2008
«Հուսով եմ գիտես՝ մենք դժվարության մեջ էինք»
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


«Հուսով եմ գիտես՝ մենք դժվարության մեջ էինք»

Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ փորձություններից ոմանք մեր բարիքի համար են, և նախատեսված են մեր անձնական զարգացման համար:

Նկար
Quentin L. Cook

Անցյալ ձմռանը աղջիկս մեքենայով ընկել էր ձնաբուքի մեջ, որը սարսափելի փորձառություն էր եղել նրա համար: Նա ինձ հիշեցրեց, թե ինչպես տարիներ առաջ ես նման իրավիճակի մեջ էի ընկել իմ երկու որդիների հետ: Իմ ամենակրտսեր որդին՝ Ջոն, երեք տարեկան էր, իսկ մյուս որդին՝ Լարրին, վեց էր: Հունիս ամսին մենք մեքենայով ճամփորդում էինք Սան Ֆրանցիսկոյից Յուտա: Եղանակը շատ լավ էր:

Երբ սկսեցինք վերելքը Դոներ զառիթափով դեպի Սիերա Նեվադա լեռների գագաթը, հանկարծակի և առանց զգուշացման սարսափելի մի ձնաբուք բարձրացավ: Վարորդներից ոչ մեկը պատրաստ չէր: Մեր առջևում փոքր մի կիսաբեռնատար բեռնախցիկը բացված փռվել էր ճանապարհի լայնքով: Մի քանի բեռնատարներ և մարդատարներ սահել՝ ճանապարհից դուրս էին եկել: Ճանապարհի մի գիծն ազատ էր և շատ մեքենաներ, այդ թվում նաև մերը, հուսահատ փորձում էին կրկին թափ առնել և խուսափել մյուս մեքենաներից: Ապա ողջ երթևեկությունը կանգ առավ:

Հունիս ամսին մենք պատրաստ չէինք նման բորանի: Մենք տաք հագուստ չունեինք և մեր վառելիքը համեմատաբար քիչ էր: Ես կծկվեցի երկու տղաներիս հետ, որպեսզի տաք մնանք: Շատ ժամեր անց փրկարար մեքենաներ, ձնեմաքրիչ մեքենաներ և քարշակ բեռնատարներ սկսեցին մաքրել մեքենաների վիթխարի խցանումը:

Վերջապես մի քարշակ մեքենա մեզ քարշ տվեց զառիթափի մյուս կողմում գտնվող մոտակա սպասարկման կայանը: Ես զանգահարեցի կնոջս, իմանալով, որ նա անհանգստացած կլինի, որովհետև սպասում էր, որ զանգահարեի նախորդ երեկո: Նա խնդրեց, որ խոսի տղաների հետ: Երբ եկավ երեք տարեկանի հերթը, դողդոջուն ձայնով, նա ասաց. «Հուսով եմ գիտես՝ մենք դժվարության մեջ էինք»:

Ես նկատեցի, որ մինչ երեք տարեկան տղան խոսում էր մոր հետ և պատմում «դժվարության» մասին, նա մխիթարվեց, և ապա, վստահություն ձեռք բերեց: Մեր աղոթքներն այդպիսին են, երբ մենք մոտենում ենք մեր Երկնային Հորը: Մենք գիտենք, որ դժվարության պահին նա հոգում է մեր մասին:

Մեզանից յուրաքանչյուրը փորձություններ և դժվարություններ կունենա այս կյանքում:

Ճամփորդության ժամանակ տեղի ունեցած այս միջադեպը, որ ես պատմեցի, կարճատև էր և առանց տևական հետևանքների: Այնուամենայնիվ, կյանքում հանդիպող մեր փորձություններից և դժվարություններից շատերը դաժան են և թվում է հարատև հետևանքներ են թողնում: Կյանքի անկայուն պահերին մեզանից յուրաքանչյուրը կունենա նման փորձառություններ: Շատերը, ովքեր լսում են այս համաժողովը, ամենալուրջ բնույթի փորձություններ են տանում հենց այս պահին:

Մենք արձագանքում ենք Մարգարե Ջոզեֆի խնդրանքին, այն բանից հետո, երբ նրան կեղծ մեղադրանքներով ամիսներով բանտարկել էին Լիբերթի բանտում: «Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու: Եվ որտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը»:

Տիրոջ պատասխանը հավաստիացնող է.

«Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

«Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի»1:

Վերականգնումից բխող էական վարդապետություններից մեկն այն է, որ անհրաժեշտ է, որ հակադրություն լինի բոլոր բաներում, որպեսզի արդարությունը իրականանա:2 Այս կյանքը միշտ չէ որ հեշտ է, ոչ էլ նախատեսված է, որ այդպիսին լինի. այն փորձվելու և ապացուցելու ժամանակ է: Ինչպես կարդում ենք Աբրահամի գրքում. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց… . »:3 Երեց Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Երբեմն բաները, որոնք լավագույնն են մեզ համար և բաները, որոնք հավերժական վարձք են բերում, այդ պահին ամենադառն են թվում, իսկ այն բաները, որոնք արգելված են, հաճախ ամենաբաղձալին են թվում:4

«Երկու քաղաքների պատմությունը» վիպակը սկսվում է հաճախ մեջբերվող տողով. «Ամենալավ ժամանակներն էին. ամենավատ ժամանակներն էին»:5 Սուրբ գրությունները պարզաբանում են, որ ամեն մի սերունդ ունի լավագույն և վատագույն ժամանակների իր տարբերակը: Մենք բոլորս գտնվում ենք բարու և չարի6 պայքարի մեջ, ինչպես նաև լույսի և մթության, հույսի և հուսահատության հակադրության միջև: Ինչպես բացատրել է Երեց Նիլ Ա. Մաքսվելը. «Քաղցրի և դառի սուր, կողք-կողքի հակադրությունն անհրաժեշտ է մինչև այս կարճ, մահկանացու փորձառության ավարտը»:7 Մենք գիտենք մեր վարդապետությունից, որ բարին հաղթելու է չարին8, իսկ նրանց, ովքեր ապաշխարում և սրբագործվում են, կտրվի հավերժական կյանք9:

Դիկենսի այդ վիպակը գրելու գրեթե միևնույն ժամանակ վաղ Սրբերը հերոսական ջանքեր էին գործադրում՝ բնակեցնելու արևմուտքի սարահարթերը:

Անգամ ընդհանուր հավատք ունեցող Սրբերը շատ չարչարանքներ էին կրում և Նավուից դուրս գալու հարցին տարբեր ակնկալիքներով էին մոտենում: Ոմանք լավատեսությամբ առաջ էին նայում. մյուսները մտահոգված էին: Հելեն Մար Ուիթնին և Բեթսեբա Սմիթը երկու լավ օրինակ են ներկայացրել: Երկուսն էլ հեռանում էին՝ գրելով իրենց զգացումների մասին:

Քույր Ուիթնին գրանցել է իր ակնկալիքները Նավուից հեռանալիս. « … . Ես կհավաքեմ բոլոր իմ ժապավենները, մանյակները, ժանյակները և այլն, որովհետև մենք գնում ենք մի տեղ, որտեղ չենք կարող գնել նման բաներ: Մենք հեռանում ենք աշխարհից, որպեսզի ապրենք Ժայռոտ Լեռներից այն կողմ, որտեղ ուրիշ ոչ ոք չի ցանկանա գնալ… . Մեր մեջ չեն լինի ոչ հարուստներ, ոչ աղքատներ, և մեր մեջ չեն լինի ոչ ոք, բացի ազնիվ և առաքինի մարդկանցից… . »:10 Քույր Ուիթնիի խոսքերը հնչում են իդեալական լավատեսությամբ:

Քույր Բեթսեբա Սմիթի գրած զգացումները նույնպես լի են հավատքով, սակայն կա նաև որոշակի տագնապ: Միսսուրիում նա ականատես էր եղել խաժամուժի հարձակմանը Սրբերի դեմ և ներկա էր եղել Առաքյալ Դեյվիդ Վ. Փաթենի մահվանը:

Պատրաստվելով հեռանալ Նավուից՝ նա գրել է. «Իմ վերջին գործն այդ թանկագին տեղում սենյակները մաքրելն էր՝ հատակն ավլելը և ավելն իր սովորական տեղում՝ դռան հետևում դնելը: Ապա, սիրտս լցված, ես քնքշորեն փակեցի դուռը և ուղղվեցի դեպի անհայտ ապագան, ես այն դիմավորեցի հավատքով առ Աստված և համոզվածությամբ, որ Ավետարանը կհաստատվի արևմուտքում, և որ այն ունի ճշմարիտ և հարատև սկզբունքներ, քան որոնք ես զգացել էի Միսսուրիի այդ փորձության տեսարանների ժամանակ»:11

Այս երկու ՎՕՍ ռահվիրա կանայք ամուր մնացին ավետարանում մնացած կյանքի ընթացքում և հրաշալի ծառայություն մատուցեցին Սիոնի կառուցման գործում, չնայած որ, հանդիպեցին լրացուցիչ ավելի շատ փորձությունների և դժվարությունների, որոնք նրանք երկուսով էլ հավատրմորեն դիմացան:12 Չնայած քույր Ուիթնիի լավատեսությանը, նրա առաջին երեք զավակները մահացան՝ կա՛մ ծնվելիս, կա՛մ անմիջապես մինչև ծնվելը՝ նրանցից երկուսը Նավուից դեպի Սոլթ Լեյք13 տևական ճամփորդության ժամանակ: Քույր Ուիթնին մեզ օրհնել է մեր հավատքը պաշտպանող իր գրառումներով, ինչպես նաև եղել է Առաքյալ Օրսոն Ֆ. Ուիթնիի մայրը:

Քույր Սմիթը գրել է աղքատության, հիվանդությունների և զրկանքների մասին, որ տառապեցին Սրբերը, մինչ ճամփորդեցին դեպի արևմուտք:14 1847 թվականի մարտ ամսին նրա մայրը մահացավ, իսկ հաջորդ ամիս ծնվեց նրա որդին՝ Ջոնը: Այդ մասին նրա գրառումները կարճ են. «Նա իմ վերջին երեխան էր, և [նա] ապրեց միայն չորս ժամ»:15 Ավելի ուշ, իր կյանքում, նա դարձավ Սոլթ Լեյք Սիթիի տաճարի նախագահի կինը և Սփոփող Միության չորրորդ գերագույն նախագահը:

Մենք խորապես ազդվում ենք այն զրկանքներից, որոնք տարան վաղ ժամանակի Սրբերը: Բրիգամ Յանգը փորձել է հումորով մոտենալ դրան, երբ 1856 թվականին ասել է. «Ես ցանկանում եմ մի բան ասել այն դժվար ժամանակների մասին: Գիտեք, որ ես ձեզ ասել եմ, որ եթե մեկը վախենում է սովամահ լինել, թող հեռանա և գնա այնտեղ, որտեղ շատ կա: Ես չեմ հասկանում ինչպես կարելի է սովից վախենալ. մինչև որ վերջին ջորին չուտենք՝ ականջի ծայրից մինչև պոչի ծայրը, ես չեմ վախենա սովամահ լինելուց»:

Ապա նա շարունակել է. «Այսօր շատերը կան, որ չեն կարողանում աշխատանք գտնել, բայց շուտով մեր վրա գարուն կբացվի, և մենք այլևս չենք տանջվի ավելի շատ, քան մեր բարիքի համար է»:16

Այսօրվա մարտահրավերներն ինչ-որ ձևով կարելի է համեմատել անցյալի մարտահրավերների հետ: Վերջերս առաջացած տնտեսական ճգնաժամը աշխարհով մեկ մեծ մտահոգություն է առաջացրել: Աշխատանքային և ֆինանսական խնդիրները անսովոր բան չեն: Շատ մարդիկ ունեն առողջության ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ: Մյուսները կանգնած են ամուսնական կամ կամակոր զավակների խնդիրների առաջ: Ոմանք կորցրել են հարազատներին: Վնասակար նյութերի հակվածությունը և ոչ պատշաճ հակամետությունները հոգեկան ցավ են պատճառում: Ինչպիսին էլ որ լինի փորձությունների աղբյուրը, դրանք մեծ ցավ և տառապանք են պատճառում թե՛ անհատներին, թե՛ նրանց հարազատներին:

Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ փորձություններից ոմանք մեր բարիքի համար են, և նախատեսված են մեր անձնական զարգացման համար:17 Մենք գիտենք նաև, որ անձրևը գալիս է ինչպես արդարների, այնպես էլ ամբարիշտների վրա:18 Ճշմարիտ է նաև այն, որ ամեն ամպ անձրև չի բերում: Անկախ մեզ հանդիպած մարտահրավերներից, փորձություններից և դժվարություններից Հիսուս Քրիստոսի կատարած Քավության վստահեցնող վարդապետությունն ընդգրկում է Ալմայի ուսմունքները, որ Փրկիչն իր վրա կվերցնի մեր թուլությունները և « … . կսատարի իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների»:19

Սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեները պարզ են դարձրել, որ կլինեն պակասության տարիներ, ինչպեսև առատության տարիներ:20 Տերը սպասում է, որ մենք պատրաստ կլինենք գալիք օրհնություններից շատերին: Նա հայտարարել է. « … . եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»:21 Տարիներ առաջ Սիերայի լեռնանցքը փոթորիկի մեջ անցնելիս իմ ապրած փորձանքի պատճառը մասամբ այն էր, որ ես պատրաստ չէի նման անսպասելի իրադարձության: Սուրբ գրությունների մեծ օրհնություններից մեկն այն է, որ նրանք մեզ զգուշացնում են այն փորձանքներից, որոնք անսպասելի են, բայց հաճախ են տեղի ունենում: Մենք լավ կանենք, որ պատրաստ լինենք դրանց: Պատրաստվելու ձևերից մեկը պատվիրանները պահելն է:

Բազմաթիվ առիթներով Մորմոնի Գրքում մարդկանց խոստացվել էր, որ նրանք կբարգավաճեն երկրի վրա. «եթե պահեն պատվիրանները»:22 Այս խոստումը հաճախ ուղեկցվում է զգուշացմամբ, որ եթե նրանք չեն պահում Աստծո պատվիրանները, նրանք կկտրվեն Նրա ներկայությունից:23 Պարզ է որ Հոգու օրհնությունները և Սուրբ Հոգու սպասավորությունը վայելելը էական տարրեր են երկրի վրա իրապես բարգավաճելու և պատրաստ լինելու համար:

Անկախ մեր փորձություններից, ունենալով այսօրվա առատությունը, մենք ապերախտ կլինենք, եթե շնորհակալ չլինենք մեր ունեցած օրհնությունների համար: Չնայած որ ռահվիրաները բացահայտ ձևով դժվարություններ էին կրում, այնուամենայնիվ, Բրիգամ Յանգը խոսում էր երախտագիտության նշանակության մասին: Նա հայտարարել է. «Բացի աններելի մեղքը, ես չգիտեմ ավելի մեծ մեղք, քան ապերախտության մեղքը»:24

Երախտագիտություն Փրկչի ու Նրա Քավության համար

Մեր ամենագլխավոր երախտագիտությունը պիտի լինի մեր Փրկչի և Նրա Քավության համար: Մենք տեղյակ ենք, որ շատերը, ովքեր լսում են այս համաժողովը, այնպիսի ճնշող փորձություններ և դժվարություններ են ապրում այսօր, որ Երկնային Հորն աղոթքով մոտենալիս նրանց սրտի խոսքերն ասում են. «Հուսով եմ գիտես՝ ես դժվարության մեջ եմ»:

Թույլ տվեք կիսվել ճշմարիտ պատմությամբ մի քրոջ մասին, որի անունը Էլեն Եթես է՝ Յուտայի Գրանտսվիլ բնակավայրից: Տաս տարի առաջ հոկտեմբերի 10-ին նա համբյուրեց իր ամուսնուն, որը Սոլտ Լեյք Սիթի աշխատանքի էր գնում: Դա լինելու էր վերջին անգամը, որ նա Լեոնին կենդանի կտեսներ: Նա ընդհարվել էր 20 տարեկան մի երիտասարդի հետ, որն ուշանում էր իր առաջին աշխատանքային օրը և փորձել էր վազանցել դանդաղ գնացող մեքենային, որը բերել էր ընդհարման և անմիջապես երկուսին էլ սպանել: Քույր Եթեսն ասել է, որ այն բանից հետո, երբ ճանապարհային ոտիկանության երկու գթասիրտ պարետներ հայտնեցին նրան նորությունը, նա ցնցվեց և պատվեց կսկիծով:

Նա գրել է. «Փորձելով նայել առաջ կյանքին, ես տեսնում էի միայն մթություն և ցավ»: Հայտնի դարձավ, որ նրա ամուսնու լավագույն ընկերն այդ երիտասարդի ծխի եպիսկոպոսն էր: Եպիսկոպոսը կանչեց քույր Եթեսին և նրան ասաց, որ այդ երիտասարդի մայրը՝ Ջոլեյն Վիլմորը, ցանկանում է խոսել նրա հետ: Նա հիշում է. «Ցնցված լինելով՝ քանի որ այնքան էի կենտրոնացել իմ վշտի և ցավի վրա, որ նույնիսկ չէի մտածել երիտասարդի և նրա ընտանիքի մասին: Հանկարծակի ես գիտակցեցի, որ կար մայր, որը նույնքան կամ ավելի մեծ վշտի մեջ էր, քան ես: Ես թույլ տվեցի, որ նա ինձ այցելի»:

Երբ եղբայր և քույր Վիլմորները ժամանեցին, նրանք մեծ ափսոսանք հայտնեցին, որ նրանց որդին եղել էր Լեոնի մահվան պատճառը և նրան նվիրեցին Փրկչի նկարներից մեկը՝ փոքրիկ մի աղջիկ Իր գրկում: Քույր Եթեսն ասում է. «Երբ գալիս են դժվար տանելի ժամանակներ, ես նայում եմ այս նկարին և հիշում, որ Քրիստոսն անձամբ ճանաչում է ինձ: Նա գիտի իմ միայնակությունը և իմ փորձությունները»: Սուրբ գրություններից մեկը, որը մխիթարում է քույր Եթեսին, սա է. «Ուրախ եղիր, և մի վախեցիր, քանզի ես՝ Տերս, քեզ հետ եմ, և ես կանգնելու եմ քո կողքին»:25

Յուրաքանչյուր հոկտեմբեր քույր Եթեսը և քույր Վիլմորը (որոնք երկուսն էլ միասին այս Համաժողովների կենտրոնում են) միասին գնում են տաճար և շնորհակալություն հայտնում Հիսուս Քրիստոսի Քավության համար, փրկության ծրագրի համար, հավերժական ընտանիքների համար և այն ուխտերի համար, որոնք վարագույրի երկու կողմում էլ կնքում են միասին ամուսիններին և կանանց և երեխաներին: Քույր Եթեսը եզրափակել է. «Չկա այնքան մեծ վիշտ, ոչ էլ ցավ կամ հիվանդություն, որ Քրիստոսի Քավությունը և Քրիստոսի սերը չկարողանան բժշկել»:26 Սիրո և ներողամտության ի՜նչպիսի հրաշալի օրինակ են ցուցաբերել այս երկու քույրերը: Այն հնարարավորություն է տվել, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը գործի նրանց կյանքում:

