանողներին պարտավորություններ ստանձնել: Գործածելով իրենց հավատքը, գործնականում կիրառելով ուսուցանված դասերը, նրանք կարող են ավելացնել իրենց հոգևոր գիտելիքը:

Ես աղոթում եմ, որ մենք իմանանք, ինչպես երեխայի նման բացել մեր սրտերը և հաճույքով լսենք և գործածենք Աստծո խոսքը իր պարզության ողջ զորությամբ: Ես վկայություն եմ բերում, որ եթե մենք անենք դա, ապա մենք գիտելիք կստանանք «Աստծո խորհուրդների ու խաղարար բաների մասին, – որոնք բերում են կյանք հավերժական» (ՎևՈւ 42.61): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: