2008
Իրականացնել Սփոփող Միության նպատակը
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Իրականացնել Սփոփող Միության նպատակը

Սփոփող Միությունը հաստատվել է Տիրոջ կողմից Իր դոսւտրերին կազմակերպելու, ուսուցանելու ն ոգեշնչելու`պատրաստելով նրանց հավերժական կյանքի օրհնություններին:

Նկար
Julie B. Beck

Մեր սիրելի քույրեր, ինչպիսի գեղեցիկ տեսարան եք դուք և որքան երախտապարտ ենք ձեզ հետ լինելու համար: Խորին են մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ:

Որպես Սփոփող Միության գերագույն նախագահություն` այս անցած տարում մենք հնարավորություն ենք ունեցել այցելել ձեզ աշխարհի տարբեր վայրերում: Մենք խորհրդակցել ենք ձեզ հետ Գերմանիայում, Դանիայում, Ավստրալիայում և Գանայում: Մենք աղոթել ենք ձեզ հետ Սինգապուրում, Հոն Կոնգում, Հնդկաստանում և Շրի Լանկայում: Մենք հոգևոր վերելք ենք ապրել և շենացել ձեզ հետ Բրազիլիայում, Չիլիում, Պուերտո Ռիկոյում, Կանադայում և Միացյալ Նահանգներում:

Մենք ուրախանում ենք այն գիտելիքով, որ դուք շրջում եք բարիք անելով, ինչպես Փրկիչն էր անում: Դուք վիթխարի գործ եք անում: Այնուամենայնիվ մենք կարող ենք համոզված ասել, որ դեռ շատ բան կա անելու: Մենք ձգտել ենք ոգեշնչում ստանալ Տիրոջից` իմանալու, թե ինչպես օգնենք քահանայությանը` Աստծո արքայությունը երկրի վրա կառուցելու համար: Սփոփող միության համար ժամանակն է, ինչպես երբեք նախկինում, իրականացնել իր նպատակները: Որպեսզի առաջ շարժվենք և հասնենք նրան, ինչ Տերն է ցանկանում, մենք պետք է հստակորեն հասկանանք Սփոփող Միության նպատակը:

Ես կսկսեմ` անդրադառնալով Սփոփող Միության պատմության որոշ դեպքերի վրա, որպեսզի բացատրեմ, թե ինչու հիմնադրվեց Սփոփող Միությունը: Այնուհետև ես կընդգծեմ երեք պարտականություններ, որոնցով կիսվում է յուրաքանչյուր Սփոփող Միության քույր: Վերջում ես կբացատրեմ, թե ըստ Տիրոջ սպասելիքների՝ ինչպես պետք է մենք իրականացնենք այն աստվածային հանձնարարությունը, որ մենք ստացել ենք՝ թե որպես անհատ, թե որպես կազմակերպություն:

I. Ինչո՞ւ հիմնադրվեց Սփոփող Միությունը

Անհնար է հասկանալ, թե ինչու մենք Եկեղեցում ունենք կանանց համար կազմակերպություն առանց ունենալու ըմբռնում Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգման մասին: Տերն իմանալով այն աղետների մասին, որոնք տեղի են ունենալու այս վերջին օրերում, խոսեց Իր ծառա Ջոզեֆ Սմիթ Կրտ. հետ «և նրան պատվիրաններ տվեց… .

«Որ հավատքն… . ավելանա երկրի վրա.

«Որ [Նրա] հավիտենական ուխտը հաստատվի.

որ [Նրա] ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում»:1

Տիրոջ գործն իրականանում է, երբ Նրա ավետարանը «քարոզվում է ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի»2 և Նրա հավիտենական ուխտը հաստատվում է տաճարային արարողությունների միջոցով:

Ճիշտ ինչպես Նոր Կտակարանի ժամանակներում3 Մարիամին ու Մարթային Փրկիչը հրավիրեց մասնակցել Իր աշխատանքին, այս տնտեսության կանայք պաշտոնական արտոնություն ունեն մասնակցել Տիրոջ աշխատանքին: Վերականգման ամենավաղ օրերից սկսած, կանայք ակտիվ դեր են խաղացել` օգնելով ամրապնդել Եկեղեցին, աջակցելով միսիոներական ջանքերին, ներդրում անելով տաճարների կառուցմանը և համայնքների հիմնադրմանը, որտեղ Սրբերը միասին կկարողանային երկրպագել: Սփոփող Միության կազմակերպությունը 1842 թվականին կենտրոնացրեց կանանց հավաքական ուժը և Տիրոջ արքայությունը կառուցելու նրանց առանձնահատուկ հանձնարարությունը, ճիշտ ինչպես քահանյության կազմակերպության քվորումները տվեցին տղամարդկանց առանձնահատուկ պարտականություններ:

Իր կազմավորումից սկսած Սփոփող Միությունը տարածվել է ողջ աշխարհում և կոչվել «ամենատարածված և բոլոր չափանիշներով կանանց ամենամեծ կազմակերպությունն աշխարհում»:4 Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով մենք գիտենք, որ Սփոփող Միությունը Վերականգման պաշտոնական մասն է, և որ կանանց համար նմանտիպ կազմակերպություն գույություն է ունեցել հնադարյան Եկեղեցում:5 Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը սովորեցրել է, որ Սփոփող Միությունը «Աստծո կողմից աստվածայնորեն ստեղծված, աստվածայնորեն վավերացված, աստվածայնորեն հաստատված, աստվածայնորեն կարգված է »,6 «երկնքի օրենքի համաձայն»7 օգնելու Տիրոջը «իրականացնել… . մարդու հավերժական կյանքը»:8

Սփոփող Միության միջոցով կանայք պաշտոնական դեր ունեն Եկեղեցում մեծ պարտականություններով՝ «ներառյալ տաճարում ծառայելը և Ավետարանը սովորեցնելը»:9 Բացի այդ, Սփոփող Միությունը պետք է օգնի կանանց «վկայություն սերմանել և աճեցնել… . [Հիսուս Քրիստոսի] և ավետարանի մասին»,10«ուժեղացնել ընտանիքն ու տունը»,11 «կատարել ընտանեկան բոլոր պարտականությունները»:12 Այն պատասխանատվություն է կրում՝ հոգալու «աղքատների, հիվանդների և կարիքավորների պահանջները», սակայն Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է, որ նրա աշխատանքի մեծ մասը «բոլոր իգական սեռի Եկեղեցու անդամների… . հոգևոր բարօրության և [փրկության] մասին հոգալն է»:13

Ամփոփելով, Սփոփող Միության նպատակը, ինչպես հաստատված է Տիրոջ կողմից, Իր դոսւտրերին կազմակերպելն է, ուսուցանելն ու ոգեշնչելը`պատրաստելու նրանց հավերժական կյանքի օրհնություններին: Կկամենայի ասել դա կրկին: Սփոփող Միության նպատակը, ինչպես հաստատված է Տիրոջ կողմից, Իր դուստրերին կազմակերպելն է, ուսուցանելն ու ոգեշնչելը`պատրաստելու նրանց հավերժական կյանքի օրհնություններին:

II. Մեր պարտականությունները

Սփոփող Միության նպատակն իրականացնելու համար Տերը Սփոփող Միության յուրաքանչյուր քրոջ և կազմակերպությանը՝ որպես ամբողջություն, հանձնարարել է.

  1. Մեծացնել հավատքը և անձնական արդարակեցությունը:

  2. Զորացնել ընտանիքները և տները:

  3. Ծառայել Տիրոջը և Նրա զավակներին:

Այս պարտականություններից յուրաքանչյուրն օգնում և ամրացնում մյուս երկուսին: Երբ մենք մեծացնում ենք մեր հավատքը, այդ ջանքի արդյունքում զորանում է մեր ընտանիքը: Երբ մենք ծառայում ենք Տիրոջը և Նրա զավակներին, մեր հավատքն ու արդարակեցության մեր ունակությունը մեծանում է: Այդ երեք պարտականությունները անքակտելիորեն կապված են: Եկեք սկսենք առաջին պարտականությունից:

1. Մեծացնել հավատքը և անձնական արդարակեցությունը: Ըստ Տիրոջ ծրագրի մեր մասը կատարելու համար, մենք պետք է մեծացնենք մեր հավատքը և անձնական արդարակեցությունը: Եկեղեցու անդամակցությունը հավատք է պահանջում, որը մենք սնուցում ենք մեր ողջ կյանքի ընթացքում մեծ «ջանասիրությամբ, և համբերությամբ, և երկայնամտությամբ»:14 Մեզ տրված ընդհանուր ժառանգության մեջ Եկեղեցու առաջին կանանց մեջ մենք հավատքի զարմանալի օրինակներ ունենք: Առաջին ռահվիրա կանայք դուրս քշվեցին իրենց տներից և հալածվեցին իրենց հավատքի համար: Մյուսները փրկվեցին հրդեհներից և ջրհեղեղներից: Նրանք կտրեցին օվկիանոսներ և քայլեցին հազարավոր մղոններ, դիմանալով կեղտին, հիվանդությանը և մոտ էին սովահարության, որպեսզի օգնեն Տիրոջ արքայությունը երկրի վրա կառուցել: Նրանցից շատերը ճանապարհին թաղեցին ամուսիններ, երեխաներ, ծնողներ և քույրեր ու եղբայրներ: Ինչո՞ւ նրանք արեցին այս: Նրանք արեցին այս, որովհետև հավատքի կրակն այրվում էր նրանց հոգիներում: Այս նշանավոր կանայք չէին ձգտում ունենալ գեղեցիկ հագուստներ, ավելի շատ հանգիստ, երկրային ընդարձակ առանձնատներ կամ ավելի շատ ունեցվածք: Ձեզ նման նրանք ունեին համոզմունք և վկայություն, որ Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանը ճշմարիտ էր, և որ Տերը իրենց կարիքն ուներ` կատարելու իրենց մասը Նրա արքայությունը երկրի վրա կառուցելու համար: Անձնական արդարակեցության նրանց ձգտումն ամենօրյա ջանք էր` դառնալու ավելի նման Փրկչին ապաշխարության, սուրբ գրքերի ուսումնասիրության,աղոթքի, պատվիրաններին հնազանդվելու, և այն ամենին ինչ «առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, արժանի գովեստի»15 ձգտման միջոցով:

2. Զորացնել ընտանիքները և տները: Մեր երկրորդ պարտականությունն է զորացնել ընտանիքները և տները: Ընտանիքները ողջ աշխարհում հարձակման են ենթարկվում և թուլանում վատ սովորությունների և կեղծ ուսմունքների պատճառով: Ուստի մենք ամուսնացած ենք, թե ամուրի, ծեր, թե երիտասարդ, մենք պարտականություն ունենք պաշտպանել և կիրառել այն ճշմարտությունները, որոնք գտնվում են «Ընտանիք` Հայտարարություն Աշխարհին» փաստաթղթում:

Առաջին Նախագահությունը խորհուրդ է տվել. «Որքան էլ արժանավոր և պատշաճ լինեն այլ պահանջներն ու գործերը, չպետք է թույլ տրվի փոխարինել աստվածայնորեն նշանակված պարտավորությունները, որոնք միայն ծնողներն ու ընտանիքները կարող են ճշգրտորեն կատարել»:16 Ներկայումս ծնված երեխաները մեծանում են գնալով շատացող մեղքով լի աշխարհում: Մեր տները պետք է նրանց համար ապաստան լինեն` չարի հետ ունեցած նրանց ամենօրյա բախումներից հետո:

Սփոփող Միությունը պետք է կազմակերպված, միավորված և համախմբված լինի՝ ընտանիքները զորացնելու և օգնելու ներ տները դարձնել աշխարհից հեռանալու սրբարաններ համար: Ես սովորեցի այս տարիներ առաջ, երբ նոր էի ամուսնացել: Ծնողներս, որոնք իմ հարևաններն էին, հայտնեցին, որ նրանք տեղափոխվելու են աշխարհի մյուս մասում ապրելու: Ես ապավինել էի մորս դաստիարակող, իմաստուն և քաջալերող օրինակին: Այժմ նա պատրաստվում էր հեռանալ երկար ժամանակով: Սա նախքան էլ-փոստի, ֆաքսի, բջջային հեռախոսների, ինտերնետային տեսախցիկների երևան գալն էր, իսկ փոստային առաքումը ակնհայտորեն դանդաղ էր: Մի օր նախքան նրա մեկնելը նրա հետ նստած ես արտասվեցի՝ ասելով. «Ո՞վ է լինելու իմ մայրը»: Մայրս ուշադիր մտածեց և Հոգով ու հայտնության զորությամբ, որը գալիս է այսպիսի կանանց, նա ասաց ինձ. «Եթե ես երբեք ետ չգամ, եթե դու այլևս երբեք չտեսնես ինձ, եթե ես երբեք չկարողանամ ևս մեկ բան սովորեցնել քեզ, դու կապիր քեզ Սփոփող Միության հետ: Սփոփող Միությունը կլինի քո մայրը»:

Մայրս գիտեր, որ եթե ես հիվանդանայի, քույրերը կհոգային իմ մասին, և երբ ես երեխաներ ունենայի, նրանք կօգնեին ինձ: Բայց մորս ամենամեծ հույսն այն էր, որ Սփոփող Մության քույրերը հզոր հոգևոր առաջնորդներ կլինեին ինձ համար: Այդ ժամանակից սկսած ես առատորեն սովորեցի ամուր և հավատքով կանանցից:

Երեք տարբեր կանայք կրեցին Սփոփող Միության նախագահի կոչումը իմ ծխերում այն տարիների ընթացքում, երբ ծնողներս հեռվում էին: Ալթա Չամբերլեյնը հրավիրեց ինձ ուսուցանել ժամանակի կառավարում և տան կազմակերպում մյուս քույրերին, հավանաբար, այն պատճառով, որ տեսնում էր, որ ինձ պետք էր բարելավել այդ հմտությունները: Ջին Հորնը քաջալերեց ինձ ավարտել Մորմոնի Գրքի իմ առաջին լուրջ ուսումնասիրությունը: Նորմա Հիլեյը տվեց ինձ առաջին հանձնարարությունները պահածոների գործարանում և շատ բան սովորեցրեց ծառայության մասին: Այս հրաշալի կանայք հասկանում էին Սփոփող Միության նպատակը:

3. Ծառայել Աստծուն և Նրա զավակներին: Բոլոր կանանց երրորդ պարտականությունը Տիրոջը և Նրա զավակներին ծառայելն է: Ինձ համար հետաքրքիր է, որ այն տարիների ընթացքում, երբ մայրս հեռվում էր, ես ծառայեցի որպես ծխի Երեխաների Միության նախագահ, իսկ ավելի ուշ` որպես ծխի Երիտասարդ Կանանց նախագահ: Ես ծխի խորհրդի անդամ էի` աշխատելով եպիսկոպոսության ղեկավարության ներքո: Նախագահ Բոյդ Ք. Փաքերը սովորեցրել է մեզ, որ «ճիշտ ինչպես [շատ եղբայրների ծառայությունը Ահարոնյան Քահանայությունում] զորացնում է բարձրագույն Քահանայությանը, … այս ծառայությունը [Երիտասարդ Կանանց մոտ և Երեխաների Միությունում] անձնազոհորեն կատարելը պետք է ցույց տա նվիրվածություն Սփոփող Միության հանդեպ»:17 Երբ մենք ծառայում ենք որևէ այլ օժանդակ կազմակերպությունում, մենք չենք ազատվում Սփոփող Միության քույր լինելուց: Քանի որ մենք չենք մտնում կամ դուրս գալիս Սփոփող Միությունից, մենք միշտ կապված ենք Սփոփող Միության նպատակի և պարտականությունների հետ և օրհնված ենք բոլոր առիթներով՝ Երկնային Հոր զավակների համար օրինակ և հավատքով լեցուն հովիվներ լինելու համար:

Սփոփող Միությունն իր հանձնառության մեջ ունի մի քանի կարևորագույն ծառայողական հնարավորություններ երկրի վրա, որոնք մատչելի են բոլոր քույրերին: Աշխարհի շուրջ իմ ճանապարհորդությունների ընթացքում ես տեսել եմ, որ ձեզանից հազար–հազարները, ովքեր այժմ ամուսին կամ երեխաներ չունեն, հավատքի, տաղանդի և նվիրումի աներևակայելի աղբյուր են: Ոչ ոք ձեզանից ավելի լավ չի կազմակերպի աշխատանքը տաճարներում, ծառայի միսիաներում, ուսուցանի աճող սերնդին և օգնի նրանց, ովքեր ոտնահարված են: Սփոփող Միությունը ձեր կարիքն ունի:

Ես նաև հիանում եմ ձեր երիտասարդությամբ և եռանդով, որ հենց նոր եք գալիս Սփոփող Միություն` Երիտասարդ կանանց ծրագրից: Ես տեսել եմ, թե ինչպես է ձեր սիրտը տենչում տարբերություն մտցնել ի բարին աշխարհում: Ես հաճախ եմ պատկերացնում այն ներուժը, թե ինչ կարող է պատահել ընտանեկան պատմության աշխատանքի հետ, եթե դուք կիսվեք ձեր տեխնիկական հմտություններով ավելի տարիքավոր (ինձ նման) քույրերի հետ: Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ ձեր երիտասարդական ավյունով և էներգիայով լի ուժը շռայլվի` առաջարկելով ձեզ նստել մի կողմ, հետևելով, թե ինչպես են մեծահասակ և ավելի փորձառու կանայք կատարում Սփոփող Միության ողջ ծրագրավորումը, կազմակերպումը և աշխատանքը:

III. Նպատակն իրականացնելը

Մենք կարող են կատարել Տիրոջ գործը Իր ձևով, երբ մենք ձգտում ենք, ստանում և գործում անձնական հայտնության հիման վրա: Առանց անձնական հայտնության մենք չենք կարող հաջողության հասնել: Եթե ուշադրություն դարձնենք անձնական հայտնությանը, մենք չենք ձախողվի: Մարգարե Նեփին սովորեցնում է մեզ, որ Սուրբ Հոգին ցույց կտա մեզ «բոլոր բաները, որ [մենք] պետք է անենք»:18 Կա մարգարեություն, որ վերջին օրերին Տերը դուրս կթափի Իր Հոգին իր աղախինների վրա: 19 Սա տեղի կունենա, երբ մենք թույլ տանք մեզ լինել բավականաչափ հանգիստ և բավականաչափ խաղաղ` լսելու Հոգու ձայնը: Երեց Նիլ Ա. Մաքսվելը սովորեցրել է մեզ, որ մեր կոչման և մեր անձնական կյանքի վերաբերյալ հայտնություն ստանալը «պահանջում է լուրջ մտավոր ջանքեր մեր կողմից… . Հայտնությունը կոճակներ սեղմելու գործ չէ, այլ ինքներս մեզ սեղմելու, հաճախ՝ ծոմապահության, սուրբ գրքերի ուսումնասիրության և անձնական խորհրդածության օժանդակությամբ գործ:

Ամենակարևորը՝ հայտնությունը մեզանից պահանջում է ունենալ բավականաչափ անձնական արդարակեցություն, որպեսզի հայտնությունը գա արդարին անկաշկանդ ձևով»:20

IV. Եզրակացություն

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը տարիներ առաջ նշել է, որ «այս կազմակերպությունում կա զորություն, որը դեռ լիովին չի գործադրվել Սիոնի տներն ամրացնելու և Աստծո արքայությունը կառուցելու համար, ոչ էլ կգործադրվի մինչև որ թե՛ քույրերը, թե՛ քահանայությունը չտեսնեն Սփոփող Միության հեռանկարը»:21 Սփոփող Միությունը հիմնադրվել է Տիրոջ կողմից կազմակերպելու, ուսուցանելու և ոգեշնչելու Իր դուստրերին պատրաստվել հավերժական կյանքի օրհնությունների համար: Մեր նպատակն է աջակցել Եկեղեցու կանանց իրենց անձնական պարտականություններում` հավաստիանալով, որ յուրաքանչյուր ժողով, յուրաքանչյուր դաս և յուրաքանչյուր միջոցառում, որ մենք ձեռնարկում ենք, օգնում է մեծացնել նրանց հավատքը և անձնական արդարակեցությունը, զորացնել նրանց ընտանիքները և տները, և ծառայում է Տիրոջը և Նրա զավակներին:

Միակ ուղին, որով կարող ենք իրականացնել դա, անձնական հայտնություն փնտրելու, ստանալու և դրա հիման վրա գործելու միջոցով է: Այս համաշխարհային մեծ քույրության իսկական ուժը գտնվում է յուրաքանչյուր կնոջ ներսում: Չնայած մենք կարող ենք համարել մեզ թույլ և հասարակ, մենք բոլորս մասնակից ենք մի ազնվական ժառանգության և կարող ենք զարգացնել հավատք, որը հավասար է այն նշանավոր, հավատարիմ կանանց հավատքին, ովքեր հեռացել են մեզանից առաջ: Մենք կարևոր դեր ունենք խաղալու Աստծո արքայության կառուցմանն օգնելու և Տիրոջ գալուստը նախապատրաստելու համար: Փաստորեն, Տերը չի կարող իրականացնել իր գործը առանց Իր դուստրերի օգնության: Այդ պատճառով Տերը սպասում է մեզ, որ մենք մեծացնենք մեր զոհաբերությունը: Նա սպասում է իրականացնել Սփոփող Միության նպատակը ինչպես երբևէ նախկինում: Ես երախտապարտ եմ վկայել Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի ճշմարտության և ապրող մարգարեի վերաբերյալ այսօր, որը ղեկավարում է Նրա աշխատանքը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. ՎևՈՒ 1.17, 21–23:

  2. ՎևՈՒ 133.37:

  3. Տես Ղուկաս Ժ.38–42:

  4. Boyd K. Packer, “The Circle of Sisters,” Ensign, Nov. 1980, 109.

  5. Sես Eliza R. Snow, “Female Relief Society,” Deseret News, Apr. 22, 1968, 1:

  6. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 1998), 184.

  7. ՎևՈՒ 102.4:

  8. Մովսես 1.39:

  9. Dallin H. Oaks, “The Priesthood and the Auxiliaries,” Worldwide Leadership Training Meeting, Jan. 10, 2004, 17.

  10. The First Presidency, “Memorandum of Suggestions,” Mar. 29, 1940, 2.

  11. Worldwide Leadership Training Meeting, Jan. 10, 2004, 17.

  12. ՎևՈՒ 20.47; տես նաև 51:

  13. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 185.

  14. Ալմա 32.43:

  15. Հավատո Հանգանակ 1.13:

  16. First Presidency letter, Feb. 11, 1999.

  17. Ensign, Nov. 1980, 110.

  18. 2 Նեփի 32.5:

  19. Տես Հովել Բ.29:

  20. Neal A. Maxwell, “Revelation,” First Worldwide Leadership Training Meeting, Jan. 11, 2003, 5.

  21. Spencer W. Kimball, “Relief Society—Its Promise and Potential,” Ensign, Mar. 1976, 4.