Մտածեք Փրկչի մասին Գեթսեմանի պարտեզում Քավության ժամանակ, հոգով տառապելիս՝ այնքան սաստիկ, որ արյուն էր հոսում յուրաքանչյուր ծակոտիից:27 Հորն ուղղված նրա աղաչանքում նա կանչում էր «Աբբա»:28 Սա կարելի է մեկնաբանել որպես դժվարության պահին որդու աղաղակ իր հորը. «Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»:29 Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը տարածվում է բոլոր փորձությունների ու դժվարությունների վրա, որոնց կհանդիպենք յուրաքանչյուրս: Այն պահերին, երբ մենք ցանկություն ենք զգում ասելու. «Հուսով եմ գիտես՝ ես դժվարության մեջ էի», կարող ենք համոզված լինել, որ նա լսում է, և մենք ապահով կլինենք Նրա սիրո բազուկներում:

Օգոստոս ամսին, երբ մեր սիրելի Մարգարեին՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, հարցրեցին, թե որը կլիներ ամենակատարյալ նվերը, որ Եկեղեցու անդամները աշխարհով մեկ կարող էին մատուցել իրեն, նա առանց վարանելու անմիջապես պատասխանեց. «Գտնեին ինչ-որ մեկին, ով դժվարության մեջ է… . և ինչ-որ բան անեին նրա համար»:30

Ձեզ հետ միասին, ես հավերժ երախտապարտ եմ Հիսուս Քրիստոսին՝ մարդկության փրկչին: Ես վկայում եմ, որ Նա աշխարհի Փրկիչը և Քավիչն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. ՎևՈՒ 121.1, 7–8:

  2. Տես 2 Նեփի 2.11:

  3. Աբրահամ 3.25:

  4. Harold B. Lee, The Fall of Man (address delivered at a meeting for seminary and institute teachers, June 23, 1954).

  5. Charles Dickens, A Tale of Two Cities (Signet Classic, 1997), 13.

  6. Տես 2 Նեփի 2.15–16:

  7. Neal A. Maxwell, “Enduring Well,” Liahona, Apr. 1997, 7.

  8. Տես ՎևՈՒ 19.2-3, ՎևՈՒ 133.64:

  9. Տես ՎևՈՒ 133.62, ՎևՈՒ 14.7, Հովհաննես ԺԷ.3:

  10. A Woman’s View: Helen Mar Whitney’s Reminiscences of Early Church History, ed. Jeni Broberg Holzapfel and Richard Neitzel Holzapfel (1997), 329–30.

  11. Bathsheba W. Smith, Autobiography, ed. Alice Merrill Horne, typescript, 15, as quoted in Maurine Jensen Proctor and Scot Facer Proctor, photo essay, “Joseph, Joseph, Joseph: The Temple Has Returned to Nauvoo, Part 4, ‘Lift Up Thine Eyes,’” Meridian Magazine, 2002, http://www.meridianmagazine.com/photoessay/020522nauvoo/020522nauvoo3.html.

  12. Տես Եթեր 12.6:

  13. See Whitney, 491.

  14. See Heidi Swinton, “I Gently Closed the Door,” in Heroines of the Restoration, ed. Barbara B. Smith and Blythe Darlyn Thatcher (1997), 134.

  15. Bathsheba W. Smith, in Heroines of the Restoration, 134.

  16. Teachings of the Presidents of the Church: Brigham Young (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 1997), 177.

  17. Տես ՎևՈՒ 122.7:

  18. Տես Մատթեոս Ե.45:

  19. Ալմա 7.12:

  20. Տես Ծննդոց 41.29-31; Gordon B. Hinckley, “To the Boys and to the Men,” Ensign, Nov 1998, 51:

  21. ՎևՈՒ 38.30:

  22. Տես 2 Նեփի 4.4:

  23. Տես Ալմա 36.30:

  24. Teachings: Brigham Young, 177.

  25. ՎևՈՒ 68:6:

  26. Ellen Yates, personal account delivered at the Grantsville Utah Stake conference, Saturday evening session, Feb. 16, 2008.

  27. Տես ՎևՈՒ 19:18:

  28. Մարկոս ԺԴ.36:

  29. Մատթեոս 26:39:

  30. Thomas S. Monson, quoted in Gerry Avant, “Prophet’s Birthday: Milestone of 81,” Church News, Aug. 23, 2008, 4.